«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆՔ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»

«ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆՔ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»
31.01.2012 | 00:00

Եթե մինչ այս «Veolia»-ի «Երևան Ջուր» ընկերության կառավարչի դեմ բողոքում էին սպառողները, ՀԿ-ները և լրատվամիջոցները, այժմ արդեն ընկերությանը փաստացի «մերկացնում» է «Veolia» ընկերության նախկին ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության գծով տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԴԱՎԹՅԱՆԸ, այն էլ` դատարանի միջոցով։ Ի՞նչ որոշում կընդունի դատարանը, փաստերը կապացուցվե՞ն, թե՞ կանտեսվեն։ Հետաքրքիր է, որ, դատական գործընթացը դեռ չավարտված, ֆրանսիական կողմը հասցրել է փոխել ընկերության տնօրեն Պ. Ռուայեին և այդ պաշտոնում նշանակել Գոռ Գրիգորյանին։ Այլ կերպ ասած, «գետանցի ժամանակ ձիերը փոխել են»։ Հիշեցնենք, որ վերահսկողության տնօրենությունը ստեղծվեց և լուծարվեց պարոն Ռուայեի որոշմամբ։ Ինչևէ։ Մինչ դատարանն իր խոսքը կասի, մեզ հետ զրույցում Միքայել Դավթյանը բացառիկ բացահայտումներ արեց։
-Առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ մեր բողոքը ղեկավարության դեմ է, ոչ թե ֆրանսիական ընկերության,- ասաց նախկին տնօրենը։- Առիթից օգտվելով նշեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ֆրանսիա-Հայաստան գործակցությունը, հատկապես Ֆրանսիայի սենատի ընդունած որոշումը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ։ Ընդգծեմ, որ ՀՀ կառավարության հետ առկա պայմանագրի հավելված 2-ի համաձայն` «ԵրևանՋուր» ընկերությունը պարտավոր է ունենալ վերահսկողության մարմին` հաշվի առնելով ջրային համակարգի հին ցանցը։ Այն ստեղծվեց շատ ուշ` 2010-ին, և փակվեց 11 ամիս հետո, երբ տնօրենությունը բազմաթիվ խախտումներ հայտնաբերեց։ Մասնավորապես, ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրենությունը մոտ մեկամյա գործունեության ընթացքում ուսումնասիրել է «ԵրևանՋուր» ՓԲ-ի սպասարկման ենթակայության տակ գտնվող տարածքի մեկ չորրորդ մասը, հայտնաբերվել է 15305 խախտում, կազմվել են համապատասխան ակտեր, ջրակորուստների և վթարների վերաբերյալ` 414 արձանագրություն։ Վերը նշված ակտերի գանձումների արդյունքում հավաքագրվել է 166 մլն դրամ։ Բացի նշվածից, շուրջ 130 ապօրինի ջրօգտագործողների հետ կապված գործերն ուղարկվել են իրավաբանական վարչություն` ընթացք տալու համար, ինչի արդյունքում պետք է մուտք արվեր ևս 56 մլն դրամ։ Բոլոր բացահայտումների հաշվետվությունները և դրանց հաջորդող նամակները ներկայացրել ենք պարոն Ռուայեին` խնդրելով ընթացք տալ գործերին, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Անտարբերության է մատնվում անգամ այն փաստը, որ հայտնաբերվածի արդյունքում ջրակորստի չափը 5 %-ով կարող է նվազել։ Ընդգծեմ, որ, գլխավոր տնօրենից բացի, նամակներն ուղարկել ենք նաև ֆինանսական տնօրեն պարոն Մարությանին և առևտրի գծով վարչության նախկին տնօրեն Գ. Մարգարյանին։ Քար լռությունը պահպանվեց մինչև վերջ։ «Լռության պատը» քանդվեց հետաքրքիր ձևով` անջատեցին մեր էլեկտրոնային կապը։ Չնայած յուրաքանչյուր ամիս մեր տնօրենության աշխատակիցները ղեկավարության կողմից պարգևատրվել են լավ աշխատանքի համար։
-Որքան գիտեմ, բոլոր խնդիրները ներկայացրել էիք նաև «Veolia» ընկերության Ֆրանսիայի գրասենյակի ղեկավարությանը։ Ի՞նչ պատասխան ստացաք։
-Անձամբ ինձ պատասխան չեն ուղարկել, սակայն պատասխանն ուղարկել էին գլխավոր տնօրենին. այն պատահականորեն իմ ձեռքն ընկավ։ Նրանք գրել էին. «Ինչպես ասում են մեզ մոտ, ձեր ընկեր Դավթյանը չի հաշտվում պարտության հետ»։ Այսինքն, ի՞նչ է ստացվում` Դավթյանին պատերա՞զմ էին հայտարարել։ Կամ, ի պատասխան խնդիրը դատական կարգով լուծելու իմ հարցադրմանը, գրել էին. «Ինչո՞ւ ո՛չ միջազգային քրեական դատարան», և վերջում ավելացրել. «Անշուշտ, խեղճն իր անձնական էլեկտրոնային հասցեից է գրում»։
-Փաստորեն, ջրամատակարարման բարելավմանն առնչվող Ձեր մտահոգությունը մնաց օդում կախվա՞ծ։
-Արդյունքը եղավ այն, որ մեկ օրվա մեջ տնօրենությունը լուծարեցին և 40 աշխատակցի թողեցին անգործ։ Մինչդեռ մարտի 31-ի տնօրենների ժողովում որոշում էր կայացվել լուծարվող տնօրենության աշխատակիցներին ընկերությունում աշխատանքի տեղավորման առաջնահերթություն տալու և ղեկավարությանն ավելի ցածր աշխատավարձով ապահովելու մասին։ Վերջին պարտավորությունը դրվել է ֆինանսական տնօրեն Հովիկ Մարությանի վրա։ Սակայն նման առաջարկ չի եղել, ավելին, դրսից աշխատանքի է ընդունվել 14 մարդ, ընդ որում, երկուսը` մեր ազատման օրը։
Այն դեպքում, երբ 40 բարձրակարգ աշխատակիցներ մնացին անգործ։ Դատարանում այս խնդիրն ընկերությունը հիմնավորում է նրանով, որ իրենք մասնագետ աշխատողների խնդիր են լուծել։ Նշեմ, որ մեր տնօրենությունում աշխատող 40 մարդու մեջ ունեինք երկու գիտությունների թեկնածու (ջրային ոլորտի), ճարտարագիտականի մեկ դասախոս, 15 տարվա ջրմուղի պետի ստաժով աշխատակիցներ, ջրային համակարգի ինժեներներ։ Թե ինչպես ստացվեց, որ նրանք մասնագիտական ստաժին չեն համապատասխանում, անհասկանալի է։
-Ըստ էության, Ձեր բացահայտումները պետք է գոհացնեին ընկերությանը։ Ո՞րն է պատճառը, որ ճիշտ հակառակը տեղի ունեցավ։
-Մենք խանգարում էինք նրան։
-Այսինքն, չէի՞ն ուզում, որ համակարգը լավ աշխատի։
-Բոլոր փաստերը վկայում են, որ մենք խանգարում էինք որոշ մարդկանց։ Իրենց դուր է գալիս, որ ջրակորուստը 85 % է, ոչ 70-80։
-Այսինքն, 85 %-ից ցածրի դեպքում ստվերային եկամուտը կնվազի՞։
-Երևի։
-Ճի՞շտ է, որ համակարգի խնդիրների մասին ահազանգում եք 2008-ից սկսած։
-2008-ին, երբ ընկերության գլխավոր տնօրենը Սերժ Դենիս Պոպոֆֆն էր, մասնաճյուղի տնօրեններով և վարչության մի քանի պետերով համակարգում եղած խնդիրների վերաբերյալ բազմիցս տեղյակ ենք պահել նրան։ Առաջին նամակը 23 կետից էր բաղկացած, երկրորդը` 12։ Մասնավորապես ասված էր. «Ձեր կողմից նախատեսված խորհրդակցությունները սահմանված գրաֆիկով վաղուց չեն կայանում, կայանալու դեպքում էլ քննարկվում են Ձեր առաջադրած հարցերը, իսկ մեզ հուզող խնդիրները մնում են օդում կախված»։ Երկրորդ կետում նշել ենք, որ կատարված ներդրումները տեխնիկայի տեսքով գնահատում ենք, բայց պնդել և պնդում ենք, որ գլխավոր ներդրումները պետք է իրականացվեն վթարային ջրագծերն ու չաշխատող փականները փոխելու ճանապարհով, ինչը չի կատարվում, և նման շատ խնդիրներ։ Այդ նամակների պատճեններն ուղարկել ենք Ֆրանսիա, գրություններում զգուշացրել ենք, որ եթե հարցը չլուծվի, ապա սահմանված կարգով կդիմենք ՀՀ կառավարությանը։
-Դիմեցի՞ք։
-Ոչ, քանի որ նրանք կիրառեցին «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը. լուծարեցին մասնաճյուղերը, և յուրաքանչյուր մասնաճյուղի տնօրենին այլ աշխատանք առաջարկեցին։ Սակայն դրանից հետո ես կրկին դիմեցի պարոն Պոպոֆֆին` պատճենն ուղարկելով նրա տեղակալ Ռուայեին։ Այդ նամակից հետո ինձ նշանակում են տեղական իշխանությունների հետ կապերի տնօրեն, որից հետո ես կրկին նամակ եմ գրում թերությունների մասին, որն անտեսվում է հերթական անգամ։ Սակայն, քանի որ գնալով խնդիրները կուտակվում էին, և դրանց լուծում չէր տրվում, դիմեցի պարոն Պոպոֆֆին, նշելով. «Անցած ամսվա ընթացքում ես հասկացա, որ տեղական իշխանությունների հետ կապերի գծով տնօրենի պաշտոնում աշխատանքը վարկաբեկում է ինձ որպես մարդու և աշխատողի։ Պատճառն ընկերության կողմից ջրամատակարարման գրաֆիկի մշտական խախտումներն են, ստանձնած պարտավորությունների չկատարումը, որի համար ես ստիպված եմ լինում ընկերության փոխարեն կարմրել քաղաքապետարանի պաշտոնյաների առջև։ Այլևս չեմ կարող հանդուրժել ստեղծված իրավիճակը և հայտարարում եմ, որ հրաժարվում եմ պաշտոնից ու խնդրում իմ պաշտոնավարման հարցը լուծել օրենքով սահմանված կարգով»։ Այս դիմումից հետո ինձ կանչում է ղեկավարությունը և խնդրում փոխել նամակի բովանդակությունը, պատճառաբանելով, թե այն կրում է քաղաքական բնույթ։ Ես փոխում եմ այն և խնդրում ազատել ինձ աշխատանքից` համաձայն իմ դիմումի։ Այս ամենից հետո 2010-ի ապրիլին քաղաքապետարանի և ընկերության համատեղ համաձայնությամբ ստեղծվում է վերահսկողության տնօրենությունը, որի տնօրեն եմ նշանակվում ես։ Այս կառույցի 11 ամսվա աշխատանքի արդյունավետության մասին արդեն փաստել եմ թվերով։
-Դուք աշխատել ենք համակարգում նաև «Էյ յութի լիթի» ընկերության ժամանակ։ Ըստ Ձեզ, տարբերություն կա՞ այս երկու ընկերությունների աշխատաոճում։
-Իհարկե, «Էյ յութի լիթի» ընկերությունն իսկապես աշխատում էր։
-Բայց նրանց ժամանակ էլ ջրի կորուստները մեծ էին։
-Այո, բայց «Veolia»-ի մուտքից հետո ջրի կորուստներն ավելացան։ Հետաքրքիրն այն է, որ ջրակորուստների նվազման համար ընկերությունը քաղաքապետարանին առաջարկեց փակել քաղաքի ցայտաղբյուրները, ինչին դեմ եղավ քաղաքապետարանը, հիմնավորելով, որ դա մեր ազգային արժեքն է։ ՈՒսումնասիրությունները փաստեցին, որ ցայտաղբյուրներից ստացված ջրակորուստն ընդամենը 1 % է կազմում։ Սրան հետևեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի նամակն ընկերության գլխավոր տնօրենին, որում ասվում էր` ջրակորուստները փնտրեք ներքին ցանցում և լուծեք խնդիրը։ Դրանից հետո միայն ընկերությունն իրականություն դարձրեց պայմանագրով սահմանված դրույթը` ձևավորեց վերահսկողության տնօրենությունը։ Բայց երբ բացահայտումների շարանը գնալով մեծացավ, տնօրենությունը լուծարեցին, չթողեցին աշխատենք։ Այսինքն, մենք խփում ենք մարդկանց շահերին։
-Իսկ անձնական խնդիրներ չկա՞ն։
-Հստակ չեմ կարող պնդել, բայց, ինձ հասած տեղեկության համաձայն, գլխավոր տնօրեն Ռուայեին վերահսկողության տնօրենության լուծարման առաջարկն արել է ֆինանսական տնօրենը, սակայն վերջինս ինձ հետ զրույցում հերքեց դա, նշելով, որ այդ առաջարկն արվել է նախկին տնօրենի կողմից։ Սրանք ընդամենը խոսակցություններ են, որ դժվար է ապացուցել, քանի որ մեկը մյուսի վրա կարող է մեղքը բարդել։ Բայց այն, որ մեր տնօրենությունն իր գործունեությամբ կպել է և՛ մեկի, և՛ մյուսի շահերին, փաստ է։
-Կոնկրետ օրինակով կասե՞ք, թե ինչով է գլխավոր տնօրենությունը խոչընդոտել Ձեր աշխատանքներին, և ի՞նչ սպասելիքներ ունեք դատարանից։
-Մենք մեր բողոքները դատարանին ներկայացրել ենք հիմնավորված թվերով, տեղեկանքներով և լուսանկարներով, տրամադրել ենք նաև բոլոր նամակ-դիմումները։ Հուսով ենք, որ դատարանն անաչառորեն կուսումնասիրի դրանք և կապացուցի մեր իրավացիությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ օրինակին, ապա նշեմ միայն մեկը` խախտումների դեպքում ակտեր ենք գրել, մարդիկ վճարում են կատարել, բայց հետո ղեկավարությունն անվավեր է ճանաչել այդ ակտերը։
-Ըստ պայմանագրի, ի՞նչ պարտավորություններ ունի «ԵրևանՋուր» ընկերության առջև «Veolia»-ն։
-Սակագնի իջեցման, ջրամբարներից ավելի քիչ ջուր վերցնելու, ջրամատակարարման շարունակականության և ջրակորուստների նվազման պարտավորություն։ Այդ պայմաններից միայն մեկն են ստիպված կատարել` իջեցվել է սակագինը, այն էլ` զուտ պայմանականորեն։ Ջրամբարներից այժմ ավելի շատ ջուր է վերցվում, որպեսզի ապահովվի ջրամատակարարման շարունակականությունը։
-Խոսակցություններ կան, որ Դուք պատրաստվում եք Արաբկիր թաղամասից պատգամավոր առաջադրվել։ Այդպե՞ս է։
-Չի բացառվում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ