«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԿԱՐԵՎՈՐԸ ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐՆ ԵՆ»

«ԿԱՐԵՎՈՐԸ ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐՆ ԵՆ»
29.04.2011 | 00:00

Օրերս ՀՀ նախագահը խորհրդակցության էր հրավիրել ոստիկանության, դատախազության, արդարադատության, ազգային անվտանգության կառույցների առաջին դեմքերին։ Պահանջը հասարակության մեջ վաղուց սպասված էր` ապահովել օրենքի հավասարություն բոլորի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը շեշտադրեց դատական համակարգին առնչվող խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ խոսում է ժողովուրդը։ Իսկ թե որն է համակարգի հիմնական խնդիրը, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ։
-Կարծում եմ, հիմնական խնդիրը բարձրակարգ դատավորների պակասն է,- ասաց նախարարը։- Այժմ մտորում ենք` ինչ մեխանիզմով ընտրել դատավորներին։ Գուցե այն, ինչ հիմա կասեմ, զգացմունքային համարեք, սակայն դատավորի համար ոչ այնքան գիտելիքներն են կարևոր, որքան նրա մարդկային հատկանիշները։ Եթե մարդը կենցաղում արդար և արդարադատ չէ, չի կարող արդար դատավոր լինել։ Գուցե ռենտգենի պես մի սարք է անհրաժեշտ, որը ցույց տա մարդու հատկանիշները։ Երկրորդ խնդիրը, բնականաբար, օրենսդրությունն է, որը լի է խութերով, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց պղտոր ջրում ձուկ որսալու։ Նկատի ունեմ այն, որ որոշումները հաճախ և՛ այսպես, և՛ այնպես կարելի է կիրառել։ Այս բացը լրացնելուն էր ուղղված նախագահի հանձնարարականը. մասնավորապես, հարց բարձրացվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նույն հանցանքի դեպքում և՛ մեղմ, և՛ խիստ պատժամիջոց է կիրառվում։
-Ինչն էլ կաշառակերության տեղիք է տալիս։
-Բնականաբար, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ինչին նպաստում են օրենսդրության բացերը։ Ինչ խոսք, պատժամիջոցների միջև (նույն հանցանքի դեպքում) կարող են տարբերություններ լինել, սակայն պետք է հաշվի առնել մի շարք օբյեկտիվ հանգամանքներ` հանցագործի հաշմանդամություն, առաջին հանցանք և այլն, և այլն։ Բայց երբ նշված մեղմացուցիչ հանգամանքները բացակայում են, և հարցը լուծվում է ծանոթության միջոցով, բնականաբար, սա չի կարող չանհանգստացնել հանրությանը։ Այնպես որ, հասարակությունը օբյեկտիվ հարցեր է առաջադրում, որոնց պատասխան պետք է տրվի։ Դատական համակարգի դրական փոփոխություններն ազդելու են ցանկացած ոլորտի վրա։ Այսինքն, նախագահի գլխավոր հանձնարարականը միասնականության ապահովումն է, որը պետք է իրականացվի մյուս իրավապահ մարմինների հետ համատեղ, որպեսզի պարզ լինի` ինչ պետք է անի արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ` օրենսդրական փոփոխությունների առումով։
-Պարոն Թովմասյան, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար դատավորների աշխատավարձերը բարձրացրին, բայց կոռուպցիան չնվազեց։
-Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել աշխատավարձի չափի նշանակությունը նշված խնդրում, մյուս կողմից, դժվար է որոշել, թե որն է այն չափը, որից հետո մարդը չի գնա այլ ռիսկերի։ Երբ ասում եմ, որ առաջնայինը դատավորի մարդկային որակներն են, հենց այդ առումով եմ ասում։ Երևի մեզ այսօր մի քիչ ռոմանտիկներ են պետք, որովհետև ամեն ինչ չէ, որ գնահատվում է նյութականով։
-Մամուլում արդեն մի քանի ամիս նշվում է, որ ազգային անվտանգության, դատախազության և ոստիկանության համակարգերում անվստահության մթնոլորտ կա մեկը մյուսի նկատմամբ։ Եթե այդպես է, ապա ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ ապահովել պահանջվող միասնականությունը։
-Չեմ հասկանում, թե ինչ անվստահության մասին է խոսքը։ Բնական գործընթաց է, մեկը մեղադրանքն է պաշտպանում, մյուսը դեմ է հանդես գալիս, հաջորդը վերահսկողություն է իրականացնում, մեկ այլ մարմին դատավճիռ է կայացնում։ Եթե բոլորը նույն գործառույթն ունենային, կարելի էր այդ մարմինները կենտրոնացնել մեկ գերատեսչությունում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ