«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԶ ՊԱԿԱՍՈՂ ՍԵՐԸ ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ»

«ՄԵԶ ՊԱԿԱՍՈՂ ՍԵՐԸ ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ»
10.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ում հետ մեր զրույցն անդրադարձ է թատերական կյանքին առնչվող խնդիրներին:
-Վարդան, ո՞րն է այսօր թատրոնի մարդու, առհասարակ հայ թատրոնի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը:
-Ինչպես արվեստն ամբողջությամբ, այնպես էլ հայ թատրոնը, ըստ իս, դեռևս իմ երիտասարդության տարիներին, այսինքն` 70-80-ական թվականներին, սկսեց հեռանալ կյանքից, ժողովրդից: ՈՒղղակի առանձնացավ: Սկսեց ինքն իր համար անել ինչ-որ բաներ, և արդյունքում կյանքը գնաց իր, արվեստը` իր հունով: Արվեստն ուղղակի սկսեց չարտացոլել կյանքը, բոլորովին չարտացոլել: Եվ խոսքը միայն թատրոնի մասին չէ: Վերցնենք 80-ականների մեր երգերը: Դա այն ժամանակահատվածն էր, երբ կրակ էին վառում` տաքանալու, միս չկար, ժողովուրդը հերթագրվում էր խանութների առաջ, հերթերում ծեծում էին իրար, գնորդին մանրը չէին վերադարձնում: Եվ ի՞նչ էին երգում այդ տարիներին. կապույտ թռչնի, վարդագույն գայլաձկան, հոգու աստղի և այս կարգի այլ ապուշությունների մասին: Կարծես թե մեր կյանքում որևէ դժվարություն չկար. դա էր թելադրում ցենզուրան: Այդպես էլ թատրոնը: Ի՞նչ էին ներկայացնում այնտեղ: Ոչի՛նչ, մեր կյանքի հետ կապ ունեցող ոչ մի բան: Արվում էին սուտ-սուտ դրամատիկ ներկայացումներ, խաղում սուտ-սուտ ապրումներ. մի պապիկ սիրում էր մի տատիկի և ամուսնանում հետը, հետո մեռնելուց առաջ նրանցից որևէ մեկը հանկարծ խոստովանում էր, որ ինքը աչքի պոչով նայել է ուրիշի, մյուսն ընկնում էր խոր հիասթափության գիրկը, ողբերգություն ապրում… Լա՛վ, դուք չէիք տեսնո՞ւմ էդ ճահիճը, որի մեջ մենք օր օրի թաղվում-խեղդվում էինք, չէիք կարո՞ղ դրա մասին խոսել: Հենց էդ ժամանակից սկսած էլ հայ արվեստագետն օտարվեց ժողովրդից: Ով գրում էր ընդունված չափանիշներից դուրս մի բան, չէր տպագրվում: Առավել հաճախ ուղղակի չէին էլ գրում, որովհետև իմաստ չուներ: Նույնը կատարվում է այսօր: Այն, ինչ տեղի է ունենում դրսում, չի վերածվում արվեստի, չի ներկայացվում բեմից, չի հնչում երգչի շուրթերից, չի ցուցադրվում էկրանին: Մինչև այսօր շատ մեծ սիրով նայում եմ «Ոսկե ցլիկ», «01-99» ֆիլմերը, որովհետև դրանց մեջ կան կերպարներ` ժողովրդական, տիպական, հաճելի կերպարներ: Ես այդ ֆիլմերը տեսել եմ 90-ականների սկզբին Ֆրանսիայում` Մեզոն Լաֆիթում անցկացված հայկական ֆիլմերի փառատոնի ժամանակ: Ամբողջ դահլիճը լցված էր ֆրանսիացիներով: Պիտի տեսնեիք, թե ինչ հետաքրքրությամբ էին նայում «Տժվժիկը», «Տերն ու ծառան», «Ոսկե ցլիկը», «Թթենին», «Օ՜, Գևորգ, Գևորգը» (վերջինը Ֆրունզի քիչ հայտնի ֆիլմերից է` մոտ 5 րոպե տևողությամբ): Սինխրոն թարգմանությամբ ընթացող ցուցադրության ժամանակ ֆրանսիացիներն ուղղակի ծիծաղից ուշաթափվում էին: «Տժվժիկի» երկխոսություններն այնպե՜ս էին ընկալում, որովհետև այդ ֆիլմերում տիեզերական խնդիրներ չեն դրված, մարդկային, պարզ, առօրեական հարցեր են: 70-80-ականների մեր ռեժիսորներն իրենց նկարահանած ֆիլմերի հենց առաջին վայրկյաններից սկսում էին համամարդկային, համամոլորակային, միջմոլորակային խնդիրներ «լուծել». Աստված ու մենք, մենք ու տիեզերքը, չորս Աստված ու չորս տիեզերք… Եվ արվեստը խորթացավ մարդու համար, որովհետև նա չտեսավ այդ արվեստում իրեն, իր հոգսը:
-Այդ խնդիրն ունի՞ լուծման բանալի:
-Այո՛, ունի: Լուծումը մեկն է` վերադարձ դեպի կյանք: Ապրենք իրական կյանքով և էդ կյանքը ցույց տանք գեղարվեստորեն: Կա նաև այլ խնդիր` թիվ երկու խնդիրը, որը նույնպես շատ կարևոր է: Դա կազմակերպական աշխատանքն է: Գործի կազմակերպումը պարտադիր պայման է արվեստի ցանկացած ժանրում, լինի թատրոն, թե մեկ այլ բնագավառ: Ցավոք, մենք սովետական հասարակարգից ժառանգել ենք ոչ միայն մեր մտածողությունը, այլև աշխատաոճը` անգործության մեթոդը: Սովետական տարիներին գոյություն ուներ թատրոն, և գոյություն ուներ պետական համակարգ: Ներկայացումը բեմադրվում էր, լավը լիներ, թե ոչ, բանվորները պիտի գնային նայելու, կոլեկտիվ հայտերը պիտի գործեին, տոմսերը պարտադիր պիտի իրացվեին: Մարդիկ ներկայացումն անում էին ու գնում տուն: Իրենց գործը չէր, թե ով կբերի հանդիսատես, դահլիճն ինչպես կլցվի: Այսինքն, ստեղծագործող և կազմակերպող կողմերը տարբեր շահագրգռություններ ունեին: Հիմա էդ ձևերը չեն աշխատում, և մերոնք չեն ուզում ոչ մի կերպ հասկանալ այդ ճշմարտությունը: Չեն ուզում ընդունել, որ պետք է փոխել գործելակերպը, մարդկանց մեջ արթնացնել հետաքրքրություն: Վերջիվերջո, կա ինտերնետ, հեռուստատեսություն, և երբ մարդը երեք վայրկյանի ընթացքում կարողանում է կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ, տեսնել-իմանալ ուզած բանը, զվարճանալ ուզածի չափ, ստանալ ցանկացած տեղեկատվությունը, ուրեմն որքան պիտի ջանամ ես, որ կարողանամ նրան կտրել այդ ամենից ու բերել թատրոն: Կյանքը սա է` ինտերնետի դար, հեռուստատեսության դար, և մարդը թքած ունի այլ բաների վրա:
-Ո՞րն է մարդկանց թատրոն վերադարձնելու ուղին:
-Արվեստի մարդու դերը նրանով է կարևորվում, որ կարողանա շարժել մարդկանց հետաքրքրությունն ու նրանց բերել դեպի արվեստը: Արվեստագետը պիտի գիտակցի, որ ինքը միսիոներ է, որ առանց մեծամտանալու, «Եհովայի վկաների» պես պիտի գնա-թակի մարդկանց դռները, նրանց համոզի-բերի թատրոն: Որովհետև թատրոնն ազնվացնող վայր է, եկեղեցի տանող ճանապարհ: Դրանում վատ բան չկա, ամաչելու բան չկա, չպետք է գոռոզանալ և մտածել, որ քո ներկայացմանը հրավիրելը, այն գովազդելը պատվիցդ ցածր քայլ է: Դա հենց գործի կազմակերպումն է: Ինչ վերաբերում է լավ ներկայացում անելուն, սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է: Սա առնչվում է մեր պոտենցիալին, մեր ստեղծագործական կարողություններին, այն ամենին, ինչ մենք ժառանգել ենք անցյալից և ունենք այսօր:
-Ի՞նչ կասեք պետական և մասնավոր թատրոնների փոխհարաբերությունների մասին:
-Մեր ազգի ամենավտանգավոր թերությունը նախանձն է` հայի թունավոր նախանձը: Սա վերաբերում է ոչ միայն թատրոնի մադուն, այլև ստեղծագործական ցանկացած բնագավառի ներկայացուցչի: ՈՒսանողությանս տարիներին գնացել էի Լատվիա, որտեղ նկարիչ ընկերներ ունեմ: Այդ տարիներին (կարծեմ, նաև այսօր) Հայաստանն իր նկարչական դպրոցով անվիճելիորեն առաջնային դիրքերում էր խորհրդային ողջ տարածքում, և եթե հայերը ստանում էին առաջին մրցանակներն ու ճանաչվում լավագույնները, դա ոչ մեկին չէր զարմացնում, հասկանալի էր, որ հենց այդպես էլ պիտի լիներ: Բայց հայերս դեռ ուսանող ժամանակներից խիստ էինք միմյանց նկատմամբ, պահանջկոտ, քննադատում էինք ամենափոքր թերության համար: Իսկ լատիշները մեր հակապատկերն էին: ՈՒսանող ընկերներով ցույց էին տալիս իրենց բացակա ընկերոջ աշխատանքները, և պիտի տեսնեիք, թե ինչպես էին գովաբանում ու հիանում: Աշխատանքներն էլ առանձնապես մի բան չէին: Եթե այդպես նկարեր Թերլեմեզյանի երկրորդ կուրսի ուսանողը, ուղղակի կքարկոծեին: Ահա այսպիսին ենք մենք: Մեր նախանձի չափաբաժինները կաթվածահար են անում մեզ: Ստեղծագործող գործընկերդ էնպիսի թունավոր նախանձով է քեզ խայթում, որ հնարավոր չէ դիմանալ: Այսինքն, մեր թշնամին մեր մեջ է: Ամենացայտուն օրինակը մասնավոր և պետական թատրոնների անիմաստ կռիվն է, որը, ցավոք, արդեն շատ դրամատիկ դրսևորումներ է ձեռք բերել, բանը հասել է անձնական վիրավորանքներին: Դա նույն բանն է, որ, ասենք, տանկային զորքերն ու հետևակայինները որոշեն միմյանց դեմ դուրս գալ: Կարելի է իրար մասին անեկդոտներ պատմել, կատակել, այդ նույն բանը կա նաև բանակում. կապույտ ուսադիրներով զինվորականները չեն սիրում կարմիրներին, միմյանց ձեռ են առնում, մականուններ կպցնում: Բայց այդ ամենն անեկդոտի մակարդակից այն կողմ չի անցնում. կռվի դաշտում նրանք միահամուռ են, համերաշխ, ծառայում են մեկ ընդհանուր նպատակի: Այնինչ մշակույթում (իսկ մշակույթը մշտապես ճակատամարտի մեջ է, չունի խաղաղ ժամանակներ) քլունգն առած իրար տակ ենք փորում, իրար անպատվում, վիրավորում, գնդակոծում: Չի կարելի ընկերոջն այդքան թունոտ վերաբերվել: Եվ սա ազգային խնդիր է, պայմանավորված չէ այսօրվա կամ վաղվա իշխանությունների վարած քաղաքականությամբ: Եթե հիշենք, թե երեկ ինչ են բերել Քոչարի, Սարյանի, Աճառյանի գլխին, այսօր` Օհան Դուրյանի, չենք կարող չխոստովանել, որ մեր մեջ եղած թույնը մեզ ուտում է: Եվ սրա լուծումները ես տեսնում եմ բոլորովին այլ տեղում:
-Եվ ո՞րն է այդ տեղը:
-Տեսնում եմ հավատքի մեջ: Մեզ պակասող սերը միայն Աստված կարող է տալ: Նա պիտի արժանի անի մեզ էդ սիրուն, որ մեր կողպված սրտերը բացվեն և ընդունեն աստվածային սերը: Այսուհանդերձ ասեմ, որ հայի լավ տեսակն էլ մարդու ամենազարմանալի, անկրկնելի տեսակն է: Ե՛վ մեծ է, և՛ հազարամյակների պատմության կրողն է, և՛ արմատներն են ազնիվ, և՛ պտուղներն են շիրայի նման քաղցր (որովհետև շատ չեն ջրվել, արևի տակ են մեծացել), և՛ բարեհամբույր է, և՛ ողնաշարը պինդ է, և՛ ազնիվ է: Այսինքն, հակասությունների ժողովուրդ ենք, և սա շատ կարևոր է:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ