ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԿ ՍԱՆՏԻՄ ԱՆԳԱՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԿ ՍԱՆՏԻՄ ԱՆԳԱՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
19.11.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ:
«ՍՈՖԻ՜Կ, ԿՈՆՅԱԿ ԲԵՐ»
-Պարոն Իսահակյան, այսօր լայն հանրությանն է հայտնի Ավետիք Իսահակյանի` ՀՅԴ-ին անդամակցելու փաստը: Ձեզ այն երբվանի՞ց է հայտնի, և ինչպե՞ս եք ընկալել այդ իրողությունը:
-Հետաքրքիր հարց է, ըստ էության` տանում է դեպի անցյալ: Իսկ անցյալը, մանավանդ Իսահակյանին հիշելը, հոգեկան մեծ բավականություն է պատճառում: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ երբ մահացավ Ստալինը (ես առաջին դասարանում էի սովորում), մեր հարևանը` պոլսեցի կոշկակար Հարություն եղբայրը, առավոտ շուտ եկավ մեզ մոտ և ասաց. «Վարպետ ջան, աչքդ լո՜ւյս, Ստալինը սատկել է»: Վարպետն ուրախ-ուրախ ձայն տվեց. «Սոֆի՜կ, կոնյակ բեր»: Տանն իրարանցում սկսվեց, տատիկը կոնյակը բերեց, նստեցին սեղանատանը, բաժակ բարձրացրին, ու Վարպետն ասաց. «Սա՛ էլ տեսա»: Իսահակյանը խոստովանեց, որ երկար է սպասել այդ օրվան ու վախեցել, որ Ստալինը նորանոր փորձանքներ կբերի մեր ժողովրդի գլխին: Շատ զարմացա, հատկապես այն բանից հետո, երբ դուրս եկանք քաղաք ու տեսանք, որ ժողովուրդը, ամբողջ երկիրը սգի մեջ են: Նույն տարվա ամռանը ձերբակալեցին և գնդակահարեցին Բերիային։ Փաստորեն, ժողովուրդն ազատվեց իր երկու մեծ թշնամիներից: Երբ մեր Վեհափառի ընտրություններն էին նախապատրաստվում պապիկի մտերմագույն ընկերոջ` Գևորգ 6-րդ Չորեքչյանի մահից հետո, մեր տուն սկսեցին գալ տարբեր պատվիրակություններ: Դրանց մեջ մի շարք ճանաչված դաշնակցականներ կային (Երվանդ Հյուսիսյանը` Իտալիայից, մեծագույն բարեգործ Սարգիս Քյուրքչյանը` Լոնդոնից, Մեծի տան Կիլիկիայի ներկայացուցիչներ), որոնք գալիս էին բանակցությունների պապիս մոտ: Ես տեսա կենդանի դաշնակցականների, որոնց բնորոշ էին զսպվածությունը, ներքին տակտը, կոնսպիրատիվությունը: Նրանց զրույցներն Իսահակյանի հետ տեղի էին ունենում փակ դռների հետևում: Իհարկե, դաշնակցականները, որոնք Գարեգին Նժդեհի գլխավորությամբ փրկեցին Զանգեզուրն ադրբեջանա-թուրքական օկուպացիայից, խորհրդային գրքերում, ֆիլմերում ներկայացված էին ծաղրական ձևով: Դաշնակցության գլխին անընդհատ լուտանք է թափվել, ձգտել են ժողովրդին վանել այդ կուսակցությունից: Բայց ապարդյուն: Որովհետև դաշնակցությունը 1918 թվականին` Սարդարապատի հաղթանակից անմիջապես հետո, երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, կարողացավ էս պատառ հողը փրկել մուսուլմանացման վտանգից: Մեզ ցանկանում էին ձուլել Թուրքիային` իբրև մի գավառ, իսկ դա նշանակում է, որ մենք այլևս հայ չէինք լինի: Կլինեինք Թուրքիայի մեջ ապրող մի անհասկանալի տեսակ: Այսինքն` սարսափելի բան կկատարվեր, եթե ժամանակին ճիշտ չկողմնորոշվեր դաշնակցությունը: Բարեբախտաբար, ռուսական ինտերվենցիայի պայմաններում մենք ավելի քիչ էինք վտանգված, և այդ բանը գիտակցելով` դաշնակցությունը կամավոր, առանց դիմադրության հեռացավ: Մերձբալթյան երկրներում խորհրդային կարգերի անկումից հետո իշխանության եկան ավանդական կուսակցությունները, այն ուժերը, որոնց ձեռքից Ստալինը բռնությամբ խլել էր իշխանությունը, ազգային անկախությունը: Այդ երկրներում չեղան անարխիստական դրսևորումներ, ինչպես մեզանում: Այստեղ խորհրդային կարգերից հետո իշխանության եկավ ոչ թե այն կուսակցությունը, որն իսկապես եղել է մեր ազգային ցավերի, վշտի կրողը, ինչպես և ղարաբաղյան պայքարի մեջ վճռական դեր ունեցած ուժը, այլ իրագործվեց Մոսկվայում մշակված մի սցենար, համաձայն որի` ամեն գնով իշխանությունից պետք է հեռու մնար դաշնակցությունը: Իսկ այդ սցենարը հաջող խաղարկելու համար ստեղծվեց արհեստածին մի կուսակցություն` ՀՀՇ-ն, որին գուրգուրեց Մոսկվան, և նեոբոլշևիկյան այդ կազմակերպությունը, փաստորեն, շարունակեց այն բոլոր ծրագրերը, որոնք մեզանում կային խորհրդային տարիներին: Այդ կուսակցությանը բնորոշ էին անհանդուրժողականությունը, ուրիշի կարծիքի հանդեպ բացարձակ արհամարհանքը, կոպիտ հաշվեհարդարը, համատարած ձերբակալությունները: Վստահաբար կարող եմ ասել, որ 37 թվից հետո ՊԱԿ-ի բանտախցերում այնքան ձերբակալված այլախոհներ չեն եղել, որքան ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Սկսած 1991 թվականից` դարձյալ ՊԱԿ-ի զնդանները լցվեցին հայ հայրենասերներով: Շատ մարդիկ այժմ էլ դեռ նստած են: Շատերին էլ հնարավոր եղավ ազատել միայն 1998 թվականին, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը: Այն, ինչ արհեստածին է, ինչպես ՀՀՇ-ն, միշտ էլ քանդող, ավերող ուժ ունի իր մեջ: Այդ կուսակցության իշխանության օրոք ՄԱԿ-ի ամբիոնից երբեք ոչ մի բառ չհնչեց մեր հողերի պահանջատիրության, ցեղասպանության, ղարաբաղյան խնդրի մասին: Այնպիսի տպավորություն էր, որ մենք ոչ թե մեր հողերն ենք ազատագրել, այլ գողություն ենք արել: Եվ միայն 1998 թվականից սկսվեցին բաց խոսակցություններ այդ թեմաներով ու շարունակվում են մինչ այսօր: Ռոբերտ Քոչարյանի սկսած գործը մեծ հաջողությամբ շարունակում է Սերժ Սարգսյանը: Եվ համաշխարհային բոլոր բարձր ատյաններում մենք այժմ իբրև պահանջատեր ենք հանդես գալիս: Ես ողջունում եմ մեր նախագահի խոսքը` ասված Գորիսում: Եվ Արցախում կանգնած զորքերի առջև… Դրանք համարձակ, հայրենասիրական խոսք են: Կարծում եմ, որ հայ ժողովուրդն իրավունք չունի մեկ սանտիմ անգամ հեռանալու հայկական հողերի պահանջատիրությունից: XX դարում մենք վերադարձրինք Ղարաբաղը, մեր ծրագիրը պիտի լինի XXI-ում ազատագրել Արևմտյան Հայաստանի հողերն ու ստեղծել մեկ միասնական Հայաստան: Սրանով կիրագործվի ոչ միայն դաշնակցության, այլև ողջ հայության երազանքը:
«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԱՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՍՐՏՈՎ ՉԷԻՆ»
-Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի շնորհիվ շատ հայ մտավորականներ (այդ թվում` Իսահակյանը, Սարյանը, Դեմիրճյանը, Աճեմյանը) կարողացել են խույս տալ ստալինյան բանտերից, աքսորից, մահապատժից: Մեր օրերում ճանաչո՞ւմ եք այնպիսի ղեկավարի, որն իր պաշտոնը, ինչո՞ւ չէ, նաև կյանքը, կվտանգի հանուն ազգի մտավորական սերուցքի:
-Խորհրդային ղեկավարի մեջ միշտ երկփեղկվածություն է եղել. մի կողմից` նա եղել է իր ժողովրդի, հայրենիքի նվիրյալ, կազմակերպչական բարձր հատկանիշների տեր անձնավորություն, մյուս կողմից` պարտիական ֆունկցիոներ, որը, կամա թե ակամա, պիտի ենթարկվեր Մոսկվային: Այս տեսակետից մեր ղեկավարները լուրջ դժվարությունների առջև են կանգնած եղել: Առաջինը հենց պետք է հիշել Աղասի Խանջյանին, որ ողբերգական վախճան ունեցավ: Նրան սպանեցին, որովհետև հասկացան, որ չէր դառնա 37 թվի կազմակերպիչ-գործիքը Հայաստանում: Եթե նրան չհեռացնեին ճանապարհից, չէին կարող հաշվեհարդար տեսնել Չարենցի, Բակունցի, Զապել Եսայանի, Մահարու, Թոթովենցի, Ալազանի, Նորենցի, Տարոնցու, այլոց հետ: Գրիգոր Հարությունյանը, անշուշտ, հայրենասեր և կառուցող մարդ էր, մարդ, որը մեծ չարիքի ժամանակ կարողացավ այն նվազագույնի հասցնել: Առաջին քարտուղարից, իսկապես, շատ բան էր կախված այդ շրջանում: Ձերբակալման ենթակա մարդկանց ցուցակները կազմվում էին հենց առաջին քարտուղարների միջոցով և ուղարկվում Կրեմլ: Ասեմ, որ այդպիսի ցուցակներում որպես գաղափարական հակառակորդները առաջինն Իսահակյանի, Սարյանի, Դեմիրճյանի անուններն էին նշում: Ինչպես ինձ պատմել է գրող Աշոտ Արզումանյանը, որ այն ժամանակ եղել է Գրիգոր Հարությունյանի օգնականը, Հարությունյանը ՊԱԿ-ից պահանջել է իրեն հանձնել այդ մարդկանց գործերը և դրանք պահել է իր սեյֆում: Բայց և ասենք, որ Իսահակյան, Սարյան անուններն այնքան մեծ էին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որ հազիվ թե կրեմլյան հրեշը փորձ աներ նրանց դիպչելու: Ինչ-որ տեղ ստիպված էին զիջման գնալ, որովհետև համաժողովրդական սիրո արժանացած բանաստեղծի կորուստը կլիներ համաժողովրդական ողբերգություն: Չարենցի կորուստն էլ էր մեծ հարված մեր ժողովրդի համար, բայց Չարենցը դեռ երիտասարդ էր, չուներ այն համբավը, Եվրոպայում այնքան ճանաչված չէր: Խորհրդային ղեկավարները պարտադրված էին անելու բաներ, որոնք իրենց սրտով չէին, բայց և նրանցից շատերը կարողացել են չդավաճանել իրենց մարդկային նկարագրին: Դրանցից մեկն էր Յակով Զարոբյանը, որը կարողացավ խորհրդային իշխանությունների աչքում կարևորել Սևանի ծրագիրը: Պաշտոնը վտանգելու գնով թույլ տվեց նշել Եղեռնի 50-ամյակը: Նրան փոխարինելու եկած Անտոն Քոչինյանն օժտված էր ղեկավարի բնածին հատկանիշներով: Նա անձամբ ճանաչում էր Հայաստանի ամենահեռավոր գյուղի նախագահին ու անգամ ֆերմայի պահակին: Ղեկավարի այդպիսի բացառիկ ձիրք ունեցող մարդ դժվար է պատկերացնել: Նրանից հետո մեր հանրապետության ղեկը ստանձնեց Կարեն Դեմիրճյանը: Մարդկային հարաբերություններում պարզ, հասարակ մի անձնավորություն էր, բայց և` ի ծնե լիդեր: ՈՒրիշ հարց է, որ բոլոր այս ղեկավարները ներքին մի ողբերգություն էին ապրում, քանի որ չէին կարողանում անել իրենց ժողովրդի, հայրենիքի համար այն ամենը, ինչի կարիքն իսկապես կար: Դեմիրճյանից հետո ցանկանում եմ հիշատակել Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակաշրջանը, որ ապրել ենք ՀՀՇ-ի օրոք, յուրաքանչյուր նորմալ մարդու հիշողության մեջ դաջվել է իբրև մի շրջան, երբ մեր հայրենասեր ուժերի ապարանցի, գորիսցի, գյումրեցի, սփյուռքահայ տղաների ձեռքով իշխանությունը, իբրև նվեր, հանձնվեց այդ կուսակցությանը, և վերջինս լռելյայն շրջանցեց ազգային գաղափարախոսությանն առնչվող բոլոր հարցերը, չիրականացրեց ազգային շահը հետապնդող որևէ ծրագիր, հանդես չեկավ միջազգային ատյաններում, վարեց պրոթուրքական քաղաքականություն: Եվ այդ բանն զգաց մեծ հայրենասեր Վազգեն Սարգսյանը, որը, միանալով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, կարողացավ վնասազերծել Հայաստանի պարտվողական, զիջողության գնացող քաղաքական ուժին: 1998 թվականից հետո շատ բան այլ կերպ ընթացավ: Այլ բան է, որ վերջին տասնամյակներում տնտեսական ծանր վիճակը, շրջափակումը, պատերազմը, մեր կրած կորուստները դժվարին կացության մեջ են դրել Հայաստանը: Հայաստանը հիմա ուղիներ է փնտրում որոշ չափով թեթևացնելու իր քաղաքացիների հոգսը, առաջին հերթին լուծելու մարդկանց զբաղվածության, աշխատատեղերի խնդիրները, կանխելու արտագաղթը, զսպելու անսանձ թշնամուն: Մենք այնպիսի՜ թշնամիներով ենք շրջապատված: Եվ Վրաստանն էլ բոլորովին հուսալի հարևան չէ: Ստացվում է, մեր միակ հուսալի հարևանն Իրանն է, իսկ բարեկամ Ռուսաստանի հետ սահման չունենք: Այս պարագայում ի՞նչ իմաստ ունի ներքին պառակտման քարոզչությունը:
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԽՈՍՔ ԲԵՐԻ»
-Ձեր ղեկավարած ինստիտուտը մեկն է Հայաստանի այն ոչ քիչ հաստատություններից, որոնց աշխատակիցների ստացած աշխատավարձը ոչ թե կարեկցանքի, այլ զավեշտի զգացում է առաջացնում: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ գիտնականների սոցիալական խնդիրները լուծելու առումով:
-Անվիճելի է, որ գիտությունը, գրականությունը, մշակույթը բավականին ծանր վիճակում են: Շուկայական հարաբերություններն այդպիսին են: Ծանր վիճակում են եղել մեր դասականներից շատերը` Թումանյանը, Նար-Դոսը, Իսահակյանը, Լեոն, Դեմիրճյանը, Շանթը: Թումանյանը մշտապես ապրեց վարձու տան մեջ: Իսահակյանը Խորհրդային Հայաստան գալուց տարիներ հետո` 1937-ին միայն ունեցավ իր հարկը: Նույն վիճակում էր Մարտիրոս Սարյանը, որ թողնելով Մոսկվան, հրաշալի պայմանները` եկավ Հայաստան և անձամբ մասնակցեց այս երկրի կառուցման գործին` կրելով մեծ զրկանքներ: Չի եղել մի այնպիսի ժամանակահատված, որ մտավորականը լավ ապրի, չհաշված մի քանի գրողների, որոնց բախտը ժպտաց, և խորհրդային տարիներին մեծ տպաքանակով կարողացան տպագրել ու իրացնել իրենց գրքերը: Այսօր մենք մի խնդիր ունենք` տաղանդավոր գրողի գիրքը, արժեքավոր ձեռագիրը տպագրելու: Մենք չենք կարող սպասել, որ պետությունը լիովին տեր կանգնի տաղանդավոր գրողին, մտավորականին, արվեստագետին: Այսօր տաղանդավոր մարդն ինքը պիտի հարթի իր ճանապարհը, ինչպես արվում է ողջ Արևմուտքում: Եղել են ժամանակներ, որ կուսակցությանը ծառայողների գրքերը տպագրվել ու տարածվել են, ինչի շնորհիվ այդ մարդիկ լավ են ապրել: Հիմա այդպիսի բաներ չկան: Մեր այսօրվա և երեկվա իրադրությունները բավականին տարբեր են: Բայց այսօր էլ կան նոր հնարավորություններ դուրս գալու աշխարհ: Մեր լավագույն թատերախմբերը, երաժշտախմբերը, նկարիչները, գրողները դուրս են գալիս Եվրոպա, Ամերիկա, Մերձավոր Արևելք: Ես Ավետիք Իսահակյանի չորս գիրք եմ տպագրել Ամերիկայում: Առաջ սարսափելի վիճակ էր, երկիրը փակ էր, և ոչ մի հույս չկար, թե երբևէ մի դուռ կբացվի:
-Ո՞ր թեմաներն են այսօր «պահանջված» հայ գրականագիտության ասպարեզում:
-Ժամանակն է եկել, որ ճշմարտապես վերլուծվի այն հսկայական ազդեցությունը, որ ունեցել է քրիստոնեությունը մեր գրականության վրա: Եվ ներկայացվի շիտակությամբ ոչ հեռու անցյալի հայոց պատմությունը, ազգային անկախության համար տարվող հերոսական պայքարը, որը նույնպես ձևավորել է հայ գրականության մի ամբողջ շրջան: Այս և բազմաթիվ գրողների ստեղծագործություններ, որոնց անունն առաջներում չէր տրվում, կգտնեն իրենց ամբողջական արտացոլումը ինստիտուտի կողմից տպագրության պատրաստվող «Հայ գրականության պատմություն» վեցհատորյակում: Ժամանակակից ընթերցողին հետաքրքրում են ոչ միայն զուտ գրականագիտական գրքերը, այլև մեծ գրողների կենսագրությունները, հուշագրությունները: Ես միշտ մեր աշխատակիցներին ասում եմ, որ, ծրագրային հետազոտություններից բացի, ժողովրդին պիտի կարողանանք մատուցել այնպիսի գրականագիտական աշխատություններ, որոնք համապատասխան լինեն XXI դարի պահանջներին: Գրողի կյանքը չպետք է պահենք փակ դռների հետևում: Մինչև վերջերս համարյա թե խեղաթյուրված է եղել Չարենցի կերպարը: Նա ներկայացվել է որպես հեղափոխության երգիչ («Լենինն ու Ալին», «Բալլադ Լենինի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին» և այլն): Այսպիսի գործերով մեծ Չարենցը, ողբերգական Չարենցը մնում է չբացահայտված: Իր կյանքի վերջին տասնամյակում նա բոլորովին այլ բաներ է գրել: ՈՒնեցել է պոետական մեծ ինտուիցիա: Բավական է հիշել Ստալինի անձին ուղղված բանաստեղծությունները: Դրա համար էլ մարդուն տանջամահ արեցին, ողբերգական մահով սպանեցին: Եթե նա հարմարվեր սովետական վարչակարգին, կապրեր մինչև խոր ծերություն, հենց կենդանության օրոք իր անունով դպրոց, հրապարակ ու փողոց կկոչեին: Բայց այդպիսի պոետը չէր կարող հարմարվել: Եվ հիմա շատ հանգիստ ասում են, թե Չարենցը բանտում է մահացել: Կարծես թե բանտն առողջարան էր: Չարենցը չմահացավ, նրան սպանեցին, խոշտանգամահ արեցին: Նույնն արեցին շատ այլ գրողների հետ: Մենք այսօր պետք է նրանց կյանքը, ողբերգական մահը բոլոր ճշմարտություններով բացենք ու դնենք ժողովրդի առաջ, ոչ թե նստենք ու մտածենք` Չարենցի մեջ գերակշռողը ռոմանտի՞զմն էր, թե՞ ռեալիզմը: Գրականության ինստիտուտը ոչ թե պետք է լինի գրականագիտական արխիվ, այլ պետք է նոր խոսք բերի, նորովի լուսաբանի հայ գրականությունը:
(շարունակությունը` հաջորդ ուրբաթ` նոյեմբերի 26-ին)
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ