«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայկական ողջ պատվիրակությունն աշխատեց համախմբված»

«Հայկական ողջ պատվիրակությունն  աշխատեց համախմբված»
13.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ

-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը Հայաստանում ընտրություններից մեկ ամիս առաջ:

-Նորմալ քաղաքական իրավիճակ է, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը, սկսվել է ընտրարշավը: Կարծում եմ` բոլոր քաղաքական ուժերը շահագրգռված են քաղաքակիրթ ընտրությունների անցկացմամբ, անհարկի շահարկումներ ու ընտրական գործընթացի միտումնավոր աղավաղումներ չեն լինի: ՀՀԿ-ի համար ընտրական գործընթացը երկու հիմնական ուղղություն և նշանակություն ունի. առաջին` ներկայացնել մեր պատկերացումները, համոզմունքները առաջիկա տարիների ծրագրերի և անելիքների մասին, երկրորդ` հաշվետու լինել նախորդ տարիներին կատարած հսկայածավալ աշխատանքների, ձեռքբերումների, նվաճումների և, իհարկե, դեռ չլուծված խնդիրների լուծումների մեխանիզմների մասին:

-Կա՞ն երաշխիքներ, որ այս ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են լինելու:

-Թիվ 1 երաշխիքը բարեփոխված Ընտրական օրենսգիրքն է, որը դետալիզացված ներկայացնում է ընտրությունների բոլոր ընթացակարգերը և լայն իրավասություններ տալիս ընտրության մասնակից և շահագրգիռ բոլոր կողմերին, պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դնում ընտրական հանձնաժողովների գործունեությունը: Ամենակարևորը` ՀՀ քաղաքացիները հիմա ընտրություն կատարելիս ավելի բարձր քաղաքացիական պատասխանատվություն են դրսևորում նախորդ ընտրությունների համեմատ։ Ես վստահ եմ, որ այս անգամ քաղաքականության մեջ պատահական անցորդները կամ բախտախնդիրները չհիմնավորված դիրքեր չեն ունենա:

-Ընտրողն ընտրակաշառքը չի՞ գերադասի գաղափարից:

-Ցավոք, ընտրակաշառքը քաղաքական ասպարեզ մուտք գործեց դեռ 90-ականների սկզբին, երբ ծրագրային, գաղափարական պայքարը վերածվել էր պարզ առևտրի, հետագայում` կուսակցությունների կայացման հետ մեկտեղ, ծրագրերը, խոսքը և քարոզչությունը, քաղաքացիների հետ պարզ երկխոսությունն առաջ մղեցին քաղաքական միտքն ու համոզմունքները, և ընտրությունը հենվեց կուսակցությունների ու անհատ թեկնածուների նախընտրական ծրագրերի և նրանց իրատեսության վրա: Մեր կուսակցությունը մեծ դերակատարություն ունեցավ այդ հարցում. ՀՀԿ-ն քաղաքական համակարգ բերեց իրատես միտք, իրատեսական ծրագրեր` առանց պոպուլիզմի, բերեց քաղաքական կազմակերպվածություն, դասական կուսակցություններին հարիր քաղաքական գործունեություն և, որ ամենակարևորն է, քաղաքական պատասխանատվություն, որից չխուսափեց ամենաբարդ իրավիճակներում էլ:

-Ինչո՞վ եք դա բացատրում:

-ՀՀԿ-ի բոլոր լիդերներն ու ներկա առաջնորդը ունեցել են և ունեն քաղաքական մեծ փորձ, վստահություն, ինքնատիպ ու ազդեցիկ խարիզմա: Այս հանգամանքների հանրագումարում վստահաբար կարող եմ ասել, որ այս ընտրությունների առանցքում ժողովրդավարական չափորոշիչների հիման վրա քաղաքակիրթ մրցապայքար ապահովելն է լինելու:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ և՛ ընդդիմությունը, և՛ կոալիցիոն ուժերը քննադատության թիրախ դարձնում են ՀՀԿ-ին:

-Քննադատությունը մեզ համար նորություն չէ, համարյա 15 տարի լինելով իշխանության մեջ և մշտապես ունենալով ընդդիմախոսներ, քննադատությունից զերծ չէինք մնալու: Առողջ քննադատությունն ամրացրեց մեր դիրքերը` նպաստելով արդյունավետ կառավարմանը: Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների քննադատությանը, գերազանցապես քննադատում են ոչ թե կոալիցիոն գործընկերները, այլ նրանց շարքերում հայտնված որոշ նորելուկներ, որոնք ինքնահաստատման այդ ճանապարհն են ընտրել: Ժամանակը ցույց կտա, թե որքան արժե այդ քննադատությունը:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ ՀՀ նախագահը քարոզարշավը ևս գերազանցապես մենակ է իրականացնում:

-Նախագահը ղեկավարում է կուսակցության համամասնական ընտրացուցակը և, ամբողջությամբ տիրապետելով երկրի արտաքին ու ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային ոլորտների հիմնախնդիրներին, ուղղակիորեն գլխավորում է մեր նախընտրական քարոզարշավը: Ակնհայտորեն դա բազմապատկում է մեր քաղաքական դերակատարությունը, բաց, պարզ, թափանցիկ, մատչելի է դարձնում մեր պետության շարքային քաղաքացիների և նախագահի շփումները: Սա ժողովրդավարության լավագույն արտահայտություններից է, յուրաքանչյուր քաղաքացու քվեն, ձայնը, վստահությունը, հավատը արժևորելու, գնահատելու հստակ դրսևորում: Ես վստահ եմ նաև, որ նախագահի հետ հանդիպումները քաղաքացիների համար լավագույն հնարավորությունն են` առաջիկա տարիների վերաբերյալ ավելի հաստատուն, կայուն, համարձակ որոշում կայացնելու և իրենց ձայնը ՀՀԿ-ին տալու համար: Փոփոխություններ բոլորս ենք ակնկալում, դրական փոփոխություններ: Բազմաթիվ ոլորտներում փոփոխություններ արդեն իսկ եղել են. մենք շարունակում ենք հզորացնել մեր երկիրը, վստահ քայլել միջազգային բոլոր հարաբերություններում, հզորացնում ենք մեր պաշտպանունակությունը, ամրացնում ժողովրդավարությունը, մենք քայլում ենք դեպի բարեկեցիկ, ապահով և զարգացման անհրաժեշտ պայմաններն ունեցող քաղաքացու խնդիրների լուծում: Հաջորդող տարիները լինելու են հենց սոցիալապես, տնտեսապես, բարոյապես ավելի ինքնավստահ, ավելի ապահով քաղաքացի ունենալու և այդ քաղաքացու միջոցով ավելի լավ Հայաստան կառուցելու տարիներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր պատմական առաքելությունը, անկախ Հայաստանում ՀՀԿ-ի անցյալի, ներկայի ու ապագայի առաքելությունը շաղկապված է Հայաստանի Հանրապետության հավիտենականության գաղափարով: Հայաստանի Հանրապետություն ասելով մենք, առաջին հերթին, հասկանում ենք Հայաստանում ապրող հայ մարդուն` համազգային նպատակ ունենալով համահայկական ներուժի համախմբումն ու համայն հայության իղձերի իրականացումը:

-Ինչպե՞ս է, որ Հայաստանի բնակչության թիվը պակասում է, իսկ ընտրողների թիվը` ավելանում:

-Հաշվի առեք, որ եթե մարդը երեք-չորս ամսով բացակայում է երկրից, չի կորցնում ընտրելու իրավունքը:

-Այո, բայց վստա՞հ եք, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդը քաղաքական բարձր գիտակցությամբ ընտրությունների օրը ծախսելու է ապրուստի համար կուտակած գումարը և գալու է քվեարկության:

-Իսկ ո՞վ իրավունք ունի պնդելու, որ այդ մարդն ընտրության չի գալու, և ընտրացուցակից հանի նրա անունը:

-Չե՞ք կարծում, որ ընտրակեղծիքների համար բաց տարածք է մնում:

-Ո՛չ, օրենքը յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու հնարավորություն է տալիս, և քանի դեռ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով չեն կասեցվել քաղաքացու իրավունքները, նա պահպանում է ընտրելու իրավունքը:

-Այսինքն` ստացվում է իրավական վակուո՞ւմ:

-Ինչո՞ւ վակուում, դա օրենքի և իրական պատկերի համադրումն է և, ի վերջո, դա այն հարցը չէ, որ մեծ տարբերությունների խնդիր դառնա: Ամեն երկիր էլ ունի բնակչության շարժունակության որոշակի խնդիրներ և քաղաքացիներ, որ ժամանակավոր գտնվում են պետությունից դուրս, չի նշանակում, որ նրանց կանխակալ պետք է զրկել քաղաքացիական իրավունքներից:

-Քաղաքական ի՞նչ ուժեր եք տեսնում հինգերորդ գումարման խորհրդարանում:

-Դասական պատասխան կա այդ հարցին` այն ուժերը, որ կհաղթահարեն 5 տոկոսի պատնեշը, դաշինքների դեպքում` 7 տոկոսը:

-Իսկ եթե ոչ դասական, այլ իրակա՞ն պատասխան:

-Իրականում դա հասարակության խնդիրն է, և հասարակությունը պիտի ընտրի ու պատասխանի այդ հարցին: Ես միայն կարող եմ ասել` ՀՀԿ+...

-Բաքվում ի՞նչ էիք անում:

-ԱԺ պատվիրակությունը մասնակցում էր Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստին, արդյունավետ աշխատել ենք հանձնաժողովներում, մեր բոլոր առաջարկները, բացի մեկից, ընդունվել են: Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի հանձնաժողովում, որի նախագահն եմ, ներկայացրի հիմնական զեկույցը «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրները և համագործակցությունը կառավարությունների հետ» թեմայով: Ադրբեջանցիները ներկայացրել էին առաջարկներ տարածքային ամբողջականության, փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի, կոնֆլիկտների կարգավորմանը հասարակական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ, որոնք մեզ համար ընդունելի չէին, և մեր աշխատանքի արդյունքում հենց Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը պաշտոնապես հետ վերցրեց առաջարկությունները: Հանձնաժողովի զեկույցը քվեարկվեց և ընդունվեց 72 կողմ, 1 դեմ ձայներով: Մենք լավ արդյունքներ ունեցանք քաղաքական, էներգետիկ անվտանգության և տնտեսական ինտեգրման հանձնաժողովներում: Բավականին հետաքրքիր քննարկումներ եղան սոցիալական հարցերի հանձնաժողովում, որին մեր հրավերով մասնակցեցին ադրբեջական հասարակական կազմակերպությունների անդամները: Նրանք Ադրբեջանի ներքին խնդիրները բավականին բաց ներկայացրին, հատկապես ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին առնչվող: Ադրբեջանի մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ ինձ փոխանցեցին նամակ, որում դժգոհում են քաղաքացիական հասարակության վիճակից, պետության հարուցած սահմանափակումներից, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքի ոչ բավարար հնարավորություններից: Եվրանեսթի հաջորդ նիստում` 2013 թ. մայիսին, այդ հարցը կքննարկվի: Քննարկմանը ներկա էր և Ադրբեջանի կրթության նախարարը, որը փորձում էր հերքել այդ փաստերը: Քննարկման ժամանակ առաջարկվեց հանձնաժողովի շրջանակներում զեկույց նախապատրաստել Արևելյան գործընկերության երկրների հանրակրթական հաստատություններում քարոզվող արժեքների ուսումնասիրման վերաբերյալ` ինչքանով են ատելություն սերմանում, ինչքանով են քարոզչություն ու հակաքարոզչություն պարունակում: Մեր պատվիրակության անդամ Արամ Սաֆարյանն ադրբեջանական դասագրքերից հատվածներ մեջբերեց իր ելույթում, որոնք հակահայկական բացահայտ ուղղվածություն ունեին, և դա շատերը դատապարտեցին: Ընդհանրապես հայկական ողջ պատվիրակությունն աշխատեց համախմբված և միասնական, կուսակցական շահագրգռություններից վեր դասելով համապետական շահը: Բոլորի համար շատ անսպասելի էր նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որ փոխեց մթնոլորտը:

-Ինչո՞ւ էր անսպասելի, ո՛չ Ադրբեջանի նախագահը, ո՛չ բարձրաստիճան որևէ պաշտոնյա որևէ առիթ բաց չեն թողնում հայերին ու Հայաստանին ներկայացնելու «ավանդական» մեղադրանքները, որ արդեն 20 տարին բոլորել են:

-Այդպես է, բայց այն որակումները, որ Ադրբեջանի նախագահը իրեն թույլ տվեց օգտագործել, դեմ են համամարդկային ընկալումներին, գործնականում Իլհամ Ալիևն իր ելույթով Ադրբեջանը դուրս դրեց եվրոպական միասնական ընտանիքում քարոզվող արժեքներից: Բոլորն են հասկանում կոնֆլիկտի, կուտակված խնդիրների գոյությունը, բայց նրա ձևակերպումներն ու որակումները անսպասելի էին բոլորի համար: Պատահական չէ, որ եվրոպացի պատգամավորներն իրենց զարմանքն էին հայտնում, իսկ ադրբեջանցի պատգամավորներից մի քանիսը նույնիսկ ներողություն խնդրեցին իրենց նախագահի ելույթի համար:

-Իսկ ինչպե՞ս հակադարձեց մեր պատվիրակությունը:

-Աշխատակարգով Ադրբեջանի նախագահի ելույթին հաջորդեց ընդմիջումը, որից հետո նա չէր մասնակցում նիստին, երբ վեհաժողովն աշխատանքը վերսկսեց, մենք տարբեր ձևաչափերով հնարավորություն ունեցանք արձագանքելու նրա ելույթին` քննադատվեցին նախագահական մակարդակով ապատեղեկության տարածումը, ատելության սերմանումն ու քարոզչությունը, հասարակությունների միջև փոխվստահության մթնոլորտի փոխարեն անվստահության տարածումը: Եվրոպացի պատգամավորները չէին թաքցնում իրենց բացասական գնահատականը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի անունից տրվող ընթրիքին մեզ հետ չմասնակցեցին նաև նրանք: Իհարկե, մեզ ոմանք մեղադրում են, որ դահլիճից չենք հեռացել Ալիևի ելույթի պահին: Հավատացեք, որ լավագույն լուծումը մնալ և պատասխանելն էր, այն, ինչի մասին մենք տարիներով խոսում ենք, Եվրանեսթի պատգամավորները ականատես էին, ակնհայտ էր, որ հայի տեսակը եվրոպական արժեհամակարգի մաս է, իսկ ադրբեջանցու տեսակը բավականին տարբեր է ու նույնիսկ հակառակ է հյուրընկալության տարրական ընկալումներին:

-Լավ, Ադրբեջանի նախագահը խելացի, այդ պաշտոնում բավականին փորձ ու հմտություն կուտակած քաղաքական գործիչ է և չէր կարող չհասկանալ, որ այդ ելույթով ավելի խոցելի է դառնում ինքը, քան խոցելի է դարձնում հայերին, ինչո՞վ եք բացատրում նրա քաղաքական մազոխիզմը:

-Տասնամյակներ իր երկրում նա հայատյացություն է սերմանել, պատկերացրեք` այդ մթնոլորտում 10 հայ ժամանել է Բաքու ու արդյունավետ աշխատում է, հանգիստ լուծում իրենց խնդիրները հանձնաժողովներում: Ադրբեջանի հասարակությունն իր նախագահին չէ՞ր հարցնելու` հայերը, որ մեր ոխերիմ թշնամիներն են, մեր երկրում ազատ ու անկաշկանդ աշխատում են, ու մենք ընդունո՞ւմ ենք: Նրա խոսքն ուղղված էր ներքին լսարանին:

-Ոչի՞նչ, որ Եվրանեսթը միջազգային կառույց է, և նրա խոսքը ոչ միայն ներքին լսարանն էր ունկնդրում:

-Փաստորեն, հեռուստալուսաբանումներում, օրինակ, պարտադիր ներկայացվում էր նրա խոսքի` կոնֆլիկտին վերաբերող հատվածը, թեպետ Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր կենսական շատ հարցերի:

-Ալիևի ելույթից հետո «ֆաշիստներիդ» նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞ց:

-Նրա ելույթի նախորդ օրը մեր պատվիրակության աշխատանքը լուսաբանվել էր, մեր ելույթները ներկայացվել էին, իսկ ելույթից հետո մեր նկատմամբ վերաբերմունքն ավելի ջերմացավ, ակնհայտ էր, որ հասարակության վերաբերմունքը կապ չունի Ալիևի ելույթների հետ ընդհանրապես: Ադրբեջանցի պատգամավորները մեր նկատմամբ շատ ավելի ջերմ ու ընկերական էին դարձել:

-Նորից կգնա՞ք Բաքու, եթե հարկ լինի:

-Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` այո: Եթե մենք այս անգամ չգնայինք, չորս բանաձև ու չորս զեկույց էինք ունենալու` ոչ հայանպաստ ձևակերպումներով, հավելեք Ալիևի ելույթը և մեր բացակայության դեպքում հիմնավորված գնահատականը, որ հայերը կառուցողական դիրքորոշում չեն դրսևորում: Բոլոր առումներով մեր Բաքու մեկնելը հիմնավորված էր, և ինչ տեսական արդյունքներ ակնկալվում էին, գործնականում ձեռք բերվեցին: Արդյունքում մենք հնարավորություն ստացանք Եվրանեսթում մեր առաջատար դիրքերը պահպանելու ու ազդեցիկ դերակատարություն ունենալու: Եվրանեսթյան հարթակում շատ լավ երևաց ԵԺԿ-ի հետ մեր համագործակցությունը, ԵԺԿ-ի աջակցությամբ մենք կարողացանք լավ արդյունքների հասնել` ինքներս էլ աջակցելով նրանց հետաքրքրող հարցերի լուծմանը:

-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:

-ՀՀԿ-ի հաղթանակն եմ նշելու խորհրդարանական ընտրություններում` նոր լիցքերով, նոր ավյունով շարունակելով մեր գործունեությունը:

Զրույցը`

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ