Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՀՀԿ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»

«ՀՀԿ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»
04.05.2012 | 00:00

Նախընտրական քարոզչությունն ավարտվեց: Ինչո՞ւ էր այն այս անգամ ավելի հանդարտ և «ծույլ». այս հարցին մեզ հետ զրույցի սկզբում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, չշրջանցելով նաև որոշ մեղադրանքներ, որոնք այս ընթացքում հնչեցին ՀՀԿ-ի հասցեին:

-Քարոզարշավն առաջին հայացքից է հանդարտ թվում,- ասաց պարոն Զոհրաբյանը:- Կխոսեմ միայն ՀՀԿ-ի քարոզարշավից. նախագահ Սերժ Սարգսյանն առանց ամպագոռգոռ բառերի, հանգիստ ու հավասարակշիռ բացատրում է մեր ծրագիրը: Ժողովրդին չես կարող համոզել՝ ոսկե սարեր խոստանալով: Հանրապետության նախագահն ասում է այն, ինչ կա՝ առկա թերություններն ու առավելությունները: Ասում է՝ մենք սա ունենք ու ձգտում ենք դրանից ավելիին: Եթե անգամ նախկին ծրագրերից ինչ-որ բաներ չենք իրականացրել, մեր մեղքն ընդունում ենք, քանի որ հնարավոր չէ դրանք իդեալականորեն իրականացնել: Այս քարոզարշավը ցույց տվեց նաև, որ ՀԱԿ-ն այլևս թույլ է, որովհետև թույլերն են հայհոյում, ագրեսիվ պահվածք դրսևորում, մեղադրում: ՀԱԿ-ը միշտ քննադատում է, թե իշխանությունում օլիգարխներ, հարուստներ կան, բայց թող նայեն Հրանտ Բագրատյանի հարստությանը՝ ի՜նչ գործարաններ ունի, ի՜նչ բանկային հաշիվներ: Նա էլ պակաս օլիգարխ չէ:

-ՀՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքներից, թերևս, ամենաշահարկվողն այն է, թե ինչո՞ւ է քարոզարշավն ընթանում միայն երկրի ղեկավարի դեմքով, իսկ ո՞ւր է թիմը:

-Հանրահավաքներին, այո, միայն նախագահն է ելույթ ունենում, բայց մենք, ինչպես նաև մյուսները, ունենք քարոզչական խմբեր, որոնք տեղերում իրականացնում են իրենց աշխատանքները: Ասել է` բուրգի գագաթին Սերժ Սարգսյանն է, սակայն մյուսները ևս ակտիվ քարոզչություն են իրականացնում: ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի դեմքով է ներկայանում քարոզարշավին, բայց իրենց խմբերը մարզերում ևս աշխատում են: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք հասարակության մեջ վստահության, կասկածի խնդիր ունեն, հանդես են գալիս երեք, չորս հոգով, որպեսզի ներկայացնեն կուսակցությունը: ՀՀԿ-ն ներկայանալու խնդիր չունի: Մենք արդեն քսան տարի է` քաղաքական դաշտում ենք և բավականին մեծ վարկանիշ ունենք, ճանաչված ենք: Չկա մի գյուղ, որտեղ ՀՀԿ-ին չճանաչեն, բոլոր համայնքներում ունենք ներկայացվածություն, կուսակցական սկզբնական խմբեր, տարածքային, շրջանային կազմակերպություններ: Այդ իսկ պատճառով ընտրել ենք այս մարտավարությունը, որում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ձգտելու ենք հասնել նրան, որ լինենք առաջինը՝ 66+1-ը ապահովելով:

-ՀՀԿ-ի այս տարիների աշխատանքը թույլ տալի՞ս է ակնկալել, որ հանրության գերակշիռ հատվածը կընտրի հենց ձեզ:

-Եթե հետևեք Սերժ Սարգսյանի հանրահավաքային ելույթներին, նա միշտ չէ, որ ասում է՝ ամեն ինչ լավ է: Ասում է՝ վատ բաներ, թերություններ էլ կան, բայց ձգտում ենք լավին, այսինքն, անընդհատ ձգտում կա: Եթե քաղաքական ուժը չի ձգտում զարգացման այլընտրանքներ փնտրել, հոգնած ուժ է: Մենք հոգնած ուժ չենք:

-Ձեր մարդաշատ հանրահավաքներն ընդդիմությունը համարում է «վախի մթնոլորտում հավաքված զանգված», իսկ իրենց սակավամարդ միջոցառումները՝ «իշխանության կատարած հետևողական աշխատանքի արդյունք»:

-Ես չեմ տեսել մարդկանց խմբեր, որոնք գնում ու քարոզում են, թե չգնաք ընդդիմության հանրահավաքին, այսինքն` հակաքարոզչություն իրականացնեն այդ ուժի նկատմամբ: Հակառակը՝ քարոզիչները միայն ասում են՝ գնացեք ՀՀԿ-ի հանրահավաքին ու ձայն տվեք մեզ: Մեկը դեռ չի եղել, որ մեր անունից ասի՝ չգնաք ՀԱԿ-ի հանրահավաքին: Պարզապես գնում են այնքան, որքան տեսնում ենք: Ի վերջո, ո՞վ գյուղացուն կարգելի հանրահավաքի գնալ: Թամաշայի պես բան է, եկել են քաղաքից մարդիկ, ու ով նրանց հանդեպ հետաքրքրություն ունի, գնում է: Իսկ մեր հանրահավաքի մարդաշատությունը նաև պայմանավորված է տեղերում կազմակերպիչներ ունենալու հանգամանքով: Արդեն կուսակցականների թիվը բավարար է, որ յուրաքանչյուր քաղաքում 10 հազար մարդ հավաքվի, էլ չեմ ասում՝ համակիրների, հետաքրքրվողների բանակը: Ժողովուրդը հետաքրքրություն ցուցաբերում է այն ուժի նկատմամբ, որը ժամանակի ընթացքում ապացուցել է, որ կարող է պետություն պահել, տնտեսություն զարգացնել: Ժողովուրդը ենթագիտակցորեն ձգտում է դեպի ուժեղը:

-Հակադիր բևեռի ուժերի քարոզչությունից ո՞ւմ կառանձնացնեք:

-Ընդդիմադիր ուժերից որոշակիորեն առանձնացավ «Ժառանգությունը», ինչը պայմանավորված է նաև «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությամբ: Գաղափարների մասնակի թարմությունը ժողովուրդն ընդունում է: Մյուսների, հատկապես ՀԱԿ-ի առնչությամբ, կարծես ամեն ինչ կրկնվում է:

-Ինչո՞ւ այս քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող ուժերն ավելի շատ կենտրոնացած էին ներքին խնդիրների, սոցիալական, տնտեսական հարցերի վրա, իսկ արտաքին քաղաքականությունը հետին պլան էր մղվել:

-Հանրապետության նախագահն իր ելույթներում անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, բայց քանի որ մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են նյութական, սոցիալական հարցերը, այդ իսկ պատճառով այս մասին շատ է խոսվում:

-ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նոր-նոր կոալիցիոն կուսակցության անդամ դարձած Վարդան Օսկանյանը խիստ քննադատում է կառավարության քաղաքականությունը, ընդ որում, լինելով դիվանագետ:

-Ես նրան կոալիցիայի անդամ էլ չեմ համարում, որովհետև ընդամենը 2 ամիս է, ինչ ԲՀԿ-ական է դարձել, այսինքն, կոալիցիայի դեղնակտուց անդամ է, ու նրա և Գագիկ Ծառուկյանի ասածները միշտ չեն համապատասխանում միմյանց: Ավելին, նրանց խոսքում հակասություններ են նկատվում: Գագիկ Ծառուկյանը տանում է հավասարակշռված քարոզչություն, Օսկանյանը չգիտես ում է անընդհատ քննադատում: Եթե մտել ես մի քաղաքական ուժ, որը հինգ տարի է, ինչ կոալիցիոն անդամ է, և ծրագրերը նրա հետ համապատասխանեցված են, իսկ դու սկսում ես քննադատել այդ ամենը, սպիտակ ագռավի դեր ես ստանձնում: Մի պահ ասաց, թե կոալիցիան ձևական է եղել: Հարց է առաջանում՝ եթե իրականում այդպես է, ու ձևական անդամ եք եղել, ինչպե՞ս ժողովուրդը ձեզ ձայն կտա: Ժողովուրդը ձևական անդամին ձայն չի տալիս: Հետո դա շտկեցին, ասացին՝ անկապ բաներ է խոսում, հարցը փակեցին: Հիմա էլ քննադատում է տնտեսություն, արտաքին քաղաքականություն, որ տեսեք՝ «Հանրապետականը» հետամուտ չէ ցեղասպանության խնդրին: Էլի անկապ խոսում է: Ինչպես կարող է հետամուտ չլինել, երբ Ֆրանսիայի նախագահն անձամբ Հայաստանում հայտարարեց, որ իրենք կընդունեն հայտնի օրենքը, եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը: Եթե նկատում եք՝ ժողովուրդը Օսկանյանի ու նրա ելույթների մասին չի խոսում, բայց Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի ու անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները դառնում են քննարկման թեմա: Կարծես ինչ-որ փուչ բան լինի: Մի քանի անգամ ուղղեցինք էդ մարդուն, էլի շարունակում է, անուղղելի է: Քննադատություն հանուն քննադատության՝ սա՛ է Օսկանյանը: Թող գոնե խոսի արտաքին քաղաքականությունից, բայց քննադատում է այն ոլորտները, որոնցից լավ չի հասկանում: Օսկանյանը կյանքում երևի մի գյուղ չի էլ մտել: Նա կարծես Լևոն Տեր-Պետրոսյանի մի քիչ բարեխոս տեսակն է, այսինքն՝ Լևոնը հայհոյախոս է, ագրեսիվ պահվածքով, Օսկանյանը՝ մի քիչ բառերն ընտրում է: Երկուսի նպատակն էլ նույնն է՝ ՀՀԿ-ին ձայն չտալ, ՀՀԿ-ն բոբո է:

-Ի դեպ, Տեր-Պետրոսյանի թիմակիցները ձեր նախընտրական ծրագիրը համարում են «անպատասխանատու», «նեոֆաշիզմի» և «իդիոտիզմի» տարրերով լի:

-Ես մեր ծրագիրը կարդացել եմ ու նեոֆաշիզմի տարրեր չեմ գտել:

-«Հայության բնօրրանը հայկական բարձրավանդակն է». սա որակվում է որպես իդիոտիզմ:

-Բնականաբար, ամեն ժողովուրդ ձևավորվում է որոշակի տարածքում, հայը՝ Հայկական բարձրավանդակում, այնպես որ, «բարձրավանդակ» ասելով նկատի չունենք միայն այդ սարերը ու որ դրանից ներքև հայեր չեն ապրում: Այդպիսի բնորոշում դեռ 19-րդ դարում գերմանացի գիտնականներն են տվել:

-Նեոֆաշիզմի առնչությամբ նկատում են, որ գրագողություն է արվել Նիցշեից՝ համեմելով ցեղակրոնության պատմություններով:

-Եթե այդպես լիներ, բոլոր ժողովուրդներն էլ ֆաշիստներ պիտի լինեին: Չհասկանալով են նման մտքեր արտահայտում, նման բան կարող է ասել շարքային ընդդիմադիրը: Մենք վերջերս դարձանք Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են մեր և՛ ծրագրերը, և՛ գաղափարախոսությունը ու չեն տեսել որևէ ֆաշիստական բան, այլապես ԵԺԿ անդամ չէինք դառնա: Պիտակներ են կպցնում այնպես, ինչպես վերջերս Իլհամ Ալիևը Բաքվում հայերին «ֆաշիստ» անվանեց: Նրանք խոսում են ադրբեջանցիների դիրքերից, ամո՛թ նրանց:

Զրույցը վարեց

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ