Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՊԵՏՔ ՉԷ ԿՈՒՌՔԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԵԹԵ ՆՐԱՆՔ ՉԼԻՆԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ Է»

«ՊԵՏՔ ՉԷ ԿՈՒՌՔԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԵԹԵ ՆՐԱՆՔ ՉԼԻՆԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ Է»
03.02.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Հայաստանի քաղաքական դաշտը խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ ինչպե՞ս եք տեսնում:
-Նորմալ քաղաքական գործընթացներ են ընթանում, այս շրջադարձից հետո սկսվում է քարոզարշավը և եզրափակիչը 2012 թ. ամենակարևոր իրադարձության, որի հաջորդ օրը սկսվում է 2013 թ. ամենակարևոր իրադարձության նախապատրաստությունը:
-Նկատի ունեք նախագահակա՞ն ընտրությունները:
-Ավելի ճիշտ` նախագահական ընտրությունների եզրափակիչը, որովհետև այդ գործընթացները միմյանցից առանձնացնելն այդքան էլ ճիշտ չէ. խորհրդարանական ընտրությանն առնչվող այսօրվա ցանկացած գործընթացի խորապատկերում նախագահական ընտրություններն են:
-Ձեր կարծիքով` այս փուլում հիմնական պայքարը իշխանություն-ընդդիմությո՞ւն հարթության մեջ է, թե՞ իշխանության ներսում:
-Սկզբնական շրջանում թվում էր, թե պայքարն ընթանալու է իշխանություն-իշխանություն, ընդդիմություն-ընդդիմություն հարթություններում, բայց վերջին շրջանում գլխավորը դառնում է իշխանություն-ընդդիմություն հարթությունը: Եթե ընդդիմությունը ճիշտ շեշտադրումներ անի, այդ հարթությունը մեծանալու է և՛ ծավալային, և՛ բովանդակային առումով: Ես չեմ կարծում, թե իշխանության ներսում և ընդդիմության ներսում ընթացող պայքարը կարող է դրական փոփոխություններ բերել, իշխանություն-ընդդիմություն պայքարն է, որ կառավարման համակարգի փոփոխությունների կարող է հանգեցնել:
-Սահմանադրակա՞ն ճանապարհով:
-Ես կարծում եմ, որ ավելի նպաստավոր են էվոլյուցիոն փոփոխությունները, բայց չեմ բացառում հեղափոխական ճանապարհը, եթե էվոլյուցիոնը չի ստացվում:
-Ձեր կարծիքով` երկրորդ նախագահի ստվերը, որ տարբեր տեղերից երևում է, իրակա՞ն է, թե՞ երևակայության արդյունք, գուցե նա ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ Վարդան Օսկանյանի հետ կապ չունի և միայնակ վոին է: Ո՞րն է ավելի մոտ իրականությանը և իրադարձությունների զարգացման տրամաբանությանը:
-Կարծում եմ, որ Հայաստանում որևէ նախագահ երբևէ չի կարող քաղաքականությունից դուրս լինել, գուցե հրապարակային չլինի գործունեությունը, բայց անդրկուլիսային մեծ ազդեցություն միշտ ունի: Հայաստանում քաղաքականության մեծ մասը ոչ թե հրապարակային է, այլ հենց անդրկուլիսային ու ինտրիգային դաշտում: Դա նշանակում է, որ երկրորդ նախագահի գործոնը կա և լինելու է, նրա ազդեցությունը մեծացնում են ֆինանսական ռեսուրսները: Որպես «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ` ես համոզված եմ, որ մեր երկրի զարգացումը նախկին նախագահներին գործող դարձնելու մեջ չէ, երկրի զարգացման ուղին նախագահական եռանկյունուց դուրս է: Հայաստանում նոր ժամանակներ պետք է հաստատվեն արդեն:
-Ի՞նչ է նշանակում «նոր ժամանակներ»:
-Առաջին հերթին` իշխանության ու բիզնեսի տարանջատում, կառավարման համակարգում հակակշիռների գործուն մեխանիզմների առկայություն, քաղաքականության մեջ կլինեն բացառապես այն անձինք, ովքեր քաղաքական, հրապարակային գործունեություն են ծավալում. միայն այս ամենի արդյունքում է հնարավոր տնտեսական դաշտի ազատականացումը, քաղաքական գործունեության տեղափոխումը փողոցներից պետական ինստիտուտներ, արտագաղթի կասեցումը և Հայաստանի նորմալ զարգացման ապահովումը: Միայն այս պարագայում մենք կունենանք իսկապես արդյունավետ կառավարման համակարգ: «Ժառանգությունը» երբևէ որևէ նախագահի չի սպասարկել, այդ թվում` երկրորդ նախագահին, և չի էլ պատրաստվում իր ուսերին որևէ նախագահի իշխանության բերել:
-Ձեր նշած մոդելը հետխորհրդային տարածքի որևէ երկրում գործո՞ւմ է:
-Այդ մոդելը բավականին արդյունավետ գործում է Մերձբալթիկայում, բացի այդ, եթե նույնիսկ հետխորհրդային որևէ երկրում չի գործում, չի նշանակում, որ չպետք է գործի ընդհանրապես: Ի վերջո, պետք է քննարկել ոչ միայն հետխորհրդային շրջանը, այլև տարածքը. Երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջ Արևելյան Եվրոպան հայտնվեց խորհրդային ներգործության տակ: Օրինակ` Լեհաստանը, որտեղ մինչև 1995 թ. քաղաքական գործընթացները Հայաստանի նման էին, 1995 թ. լեհերը կարողացան դուրս գալ այդ շրջանակից, և որևէ մեկը չասաց, որ Լեխ Վալենսան չի կարող երկրի նախագահ չլինել, որովհետև ինքն է «Համերաշխություն» շարժման հիմնադիրը ու նոր Լեհաստանի գաղափարախոսը: Միշտ էլ գալիս է մի ժամանակահատված, երբ կառավարման հին համակարգը անհրաժեշտաբար պետք է նորով փոխարինել. Մեծ Բրիտանիայում վարչապետ չընտրվեց պատերազմում հաղթած ՈՒինսթոն Չերչիլը, նույն խնդրին Ֆրանսիայում Շառլ դը Գոլը բախվեց: Պատմության ընթացքը սովորեցնում է, որ պետք չէ կուռքեր ստեղծել ու հավատալ, որ եթե նրանք չլինեն, ամեն ինչ կորած է: Ոչ, հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, որի մասին ասում են` Հայաստանում ամեն առավոտ երեք միլիոն նախագահ է քնից արթնանում:
-Գուցե, բայց աշխատանքի միայն մեկն է գնում:
-Այնումենայնիվ, քաղաքական դաշտում կան մարդիկ, որ իրենց գործունեությամբ, կերպարով, ժողովրդի շահերի սպասարկման փորձով միանշանակ համապատասխանում են նախագահի թեկնածուի չափանիշներին:
-«Ժառանգությունը» մտադի՞ր է արձագանքելու Վարդան Օսկանյանի համախմբման կոչին:
-Ի՞նչ է անում վերջին ամիսներին «Ժառանգությունը», ի՞նչ է անում ընդդիմադիր դաշտը:
-Հիմնականում միմյանց ու ոչ մեկին ուղղված կոչեր են բարձրաձայնում:
-Ես կարծում եմ, որ կոչերից արդեն գործի ենք անցել: Իհարկե, պարոն Օսկանյանի կոչը ողջունելի է, բայց ընդամենը գործընթացի մաս է, ոչ թե սկիզբ:
-«Ժառանգությունը» ընտրությունների միայնա՞կ է գնալու, թե՞ դաշինքով:
-Ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը դեռ չենք քննարկել:
-Ո՞ր ուժերն են ձեզ ավելի հոգեհարազատ:
-Բոլոր այն ուժերը, որոնք այս տարիներին իրապես պայքարել են, որոնք դեպի ապագա են նայում, ընդունում են, որ Հայաստանում կա բարեփոխումների անհրաժեշտություն, նախընտրում են խորհրդարանական կառավարման համակարգը, կողմ են ԼՂ-ի անկախությանը։
-Եթե խորհրդարանական կառավարումը հանենք, ո՞ր քաղաքական ուժը Ձեր թվարկման տակ չի ստորագրի:
-..որ կողմ են ԼՂ-ի անկախության ճանաչմանը Հայաստանի կողմից, որ հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության հետկանչին են կողմ, մարտի 1-ի իրադարձություններն են ուզում բացահայտել: Եթե այս կետերի շուրջ որևէ քաղաքական ուժ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, դա կլինի բնական դաշինք: Գաղափարական և պայքարի ուղու առումով ընդհանրություններ կան «Ազատ դեմոկրատների» հետ, կդառնա՞ն մեր քննարկումները բանակցություններ, բանակցությունները կդառնա՞ն դաշինք, չեմ կարող ասել, թվարկածս չափորոշիչների ընդունման պարագայում մենք պատրաստ ենք համագործակցելու նաև այլ քաղաքական ուժերի հետ:
-Ե՞րբ եք նախատեսում համագումարը:
-Փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
-Նախընտրական ցուցակները համագումարից առա՞ջ են լինելու:
-Ընտրացուցակները նաև կուսակցության խորհուրդը կարող է հաստատել:
-«Ժառանգությունը» չի՞ բացառում և՛ համամասնական, և՛ մեծամասնական ընտրակարգով մասնակցությունն ընտրություններին:
-Ես համոզված եմ, որ «Ժառանգությունը», բացի համամասնական ցուցակից, պետք է իր թեկնածուներն ունենա մեծամասնականով:
-Եթե անհրաժեշտ եք համարում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը և վաղուց, ինչո՞ւ եք թեկնածուներ առաջադրում մեծամասնականում:
-Տրամաբանական հարց է: 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը «Ժառանգությունը» բարձրացրել է 2008-ին և 2010-ին, մեր ներկա առաջարկը բնավ նախընտրական քայլ չէ: Ընտրական օրենսգրքին մենք բացասական գնահատական ենք տվել, որովհետև արտացոլված չեն մեր առաջարկած փոփոխությունները, ավելին` փոխվեց հանձնաժողովների ձևավորման կարգը, ինչի պատճառով խորհրդարանական բոլոր ուժերը, բացի «Ժառանգությունից», իրենց ներկայացուցիչներն ունեն և՛ ԿԸՀ-ում, և՛ ընտրատարածքային հանձնաժողովներում: Բայց այս ԸՕ-ն մեզ համար ընտրությունները բոյկոտելու պատճառ չէ, այս օրենսգրքով էլ մենք պատրաստ ենք պայքարելու: 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում պայքարի միջոցներն ավելի շատ և ուժեղ են լինելու:
-Մեծամասնական ընտրակարգով առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Եթե կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով մասնակցելու որոշում կայացնի, բնականաբար, այո, իմ նախընտրած տարածքն Աջափնյակն է:
-Աջափնյակի մրցակիցներից չե՞ք վախենում:
-Ես կողջունեմ նրանց ընտրապայքարին մասնակցելու ցանկությունը, պարզապես մրցակցությունը պետք է լինի ազատ, ֆինանսական, վարչական, քրեական ազդեցություններից դուրս:
-Ձեր կարծիքով` Ֆրանսիայի նախագահը կվավերացնի՞ ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, թե՞ պատգամավորների ու սենատորների դիմումն իր դերը կունենա:
-Եթե սահմանադրական խորհուրդը չխոչընդոտի, կարծում եմ` նախագահ Սարկոզին միանշանակ կվավերացնի օրենքը, որովհետև նախաձեռնողներից մեկն էր:
-Այնուհանդերձ, իր կուսակցության պատգամավորներն էլ են միացել օրենքը չվավերացնելու պահանջին:
-Դա Ֆրանսիան է, որտեղ երեք անգամ հանուն ժողովրդավարության հեղափոխություն են արել, և զարմանալի չէ, որ նույն կուսակցության մեջ տարբեր կարծիքներ կան: Օրինագիծը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման տեսանկյունից: Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատեց աշխարհում ժողովրդավարության հիմնադիր կենտրոններից մեկը լինելու կարգավիճակը և հերթական խոչընդոտը հարուցեց Թուրքիայի մուտքին ԵՄ: 2010 թ. ԵՄ-ն բանաձև է ընդունել, որտեղ նշվում է, որ անդամ երկրները ժխտողականության վերաբերյալ միասնական քաղաքականություն պետք է վարեն, այս ենթատեքստում օրինագծի կարգավիճակը բարձրանում է:
-Սենատորների և պատգամավորների 76 ստորագրություններ հավաքելու քայլը ինքնաբո՞ւխ էր, սեփակա՞ն շահերն էր սպասարկում, թե՞ թուրքական ներգործության հետևանք էր:
-Կարծում եմ` բոլոր գործոնների հանրագումար էր, թե՛ ներքին ֆրանսիական խնդիրների, թե՛ թուրքական ֆինանսական միջոցների համադրության հետևանք էր: Տրամաբանակա՞ն է, որ Հոլոքոստը ժխտելու համար նման օրենք կա, հայերի դեպքում օրենքը հակասում է սահմանադրությանը:
-Տարօրինակ չհնչեցի՞ն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դիրքորոշումը և անձամբ պետքարտուղարի կարծիքը:
-Իհարկե, տարօրինակ էր, եթե հիշենք` ինչ էր ասում Բարաք Օբաման նախընտրական շրջանում: Հասկանալով ԱՄՆ-ի քաղաքական շահերը տարածաշրջանում և Թուրքիայի կարևորությունը սպասվող զարգացումներում, հատկապես ռազմաբազաների առկայությունը, այս ամենը գուցե հասկանալի է դառնում, բայց ժողովրդավարության չափանիշների տեսանկյունից ընդունելի չէ:
-Այս օրենքի ընդունման պարագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման վտանգ տեսնո՞ւմ եք, և Ադրբեջանում, և Թուրքիայում խորհրդարանների ու արտգործնախարարների մակարդակով կամ ՄԽ-ից Ֆրանսիայի դուրս գալու կամ Թուրքիայի ընդգրկման պահանջ է դրվում:
-Իհարկե` ոչ, նման կոչեր հնչեցնողները չունեն բավարար ներգործություն, որպեսզի կարողանան գերտերությունների հաստատած ձևաչափը փոխել, դա ստատուս քվոյի փոփոխություն է նշանակում, որը ոչ մեկին պետք չէ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ