«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ցավալի կլինի լիդերի մեր կարգավիճակը կորցնելը և հետապնդողի կարգավիճակ ստանձնելը»

«Ցավալի կլինի լիդերի մեր կարգավիճակը կորցնելը և հետապնդողի կարգավիճակ ստանձնելը»
04.05.2012 | 00:00

Մեր անկախության հենց սկզբից Հայաստանի հելիոֆիկացիան և հելիոսարքերի արտադրության խնդիրը գտնվում են մեր հասարակության բացառիկ ուշադրության կենտրոնում մի շարք պատճառներով:

Առաջին. անկախ Հայաստանը 1993 թվականին հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ , երբ տաք ջուր ունենալը կամ կերակուր պատրաստելը համարվում էին մարդկային հնարավորության մեծ դրսևորում: Ոչ բոլորն ունեին նման հնարավորություններ: Երևանի և Հայաստանի մյուս բնակավայրերի բնապատկերի անբաժանելի մասն էին լարանցումների խիտ ցանցերը, ամենուր բենզինային էլեկտրագեներատորների աղմուկ էր, մթության մեջ կորած փողոցներ, մութ և ցուրտ բնակարաններ և նման բաներ: Հայաստանաբնակները սեփական մաշկի վրա զգացին, թե ինչ է նշանակում էներգետիկ ճգնաժամ: Այն սովի նման մի ծանր բան է, ինչը թշնամուդ անգամ չես ցանկանա: Հայաստանի հելիոֆիկացիայի գաղափարը հենց այդ ծանր օրերին էլ ծնվեց տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ ուղեղում: «Պետք է կարողանալ լիարժեքորեն օգտվել արևի աստվածատուր էներգիայից, դա Աստծո պարգևն է մեր ժողովրդին, այստեղ է մեր փրկության բանալին»,- համոզված էր գիտնականը: Էներգետիկ ճգնաժամն անխուսափելիորեն մի օր թափվելու է մարդկության գլխին, այն էլ էկոլոգիական ճգնաժամի հետ ձեռք ձեռքի տված: Այդ խնդրի լուծման հարցն օրակարգային դարձավ նաև մեր մեկ այլ, ավելի ծանրակշիռ, հայ գիտնական-ակադեմիկոս Պարիս Հերունու համար: Նա նախագծեց և մինչև կյանքի վերջը փորձում էր իրականացնել արևային էլեկտրակայանների իր «Արև» ծրագիրը: Ավաղ, նա չհասցրեց իրականացնել իր մտահղացումները, և այդ գործի իրականացման պարտականությունը դրեց իր որդու՝ երիտասարդ գիտնական Վահագն Հերունու վրա: Այդ գործում կրտսեր Հերունուն անպայման օգնելու է Վահան Համազասպյանը:

Երկրորդ. անկախ Հայաստանին սպառնում էր խոր տնտեսական ճգնաժամը: Ինչը, ըստ Վահան Համազասպյանի, պարզորոշ երևում էր մեր քաղաքական և տնտեսական գործիչների վարած անպատասխանատու քաղաքականությունից հենց տնտեսության ոլորտում: Սովետական հզոր արդյունաբերական համակարգից պոկված մեր բավականին զարգացած արդյունաբերական երկիր Հայաստանը միանշանակորեն գլորվում էր դեպի խոր տնտեսական ճգնաժամը: Ոչ ոք դա չտեսավ կամ չուզեց տեսնել: Ոչ ոք չփորձեց կասեցնել տնտեսական անկումը, որը շարունակվում է մինչ օրս: Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:

«Իրատես de facto»-ն Հայաստանի հելիոֆիկացիայի խնդրի մանրամասները փորձում է պարզաբանել ծրագրի հեղինակի՝ Վահան Համազասպյանի միջոցով:

-Պարոն Համազասպյան, որքա՞ն եք կարևորում Հայաստանի հելիոֆիկացիայի գաղափարը, և ի՞նչ կտա այն մեր անկախ երկրին ու նրա շարքային քաղաքացիներին: Այն կարո՞ղ է օգնել մեր տնտեսության աշխուժացմանը, կամ ի՞նչ տնտեսական դիվիդենդներ կտա մեր երկրին:

-Հելիոֆիկացիան կօգնի մեզ լուծելու մեր տնտեսական բազմաթիվ խնդիրները և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության, և՛ էներգետիկ ոլորտներում: Ժամանակին ինձ հաջողվեց դրանում համոզել մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում կայացած մեր հանդիպման ժամանակ: Ցավոք, այդ խնդրի կարևորությունը թերագնահատում են մեր միջին ղեկավարությունն ու նախարարական կորպուսը: Մեզ առայժմ չի հաջողվում հաղթահարել այդ արհեստածին, չկամության հիմքի վրա հենված կատաղի դիմադրությունը և օր առաջ սկսել Հայաստանի հելիոֆիկացիայի հույժ կարևոր գործընթացը: Դա մեր գաղափարն է, այն տարածվելու է աշխարհից աշխարհ, և շատ ցավալի կլինի այս ոլորտում մեր լիդերի կարգավիճակը կորցնել և հետապնդողի կարգավիճակ ստանձնել, հետ մնալ սկիզբ առած գործընթացներից, որոնք լայն թափով ծավալվել են ողջ աշխարհում, հատկապես ճապոնական Ֆուկուսիմայից հետո: Մենք շատ բան ունենք կորցնելու:

-Դա Ձեր տեսակետն է, որին մարդիկ կարող են նաև չհավատալ, չվստահել և, շատ կներեք, Ձեր հետևից չգնալ: Ի՞նչ են ասում չեզոք դիրքերից հանդես եկող մասնագետները:

-Զարմանալի, բայց փաստ է, որ ինձ հավատում և վստահում են հատկապես մեր շարքային հայրենակիցները: Իշխանական գործիչները, ի զարմանս ինձ, կամ չեն հասկանում խնդրի էությունը, կամ շատ լավ են հասկանում և կազմակերպված ձևով դիմադրում են Հայաստանի հելիոֆիկացիային՝ օգտագործելով օրենսդիր և գործադիր իշխանական լծակները, նույնիսկ ՀՀ անվտանգության խորհուրդը: Ինչո՞ւ Անվտանգության խորհրդի ինստիտուտով անցնող «ՀՀ էներգետիկ անվտանգության հայեցակարգից» դուրս շպրտվեց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը», որի հիմնական դրույթները, Ռաֆիկ Մխիթարյանի նախաձեռնությամբ, վաղօրոք ներկայացված էին ՀՀԱԽ: Չէ՞ որ հելիոֆիկացիայի հիմնական նպատակներից մեկը երկրի էներգետիկ անվտանգության, առավել ևս, երկրի էներգետիկ կենսունակության բարձրացումն է:

-Տարբերություն կա՞ երկրների էներգետիկ անվտանգության և էներգետիկ կենսունակության միջև:

-Խիստ սահմանումներից եթե ձեռնպահ մնանք, ապա կարող ենք նշել, որ Էներգետիկ անվտանգությունը ենթադրում է արդյունաբերության, գյուղատնտեսության, մարդկանց կենցաղում և այլուր էներգետիկ ռեժիմները պահելու հնարավորությունը բնական, տեխնածին աղետների, էներգետիկ շրջափակումների կամ պատերազմների ժամանակ: Նաև էներգետիկ կենսունակությունը ենթադրում է սանիտարական նորմերի սահմաններում մարդկանց կենսունակության ապահովում: Վերջինս առավել կարևոր է բնակչության կյանքը և առողջությունը պահպանելու նկատառումներով: Օրինակ, բլոկադային Լենինգրադում բնակչության էներգետիկ կենսունակության պայմանները խաթարված էին: Մարդիկ մեռնում էին ոչ միայն սովից, այլև ցրտից: Պետք է նշել, որ այդ ծանր տարիներին Լենինգրադում այրում էին կահույքը, մանրահատակը և այն ամենը, ինչ այրվում էր, բացի գրքերից: Հայաստանի բնակլիմայական պայմանները Լենինգրադի նման խիստ չեն, բայց էներգետիկ բլոկադան զգալի անհարմարություններ ստեղծեց մեզ համար: Իմ ընտանիքում մի քանի ամիս շարունակ երեխաների համար մենք մի բաժակ թեյ անգամ չէինք կարողանում պատրաստել, և մի արևոտ օր, 1993 թվականի մարտի 21-ին, ես ինձ հարց տվեցի. ի՞նչ ինժեներ ես դու, որ նման պարագայում չես կարող երեխաների համար արևով թեյ տաքացնել: Դա իմ հելիոֆիկացիայի ծրագրի համար առիթ հանդիսացավ: Ես լավ հասկացա, որ յուրաքանչյուր հայ ընտանիք, Հայաստանում, թե Ղարաբաղում, պետք է ունենա պահուստային այնպիսի արևային համակարգեր, որոնք պահվեն թեկուզ կոնսերվացված վիճակում և գործի դրվեն 1993 թվականի նման արտակարգ իրավիճակներում: Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի դիմակայելու ամեն տեսակի փորձությունների:

-Բայց մենք շատ շեղվեցինք: Ձեզնից բացի, ո՞վ է հավատում հելիոֆիկացիայի գաղափարին ընդհանրապես:

-Եթե ասեմ բոլորը և ողջ աշխարհում, հավատացեք, որ այդպես է: Մեր արևային պոլիգոն են այցելել գերմանացիներ, իսպանացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք անչափ հետաքրքրված են մեր մոտեցումներով: Շատերի հետ մենք մտադիր ենք համագործակցել: Մեր գաղափարին շատ բարձր գնահատական է տվել հայ ժողովրդին քաջ ծանոթ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը, որի հետ 2011 թվականի հուլիսի 13-ին հանդիպեց իմ մոսկվայաբնակ գործընկեր պրոֆեսոր Նորայր Մուրադյանը: Գորբաչովը այժմ գլխավորում է միջազգային «Կանաչ խաչ» միությունը, կենտրոնը` Ժնևում: Բայց ես առավել կարևոր եմ համարում Ձեր թերթի ընթերցողների ուշադրությունը հրավիրել հայտնի տնտեսագետ, մեր հելիոֆիկացիայի խորհրդի անդամ, ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի խիստ դրական վերաբերմունքին Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի նկատմամբ և առաջարկում եմ հրապարակել ՀՀ նախագահին ուղղված նրա նամակը այդ խնդրի վերաբերյալ: Նամակում, ակադեմիկոսին հատուկ հակիրճությամբ, նա կարևորում է Հայաստանի հելիոֆիկացիայի դերը և նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար ընդհանրապես:

-Ձեր բազմաթիվ հրապարակումներից մենք գիտենք, որ հելիոֆիկացիայի ճանապարհը Դուք Ձեր ասպիրանտների հետ բռնել եք ոչ թե Հայաստանի էներգետիկ խնդիրները լուծելու կամ երկրի էներգետիկ կենսունակությունը բարձրացնելու համար, այլ Ձեր առաջ ինքնակամ խնդիր եք դրել երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից: Որոշ հրապարակումներում հելիոֆիկացիայի ծրագիրը Դուք ներկայացնում եք նաև որպես Հայաստանի տնտեսության հակաճգնաժամային ծրագիր: Մտածում եք Հայաստանում կազմակերպել հելիոսարքաշինական նոր ոլորտը, ստեղծել բազում աշխատատեղեր, հատկապես աղետի գոտում: Ընդունենք, որ Դուք ճիշտ խնդիր եք դրել և ազգօգուտ գործ եք կատարում, բայց ի՞նչ կապ ունի Ձեր հելիոֆիկացիայի ծրագիրը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հետ: Գիտեմ, որ բոլորովին վերջերս Դուք հանդիպել եք մեր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Եթե գաղտնիք չէ, ի՞նչ հարց էիք քննարկում:

-Հելիոֆիկացիայի մեր ծրագրի կարևորագույն մասը հելիոտեխնիկայի լայն կիրառումն է գյուղատնտեսության տարբեր ոլորտներում. սածիլների և թունաքիմիկատների ակտիվացում, պարարտանյութերի լուսային մշակում, սերմացուների և բերքի օպտիկական ֆումիգացիա և այլն: Բայց առավել կարևորը գյուղմթերքների վերամշակումն է: Ֆերմերական տնտեսությունների համար շատ կարևոր է, որ արևային բարձր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր լինի կազմակերպել առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն: Հիշեցնեմ, որ միջազգային շուկայում էկոլոգիապես մաքուր սննդի գները սովորականից բարձր են 3-5 անգամ: Այս հարցերը ես պարբերաբար քննարկել եմ մեր նախկին գյուղնախարարներ Դավիթ Զադոյանի, Դավիթ Լոքյանի, Վլադիմիր Մովսիսյանի և այլոց հետ: Ավելին, ես հանդիպումներ եմ ունեցել նաև Արարատի, Արմավիրի և Լոռվա մարզպետների հետ: Նպատակը մեկն է` համագործակցության ուղիներ գտնել մեր մշակած հելիոտեխնոլոգիաները գյուղատնտեսության տարբեր ոլորտներում օգտագործելու համար: Դա մեր արտադրած հելիոսարքավորումների առավել նպատակային օգտագործման համար կարևոր է: Մենք գյուղմթերքների վերամշակման համար ստեղծել ենք արևային տեխնոլոգիաներ, որոնցից մի քանիսը պատրաստ ենք օգտագործելու մասսայական արտադրության մեջ: Օրինակ, մեր ստեղծած «Արևային քաղցրավենիքը» լայն սպառման շուկա ունի եվրոպական երկրներում, սմբուկի վերամշակման արևային տեխնոլոգիան թույլ կտա գերազանցել մեր մրցակիցներին արտաքին շուկայում և վերամշակման համար ներկրել նաև իրանական գյուղմթերքները: Կան բազմաթիվ ռեալ և էկզոտիկ տեխնոլոգիաներ, որոնք աշխարհը ո՛չ տեսել և ո՛չ էլ լսել է:

-Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Սերգո Կարապետյանը նշեց, որ մեր վերամշակող արդյունաբերության թույլ կողմերից մեկն այն է, որ մեր տեխնոլոգիաներով հետ ենք մնում արտասահմանից, ինչի պատճառով սահմանափակվում են մեր հնարավորությունները դուրս գալու միջազգային շուկա և հանդես գալու արևմտյան բարձր գներով:

-Պարոն Կարապետյանն իրավացի է, բայց խնդիրը մի փոքր պարզաբանման կարիք ունի: Հայկական վերամշակող ձեռնարկություններում կիրառվող տեխնիկան և տեխնոլոգիաները բերված են արտասահմանից դեռևս խորհրդային տարիներին: Հայաստանում չկա վերամշակող ձեռնարկությունների համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների և տեխնոլոգիաների սեփական արտադրություն, և նախկինի նման դրանք ներկրվում են. հիմնականում հին մոդելների, օգտագործված և բարոյապես մաշված, տեխնիկա: Արտասահմանյան վերամշակող ձեռնարկությունները մշտապես կիրառում են իրենց արտադրության վերազինման և տեխնոլոգիաների արդիականացման քաղաքականություն, մշակում են նորագույն և հատուկ տեխնոլոգիաներ միայն իրենց ֆիրմաների համար: Միջազգային շուկաներում մրցակցել նման ֆիրմաների հետ անհնար է: Այստեղ մեր գյուղնախարարը բացարձակ ճիշտ է գնահատում իրավիճակը:

-Իսկ ի՞նչն է խանգարում մեր վերամշակող ձեռնարկություններին ձեռք բերել լավագույն արտասահմանյան տեխնիկա և տեխնոլոգիաներ: Այդ դեպքում մենք կարող ենք մրցակցային առավելություն ստանալ` հաշվի առնելով մեր մրգերի և բանջարեղենի առանձնահատուկ համը և բարձր որակը:

-Եթե մեր ձեռնարկությունների ֆինանսական հնարավորությունները թույլ տային, մենք այդպես էլ կվարվեինք: Մեր վերամշակող ձեռնարկությունները հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Ստեղծում կամ հարմարեցնում են տեխնիկական միջոցները ով ինչպես կարող է: Ես վերջերս եմ եղել Արմավիրի պահածոների գործարանի մի արտադրամասում, որտեղ սմբուկի պահածո են պատրաստում: Նման արտադրամաս ոչ մեկի չի կարելի ցուցադրել, այն էլ` հեռուստատեսությամբ: Իմ տեսած արտադրատեսակը կարող են սպառել միայն սփյուռքահայերը, այն էլ ցածր գներով: Դրանք հեռու են միջազգային չափանիշներից: Պետք է նկատի ունենալ, որ վերամշակող ձեռնարկությունները նոր տեխնիկա և տեխնոլոգիաներ պատվիրելուց առաջ ստեղծում են սննդատեսակների նոր, ավելի բարձր, որակական պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Նպատակը հետևյալն է` իրենց շուկայում աշխատող այլ ձեռնարկությունները դուրս թողնել մրցակցային դաշտից: Դրա համար կա երկու փորձված եղանակ: Նախ, տեխնոլոգիական նորարարություններով կազմակերպվում է առավել բարձրակարգ և թանկարժեք սննդի արտադրություն, ապա իրենց հին տեխնիկան և տեխնոլոգիաները վաճառվում կամ օգնության քողի տակ տրամադրվում են մրցակից ֆիրմաներին` նրանց պարտադրելով մշտապես արտադրելու որակական ավելի ցածր մակարդակի վրա գտնվող սննդատեսակներ և հեռու մնալ իրենց կողմից վերահսկվող «յուղոտ» էլիտար շուկաներից: Այլապես բիզնեսի առումով վերամշակող ձեռնարկությունների համար անիմաստ կլիներ մեծ ծախսեր կատարելու գնով ստեղծել և կիրառել նորագույն տեխնոլոգիաներ:

-Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի գնել արտասահմանյան հին տեխնիկա և տեխնոլոգիաներ: Ձեր կարծիքով` ո՞րն է ելքը:

-Գնելով արտասահմանյան, թեկուզ և հին տեխնիկա և տեխնոլոգիաներ, մեր որոշ ձեռնարկություններ մրցակցային առավելություն են ստանում մյուսների նկատմամբ ներքին շուկայում և նույնիսկ կարող են աշխատել դրսի շուկայի էժանագին հատվածում: Մենք առաջարկում ենք մի շատ լավ էտյուդային տարբերակ վերամշակող ձեռնարկությունների համար: Խոսքը սննդի արտադրության մեջ բարձր հելիոտեխնոլոգիաների կիրառման մասին է: Մենք ունենք փորձով հաստատված տվյալներ, որոնք խոսում են արևային տեխնոլոգիաների բացարձակ մրցակցային առավելությունների մասին: Ես առաջարկեցի պարոն Սերգո Կարապետյանին կատարել համարժեք քայլեր այդ ուղղությամբ: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կստացվի, նա արտադրության մարդ է:

-Ես էլ եմ լավատես և համոզված եմ, որ ամեն ինչ կստացվի Ձեր նախասիրած հելիոտեխնիկայի և հելիոֆիկացման բնագավառում: Ինչի՞ց կամ ումի՞ց եք դժգոհ, որ բոլորովին վերջերս հանդես եկաք աղմկահարույց մամուլի ասուլիսով` մեղադրելով գործադիր և օրենսդիր մարմիններին և նույնիսկ ՀՀ անվտանգության խորհրդին, թերևս, խնայելով միայն ՀՀ նախագահին:

-Նախագահների նկատմամբ իմ վերաբերմունքը կողմնակալ չէ: Մեր երեք նախագահներն էլ հաջողություններ ունեցել են իրենց գործունեության ընթացքում, և արդյունքում մենք ունենք լավ դիրքեր արտաքին հարաբերություններում: Իշխանական մյուս թևերի նկատմամբ ես պահպանում եմ իմ դժգոհ կեցվածքը` իրենց դժգույն աշխատանքի համար: Դատեք ինքներդ: ՈՒնենալով հսկայական գիտական և տեխնիկական պոտենցիալ, մենք այսօր կարող էինք լուրջ հաջողությունների հասնել և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության, և՛ էներգետիկ, և՛ անվտանգության ոլորտներում միայն հելիոֆիկացիայի ուղղությամբ աշխատանքներ ծավալելով: Ի՞նչ է ստացվում: Մեր կարևոր մտքերը իշխանական մարմիններին հասցնելու համար ես փորձում եմ օգտագործել մեր լրատվության միջոցները` հույս ունենալով, որ մի օր նրանք կկարդան մեր նյութերը և համապատասխան քայլերով կնպաստեն մեր գործին: Միևնույն է, ոչինչ չի ստացվում: Մեր պաշտոնյաները կամ թերթ չեն կարդում, կամ կարդում և տազ արած ինչ-որ բաների են սպասում: Ի զարմանս ինձ, մեր հոդվածներին` մի քանի օր ուշացումով, արձագանքում են... արտասահմանից: Ես համագործակցելու, մեր գործը այլ երկրներ տեղափոխելու բազմաթիվ առաջարկություններ արդեն ունեմ: Հայկական իրականության մեջ կարծրացած իրավիճակն ինձ հուշում է, որ ժամանակն է այդ մասին մտածելու:

-Ապրիլի 13-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպել էր «ԴՎՀ տիպի հելիոտեխնիկական սարքերի նախագծում և հոսքագծային արտադրության կազմակերպում՝ Հարավի երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի համար» Ձեր խիստ հավակնոտ ծրագրի շնորհանդեսը: Ես ներկա էի այդ միջոցառմանը: Դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Հետաքրքրությունն այդ աշխատանքների նկատմամբ, անշուշտ, շատ մեծ է: Բայց ո՞րն է տարբեր դեսպանատներում Ձեր աշխատանքները քննարկելու բուն նպատակը:

-Ի սկզբանե հելիոֆիկացիայի և հելիոտեխնիկական արդյունաբերության զարգացման մեր տարբերակը նախատեսվել էր իրագործել Հայաստանում, որպես մեր տնտեսության համար մի հզոր հակաճգնաժամային ծրագիր, որը կարող էր շատ հարցեր լուծել Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության և կիրառական գիտության բնագավառներում: Ցավոք, մեր երկիրն այսօր դեռևս պատրաստ չէ զբաղվելու նման հարցերով: Առավել իրատեսական է աշխատանքների հետագա զարգացումն այլ երկրներում ապահովել` բացառելով համագործակցությունը մեր երկու անհաշտ հարևանների հետ: Հայաստանում մենք այսօր չունենք այն նպաստավոր պայմանները և անհրաժեշտ պետական մոտեցումը, որոնք մեզ թույլ կտային զարգացնել հելիոտեխնիկական արդյունաբերության հեռանկարային ճյուղը միայն մեր երկրում: Այս բնագավառում հաջողությունների հասնելու համար, առաջին հերթին, պետք է դիմակայել այն ահեղ մրցակցությանը, որը մոտ ապագայում տիրելու է արևային տեխնիկայի համաշխարհային շուկայում: Փաստենք, որ համաշխարհային առևտրային պատերազմն այսօրվա մեր կյանքի իրողություններից է: Մտնել և հաղթանակած դուրս գալ այդ պատերազմից առանց տնտեսապես հզոր դաշնակիցների և այն էլ էներգետիկայի նոր և խիստ հեռանկարային ճյուղում, պարապ գործ է: Համագործակցելով Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, մենք միայն կավելացնենք մեր շանսերը հաջողության հասնելու համար: Ասեմ, որ այս ամռանը մենք անցկացնելու ենք մեր աշխատանքների տեխնիկական շնորհանդեսը, որում կցուցադրվեն նոր մոդելի արևային համակարգեր: Ի թիվս այլ հրավիրվածների, կլինեն նաև Հայաստանում գործող դեսպանատների ներկայացուցիչներ:

-Մեզ համար բավական չէ մարդկանց արտահոսքը, հիմա էլ պետք է մտածենք գաղափարների արտահոսքի մասին: Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ մեր իշխանությունները իրենց կարևորագույն խնդիրն են համարում նոր աշխատատեղերի ստեղծումը: Չմոռանանք, որ մայիսի 6-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները, և հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի դեպի լավը:

-Հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի դեպի լավը: Հնարավոր է նաև ճիշտ հակառակը, որ ամեն ինչ փոխվի դեպի վատը: Մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Լսելով մեր կուսակցական լիդերների և պատգամավորության թեկնածուների կրակոտ ճառերը, հասկանում ես, որ այս մարդիկ փոխվելու ոչ մի մտադրություն չունեն: Ամեն ինչ արվելու է այնպես, ինչպես դա արվում էր 20 տարի շարունակ:

-Եթե Դուք դժգոհ եք իշխանություններից և իշխող կուսակցություններից, ապա կարող եք հավատալ ընդդիմադիր կուսակցություններին, նրանց անկեղծությանը, օրինակ, ՀԱԿ-ին:

-Որի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի միջի այլոց, ունի մի գերագույն երազանք. «իշխանությունը վերցնել և տալ ժողովրդին»: Եվ նման դեմագոգիկ գաղափարներ տարբեր կուսակցությունների լիդերների շուրթերից շատ ենք լսում: Օրինակ, առաջարկվում է ստեղծել նոր աշխատատեղեր՝ իրենց բարձր աշխատավարձերով, բարձրացնել թոշակները, կազմակերպել անվճար բուժօգնություն և ծննդաբերություն և, միաժամանակ, սրբորեն պահպանել օլիգարխների սեփականատիրական իրավունքները: Ե՛վ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները կենդանի մնան: Դա աբսուրդ է: Բարեգործություններով և բարի ցանկություններով երկիր չես պահի, հզոր տնտեսություն չես կարող ստեղծել: Իսկ մենք դատապարտված ենք հզոր տնտեսություն, հզոր երկիր ունենալու, որպեսզի «դիմակայենք լուրջ փորձություններին ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: Անվիճելի փաստ է, որ մեր բոլոր կուսակցություններն էլ քաջ գիտակցում են մեր երկրում տիրող ծանր տնտեսական վիճակը, հասկանում են, որ մի բան պետք է արվի, պետք է հավատանք, որ կարող ենք ազդել իրավիճակի վրա։

-Ինչպես տեսնում եմ` Դուք քաջատեղյակ եք ընտրարշավի ելած կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Ձեր կարծիքով` որքա՞ն են դրանք իրատեսական:

-Իմ կարծիքով` դրանք կուշտ մարդկանց կողմից գրված կամ, ավելի շուտ, թարգմանաբար ներկայացված ծրագրեր են, որոնց բուն նպատակը, միլիոնավոր աղքատների ականջները շոյելով, նրանց ընտրատեղամասեր տանելն է: Քամին մի անգամ դիմեց մարագին. դուռդ բաց արա, ես քեզ համար դարման եմ բերել: Իմաստուն մարագն ասաց. իմ դարմանը մի տար, քո դարմանը քեզ մնա: Իսկ ի՞նչ արեց մեր իմաստուն ժողովուրդը: Եղած-չեղածը տվեց մի խումբ ավանտյուրիստների ձեռքը, հիմա էլ փախչում է ինքն իրենից: Մինչև ե՞րբ: Ես չեմ կիսում նախընտրական քարոզարշավի ելած մեր քաղաքական գործիչների ոգևորությունը և լավատեսության պատրանքը: Դրությունը ծանր է, բայց ոչ անհուսալի: Մեր ցավին դարման անելու համար պետք է երկրաստեղծ աշխատանքների մեջ ակտիվացնել Հայաստանի և սփյուռքի բազմահազար գիտնականների, ինժեներների, բանվորների և գործարարների մասնակցությունը՝ առանց ոտնահարելու նրանց մարդկային արժանապատվությունը և բիզնես շահերը: Ափսոս է, որ մեր կարող ուժերը՝ պանդխտի կարգավիճակով, բանում են օտար երկրներում, երբ նրանց կարիքը շատ կա մեր սիրած հայրենիքում:

-ՈՒզում եմ հասկանալ, այնուամենայնիվ, Դուք գո՞հ, թե՞ դժգոհ եք մեր իշխանություններից կամ քաղաքական էլիտայից: Ինչպիսի՞ իշխանությունները Ձեզ կբավարարեին:

-Ես խիստ դժգոհ եմ մեր իշխանությունների ցույց տված արդյունքներից: Եթե երկրի ղեկը վերցրել ես քո ձեռքը կամ ձգտում ես իշխանության, ապա բարի եղիր մտածել նաև Հայաստան պետության այսօրվա և ապագայի մասին: Ի՞նչ ստացվեց: Դարերով հայերը ձգտել են անկախության, ստացել են այդ աստվածային պարգևը և, փոխանակ ապրեն իրենց վերածնունդը, փախչում են այս դրախտային երկրից, ուր աչքները կտրի: Լավ իշխանությունը, ըստ իս, այն է, որը կարողանում է արդյունավետորեն օգտագործել իր ժողովրդի մտավոր ներուժը: Լավագույն իշխանությունն այն է, որն ԱՄՆ-ի նման կարողանում է հզորացնել սեփական երկիրը՝ օգտագործելով ուրիշ ազգերի մտավոր ներուժը: Իշխանությունը, որը չի կարողանում օգտագործել իր ժողովրդի մտավոր ներուժը, վաղ, թե ուշ դուրս է մղվելու իր գրաված դիրքերից որպես անպետք և ազգակործան տարր:

Ամեն դեպքում ես լավատես եմ և հույս ունեմ մի օր տեսնելու հելիոֆիկացված և ծաղկուն Հայաստան և Ղարաբաղ:

Աստված մեզ օգնական։

-Շնորհակալություն զրույցի համար: Ցանկանում եմ հաջողություններ Ձեր գործերին:

Զրույցը վարեց

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ