«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՍՈՎՈՐ Է ՎԱՃԱՌԵԼՈՒ ԻՐ ՀՈԳԻՆ, ՄԻ ՏԵՂՈՒՄ ԵՐԿԱՐ ՉԻ ԴԻՄԱՆԱ»

«ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՍՈՎՈՐ Է ՎԱՃԱՌԵԼՈՒ ԻՐ ՀՈԳԻՆ, ՄԻ ՏԵՂՈՒՄ ԵՐԿԱՐ ՉԻ ԴԻՄԱՆԱ»
25.02.2011 | 00:00

«Ինչպիսի՞ն է եղել անցած 2010-ը ՀՀ ոստիկանության համար» հարցով էլ սկսեցինք զրույցը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, զուգահեռ էլ փորձեցինք հասկանալ, թե ինչպիսին է ոստիկանության պետը որպես մարդ:
-2010-ի հիմնական ձեռքբերումը համարում եմ հասարակական կարգի պատշաճ պահպանումը հանրապետությունում,- նշեց պարոն Սարգսյանը։- Օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. առանձնակի հասարակական հնչողության դեպքեր չեն գրանցվել: Տարեվերջին հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մոտ 80-85 տոկոս էր։ Սրա հետ մեկտեղ չեմ ժխտի, որ նկատվում է նաև հանցագործությունների թվի աճ, որը պայմանավորված է հաշվառման ձևի փոփոխությամբ։ Մյուս կողմից, հանցագործության դեպքերի աճ է գրանցվել ողջ աշխարհում, և, ինչպես փաստում են վերլուծությունները, դրա հիմքում սոցիալական գործոնն է։ Այս դեպքում կարևոր է, որ հանցագործությունների դեմ պայքարում իրականացվեն կանխարգելիչ աշխատանքներ։ Սակայն համոզված եմ, որ այդ աշխատանքների ապահովումը միայն ոստիկանության խնդիրը չէ։
-Ո՞Ւմ խնդիրն է նաև։
-Աշխարհի փորձը վկայում է, որ կանխարգելիչ աշխատանքներում ներգրավված են սոցիոլոգներ, հոգեբաններ, տեղամասային տեսուչներ և այլն։ Մի խոսքով, այդ ուղղությամբ աշխատում են տարբեր ինստիտուտներ, որոնք նպաստում են հանցավորության դեպքերի կանխարգելմանը։ Պետք է հիշեցնեմ, որ նույն այս կառույցները գործում էին նաև խորհրդային տարիներին, և այդ համագործակցությունը ոստիկանության հետ շատ դրական արդյունք էր տալիս, ինչը բնական է, քանի որ հանցավորությունը կանխելու ամենաճիշտ ձևը մտածողության փոփոխությունն է։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ցավոք, այդ բոլոր կառույցները նույնպես փլուզվեցին։ Այժմ այդ ուղղությամբ կրկին աշխատանքներ են իրականացվում, ԵԱՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն` համայնքներում վերականգնելու սոցիալական, տեղամասային տեսուչների աշխատանքները։ Մեր նպատակն է տեղերում ակտիվացնել կանխարգելիչ գործունեությունը։ Ընդհանրապես, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, կարծում եմ, ավելի մեծ աշխատանք է կատարվել, քան կանխարգելման։ Չեմ թաքցնում, դա մեր բացթողումն է, բայց, ավելորդ չեմ համարում կրկնել, որ կանխարգելումը սոսկ ոստիկանության գործը չէ, այլ, ինչպես վերևում նշեցի, դրա ուղղությամբ համալիր աշխատանք պետք է իրականացվի։ Երբ վերը նշված կառույցները մեզանում սկսեն գործել, այդ դեպքում մենք պատասխան պետք է տանք ոչ միայն բացահայտումների, այլև կանխարգելիչ աշխատանքների համար։
-«Մենք» ասելով նկատի ունեք ոստիկանությո՞ւնը։
-Ոչ միայն, նկատի ունեմ նաև նոր կառույցները, ինչպես նաև հասարակությանը։
-Նույն հասարակությունը հաճախ հարց է տալիս` ինչո՞ւ որոշ գործեր տասնյակ տարիներ այդպես էլ չեն բացահայտվում։
-Առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ դա ազգային երևույթ չէ։ Ինչպես հանցագործությունները, այնպես էլ չբացահայտված գործերը բնորոշ են բոլոր երկրներին` լինեն դրանք զարգացած, թե զարգացման փուլում գտնվող։ Այնպես որ, դա համամարդկային երևույթ է, ինչպես նաև այդ երևույթի նկատմամբ հասարակության մոտեցումը։ Ասածս չի նշանակում, որ այդ ուղղությամբ մենք անելիքներ չունենք։ Քաղաքացիների անվտանգության ապահովման առումով ոստիկանությունը մշտապես լայնածավալ աշխատանք պետք է իրականացնի։ Այդ առումով կարևորում եմ 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագիրը, որը ներառում է բարեփոխման ենթակա 11 ուղղություն՝ ծավալուն գործողությունների մի մեծ փաթեթ, որից մեկ-երկու օրինակ նշեմ։ Առաջինը անձնագրերի և վիզաների վարչության գործառույթների հստակեցումն էր, որով կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցվեցին։ Այս ոլորտում վերացված են միջնորդված գործարքները, վճարումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։ Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանությանը, որի աշխատանքը հաճախ է քննադատվում, ապա այս ոլորտում ևս բազմաթիվ փոփոխություններ ու խստացումներ են իրականացվել։ Քանի որ ճանապարհային ոստիկանի աշխատանքը հասարակության համար առավել ակներև է, ապա կատարված փոփոխությունների արդյունքների գնահատումը թողնում եմ նրա դատին։ Միայն նշեմ, որ բարեփոխումների շրջանակներում մայրաքաղաքն ամբողջապես տեսախցիկներով ապահովելուց հետո ավտոտեսուչի աշխատանքը, կարելի է ասել, կվերածվի պարեկային ծառայության։ Տեսախցիկների միջոցով ֆիքսված և չվճարված տուգանքների վերաբերյալ հայցերը կներկայացվեն դատարան:
-Տեսախցիկներն ամբողջ հանրապետությունո՞ւմ կտեղադրվեն։
-Մինչև տարեվերջ դրանք կտեղադրվեն Երևանում, հանրապետության մասշտաբով՝ մայրուղիներում, խոշոր քաղաքների խաչմերուկներում։ Համակարգը կկառավարվի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։ Այդ դեպքում շատ բան կփոխվի, կկրճատվի նաև տեսուչների թվաքանակը, խնայված գումարներն էլ կնպատակաուղղվեն ոստիկանության այլ օղակի զարգացմանը։ Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում եմ ոչ այնքան դրա բացահայտումն ու պատիժը, այլ կանխումը։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում։
-Ճանապարհային ոստիկանության աշխատանքներում որոշակի դրական տեղաշարժ, իրոք, նկատվում է, սակայն, բացի Ձեր նշած կոռուպցիոն ռիսկերից, հասարակությունն այլ մտահոգություն ևս ունի. շատ հաճախ իշխանավորների երեխաները, խնամի-բարեկամները հանցանք գործելու դեպքում չեն պատժվում, ինչն անվստահության մթնոլորտ է ստեղծում։ Մարդն ուզում է տեսնել, որ օրենքի առջև բոլորը հավասար են։
-Այն կարծիքը, թե օրենքը չի գործում իշխանավորների համար, հասարակության մեջ ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում։ Շատ դժվար է արդեն ձևավորված մտածողությունը մի քանի տարում փոխել։ Չեմ բացառում, դրանում մեղավորության մասնաբաժին ունենք նաև մենք` բոլոր ժամանակների պաշտոնյաներս։ Սակայն գիտակցում ենք, թե նշված խնդիրն ինչպես է հարվածում երկրի վարկանիշին, և դրա դեմ լուրջ պայքար ենք ծավալել։ Փաստ է, որ մեր երկրի նախագահը նման դեպքերում որևէ մեկին չի էլ փորձում անհարկի արդարացնել։ Օրենքի նկատմամբ ցինիզմը պատժվում է օրենքի ողջ խստությամբ։ Դրա հերթական հավաստումն է իշխանավորների և օլիգարխների թիկնազորի պահվածքին վերաբերող անդրադարձը։
-Այնուամենայնիվ, թիկնապահների սանձարձակ պահվածքն իրողություն է, և կուզենայի, որ այդ երևույթի պատճառը գնահատեիք ոչ միայն որպես ոստիկանապետ, այլև որպես մարդ։
-Այդ երևույթը 3-4 տարվա ծնունդ չէ` բոլոր ժամանակներում էլ եղել է։ Նորանկախ Հայաստանում նշված երևույթը ցայտուն է, որովհետև դրա մասին ազատ խոսելու իրավունք տրվեց։ Չի բացառվում, որ այն գալիս է նախնադարյան համայնական հասարակարգից։ Երևի թե այդ մոտեցումը ժառանգել են առաջնորդներից, որոնք իրենց արտոնյալ վիճակում էին զգում որսի միսը բաժանելիս։
-Այսինքն, նախնադարում եվրոպացին մամոնտի բուդն ավելի քաղաքակիրթ ձևո՞վ է կտրել, որ Եվրոպայում օրենքի առջև բոլորը հավասար են։
-Նախնադարում եվրոպացի առաջնորդը նույն ձևով է կտրել միսը, ուղղակի հետագայում նա սուր դանակ է կիրառել, իսկ խորհրդային երկրներում հին ձևը երկար ժամանակ պահպանվել է... Արդյոք մենք ինքներս մեզ համար չե՞նք բարդացնում կյանքը` անընդհատ ընդգծելով պաշտոնը։ Իհարկե, բարդացնում ենք։
-Հիմա ի՞նչ անենք, որ մեզ մոտ էլ օրենքը գերակայի։
-Պայքարենք բոլորս միասին` դուք` լրագրողներդ, մենք` ոստիկաններս, ողջ բնակչությունը: Մեր ժողովուրդն արարող, ստեղծարար ժողովուրդ է, երկիրն ունի նորմալ իշխանություն, քաղաքական ղեկավարություն, որը հենց երկրի բարօրության համար է մտահոգված, ուղղակի պետք է չխանգարել։ Միասին է պետք արարել:
-Նույն ղեկավարությունը չէ՞, որ պետք է կոշտ քաղաքականություն իրականացնի` կանխելու համար պաշտոնյաների, մեծահարուստների «ներդրած» ամենաթողությունը։
-Սոցիալական դաշտում անհրաժեշտ է ընտրել այնպիսի գործելաոճ, որը երկիրը չտանի քաղաքական ցնցումների: Մեր երկրի մեծարգո նախագահը շատ սահուն, իր դրական նպատակներն իրագործում է հանուն երկրի զարգացման։ Դեռևս 6 տարի առաջ եմ ես խոսել թիկնազորի պահվածքի խնդրի լուծման անհրաժեշտության մասին, ի վերջո, դրա լուծումը գտնվեց, այժմ փոփոխություններ ենք կատարել «Թիկնազորի մասին» օրենքում, որը կներկայացվի ԱԺ։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահն ամեն ինչից շատ լավ տեղյակ է, ամեն բան իր հսկողության տակ է, և ամեն խնդրի լուծում իր ժամանակն ունի։ Համոզված եմ, որ վաղը-մյուս օրը Ձեր նշած բոլոր խնդիրները ևս աստիճանաբար իրենց լուծումները կստանան։
-Պարոն Սարգսյան, Դուք քննադատությանը, երևի թե, կողմնակից եք, քանի որ չեմ նկատել, որ Ձեր հասցեին հնչած քննադատությանը կտրուկ արձագանքեք։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Առողջ քննադատությունն օգտակար է, և եթե անգամ պահի մեջ դրան ընդդիմանում ես, և փորձ է արվում այն ժխտել կոպիտ մեթոդներով, սխալ է, փոխարենը կատարվածը վերլուծել է պետք։ Ինձ համար անընդունելի է անձի, ընտանիքի վերաբերյալ քննադատություն կոչվածը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերյուրանք: Չեմ կարծում, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում է։ Մարդը, որը սովոր է վաճառելու իր հոգին, մի տեղում երկար չի դիմանա։ Այսօր այս երգն է երգելու, վաղը` մեկ այլ։
-Ընդհանրապես, քեն պահո՞ւմ եք։
-Ո՛չ։ Կամ, գիտե՞ք ինչ, ավելի ճիշտ է այդ մասին հարցնեք իմ ընկերներին կամ նրանց, ում հետ երբևիցե խնդիր է եղել։ «Միսը» կարող եմ ցավեցնել, բայց «ոսկորը»` ոչ։ Կյանք է, ամեն բան հնարավոր է։ Հայր ու տղայի միջև էլ վիճաբանություն է լինում, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում, սակայն այդ ամենը կարելի է շտկել, հակառակ դեպքում ինչի՞ համար է ինտելեկտը, ինչո՞վ է մարդը կենդանուց տարբերվում։ Պետք է խոսել, հասկանալ և առաջ գնալ, իսկ թշնամություն անելը, ոխ պահելը և այն սերունդներին փոխանցելը, կարծում եմ, չկայացված մարդու վարքագիծ են։
-Երբ Դուք Արարատի մարզպետն էիք, շատ կենսուրախ մարդ էիք։ Ոստիկանապետ դառնալուց հետո ինչ-որ բան փոխվե՞լ է Ձեր բնավորության մեջ։
-Մի քիչ փոխվել է, կամ ավելի անկեղծ կլինի ասել, որ փորձում եմ ցույց տալ, թե այդքան էլ կատակասեր, մարդամոտ չեմ, որովհետև, ցավոք, կենսուրախությունը հասարակությունը ճիշտ չի ընկալում, ինչպես նաև պետական շատ այրեր։ Անեկդոտ պատմելը, երգելը, բանաստեղծություն կարդալը, որոնք կյանքում անհրաժեշտություն են և մարդուն շատ բնորոշ, Հայաստանում քննադատության առիթ են դառնում, երբ դա անում է պետական պաշտոնյան։
-Ինչո՞ւ։
-Չգիտեմ, համենայն դեպս, նորմալ երևույթը քննադատության առարկա է դառնում։ Կարծում եմ, սա առողջ մտածելակերպ չէ։ Օրինակ, Իտալիայի ներքին գործերի նախարար պարոն Մարոնին իր երաժշտական խումբն ունի, աշխատանքից հետո երաժշտությամբ է զբաղվում, և ոչ մի իտալացու մտքով չի անցնում ասել, թե նախարարը «մուզիկանտ» է։ Մերոնց պատկերացման մեջ երաժիշտն ուրիշ մարդ է, պաշտոնյան` ուրիշ։
-Կարծում եմ` Ձեզ համար մի փոքր դժվար պետք է լինի կենսուրախ մարդու կերպարը կոծկելը։
-Այժմ արդեն դժվար չէ։ Ե՛վ մարզպետ եղած ժամանակ, և՛ այս պաշտոնում շփման օբյեկտը մարդն է։ Գիտեմ ճանաչել մարդկանց` լավ և վատ, ավերիչ և շենացնող մարդու տեսակները տարբերակում եմ։ Երկու ծայրահեղ կերպարների հետ կարող եմ հեշտությամբ շփվել և ընկալելի լինել, սակայն իրականում իմ իսկական դեմքը երբեք չեմ թաքցնում։ Իսկ ընդհանրապես ծայրահեղություններ չեմ սիրում, դա շատ վտանգավոր է։ Ի դեպ, միջակությունն էլ չեմ սիրում։ Մարդը պետք է միջակության և ծայրահեղության այն կետում լինի, որը դրական է գնահատվում։ Ծայրահեղությունը խանգարում է, իսկ միջակությունն իր նվնվոցով` զզվեցնում։ Երկուսն էլ նորմալ երևույթ չեն և սրանից ելնելով, կարծում եմ, մարդիկ հետևություն պետք է անեն։
-Ձեր ընտանիքում նո՞ւյնպես ոչինչ չի փոխվել ոստիկանապետ դառնալուց հետո։
-Ոչինչ։ Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը։ Երեխաներիս վարքագիծը մնացել է նույնը։ Ինչպես այն ժամանակ, երբ ես ներքին գործերի քրեական վարչության օպերատիվ աշխատակից էի, այնպես էլ հիմա է։ Նրանք միշտ էլ հպարտացել են ինձնով և մշտապես բարձր են պահում իմ անունն ու պատիվը:
-ՈՒզում էի իմանալ՝ ընտանիքում Ձեր բնավորությունը չի՞ փոխվել։
-Մի քիչ նյարդային, մի փոքր ավելի կոպիտ եմ դարձել, քչախոս, ուրախությունս է կրճատվել, որոշ բաներ «ոսկրացել» են։ Տրամադրությունս տուն եմ «տանում», դա զգացի, երբ կինս սկսեց շատ ճիշտ կռահել, թե օրս ինչպիսին է եղել։
-Հայաստանի անկախությունից հետո տարբեր տեսակետներ են հնչում, որոնց մեջ քիչ չեն դժգոհության տարրերը, ո՞րն է դրա պատճառը։
-Այժմ ունենք ազատ, անկախ Հայաստան, որը պետք է պաշտպանել։ Եթե նկատել եք` մարդիկ միմյանց հանդեպ թշնամաբար են տրամադրված, ուրախանում են, երբ հարևանը փորձանքի մեջ է ընկնում, երբ պաշտոնյային գործից հեռացնում են, թեև այդ պաշտոնյան իրենց հետ որևէ կապ չունի։ Այս ձևով առաջ շարժվել հնարավոր չէ։ Պետք է ուրախանալ ուրիշի հաջողությամբ և տխրել նրա անհաջողությունից։ Դժվարությունները, ինչ խոսք, շատ են։ Ես իրականությունից և մարդկանցից կտրված չեմ, Արտաշատ գնալիս գյուղերով եմ անցնում, որտեղ հավաքված մարդկանց եմ տեսնում, իջնում, մոտենում եմ, լսում նրանց. մեկը լավ է ասում, մյուսը` վատ, սակայն նկատում եմ, որ զրույցի ժամանակ մարդկանց միջից դուրս են գալիս անհանդուրժողականությունը, թշնամանքը։ Կարծում եմ` հարկավոր է պետական պաշտոնյա-ժողովուրդ անջրպետը վերացնել։ Եվ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն տեսանելի են։ Նույն թիկնազորի պահվածքի հետ կապված խնդրի լուծումը: Սա մեր երկիրն է, ես այստեղ եմ ծնվել, այստեղ էլ կմեռնեմ։ Վաղը-մյուս օրը չեք լսի, որ ասեն, թե Ալիկ Սարգսյանն Իտալիայում կամ Փարիզում է ապրում։
-Ցավոք, ճիշտ եք, մեր ազգը գենետիկ նախանձ ունի, երկրի ղեկավարությունն էլ բացառություն չէ։ Արդյոք մենք բոլորս իրար նման չե՞նք և այդ «հիվանդությունից» միասին չպիտի՞ բուժվենք։
-Ժողովուրդ ասվածն ինձ համար ամբողջական գաղափար է, ինչը նշանակում է, որ խոսքը և՛ ղեկավարության, և՛ շարքային քաղաքացու մասին է։ Ինչպես ասում են` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր թագավորին, և հակառակը։ Չի կարող երկրի ղեկավարը շատ վատը լինել, իսկ ժողովուրդը` լավը, կամ էլ հակառակը։ Բոլորս իրար նման ենք։ Ես արժանի եմ իմ անձնակազմին, գուցե մեկից մի բանով լավը լինեմ, մյուսից, ասենք, տեղամասային տեսուչից, շատ վատը։ Ասածս այն է, որ չի կարելի մեկին շատ լավ տեսնել, մյուսին` շատ վատ։ Այս երկուսը պետք է խառնել և կիսել։ Պետք չէ ոչ մեկին սարքել ազգի թշնամի:
-ՈՒզում եք ասել` ընտրությունը թողնված է մարդո՞ւն։
-Աստված ստեղծել է աշխարհը իր լավ ու վատ կողմերով։ Ցավոք, մարդը լավ բաներն ավելի դժվարությամբ է ընդունում, իսկ Աստծո ներդրած, ասենք, մեկ գրամ վատը մարդը դարձնում է 1000 գրամ։ Նա սիրում է ծայրահեղություն։ Կարծում եմ` անարդարությունը հենց մարդու մեջ է. մարդն ինքը պետք է պայքարի դրա դեմ, որպեսզի առաջին հերթին իր ներսում խաղաղություն գտնի, հաշտ լինի ինքն իր հետ։ Եվ այդ խաղաղությունը կտարածվի երկրի վրա։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ