«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԿՈՆԳՐԵՍԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ»

«ԿՈՆԳՐԵՍԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ»
25.03.2011 | 00:00

«Քաղաքականությունից մի քիչ ավելի ֆուտբոլն եմ սիրում։ Հայաստան-Ռուսաստան խաղը քաղաքականացված է, ինչն ինձ զզվեցնում է։ Հայաստանի հավաքականն այսօր վերելքի մեջ է ու գործնականում հնարավորություն ունի հանդիպումը հաղթանակով ավարտելու։ Մյուս կողմից` Ռուսաստանի հավաքականը փորձառու թիմ է։ Նրանք ունեն Արշավին, բայց մենք էլ Հենո, ով կարող է խաղի ելքը որոշել։ Հաշիվ չեմ ուզում կանխատեսել։ Թող գեղեցիկ, չքաղաքականացված ֆուտբոլ լինի, ու հաղթի արժանին։ Այդ հաղթանակը մաղթում եմ մեր հավաքականին»,- Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղին անդրադառնալով, երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, ում հետ մեր առանձնազրույցը ոչ միայն սպորտային թեմայով էր։
-Երեք տարվա ընդմիջումից հետո Հայ ազգային կոնգրեսը կրկին հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում: Ոստիկանների հետ համաձայնությունն ու հրապարակի «դռների» բացումն այնքան արագ ու անցնցում եղան, որ քաղաքական, հասարակական շրջանակներում տարաբնույթ եզրահանգումների առիթ տվեցին՝ ընդհուպ իշխանություն-ընդդիմություն գործարք: Ինչպե՞ս իշխանությունն այդքան հեշտ ընդառաջ գնաց կոնգրեսի այն պահանջին, որը երեք տարի շարունակ մերժում էր։ Այս օրերին մամուլում և սոցիալական ցանցերում սա բուռն քննարկվող հարց է,- ասաց Սուրենյանցը:- Խոսում են ինչ-որ դավադրության մասին, որոշ մարդիկ էլ իրենց վրա «բեռ» են վերցրել դա բացահայտելու: Իրականում ոչ մի դավադրություն էլ չկա, վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ոչ մի պայմանավորվածություն, անդրկուլիսյան խոսակցություն չեն եղել: Պետք է ընդունել շատ կարևոր իրողություն. վերջին մեկ շաբաթում Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, որի պայմանական մեկնարկը տրվել է Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հարցազրույցով: Շատերի համար անսպասելի պետության ղեկավարը հանդուրժող կեցվածք դրսևորեց ընդդիմության ու նրա վարքագծի հանդեպ: Իհարկե, խոսքը տարբերվում է գործից, բայց որոշ կիսատ-պռատ քայլեր արդեն արվել են: Օրինակ, երկու քաղկալանավորի ազատ արձակեցին, ոստիկանները չխոչընդոտեցին ցուցարարների մուտքը Ազատության հրապարակ: Սերժ Սարգսյանի այս հարցազրույցը, թեկուզ տեսական, բայց դրական միտում էր, որին Տեր-Պետրոսյանը չարձագանքել չէր կարող, ինչով էլ պայմանավորված էին նրա հռետորաբանության հանդուրժողականությունը, պայմանների մեղմացումը: Այստեղ դավադրություն չպետք է տեսնել: Քաղաքականության երկու հակադիր կողմերը՝ կոնգրեսը և իշխանությունը, փորձում են ավելի ռացիոնալ խաղի կանոններ հաստատել: Սա բանականության և ռացիոնալիզմի հաղթանակ էր, ոչ թե դավադրություն:
-Կարելի՞ է ասել, որ երկու ուժերն էլ, «բանականությամբ և ռացիոնալիզմով», գնում են հերթական ընտրությունների:
-Դա շատ նորմալ ու տրամաբանական է: Երկու կողմերում էլ գերակշռում են իրատես մարդիկ, ու երկուսն էլ պիտի իրենց ռեսուրսները կենտրոնացնեն առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների վրա: Անկախ ընդդիմության կարգախոսներից, իշխանության քայլերից, ակնհայտ է, որ երկու ճամբարներում էլ առաջատար է այն մտածողությունը, թե արտահերթ ընտրությունների պատուհանն արդեն փակված է:
-Ասել է՝ ընդդիմության այն կոչերը, թե լինելու են արտահերթ ընտրություններ, այլևս «ուժը կորցրա՞ծ» կարելի է համարել:
-Միշտ ֆորսմաժորներ հնարավոր են, քանի որ ունենք Ղարաբաղի հարց, Հայաստանի օլիգարխիկ տնտեսությունը չի կարողացել հաղթահարել համաշխարհային ճգնաժամի հետևանքները, կա սոցիալական ցնցումների հավանականություն: Բայց, այդուամենայնիվ, արտահերթ ընտրությունների հնարավորությունը շատ փոքր է, եթե չասենք` զրոյական: Երկրորդեմ. եթե չլինեն ֆորսմաժորային զարգացումներ, քաղաքական հիմնական դերակատարները մի քիչ նոր ակցենտներով, մոտեցումներով պատրաստվելու են հերթական ընտրություններին: Անցած երեք տարիներին ապացուցվեց այն իրողությունը, որ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարները ՀԱԿ-ն ու իշխանությունն են, և բնական է, որ ընտրություններից մեկ տարի առաջ նրանք պիտի հստակեցնեն իրենց քաղաքական մոտեցումները, դիրքորոշումները: Կցանկանայի, որ այստեղ որևէ դավադրության էլեմենտ որևէ մեկը չտեսներ: Քաղաքականությունը նախ և առաջ բանականություն, ռացիոնալիզմ, իրապաշտություն է, ոչ թե ցանկությունների դրսևորում:
-Ինչպե՞ս պետք է ընկալեն այս մարտավարությունն այն քաղաքացիները, ովքեր արմատական քայլերի կողմնակից են, իսկ ընդդիմության առաջնորդից լսում են՝ վերջ տալ «հիմաներին», «այսօրներին», «վաղերին», «մենք քաղաքական աշխատանքով ենք զբաղված, ոչ թե ֆուտբոլ, այլ շախմատ ենք խաղում»:
-Ճիշտ է Տեր-Պետրոսյանը: Նախ` քաղաքականությունը մարզաձևերից ավելի շատ նման է շախմատի, որտեղ պիտի կարողանալ մի քանի քայլ առաջ հաշվել: Հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ արագ փոփոխություններ են ուզում, բայց նաև կոնգրեսի սխալ մարտավարությունն էր պատճառը, որ քաղաքացիների մի ստվար զանգված առաջնորդվում է «կամ հիմա, կամ ոչինչ» տարբերակով: Լիդերի ուժեղությունն էլ այն է, որ կարողանա ճիշտ ուղղորդել հասարակական տրամադրությունները: Եթե նա այդ ունակությունը չունի, չի տարբերվի հանրահավաքին մասնակցող քաղաքացուց: Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանին կհաջողվի վերահսկել ընդդիմադիր դաշտում կատարվող գործընթացները, ինչը կարողացավ անել երեք տարի: Իհարկե, որոշակի ընտրազանգված կկորցնի, որ արմատական գործողությունների կողմնակից է, սակայն Հայաստանում չեք կարող նշել մի ուժ, որ այսօր ընդդիմադիր դաշտում պատրաստ է անել ավելին, քան ՀԱԿ-ը: Տեր-Պետրոսյանն իր քաղաքական կենսագրությամբ ապացուցել է, որ իրապաշտ քաղաքական գործիչ է և չի տրվում արկածախնդրությունների: Եթե Սերժ Սարգսյանի խոսքերը վերածվեն գործի, շատ ավելի լավ կլինի երկրի համար, ու մենք հակադրության փոխարեն կունենանք մրցակցային միջավայր: Անկեղծորեն կուզեմ` այդ սցենարը կյանքի կոչվի: Առաջին հերթին քայլ պիտի անի իշխանությունը: Եթե Սերժ Սարգսյանի խոսքերը մնան լոկ բարի ցանկություն, հակադրությունը կպահպանվի ու կհանգեցնի վատ հետևանքների, ինչպես 1996-ին, 2003-ին… Ե՛վ ընդդիմությունում, և՛ իշխանությունում պիտի գիտակցեն, որ այսպիսի համակարգով առաջ շարժվել հնարավոր չէ, երկրին փոփոխություններ են պետք: Դա կլինի իշխանափոխությամբ, թե գործող իշխանության բարեփոխման ձևով, քննարկելու խնդիր է:
-Ստացվում է` գործող իշխանության հետ ընդդիմությունը բռնել է համակարգը բարեփոխելու ճանապա՞րհը:
-Եթե առաջիկա մեկ-երկու տարում իշխանությունը դրական առումով փոխվի, հասարակական տրամադրությունները կարտահայտվեն ընտրությունների միջոցով: Եթե իշխանությունը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է, դարձյալ պիտի կեղծվեն ընտրությունները` դրանից բխող հետընտրական զարգացումներով: Իշխանափոխությունը միշտ միջոց է, կարևորն իշխանության որակի ստեղծումն է: Հիմա սա կանի գործող ընդդիմությունը, թե իշխանությունը, ցույց կտա ժամանակը: Այս համակարգով Սերժ Սարգսյանը երկիրը զարգացնելու բավարար ռեսուրս չունի: ՈՒզում եմ հուսալ, որ ինքը դա հասկացել է: Անուղղելի լավատես չեմ, բայց կյանքը մեկ-մեկ մարդկանց ստիպում է վերանայել թե՛ արժեքները, թե՛ շրջապատը, թե՛ իրողությունները: Եթե Սերժ Սարգսյանն ուզում է իշխանությունը պահել, ուրեմն անխուսափելի են բարեփոխումները:
-Անդրադառնանք նաև ընդդիմադիր դաշտի խնդիրներին: ՀԱԿ-ն իր պահանջները մեղմացրեց, իսկ «Ժառանգությունը» գնաց ծայրահեղ քայլերի: Ի՞նչ է կատարվում:
-Ցանկացած երկրում խորհրդարանական ընդդիմությունն ավելի լոյալ է, իսկ հռետորաբանությունը՝ ավելի մեղմ, որովհետև ունեն բազմաթիվ ամբիոններ: Ավելի կոշտ դիրքերից է հանդես գալիս այն ուժը, որը գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակ ունի: «Ժառանգությունը» երբեք այդպիսի կարգավիճակ և արմատական օրակարգ չի ունեցել: Եթե կարողանաք նշել, թե «Ժառանգությունն» ինչ քաղաքական օրակարգ ունի այսօր, կարող եմ գնահատել` մե՞ղմ է, թե՞ կոշտ: Կա բարոյական հարթությունից բխող մի քանի վիրտուալ կարգախոս: Ինչ վերաբերում է վերջին օրերի իրադարձություններին, զուտ մարդկային, բարոյական առումով Րաֆֆի Հովհաննիսյանի արած քայլը գնահատում եմ: Քաղաքականությունում Րաֆֆիի հացադուլը տեղ չունի, այն նույնիսկ ձևակերպված քաղաքական օրակարգ չի առաջադրել, չի ձևակերպել այն մի քանի պահանջները, որոնց համար դիմել է այդ քայլին: Ես հացադուլ արած մարդ եմ ու գիտեմ, որ պիտի ունենալ շատ կոնկրետ քաղաքական պահանջ: Հացադուլը արժևորված է, եթե չկան պայքարի այլ ձևեր: Տարօրինակ է, որ կարող է հացադուլ հայտարարել մի մարդ, որը կարող է օգտվել ԱԺ ամբիոնից: Անշուշտ, բարոյական առումով զորակցում եմ նրան, բայց քաղաքական առումով նրա հացադուլը որևէ դեր չի կարող ունենալ ու գործոն չէ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության համար: Շատ կցանկանայի, որ հացադուլի մասով Րաֆֆին իր առաքելությունն ավարտած համարեր, որովհետև նա նաև իր համեստ ներդրումն ունեցավ, որ ժողովուրդն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց: Հացադուլի շարունակությունն ինձ ցավ կպատճառեր և՛ քաղաքական ռեսուրսի փոշիացման, և՛ իր առողջության վատթարացման, և՛ «հացադուլ» երևույթի արժեզրկման առումով:
-Նախընտրական տարում երկու ճամբարում ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն, հնարավո՞ր է նոր ուժեր ի հայտ գան:
-Նոր ուժերի ի հայտ գալու հնարավորություն չեմ տեսնում: Իհարկե, կան ուժեր, որոնք ընտրությունների ժամանակ որոշակի դերակատարություն կունենան՝ ՄԱԿ-ը, ՆԺԿ-ն, նույնիսկ Տիգրան Կարապետյանի ԺԿ-ն: Հիմնականում պիտի հետևել, թե ինչ գործընթացներ տեղի կունենան իշխանությունում, ՀԱԿ-ում ու այդ երկուսի միջև, ըստ այդմ էլ, կուրվագծվի առաջիկա ընտրություններում խորհրդարանի պատկերը: Եթե իշխանությունում գերիշխող դառնա բարեփոխական միտումը, երկիրը կունենա էվոլյուցիոն զարգացում, եթե ավտորիտար լուծումները գերիշխեն, երկրին սպառնալու են փակ համակարգի ամրապնդումը, կամ հեղափոխական իրավիճակի ստեղծումը:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ