«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԲԱՑՍԻՐՏ, ՀՅՈՒՐԱՍԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՔ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ»

«ԲԱՑՍԻՐՏ, ՀՅՈՒՐԱՍԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՔ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ»
21.06.2011 | 00:00

Զրուցակիցս բանասիրական գիտությունների թեկնածու է, Երևանում ղազախերեն է դասավանդում հայ ուսանողներին: Նրա հետ զրուցելու հրավերն ստացա Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից` նախապես տեղեկանալով, որ 2010-ի օգոստոսի 19-ին, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների համաժողովի նախօրեին, Երևանի պետական համալսարանում բացվել է ԱՊՀ-ում ղազախական մշակույթի, պատմության ու լեզվի առաջին կենտրոնը, որը նպատակ ունի զարգացնելու երկու երկրների գիտակրթական և մշակութային փոխհարաբերությունները: Կենտրոնի ստեղծման նախաձեռնողը Լև Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանատունն են, որոնք և ապահովել են կենտրոնն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ու գրականությամբ: Կենտրոնը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կազմում է: Տիկին ԱՅՆՈՒՐ ՆԱՅՄԱՆԲԱՅԸ գովեստով է խոսում իր ուսանողների մասին և համոզված է, որ ղազախերենի իմացությունը նրանց անպայման պետք է լինելու` մասնագիտական հաջողությունների հասնելու ճանապարհին:
-Վաղո՞ւց եք Երևանում:
-Մարտից Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ապագա մասնագետներին դասավանդում եմ ղազախերեն:
-Շա՞տ են ղազախերեն սովորել ցանկացողները:
-Առաջինից չորրորդ կուրսերի 17 ուսանողներ:
-Ո՞րն է ղազախերեն սովորելու նպատակը:
-Ղազախստանի մշակույթին լեզվի միջոցով հաղորդակցվելը, ղազախ ժողովրդի գրականությանը, հայտնի մարդկանց` գրողների, բանաստեղծների ժառանգությանը բնագրով ծանոթանալը, սովորույթները, ավանդույթներն ուսումնասիրելը:
-Միայն լեզո՞ւ եք դասավանդում, թե՞ նաև գրականություն:
-Լեզու, բայց ուսանողներս մեծ ցանկություն ունեն ղազախական գրականությունն ուսումնասիրելու, ինչպես նաև պատմությունը: Դասընթացն ընտրովի է, առաջին անգամ է անցկացվում և ավարտվեց ատեստացիայով:
-Ղազախերենի ուսուցման այսօրինակ դասընթացը միայն Երևանո՞ւմ է անցկացվում, թե՞ մյուս քաղաքներում էլ կա:
-Հայաստանում միայն Երևանում է, իսկ ԱՊՀ-ում` նաև Ադրբեջանում։ Ապրիլին Ղազախստանից եկան մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր զբաղվում են հայ-ղազախական կապերի ուսումնասիրությամբ:
-Դասընթացն ավարտելուց հետո ուսանողներն ի՞նչ են անելու, ո՞րն է դրա գործնական նշանակությունը:
-Ցանկացողները կարող են Աստանայում վերապատրաստում անցնել: ՈՒսանողները հիմնականում թուրքագետներ են, և լեզվի իմացությունը նրանց կարող է օգնել գիտական աշխատանքներում, պատմական աղբյուրների ուսումնասիրության մեջ, թարգմանություններ անելիս:
-Հայաստանից և Ադրբեջանից բացի, այլ երկրներում նախատեսվո՞ւմ են նման դասընթացներ:
-Համաձայնագիր կա Բելառուսի և Չինաստանի հետ:
-Իսկ Ղազախստանում հայերեն ուսուցանվո՞ւմ է:
-Հիմա ոչ, բայց նախատեսվում է` Եվրասիական ազգային համալսարանի նախաձեռնությամբ և թուրքագետների օգնությամբ:
-Սեպտեմբերին Դուք վերադառնալու և շարունակելո՞ւ եք դասընթացները:
-Այո, կարծում եմ` նոր ուսումնական տարում ղազախերեն ուսանելու ցանկություն կունենան ոչ միայն բակալավրիատի, այլև մագիստրատուրայի ուսանողները:
-Ժամանակ և հնարավորություն ունեցե՞լ եք ծանոթանալու Հայաստանին:
-Մի քիչ: Մատենադարանում եմ եղել, Էջմիածնում, Գառնիում, Գեղարդում, հայրենիք վերադառնալուց առաջ Սևան եմ գնալու:
-Խորհրդային անցյալից բացի, հայերին ու ղազախներին ի՞նչն է միավորում, և ի՞նչն է բաժանում:
-Միավորում էր Խորհրդային Միությունը, որի փլուզումից հետո էլ բարեկամությունը շարունակվում է, միմյանց հասկանալու, քաղաքական, տնտեսական, գիտամշակութային, կրթական կապերը զարգացնելու ձգտումը կա: Հոգևոր սկիզբն է միավորում:
-Քաղաքակրթության ընդհանրություններ կա՞ն:
-Քաղաքակրթությունները տարբեր են, և դա արտահայտվում է գրականության, արվեստի, կենցաղի մեջ:
-Այս ընթացքում հայերեն սովորե՞լ եք:
-Մի քանի բառ միայն:
-Ինչպե՞ս է Ձեր ականջին հայերենը հնչում, նմա՞ն է ղազախերենին:
-Ոչ, նման չէ, երկու լեզուներն էլ իրենց առանձնահատկություններն ունեն: Երբ ուսանողներս խոսում են հայերեն, փորձում եմ հասկանալ:
-Իսկ նրանք լա՞վ են սովորում:
-Այո, շատ ակտիվ են, հետաքրքրասեր, ինքնուրույն աշխատանքներ են անում:
-Կարողանո՞ւմ են ազատ խոսել ղազախերեն:
-Ոչ բոլորը, 3-4 աղջիկներ միայն, բայց բոլորն էլ տեքստեր են կազմում, ղազախերեն թերթեր են կարդում, թարգմանություններ են անում:
-Երեք-չորս ամիս Հայաստանում ապրելուց հետո կցանկանայի՞ք մշտապես բնակվել այստեղ:
-Հայաստանը հրաշալի բնություն ունի, բացսիրտ, հյուրասեր ժողովուրդ եք, բայց հայրենիքիս կարոտում եմ:
-Ի՞նչ կմաղթեիք Ձեր ուսանողներին ու հայերին:
-Բարեկեցություն ու երջանկություն: Շատ շնորհակալ եմ այստեղ զգացածս ջերմության ու փոխըմբռնման համար, ուզում եմ, որ բոլոր ուսանողներն առողջ ու հաջողակ լինեն ուսման մեջ և կյանքում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ