«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՍ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ»

«ԵՍ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ»
15.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
«ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ»
-Պարոն Սարգսյան, մեզանում քաղաքական յուրօրինակ մշակույթ կա. վարչապետը դեռ չնշանակված, ասում են՝ վաղը կլքի պաշտոնը: Դուք երկրորդ երկարակյաց վարչապետն եք: Օրերս լրացավ Ձեր պաշտոնավարման երեք տարին: Այդ երեք տարիներին աշխարհը հայտնվեց որակական նոր փուլի մեջ: Հայաստանը կարողացա՞վ հակազդել կամ համաքայլ լինել այդ փոփոխություններին:
-Պետք է արձանագրենք, որ համաշխարհային իրադարձություններին մենք հասել էինք՝ կուտակելով որոշակի մակրոտնտեսական պաշարներ, միևնույն ժամանակ՝ բազմաթիվ չլուծված պրոբլեմներ, որոնք միանգամից բացահայտվեցին: Մակրոտնտեսական առումով՝ երկրի արտաքին պարտքի տեսակարար կշիռը բավականին ցածր էր, ինչն էլ նշանակում էր, որ մենք հնարավորություն ունեինք պարտք վերցնելու: Երկրորդ՝ ունեինք կայուն ֆինանսական համակարգ, որը, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, ցուցաբերեց դիմադրողականություն:
Ինչպես ասացի, բացահայտվեցին նաև մեր թույլ կողմերը: Առաջին հերթին պարզվեց՝ տնտեսական համակարգը դիվերսիֆիկացիա չունի. մեկ-երկու ոլորտի մեծ տեսակարար կշիռը երկրի տնտեսական համակարգը դարձրել է խոցելի, և տնտեսական անկումը, որը, ի տարբերություն այլ երկրների, շատ բարձր էր, պայմանավորված էր հենց այդ հանգամանքով. շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում չափազանց մեծ էր, և երբ շինարարությունում այդ փուչիկը պայթեց, գրանցվեց նման բարձր անկում:
Այդ իսկ պատճառով այսօր մենք էական նշանակություն ենք տալիս արդյունաբերական ճյուղերի զարգացմանը, որը դարձել է մեր առաջնահերթ խնդիրը. սկսել ենք բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքները մեր հայրենակիցներն առաջիկայում կզգան:
Քսանչորս ձեռնարկություն ստացել է կառավարության աջակցությունը, որոնք արդեն իսկ տալիս են ռեալ արդյունքներ: Հանրապետության նախագահն անցնող ուրբաթ բացեց դրանցից մեկը՝ «Կարոլինա» ընկերությունը: Երկու տարի առաջ մենք նրանց հետ պայմանավորվեցինք, որ եթե դառնան արտադրող, կստանան հարկային արտոնություն: Ընկերությունը հավատաց կառավարությանը, ներկայացրեց ծրագիր, հաստատեցինք, ստեղծվեց գործարան: Նմանատիպ մի քանի գործարանների բացմանը ներկա է եղել երկրի նախագահը, մի քանիսին ներկա եմ եղել ես:
Դեղագործությունը ևս դիվերսիֆիկացիայի տեսանկյունից պետք է դիտարկել որպես կարևորագույն ճյուղ. այս ոլորտում ևս տվեցինք արտոնություններ, ստեղծվեցին աշխատատեղեր:
Նույնը՝ «VKS»-ի դեպքում. այն կոնկրետ աշխատատեղ և աշխատավարձ է: Ընդ որում, այդ կարգի ձեռնարկությունների թիվը Հայաստանում այսօր հասնում է արդեն տասներկուսի:
Կենսական նշանակության ոլորտներում նույնպես մեծ տեղաշարժ կա: Ասենք՝ խմելու ջրի ոլորտում. ի դեպ, Դուք քանի՞ ժամ ջուր ունեք։
-Քսանչորս և արդեն՝ մի քանի տարի: Հարավ-արևմտյան թաղամասում:
-Տեսնո՞ւմ եք: Այսօր այդ ուղղությամբ որակական առաջընթաց կա նաև մարզերում: Կառավարությունը լուրջ ներդրումներ է կատարել, որպեսզի համայնքներում ևս խմելու ջուրը լինի հասանելի:
Ոռոգման համակարգում հարյուր միլիոն դոլարից ավելի ներդրումներ ենք արել, բարելավել ենք ոռոգման համակարգը:
Ճանապարհաշինության ոլորտում վերջին երեք տարում զգալիորեն ավելի շատ աշխատանք ենք կատարել, քան նախորդ մի քանի տարիներին:
Դպրոցաշինության ոլորտում ևս աննախադեպ աշխատանքներ են իրականացվել: Նույնը՝ հիվանդանոցաշինության ոլորտում. ժամանակակից տեխնիկայով հագեցած յոթ մարզային հիվանդանոց ենք կառուցել, որպեսզի մեր քաղաքացիները Երևան գալու անհրաժեշտություն այլևս չունենան։
Հաջորդ ոլորտը, որ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից մեզ համար խիստ կարևոր էր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էր: Սա այն ոլորտն է, որտեղ 2009-ին, երբ ունեինք լուրջ անկում, այստեղ ունեինք 17 տոկոս աճ, և այդ աճը շարունակվում է:
-Ինչի՞ արդյունքում:
-2010 թ. համացանցից օգտվողների թիվը Հայաստանում կրկնապատկվել է: IP ոլորտի հետ մենք իրականացրինք համատեղ ծրագիր, որը բերեց համացանցի գների կրկնակի անկման: Այս տարի ևս այդ գները կնվազեն:
-Հետաքրքիր է, հարավկովկասյան երկրներում ո՞վ է ամենաշատն օգտվում համացանցից:
-Մենք:
-Նույնիսկ Վրաստանի՞ց առաջ ենք:
-Նույնիսկ: 2010-ին ենք առաջ անցել Վրաստանից, ինչը Սաակաշվիլին ևս փաստեց՝ Հայաստան կատարած իր այցի ընթացքում:
-Համենայն դեպս, շատ ոլորտներում էլ Վրաստանին զիջում ենք: Ամռանը Վրաստանում էի, իրականացված բարեփոխումներն իմ մաշկի վրա զգացի:
-Համաձայն եմ, կան ոլորտներ, որ Վրաստանը մեզնից, իսկապես, առաջ է (ինչպես տեսնում եք, ես սահուն անցել եմ Ձեր հարցի հաջորդ բաղկացուցչին՝ մեր բացթողումներին), վերջերս Եվրամիություն կատարած այցի ժամանակ մեր գործընկերների հետ քննարկեցինք նաև այն ոլորտները, որտեղ չենք կարողացել ծրագրերն ամբողջությամբ իրականացնել: Դա առաջին հերթին մաքսային և հարկային վարչարարությունն է:
Երկրորդ նման ոլորտը սննդի անվտանգությունն է: Մենք պարտավոր ենք Հայաստանում ներդնել այնպիսի ստանդարտներ, որ կարողանանք ապահովել արտադրվող սննդի որակը:
-«Ա Պոլշա՞». ամենակենսական խնդիրը, որ այսօր հետաքրքրում է մեր քաղաքացիներին, գնաճն է:
-Դեռ չէինք հասել դրան: Այո, 2010 թ. մենք ունեցանք վերջին տասներկու տարիների ամենամեծ գնաճը, ինչն էլ, բնականաբար, ստեղծեց լուրջ սոցիալական խնդիրներ, առաջին հերթին՝ անապահով խավերի համար: Իհարկե, հասկանալի է, որ տնտեսական ճգնաժամը, համաշխարհային գների անկումն ստեղծեցին իրենց բացասական ֆոնը, բայց մեզ համար էական նշանակություն ունեցավ գյուղատնտեսության աննախադեպ անկումը:
Այսօր արդեն սկսել ենք գնաճի դեմ պայքարը. առաջին հերթին՝ սեփական արտադրությամբ:
Խոստացել ենք՝ մինչև տարեվերջ գները կնվազեն, և հստակ միջոցառումներ ենք ձեռնարկում մի քանի ուղղություններով: Բացի մակրոտնտեսական ուղղությունից, կարող ենք անդրադառնալ նաև վարչական գներին: Ձեռնարկել ենք աննախադեպ միջոցառումներ, հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ գազի գներն իջել են սոցիալական անապահով խավի համար: Երկրորդ՝ շուրջ երկու հազար տոննա գարու սերմացու ենք տրամադրել գյուղացիներին՝ շուկայական գներից երկու անգամ ցածր: Գյուղատնտեսական ոլորտում այսօր իրականացվող բազմաթիվ ծրագրեր նպաստելու են նրան, որ գյուղարտադրանքի ծավալներն աճեն, ինչն էլ կհանգեցնի գների նվազման: Հարկային արտոնությունների մասին արդեն ասացի, այն ևս նպաստելու է գների նվազմանը:
Այնպես որ, մինչև տարեվերջ մենք ունենալու ենք գների նվազում, գյուղատնտեսական աճ, կենսամակարդակի բարձրացում:
«ՄԵՆՔ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ»
-Գյուղատնտեսությունից սահուն անցում կատարենք դեպ մեծ քաղաքականություն: Սկսենք հեռվից` արտաքին քաղաքականությունից. մի քանի ամսվա վարչապետ էիք, բավականին ներկայացուցչական այց ունեցաք Վաշինգտոն, հանդիպեցիք պետդեպի «երկաթյա» տիկնոջը՝ Կոնդոլիզա Ռայսին, ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիին: Օրերս նույնքան տպավորիչ այց ունեցաք նաև դեպ Բրյուսել: Ինչո՞վ բացատրել նման խիստ առանցքային այցերը:
-Հիշեցնեմ Ձեզ, որ եղել եմ նաև Մոսկվայում: Մի քանի անգամ: Հանդիպել Ռուսաստանի վարչապետի հետ: Այցելել եմ Վրաստան: Հանդիպել Վրաստանի ղեկավարության հետ: Եղել եմ Չինաստանում: Ինչպես նաև Իրանում, հանդիպել եմ Իրանի ղեկավարության հետ: Այսինքն՝ փորձել ենք մեր բոլոր ստրատեգիական գործընկերների հետ հաստատել նորմալ հարաբերություններ, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծրագրերը:
-Համենայն դեպս, Ձեր վաշինգտոնյան և բրյուսելյան այցերն ավելի «հիշվող» են: Նաև այն պատճառով, որ այդ այցերի ժամանակ Դուք անդրադարձել եք ղարաբաղյան խնդրին, ինչին շատ հազվադեպ եք անդրադառնում: Վաշինգտոնում բավականին կտրուկ դիրքորոշում դրսևորելով խնդրո առնչությամբ, Դուք վտանգավոր համարեցիք հնչող այն հայտարարությունները, որոնք միակողմանիորեն նշում են տարածքային ամբողջականության սկզբունքը` անտեսելով միջազգային մյուս սկզբունքները: Իսկ Բրյուսելում ասացիք, թե ռազմական ուժի կիրառմանը միտված ցանկացած հայտարարություն պետք է արժանանա միջազգային հանրության անչափ կտրուկ գնահատականին:
-Ինքնին հասկանալի է, թե որքան կարևոր է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում ղարաբաղյան հարցը: Այո, այն մեր թիվ մեկ խնդիրն է: Նման հանդիպումների ժամանակ, բնականաբար, Ղարաբաղի հարցը նույնպես քննարկվում է: ՈՒզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր արտաքին քաղաքականությունն իրականացվում է հանրապետության նախագահի ղեկավարությամբ, և մենք իրականացնում ենք մեկ ձայնի քաղաքականություն: Եվ մենք պարտավոր ենք մեր դիրքորոշումը շատ հստակ հայտնել այդ «մեկ ձայնի» շրջանակներում: Ինչն էլ անում ենք:
-Եվ այնուհանդերձ, եթե անկեղծ, ապա ղարաբաղյան խնդրի զարգացումներին հետևող նվաստս երբեք չի հանդիպել նման կտրուկ ձևակերպման ո՛չ ԱԳ նախարարի, ո՛չ էլ ՀՀ նախագահի կողմից, ինչը հնչեց Բրյուսելում:
-Միգուցե հրապարակայնության տեսակետից Բրյուսելից այդպես երևաց, այնուհանդերձ, հասկանալի է, որ դա մեր երկրի նախագահի, արտաքին գերատեսչության դիրքորոշումն էր: Եթե շատ սեղմ, ապա այնտեղ ես հնչեցրել եմ մեր երկրի ղեկավարի կարծիքը:
-Բրյուսելյան Ձեր հաջորդ բարձրաձայնումը նույնպես մեծ «հետաքրքրություն» առաջացրեց համապատասխան «շրջանակներում»: Ռուսական ռազմաբազաներին առնչվող: Ասել էիք՝ ռազմաբազաները խիստ անհրաժեշտ են Հայաստանի այսօրվա անվտանգության տեսանկյունից, սակայն ապագայում (ընդ որում, ժամկետ չէիք նշել), երբ վտանգները չեզոքացված կլինեն, երբ կլինի վստահության մթնոլորտ, ռազմական ուժի առկայության անհրաժեշտություն թերևս չի լինի:
-Գիտեք, Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունի մի առավելություն՝ մենք դիվանագիտություն չենք խաղում: Եվ այն, ինչ ասում ենք Բրյուսելում, նույնն ասում ենք Մոսկվայում, նույնն ասում ենք Վաշինգտոնում, նույնն ասում ենք Թեհրանում: Եվ այդ տեսանկյունից մենք վայելում ենք մեր գործընկերների հարգանքն ու վստահությունը: Մենք շատ հստակ հայտարարում ենք` մեր ստրատեգիական հետաքրքրություններն ինչպիսի՞ն են, ովքե՞ր են մեր ստրատեգիական գործընկերները ու ո՞ր բնագավառներում: Մեր ամերիկացի գործընկերները հարգում են մեր ռազմական և ստրատեգիական համագործակցությունը Ռուսաստանի հետ, և ընդունում են, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Ինչպես նաև մեր ռուս գործընկերներն են շատ հանգիստ վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ մեր անհատական գործընկերության ծրագրին, որովհետև այդ համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք նորմալ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, հնարավորություն՝ սպայակազմի վերապատրաստման համար: Ինչպես նաև՝ այս դիրքորոշումը շատ լավ հասկանում են մեր վրացի գործընկերները, Իրանի գործընկերները: Նույն ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ մենք պարտավոր ենք Իրանի հետ պահպանել բարիդրացիական հարաբերություններ, որոնք բնորոշ են դարավոր հարևան երկրներին:
-Պարոն վարչապետ, ես լավ գիտեմ, որ «Պլատոնը ձեր ընկերն է». այն է՝ ռուսաստանյան «Գազպրոմի» հայտնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ձեր համակուրսեցին է՝ սանկտպետերբուրգյան համալսարանում, այնուհանդերձ, և բոլոր դեպքերում, Դուք մեզանում համարվում եք առավել արևմտամետ գործիչ: Այո՞:
-Չէի ցանկանա, որ ինձ այդպես բնութագրեին, որովհետև ես առաջին հերթին պաշտպանում եմ իմ ազգի ու պետության շահը: ՈՒզում եմ հիշեցնել մի պատմություն. Թեոդոր Հերցլը նախանցյալ դարի վերջին հայ ազգի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իր հուշերում գրել էր մի բան, որն ինձ ապշեցրեց. եթե հրեաների քաղաքականության հիմքում ընկած է պրոհրեական մոտեցումը, և նրանք պատրաստ են բոլոր պետությունների հետ համագործակցելու՝ իրենց նպատակին հասնելու համար, ապա հայերի մոտ ոչ թե պրոհայկական, այլ հակաթուրքական դիրքորոշում է:
Ինչը, ըստ ամենայնի, լուրջ թերություն է, և մենք քսանմեկերորդ դարում պարտավոր ենք հաղթահարել այդ իրապես անընդունելի մոտեցումը, որովհետև ցանկացած «հակա» և ոչ «հանուն» մոտեցում հակաքաղաքակրթական է և կործանման գեներացիա ունի իր մեջ: ՈՒ թե դրան էլ գումարում ենք մեր քրիստոնյա լինելու հանգամանքը, ապա կրկնակի անընդունելի է դառնում «հակա» սկզբունքը: Այդ իսկ առումով մեր քաղաքականությունն այսօր «հանուն» է:
ՅՈՒՐԱՅԻ՛Ն Է
-Այժմ նույնքան «հանուն»՝ անցում կատարենք դեպ ներքաղաքական դաշտ: Ահա ու այլևս, ի տարբերություն այլոց, Դուք կրում եք ՀՀԿ կրծքանշանը: Մինչ կուսակցական դառնալը համարվում էիք միայնակ, որն էլ Ձեր և՛ ուժեղ, և՛ թույլ կողմն էր: Մի խոսքով, այլևս թիմում եք: Այո՞:
-Անշուշտ, ես հանրապետության նախագահի, ՀՀԿ-ի թիմի անդամ եմ:
-ՀՀԿ-ում Դուք յուրայի՞ն եք, թե՞ ոնց:
-Յուրայի՛ն: Եվ ինձ նման մարդիկ շատ կան ՀՀԿ-ում։
-Խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ Դուք գլխավորեք ՀՀԿ համամասնական ցուցակը:
-Խոսակցություններ կան, որ ես պետք է «հրաժարական տամ»:
-Մայիսի՛ն:
-Մայիսի՞ն: Ահա, ուրեմն՝ «չեմ կարող» ղեկավարել համամասնական ցուցակը. չե՞ն ասում՝ երբ պետք է «ղեկավարեմ» ցուցակը: Եթե անկեղծ, ապա նման խոսակցությունները դիտարժան են պարզապես մարդկանց ֆանտազիան հասկանալու տեսանկյունից:
-Եվ վերջում. պարոն վարչապետ, երբ սկսում էիք, շատ էիք կարևորում մտածողության տեսակը: Վերջին շրջանում այդ մասին ոնց որ էլ չեք խոսում:
-Հիմա արդեն դա իրականացնում ենք: Եթե թույլ կտաք մեկ օրինակ կբերեմ. երբ ներդնում էինք ԱՊՊԱ-ն, համատարած ագրեսիվ դժգոհություն, դիմադրություն էր: ԱՊՊԱ-ն նոր մտածողություն էր: Այսօր արդեն մենք ձեռք ենք բերում համախոհներ, ովքեր դրական են գնահատում ԱՊՊԱ-ն: Մեքենաներն այսօր միմյանց բախվում ու չեն փախչում: Հակառակը, սպասում են, մինչև ոստիկանը գա, արձանագրի:
Ի՞նչ է ստացվել արդյունքում. այս տարի ունենք տասն անգամ ավելի գրանցված տրանսպորտային պատահարներ, քան անցած տարի նույն ժամանակահատվածում: Հասկանալի է, չէ՞, որ տրանսպորտային պատահարները չեն ավելացել, պարզապես սկսել են օրինականորեն գրանցվել: Արդյունքում շահում է քաղաքացին, նրա կյանքը դառնում է ավելի ապահով բոլոր, այդ թվում և` ֆինանսական առումով:
Նույնը՝ կենսաթոշակների ոլորտում: Նույնպիսի ագրեսիվ հարձակում է սկսվել կենսաթոշակային ռեֆորմի վրա. մենք բացահայտում ենք չարաշահումները, խախտումները, ստեղծում բարենպաստ պայմաններ, և մարդիկ դրա արդյունքները ևս շուտով կզգան:
Նույնը IT ոլորտը: Երբ առաջին անգամ ես հայտարարեցի, որ կառավարության բոլոր անդամները պետք է համակարգչով աշխատեն, և ներդրեցինք «mulberry» համակարգը, բոլորը ծիծաղում էին մեզ վրա, ճի՞շտ է: Բայց այսօր ոչ մեկը չի զարմանում, որովհետև այն դարձել է մեր կյանքի անբաժան մասը: Կառավարությունում այլևս թղթաշրջանառություն չկա: Քաղաքացիները կարող են էլեկտրոնային եղանակով հետևել իրենց դիմում-բողոքներին, ցանկացած պահի «օնլայն» ռեժիմով տեսնել, թե ում մոտ է բողոքը, ինչ պատասխան է ստանում այն:
Մեր ցանկացած ընդդիմախոս կարող է «օնլայն» ռեժիմով տեսնել, թե կառավարությունն ինչպես է ծախսում բյուջեն. այսօրվա դրությամբ քանի դրամ, քանի լումա ենք ծախսել՝ ըստ գերատեսչությունների ու նախարարությունների, ըստ տենդերների՝ ո՞վ է տենդերում շահել, քանի դպրոց ենք բացել, որքան կոնֆետ ու շամպայն գնել ընդունելության համար:
Այսպես մանրակրկիտ, էլեկտրոնային եղանակով մարդիկ կարող են կառավարությանը վերահսկել: Նոր մտածողություն չէ՞:
Այն, որ կարող ես տասնհինգ րոպեում Հայաստանում բիզնես, ձեռնարկություն գրանցել՝ տնից դուրս չգալով, նոր մտածողություն չէ՞:
Եվ ժամանակը մեր օգտին է աշխատում:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ