Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԲԵՔ ՀԵՏՔԱՅԼ ՉԵՄ ԱՐԵԼ»

«ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԲԵՔ ՀԵՏՔԱՅԼ ՉԵՄ ԱՐԵԼ»
17.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու ԱՇՈՏ ՏՈՆՈՅԱՆԸ

ԱՅՑԵՔԱՐՏ

Աշոտ Ռոբերտի Տոնոյանը ծնվել է 1958 թ. մարտի 5-ին, Երևանում: 1974 թ. ավարտել է Միսաք Մանուշյանի անվան դպրոցը: 1974-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարության հաշվիչ կենտրոնում: 1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1985 թթ. աշխատել է ռելեի գործարանում որպես վարպետ: 1985-1991 թթ. եղել է իր հիմնադրած «Երամ» սննդի կոոպերատիվի նախագահը: 1991-1996 թթ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում որպես գլխավոր ինժեներ: 1996-2002 թթ. ստեղծել և ղեկավարել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն: 2002-ին հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական ՍՊԸ-ն, որի գլխավոր տնօրենն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

2006 թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ:

2007 թ. մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատեղամասում ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է չորրորդ գումարման ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2006-ին հայ-ուկրաինական մարզական կապերի զարգացման համար պարգևատրվել է ՈՒկրաինայի Հանրապետության նախագահի հուշամեդալով, Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի և «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահն է, WPKA քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի և Inernational Police-Motor Corporations միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, մարզական կազմակերպության խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա, 1 թոռնուհի:

-Ձեր կարծիքով` Դուք ո՞վ եք:

-Աշխատող մարդ, որն ունի իր շատ որոշակի չափանիշները և ամենակարևորը համարում է մարդու պիտանիությունը` սկսած ընտանիքից, բնակավայրից, համայնքից, քաղաքից մինչև հայրենիք: Չեմ հավատում, որ ինքն իր ու իր ընտանիքի նկատմամբ հարգանք չունեցող մարդը կարող է հայրենասեր լինել, որովհետև կյանքում ու աշխարհում ամեն ինչ ունի իր տրամաբանությունն ու իր հերթականությունը:

-Թիվ 3 ընտրատարածքում, որտեղ նորից առաջադրվել եք պատգամավորության թեկնածու, ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Թիվ 3 ընտրատարածքը Հայաստանի մասն է, ինքը Հայաստանն է. ինչ խնդիրներ կան Հայաստանում, նույն խնդիրները կան Երևանի մի մասը կազմող ընտրատարածքում:

-Եվ ի՞նչ մեխանիզմներ եք առաջարկում այդ խնդիրները լուծելու համար:

-Ամենակարևորը` չի կարելի հանձնվել, պետք է պրոբլեմն ուսումնասիրել խորքով ու քայլ առ քայլ հաղթահարել: Ընդունում եմ քննադատության կարևորությունը, բայց չեմ ընդունում շարունակ ու անընդհատ քննադատողներին, որ այդքանով իրենց գործն ավարտած են համարում: Եթե անգամ 0,1 տոկոսով կարող ես ինչ-որ խնդիր լուծել, պիտի աշխատես: Ես շատ ուշ եմ մտել քաղաքականություն` 49 տարեկանում, և ընտրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որովհետև կոնկրետ քայլեր եմ տեսել, խոսելուց բացի, գործ անելու ցանկություն ու կարողություն:

-Երբ պատգամավորը որոշում է վերընտրվել, ո՞րն է շարժառիթը` կիսատ մնացած գործե՞րը, ծրագրե՞րը, փորձառությո՞ւնը:

-Ես հույս ունեմ, որ հինգերորդ գումարման խորհրդարանը, ի տարբերություն գործողի, հակակշիռներով հարուստ է լինելու, օրենքները չեն շահում մի հարթության մեջ մշակվել-ընդունվելուց...

-Այսինքն` գործող խորհրդարանում ժողովրդի ձայնը քի՞չ է հնչել:

-Շատ քիչ, այնքան քիչ, որ չի հերիքել իրական անելիքներին համարժեք գործունեության համար:

-Ինչպիսի՞ խորհրդարան պիտի ձևավորվի, որ իսկապես ներկայացուցչական մարմին լինի ու արտահայտի ժողովրդի կամքը:

-Ամբողջ խնդիրն այն է, թե ի՛նչ պետք է արվի վիճակը շտկելու, կենսամակարդակը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Համեմատեք` Չինաստանի տնտեսության մեծագույն մի հատված փոքր բիզնեսն է ապահովում, հատկապես տնայնագործությունը: Ինչո՞ւ ենք մենք խոչընդոտներ ստեղծում այդ ոլորտում: Մի քանի տասնամյակ առաջ Հայաստանը կոշիկ էր հագցնում ամբողջ ԽՍՀՄ-ին, հիմա մենք ենք կոշիկ ներմուծում: Անռեսուրս, անճանապարհ երկիրը պարտադիր ֆինանսական մուտքեր պիտի ունենա, որ ապրի, խորհրդային 70 տարիներին էլ մեր ժողովրդի 20-25 տոկոսը խոպան էր գնում, և դա ապահովում էր բարեկեցիկ կյանք: 90-ականներից սկսած մենք աշխատուժ և ուղեղ ենք արտահանում, որ կարողանանք ապրել: Շիտակն ասենք` վիճակն իսկապես վատ է, և ըստ էության, պայքարը ոչ այնքան քաղաքական է, որքան հանուն հացի:

-Քաղաքական բոլոր ուժերը փոքր ու միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունից են խոսում, ի՞նչ պայմաններ պիտի ստեղծվեն, որ այդպես էլ չեն ստեղծվում. խնդիրը օրենսդրակա՞ն է, ֆինանսակա՞ն, քաղաքակա՞ն:

-Ե՛վ օրենսդրական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական: Չմոռանանք, որ հայ ենք, ու եթե սահմանափակումներ չլինեն, մի քիչ հնարավորություն տան, ինքներս չեղած տեղից մի բան կստեղծենք: ԲՀԿ-ի ծրագրում մի կետ կա, որ շատ կարևոր եմ համարում` չհարկել վարձու աշխատանք չունեցողին: Օրինակ` տնայնագործը, որ վարձու աշխատանք չի օգտագործում, հարկ չպիտի վճարի, սա շատ լուրջ աջակցություն է նրանց, ովքեր այսօր աշխատանք չունեն, բայց կարող են աշխատել` ձեռքի շնորհք ունենալով:

-Լավ, արտադրեցին, իսկ սպառո՞ւմը: 21-րդ դարում այդ կարգի արտադրանքը կարո՞ղ է մրցունակ լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում:

-Վստահ եմ, որ հնարավոր է: Աշխարհի փորձն է դա ցույց տալիս: Հիմնական սպառողը թանկարժեք ու բարձրակարգ բրենդների հետևից չի գնում, այլ բարձրորակ, բայց մատչելի գին ունեցող արտադրանքի:

-Եթե ընտրվեք պատգամավոր, որո՞նք են լինելու Ձեր առաջին 3 քայլերը:

-Գիտեք` դա ես չեմ որոշում, նայած ինչ խորհրդարան կընտրվի: Քաղաքականությունը պետք է դադարի բիզնես լինելուց, շատերի համար այսօր դեռ քաղաքականությունը մնում է այլ խնդիրներ լուծելու անցագիր, ապահովություն, մոդա, բայց ոչ հարթակ օրենսդրությամբ ու քաղաքականությամբ զբաղվելու համար: Գործարարներ պետք է լինեն խորհրդարանում, բայց նրանց աշխատանքը պետք է ծառայի ոչ թե իրենց բիզնեսին, այլ նրանք իրենց գործարար գիտելիքները, փորձը, հմտությունները տնտեսության արդյունավետ կառավարմանը պիտի նպատակաուղղեն: Օրենք մշակելիս պետք է հաշվի առնվի աշխատանքային փորձը: Ես կողմ եմ միջազգային փորձի ուսումնասիրմանը, բայց որքանո՞վ այսօր Իտալիայի կամ Իսպանիայի փորձը օգտակար կարող է լինել մեզ: Տեղական առանձնահատկությունների շրջանցումով ոչ մի միջազգային փորձ մեզ հաջողություն չի բերի: Նկատե՞լ եք, որ ամենատարբեր ոլորտներում համատարած երիտասարդացման քաղաքականություն է վարվում` պատճառաբանելով նոր մտածողություն, նոր շունչ, նոր ավյուն ներարկելու անհրաժեշտությամբ: Իհարկե, լավ է, բայց` որոշակի տրամաբանության ու համամասնության շրջանակներում: Խորհրդարանում, օրինակ, թարմ ուժեր, նոր դեմքեր պետք են, բայց եթե չլինեն փորձառու, հավասարակշիռ, կյանքի տաքուպաղով անցած մարդիկ, խորհրդարանը վերածվելու է փորձարարական լաբորատորիայի: Ես չեմ կարող ասել, թե քանի քայլ կպահանջվի, բայց չեմ ուզում ակտիվ աշխատանքից հեռանալիս իմ հետևից եկողին այս վիճակում գտնվող երկիր փոխանցել: Ես ինձ պարտավոր եմ համարում կայուն ու հիմնարար կառույց ստեղծելը ու իմ հաջորդին փոխանցելը, որովհետև եթե յուրաքանչյուր հաջորդ սերունդ 0 կետից է սկսում, երկիրը հայտնվում է կործանարար տեղապտույտում: Մենք դա արդեն տեսել ենք, ու մենք արդեն իրավունք, ռեսուրս, ժամանակ չունենք նույնը կրկնելու: Մեզ ռեալ փոփոխություններ են պետք, ռեալ, գործնական, որոնց արդյունքները տեսանելի ու շոշափելի լինեն յուրաքանչյուրիս կյանքում:

-Այդ փոփոխությունը համակարգայի՞ն պիտի լինի, թե՞ աշխատակարգային:

-Կտրուկ ու ցնցումային քայլեր մեզ բոլորովին պետք չեն. հիշեք ինչ տարածաշրջանում ենք ապրում, ինչ հարևաններ ունենք, ինչ արտաքին խնդիրներ ունենք, ընդհանրապես ինչ է կատարվում աշխարհում ու ինչ ընթացք են ունենում հեղափոխությունները: Հեղափոխությունների ալիքը, որ անցավ արաբական աշխարհով, առայժմ ոչ մի երկրում չի բերել այն արդյունքները, հանուն որոնց մարդիկ փողոց էին դուրս եկել, որոշ երկրներում էլ զենք վերցրել: Մենք, որ բնական ռեսուրսների, ժողովրդագրական վիճակի, տարածքի ու աշխարհաքաղաքական դիրքի առումով շատ տարբեր ցուցանիշներ ունենք, չենք կարող նրանց ճանապարհն ընտրել հանուն ժողովրդավարության, մեզ պետք են բարեփոխումներ, նպատակային, հասցեական ու հնարավորինս արագ: Անվանեք այդ փոփոխությունը համակարգային, թե աշխատակարգային` կարևոր չէ, կարևորը, որ բառերին գործերը հաջորդեն:

-Ձեր կարծիքով` խորհրդարանական ընտրություններից հետո նորի՞ց կոալիցիա կկազմվի:

-Եթե նորից կոալիցիա ձևավորվի, կարծում եմ` նոր կոալիցիայի մաս պիտի կազմեն պետականամետ և կառուցողական քաղաքականություն վարող կուսակցությունները, որոնք պետության և ժողովրդի շահերի պաշտպան են: Եթե կոալիցիա պիտի կազմվի սոսկ կառավարություն ձևավորելու համար, ավելի լավ է չլինի: Քաղաքականությունը պետք է կառուցողական դաշտում լինի:

-Ընտրողների հետ հանդիպումներում ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում:

-Հիմնականում սոցիալական: Ամենից շատ աշխատանքի դիմումներն են` հաշվի առնելով նաև, որ ես հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծել: Գիտեք` օգնությունը պիտի նաև մարդու արժանապատվությունը չվիրավորի, ես ջանում եմ օգնել նրանց, ովքեր աշխատունակ չեն` ծերերին, հաշմանդամներին, իսկ նրանց համար, ովքեր կարող են աշխատել, փորձում եմ աշխատանք գտնել:

-2007-ին ստեղծված «Աշոտ Տոնոյան» բարեգործական հիմնադրամը ո՞ւմ է ուղղված:

-Համայնքին և համայնքի յուրաքանչյուր բնակչի: Բարեգործությամբ ես առաջներում էլ զբաղվել եմ, բայց 2007-ին հիմնադրամի ստեղծումով կանոնակարգելու և որոշակի ուղղություններով գումարներ ներդնելու նպատակ ունեի: Սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթական խնդիրների լուծումն է հիմնադրամի նպատակը: Հիմնադրամը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Ես հարկ չեմ համարում հիմնադրամի մասին շատ խոսել, որովհետև բարեգործությունը գովազդվելիս արժեզրկվում է. եթե ես օգնում եմ մարդկանց, օգնում եմ սրտանց, օգնում եմ, որովհետև ունեմ այդ հնարավորությունը և ուզում եմ, որ մարզադպրոցը մարզադպրոցի նման լինի, երաժշտական դպրոցը` երաժշտական դպրոցի, որ տնկված ծառը բերք տա ու մարդկանց կյանքը քիչ թե շատ տանելի դառնա: Գիտե՞ք` որն է ամենացավալին, մենք դադարել ենք գեղեցիկը մեր կողքին նկատելուց, մենք դադարել ենք գեղեցիկը ստեղծելուց, որովհետև խրվել ենք օրվա հացը հայթայթելու հոգսերի մեջ: Ի՞նչ է պետք մարդուն ամենից շատ: Հոգու հանգստություն:

-Համայնքի կենտրոնում Ձեր կառուցած այգին շրջակա գորշության մեջ եվրոպական լավագույն քաղաքներից պոկված մի անկյուն է թվում` հիմնավոր, կոկիկ ու տեղը տեղին: Հոգու հանգստությո՞ւն եք որոնել այս տարածքում:

-Մեր համայնքում չկար այնպիսի մի տարածք, որտեղ մարդիկ կարողանային հավաքվել ու միմյանց հետ շփվել, տարբեր տարիքի մարդիկ` մեծ ու փոքր: Ես ուզում էի, որ նրանք մեր քաղաքի այս անկյունում իրենց լավ զգան` շրջապատված գեղեցիկով, որ հաճելի մթնոլորտում իրար հետ շփվեն, ընտանիքներով ժամանակ անցկացնեն: Ես ուզում էի` համայնքն ավելի համախմբված դառնա: Գիտե՞ք` ինչ եմ նկատել` հայ արհեստավորը ծերանում է: Դարերի մեր պատմությունը վկայում է, որ արհեստավորն է երկիր պահել: 90-ականներին երկրից հեռացողները հիմնականում արհեստավորներն էին, որովհետև վստահ էին, որ իրենց աշխատանքով կկարողանան իրենց ու իրենց ընտանիքները պահել: Կայացած, հմտացած, աշխատունակ արհեստավորները գնացին, ու նրանցից հետո արհեստը շարունակողներ չեղան: Շատ կարևոր պահը կորցրինք, հետո մի քանի արհեստագործական ուսումնարաններ բացվեցին, որ, փաստորեն, ոչինչ էլ չեն սովորեցնում: Ես համոզված եմ, որ արհեստի ուսուցումը պետք է սկսվի հանրակրթական դպրոցից, և պետք է կազմակերպվի որակյալ ուսուցում, մինչդեռ շատ հաճախ աշխատանքի ուսուցման առարկան կամ չի դասավանդվում, կամ դասավանդվում է ձևական: Ամեն դասարանից որ 5-6 երեխա էլ գնա դեպի արհեստ, իր ապագան կապահովի, բնականաբար, ոչ բոլոր երեխաները արհեստավոր կդառնան, բայց տարրական հմտությունները պետք են բոլորին:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին:

-Հարգանքով: Ես համոզված եմ, որ ընտրությունները լինելու են ազատ, արդար ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որ կներկայացվեն իրոք կառուցողական ծրագրեր, կասվեն խոսքեր, որ լիրիկայի ու ռոմանտիկայի ժանրից հեռու լինելով` մոտ են իրական կյանքին, իրական քաղաքականությանը, կոնկրետ մարդուն: Եվ համոզված եմ` ընտրողները հնարավորություն կունենան իրենց ներկայացված ծրագրերից ընտրելու ամենաիրատեսականը, ամենահավատարժանը, և նրանց վստահության քվեն կստանա իսկապես ուժեղ թեկնածուն, ուստի հաջողություն եմ մաղթում իմ մրցակիցներին:

-Հնարավո՞ր է` ինքնաբացարկ հայտարարեք:

-Ես իմ կյանքում երբեք հետքայլ չեմ արել, առավել ևս` այսքան լուրջ հարցում: Առավել ևս, որ հարցը վերաբերում է ոչ այնքան ինձ, որքան մարդկանց, որ հավատացել են ինձ: Ո՞Ւմ եմ բացարկ հայտնելու, ասելու եմ` ես թո՞ւյլ եմ ու չե՞մ կարող իմ խոստումները կատարել: Բոլորովին:

-Եթե ամփոփենք` որո՞նք են Ձեզ վերստին օրենսդրական գործունեության մղող շարժառիթները:

-Արտագաղթի կանխումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, իրական սոցիալական արդարության հաստատումը, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը ամենակարևոր խնդիրներն են, որոնց լուծումն իր անձնական խնդիրը պետք է համարի յուրաքանչյուր ոք, ով այդ հնարավորություններն ունի: Նորանկախ Հայաստանին պետք են այնպիսի ծրագրեր ու այնպիսի քայլեր, որ երկիրը տեղապտույտից պոկեն ու առաջ մղեն: Նեղանձնական, նեղքաղաքական շահերի բավարարման համար նոր ռիսկերի գնալ չի կարելի, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե հետագայում մեր ժառանգներն ինչ են դրա դիմաց վճարելու:

-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:

-Գիտեք` ընտրությունները գալիս-գնում են, կյանքը շարունակվում է: Մայիսի 7-ից առաջ էլ, հետո էլ ես մնալու եմ ես ու ապրելու եմ իմ կյանքը` իմ համայնքում, իմ քաղաքում, իմ երկրում, որի այսօրվա ու վաղվա ճակատագրի համար ինձ համարում եմ պատասխանատու:

Զրույցը`

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ