Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՊՏՈՒՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԵՆ»

«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՊՏՈՒՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԵՆ»
28.06.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման քարտեզին մի քաղաք էլ ավելացավ. ինչո՞վ է Կազանը տարբերվում նախորդ հասցեներից:
-Գլոբալ առումով` ոչնչով։ Եթե կազանյան հանդիպումը համադրենք այլ քաղաքների հանդիպումների հետ, սցենարը գրեթե նույնն է: Լավատեսական հայտարարություններ նախօրեին համանախագահների կողմից, վերջին շանսի շանտաժներ Ադրբեջանի կողմից և այլն։ Բայց ակնհայտ էր, որ Կազանից բեկումնային ակնկալիքներ ունենալ պետք չէր:
-Ինչո՞ւ, երկարատև բանակցությունները կարող էին, չէ՞, միջանկյալ ամփոփում ունենալ:
-Իսկ Դուք մոռացե՞լ եք, որ Ադրբեջանի նախագահը նախօրոք հայտարարել էր, որ հիմնարար սկզբունքներից երկուսը չի ընդունում` ուժի չկիրառման և ազգային ինքնորոշման: Յուրաքանչյուր հանդիպումից հետո Իլհամ Ալիևը վերադառնում է Բաքու և մի պատրվակ գտնում, որ ազդարարի իրենց վիթխարի հնարավորությունների, զինված ուժերի, զինատեսակների և բարի կամքի մասին, որ այդքանից հետո պատերազմ չեն ուզում։ Սա արդեն այնքան ծեծված սցենար է, որ դետալներն անգամ չեն փոխվում: Ազգերի ինքնորոշման իրավունքն Ալիևը հասկանում է շատ ինքնատիպ` ինքնորոշում Ադրբեջանի կազմում ու վերջ: Այդ երկու սկզբունքների նրա մեկնաբանությունը որևէ դրական ակնկալիքի տեղ չի թողնում: Իսկ որևէ փաստաթուղթ չստորագրելու համար տասնյակ պատրվակներ կան:
-Ի հաստատումն Ձեր ասածի` Կազանից Բաքու վերադարձած Ալիևն Ադրբեջանի բանակի 20-ամյակին նվիրված զորահանդեսում վերստին փառաբանեց Ադրբեջանի հզորությունը և հաստատեց, որ հարցի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է տեսնում: Այդ դեժավյուն անիմաստ չի՞ դարձնում բանակցությունները:
-Նույնիսկ անպտուղ բանակցությունները պատերազմից նախընտրելի են: Ի վերջո, միջազգային հանրությունը և աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարներն իրենց պետության ու իրենց անձնական հեղինակությունն են դնում բանակցային սեղանին, երբ հայտարարում են երեք սկզբունքների շրջանակում հարցի լուծման հնարավորության, այդ սկզբունքների հավասարության և միմյանց նկատմամբ գերակայություն չունենալու մասին: Երբ կողմերից մեկը գերակայությունը տալիս է որևէ սկզբունքի, նշանակում է` փորձում է բանակցությունները վիժեցնել: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը վաղուց պիտի հասցեական քաղաքականություն վարեր` հրաժարվելով կողմերի միջև հավասարության նշան դնելուց, եթե արդյունք են ուզում իրականում: Երբ հայտարարում են, թե կողմերն իրենց լեքսիկոնից պիտի հանեն «պատերազմի սպառնալիքները», ժամանակն է` հասկանան, որ այդ դեպքում սպառնալիքները շարունակվելու են: Եթե ուզում են սպառնալիքները կասեցնել, կոնկրետ պիտի ասեն. «Ադրբեջան, դադարեցրու սպառնալիքները», եթե Ադրբեջանն է սպառնում, կամ` «Հայաստան, դադարեցրու սպառնալիքները», եթե Հայաստանն է սպառնում: Ադրբեջանում, ով քնից վաղ է արթնանում, համենայն դեպս, մի անգամ ասում է, որ պատրաստ են Ղարաբաղը պատերազմով գրավելուն: Ալիևն ի լուր աշխարհի հայտարարում է` ես նավթ ունեմ, շատ փող ունեմ, շատ զենք եմ գնել, և միջազգային սկզբունքներն ինձ համար ոչ մի գին չունեն, ինչպես ոչ մի գին ու նշանակություն չունեն ձեր հորդորները: Եվ սա կրկնվում է պարբերաբար: Միջազգային հանրության շրջանում պիտի կարևորվի նաև սեփական արժանապատվության գործոնը:
-ՈՒրեմն, ե՞րբ է այդ ժամանակը գալու, որ հանդիպումներից առաջ երկու նախագահներին զանգահարող Օբաման, ուղերձներով դիմող Սարկոզին, վրա-վրա հանդիպումներ կազմակերպող Մեդվեդևը խոսակցական ժանրից անցնեն կոնկրետ քայլերի ժանրին, ասենք, ճանաչեն ԼՂՀ անկախությունը և Լեռնային Ղարաբաղը վերադարձնեն բանակցային սեղանի շուրջ` ի պատասխան Ադրբեջանի չեմուչումի:
-Ես հավատացած եմ, որ Ադրբեջանի կամակորությունը, միջազգային սկզբունքներն արհամարհելու գործելաոճը ի վերջո հանգեցնելու են միջազգային հանրության դիրքերի կարծրացման և ճնշումների: Աստիճանաբար մենք անցնելու ենք այդ փուլին:
-Իսկ Հայաստանը պատրա՞ստ է այդ փուլին, եթե ճնշումները, այնուամենայնիվ, երկկողմանի լինեն:
-Հայաստանը հիմնարար սկզբունքների վերաբերյալ բազմիցս հայտարարել է, որ դրանք իր երազանքը չեն և ոչ էլ իր ազգային երազի իրականացումն են ապահովելու: Հայաստանի ներսում բավականին քննադատվել են և՛ սկզբունքները, և՛ բանակցային գործընթացը: Իհարկե, լավագույն տարբերակը չէ, բայց եթե հարգում ես միջազգային հանրության ջանքերը, որ անկեղծորեն խաղաղություն են ուզում, պիտի ազնիվ լինես նրանց հանդեպ, ինչը և Հայաստանի Հանրապետությունն անում է: Գիտե՞ք, երբ կարող են միջնորդները վերջ դնել պատերազմի սպառնալիքներին կամ պատերազմի հավանականությանը. երբ ասեն, որ պատերազմի սպառնալիքի կամ սանձազերծման դեպքում կիրառվելու են որոշակի սանկցիաներ: Օրինակ, եթե Ադրբեջանը փորձի ԼՂՀ-ի վրա ռազմական ճնշում գործադրել, ԼՂՀ անկախությունը կճանաչվի գործող սահմաններով: Իրենց իսկ ազդարարած սկզբունքները պաշտպանելիս միջնորդները շատ ավելի կոնկրետ պիտի լինեն:
-ԵԽԽՎ ստրասբուրգյան նստաշրջանում ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղը Եվրոպա է, դա ի՞նչ է նշանակում:
-Դա նշանակում է, որ աշխարհագրորեն Լեռնային Ղարաբաղը գտնվում է Եվրոպայում: Արժեհամակարգով ԼՂՀ-ն ևս Եվրոպա է, ավելի շատ, քան հարևան երկիրը: Հումանիտար խնդիրներով զբաղվող Եվրախորհուրդը իր հումանիտար խնդիրները պիտի լուծի նաև այդ տարածքում, ինչն ավելի արդյունավետ է, քան կոնֆլիկտների լուծումը, որ այլ կազմակերպության գործառույթն է: Այդ տարածքում ապրում են մարդիկ, որ բազում խնդիրներ ունեն հումանիտար ոլորտում, ինչո՞ւ է ԵԽ-ն շրջանցում այդ տարածքը: Երբ հանդիպեցի Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Ջոնսոնի հետ, նույն հարցն առաջադրեցի` ինչո՞ւ չեն հետաքրքրվում կանանց և երեխաների հիմնախնդիրներով, բնապահպանական հարցերով, սննդի ապահովման, ջրային ռեսուրսների օգտագործման հարցերով։ Ի պատասխան նա խոսեց ճանաչման բարդությունների մասին: Ի վերջո, պարզ թվաբանություն է` քանի՞ անկախ պետություն կար 60, 40, 20 տարի առաջ, և քանի անկախ պետություն կլինի 20 տարի հետո... Եվ այսօր անկախության համար պայքարող պետությունները բոլոր իրավունքներն ունեն վաղը հարցնելու, թե ինչու միջազգային կազմակերպություններն իրենց չէին օգնում: ՀՀ նախագահը շատ պարզ, առանց դիվանագիտական բազմիմաստ արտահայտությունների եվրոպացիներին բացատրեց, որ ԼՂՀ-ն եվրոպական տարածք է` եվրոպական արժեհամակարգով, որի հիմքում քրիստոնեական արժեքներն են:
-Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, Հայաստանում` մեկ տարի հետո կլինեն, այս ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում քայլ առաջ կամ քայլ հետ հնարավոր համարո՞ւմ եք:
-Ես կցանկանայի, որ քայլ առաջ լիներ, բայց չեմ հավատում:
-Ինչո՞ւ:
-Թուրքիան ասում է` այո, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, այո, սահմանը կբացվի, եթե, եթե, եթե... Իսկ երբ հնչում է այդ «եթե»-ն, ուրեմն այդ մասին մտածել չարժե: Գնդակը Թուրքիայի դաշտում է, երբ Թուրքիան պատրաստ կլինի կոնկրետ, գործնական քայլերի և կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, մենք կշարունակենք գործընթացը։ Անվերջ խոսելու, բացատրելու-վերաբացատրելու, հաստատել-վերահաստատելու ժամանակն ավարտվել է, կոնկրետ, գործնական քայլեր են պետք:
-Ձեր կարծիքով` իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ինչի՞ շուրջ պետք է լինի և ո՞ր մակարդակում կայանա:
-ՀՀ նախագահի պատասխանից հետո լրացուցիչ մեկնաբանություններն անիմաստ եմ համարում, Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին շատ հստակ պատասխանեց: Իհարկե, գործընթացը շատ դրական է, բայց կարծում եմ, որ մաքսիմալիզմն ամենաարդյունավետ ճանապարհը չէ, հնարավոր չէ ամեն ինչ միանգամից և շատ արագ ստանալ: Եթե տարիների կտրվածքով համեմատեք ՀԱԿ-իշխանություն հարաբերությունները, կարձանագրեք, որ հիմա ստեղծվել է նորմալ ներքաղաքական իրավիճակ` շնորհիվ երկու կողմերի: Առաջին խնդիրն այս վիճակը գնահատելն ու պահպանելն է, պետք է ձեռնպահ մնալ շանտաժի և ուլտիմատումների բառապաշարից, որ շատ լավ գիտենք` ուր է տանում: Ի վերջո, հանգելու ենք ռեսուրսների պայքարի, այն, ինչ եղել է արդեն: Հանգիստ քայլերով, աստիճանաբար պետք է ձեռնամուխ լինենք ավելի քաղաքակիրթ, միմյանց տեսակետները հասկանալու ու գնահատելու մթնոլորտի ձևավորմանը: Իսկ դրա համար տարբեր ձևաչափեր պարտադիր չեն, պետք է անել այն, ինչն այս պահին հնարավոր է: Շախմատը համբերություն ու իմաստություն պահանջող խաղ է, որի բոլոր քայլերը պետք է մանրակրկիտ մշակվեն, բլից շախմատին անցնելիս մեծանում է սխալների հավանականությունը:
-Բանակցությունների գաղափարը ՀԱԿ-ի հետ ՀՀ նախագահը մերժում է, միաժամանակ նշում է բանակցողների հնարավոր հասցեները` ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներ, ի՞նչ պիտի նրանց հետ քննարկվի, եթե իշխանությունը մերժում է ՀԱԿ-ի օրակարգի գլխավոր հարցը:
-Երբ ընդդիմությունը փորձում է երկխոսել իշխանության հետ և առաջարկում է բանակցության ձևաչափը, մոռանում է, որ իշխանությունն արդեն ինստիտուցիոնալ կառույց է, ունի ճյուղեր, որոնց առնչվող խնդիրների շուրջ համագործակցություն է առաջարկել ՀՀ նախագահը: Ինստիտուցիոնալ կառույցի առկայությամբ նոր կառույց ստեղծելու իրավասություն իշխանությունը չունի: Վերպետական, վերիշխանական մարմի՞ն է ստեղծվելու: Սահմանադրությունը տալի՞ս է այդ հնարավորությունը: Խնդրին պետք է ռեալ նայել և ռեալ արդյունքներ ակնկալել` հրաժարվելով մաքսիմալիզմից:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ