«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18.02.2011 | 00:00

«ԱՌԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԿՈՌԵԿՏ ԵՆՔ ԵՂԵԼ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼԻՍ»
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ (ՍԴՀԿ ատենապետ)
-«Հա, բա չէ, բաբոյիդ միանամ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ա գող, որ սաղ թալանեց, 1500 հատ գործարան փակեցին։ Լևոն Տեր-Պետրոսյանն իմ դեմ է պայքարում, ես պայքարում եմ Սերժ Սարգսյանի ու ողջ իշխանության դեմ»,- հայտարարել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս որակումը, տիկին Սարգսյան։
-Կարծում եմ` երկրում այնպիսի իրավիճակ է, երբ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական ուժերը պիտի կարողանան համախմբվել ու խնդիրները չանձնավորել։ ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում դոմինանտ է։ Շուրջ երեք տարի կոնգրեսն ակտիվ պայքարել է այս ռեժիմի դեմ ու շատ անգամ հայտարարություններով, բացահայտումներով կարողացել է կասեցնել իշխանությունների որոշ գործողություններ։ Ասել է` ՀԱԿ-ը կայացած, ինստիտուցիոնալ ուժ է, որը հստակ ծրագիր, նպատակներ ունի, որոնցից երբևէ հետ չի կանգնել, ոչ մի կարգի խաղերի մեջ չի մտել։ Այսօր մոլորեցնել ժողովրդին ու հայտարարել, թե մենք ենք ընդդիմությունը, առնվազն անհարգալից վերաբերմունք է մեր հասարակության գիտակից հատվածի հանդեպ։ Իշխանությունները ժամանակ առ ժամանակ կարողանում են ընդհանուր շահերի շուրջ միավորվել, որպեսզի կարողանան պահպանել իշխանությունը, իսկ իրենց ընդդիմություն համարող ուժերն էլ պիտի հասկանան, որ արդեն կա կայացած ուժ, ի դեմս ՀԱԿ-ի, և ընդհանուր գաղափարների շուրջ պետք է միանալ կոնգրեսին։ Նույնն է, թե մեկն ակադեմիկոս դառնա ու հայտարարի, որ ակադեմիան պետք է գա իրեն միանա։ Ինչ վերաբերում է որակմանը, նախ` հարկ եմ համարում ընդգծել, որ Տեր-Պետրոսյանի շուրթերից երբևէ չեմ լսել անհարգալից արտահայտություն որևէ քաղաքական ուժի ղեկավարի առնչությամբ։ Առայսօր մենք բոլորս կոռեկտ ենք եղել Տիգրան Կարապետյանի մասին արտահայտվելիս, իսկ նրա այդ որակումը ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք։ Այդ դեպքում Տիգրան Կարապետիչը պետք է իրեն հարց տա` ինքն ո՞վ է։ Սա` մեկ։ Իհարկե, չէի ցանկանա անձնավորել կամ վիրավորել, բայց այդ վիրավորանքը բոլորիս է ուղղված։ Եթե Տեր-Պետրոսյանն ինչ-որ հանցանք գործած լիներ այս երկրի, ժողովրդի նկատմամբ, վստահեցնում եմ, հազար անգամ այդ մասին մամուլով արդեն գրված կլիներ։
-Եթե ՀԱԿ-ն եք համարում դոմինանտ ուժ, ուրեմն բոլոր ընդդիմադիր ուժերը պիտի համախմբվեն ՀԱԿ-ի՞ շուրջը։
-Չեմ ասում, որ պետք է անպայման ՀԱԿ մտնեն, որը կարող է լինել լավագույն տարբերակը, բայց միմյանց հետ համագործակցելու, միասին աշխատելու հնարավորություն պիտի կարողանան ստեղծել։ Քանի որ որոշ քաղաքական ուժեր իրենց հռչակում են ընդդիմադիր, բայց այդպիսին լինելու ցանկություն չունեն, ուրեմն հետևություն` ընդամենն ընդդիմադիր են խաղում։ Այսօր քաղաքական դաշտում շատ լավ երևում է` ով ինչ հարցեր է բարձրացնում, ինչի է ձգտում։
-Ոմանք տեսակետ են հայտնում, որ ՀԱԿ-ը մշտապես պնդում է` ով ինձ հետ չէ, իմ դեմ է։ Այդպե՞ս է։
-Այդ կարգախոսն ինձ համար առնվազն զարմանալի է, որովհետև ՀԱԿ-ը երբևէ նման խնդիր չի դրել։ Ընդամենը հայտարարել ենք` ՀԱԿ-ը բաց կառույց է, և բոլոր ուժերը կարող են միավորվել նրա շուրջը, իսկ ով չի ցանկանում, կարող է համագործակցել։ Առայսօր ո՛չ դաշնակցության, ո՛չ «Ժառանգության», առավել ևս Տիգրան Կարապետյանի կողմից նման ցանկություն չի եղել։ Թող միայնակ պայքարեն ու եթե կարող են այս ռեժիմից ազատվել, ուրեմն հաջողություն իրենց։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր պայքարն ու հասնելու ենք արդյունքի։
-Այսօրվա հանրահավաքից ի՞նչ սպասենք։
-Հանրահավաքն աննախադեպ բազմամարդ է լինելու, որովհետև հասարակությունն այլևս չի ցանկանում այսպես ապրել։ Իսկ ժողովրդի ցանկությունը յուրաքանչյուր քաղաքական ուժի համար օրենք է։ Եթե ժողովուրդը ցանկանա պայքարն ակտիվացնել, պատրաստ ենք ժողովրդին ուղղորդելու ու մեծ փորձանքներից զերծ պահելու։
«ՀՐԱԺԵՇՏ ՊԵՏՔ Է ՏԱԼ «ՏՂԱՅԱԿԱՆ» ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ»
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար)
-Նախընտրական շրջանը մեկնարկեց իշխանական և ընդդիմադիր ճամբարներում որոշակիություն մտցնելու հայտով։ Ինչո՞ւ պայքարը ոչ թե իշխանության ու ընդդիմության միջև է, այլ սեփական ճամբարների ներսում։
-Նորմալ է, երբ ընդդիմությունն ու իշխանությունն իրենց ներսում փորձում են որոշ խնդիրներ լուծել։ Ինձ ավելի անհանգստացնում է գաղափարների շուրջ պայքարի բացակայությունը։
-Բոլոր ընդդիմադիրները միավորման կոչեր են հնչեցնում, սակայն ոչ մեկը մյուսի մեկնած ձեռքը չի սեղմում։ Հավակնություննե՞րը թույլ չեն տալիս։
-Որպես «Ժառանգություն» խմբակցության քարտուղար վստահեցնում եմ` մենք միշտ ասել ենք` եկեք միանանք, ոչ թե միացեք մեզ, որն արդեն դառնում է մրցակցություն, թե ում թափն է մեծ։ Այսպիսի մոտեցումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։
-Օրինակ, «Ժառանգությունը» չի միանում ՀԱԿ-ին, ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում։
-Անձամբ ես կարծում եմ` մեկ մարմնի մեջ միավորվելը միշտ թուլացնում է ընդդիմությանը, և ավելի դյուրին է դառնում այդ ուժին հարված հասցնելը, քայքայելը։ Այսպես վարվելով կրկին մենք լիդերապաշտությունն ենք առաջ մղում, իսկ այդ ճանապարհը տանում է դեպի վատ զարգացումներ։ Պիտի կարողանանք գաղափարախոսության հիմնական սյուները նախանշել և դրա շուրջը համագործակցել։
-Ընդդիմության դաշտում գաղափարների բացակայությո՞ւն եք նկատում։
-Այսօր գաղափարների շուրջ չեն միավորվում, անձերի պաշտամունք է Հայաստանում, ինչը լավ բանի չի հանգեցնի։ Սա նաև իշխանական դաշտում է կատարվում։ ՈՒնենալով վարչական ռեսուրսներ, հզոր ԶԼՄ-ներ, եթե իշխանությունը չի կարողանում գաղափարախոսություն ու արժեհամակարգ ստեղծել, դա ավելի ծանր հարված է հասարակությանը, քան ընդդիմության փնտրտուքը։
-Կոալիցիան էլ անորոշության փուլում է։ Այստեղ տրոհումներ կլինե՞ն։
-Նախագահական և խորհրդարանական ընտրություններն են ամեն ինչ խառնել իրար։ Բնականաբար, խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն առանձին, որից հետո կրկին խորհրդարանում կոալիցիա կկազմեն։
-Նախագահական ընտրություններո՞ւմ էլ միասնական թեկնածուով հանդես կգան։
-Պարտադիր չէ։ Բայց խորհրդարանական ընտրություններից հետո մենք կունենանք ավելի պարզ իրավիճակ։ Այսօր խոսել թեկնածուների մասին նույնն է, թե խնդիրներն անձնավորել։ Անգամ առաջին նախագահը, որ քաղաքական մեծ փորձ ունի, ասում է` եթե սա գա, ես չեմ առաջադրվի կամ կառաջադրվեմ և այլն։ Մենք պետք է հրաժեշտ տանք այս «տղայական» մրցակցությանը։
-Այդուհանդերձ, խորհրդարանական ընտրություններից իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը հաղթանակած դուրս կգա։
-Կցանկանամ, որ ժողովուրդը հաղթի։ Դրա համար էլ պետք է ժողովրդի հետ աշխատել, որ նա չխաբվի ցուցադրական բարեգործություններով։ Մեծ մեղք է ցուցադրական բարեգործությունը, սա Աստվածաշնչում է գրված։ Ավելին, 2007-ին հասարակությունն իր ձայնը տվեց այն ընդդիմադիրներին, ովքեր այդ ժամանակ իրենց ընդդիմադիր էին ներկայացնում` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, որոնք հետագայում փոխեցին իրենց դիրքորոշումը։ Չեմ հավատում, որ ամեն ինչ կեղծիքների հաշվին է եղել, որովհետև կա նաև խաբվելու գործոնը։ Ոչ մեկը մեր փոխարեն իրավական երկիր չի կառուցի, պիտի հասկանալ, որ խնդիրները փողոցում չեն լուծվում, այլ սեղանի շուրջը` հրապարակային բանավեճերով։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ