Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«2012-Ի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ»

«2012-Ի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ»
21.02.2012 | 00:00

Կառավարության անդամները փետրվարի 1-ից հանրությանն են ներկայացնում այս տարվա իրենց անելիքները։ Քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ օրերս կայացած ասուլիսի ժամանակ նշեց, թե 2011-ին ճգնաժամը պետական միջոցներով իրականացվող ծրագրերում խնդիրներ չի ստեղծել։ Ճգնաժամի, ինչպես նաև մեկ-երկու այլ հարցերի շուրջ զրուցեցինք նախարարի հետ։

-Եթե անցած տարի խնդիրներ չեն եղել, ապա կոնկրետ կհստակեցնե՞ք, թե ինչ ծրագիր է իրականացվել։ Եվ եթե, ըստ կանխատեսումների, 2012-ին ճգնաժամի երկրորդ ալիքը գլուխ բարձրացնի, կկարողանա՞ք իրականացնել այս տարվա ծրագրերը, ասենք, Դիլիջան քաղաքում։
-Կանխատեսել, թե 2012-ին ճգնաժամի ալիքն ինչ ուժգնության կլինի և ինչպիսի ազդեցություն կունենա պետության վրա, չեմ կարող ասել։ Բոլոր դեպքերում, անհրաժեշտ է աշխատել։ Կարծում եմ, այն նախնական պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել ծրագրերի իրականացման շուրջ, կայուն կլինեն, քանի որ համագործակցությունը կայանալու է ֆինանսապես կայուն կազմակերպությունների և անհատ գործարարների հետ։ Ըստ այդ պայմանավորվածությունների, վերջիններս Հայաստանում իրականացնելու են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, ապա պետք է ընդգծեմ, որ 2011-ին լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին Սյունիքի մարզի Տաթևի զբոսաշրջային կենտրոնում։ Ծրագիրը շարունակական է լինելու, նախատեսված է հյուրանոցային համալիրների, հանգստյան վայրերի կառուցում։ Անցած տարի ձեռք բերեցինք պայմանավորվածություն ներդրողների հետ, և որոշ չափով հաստատվեցին նախագծերը։ Այժմ, որքան թույլ են տալիս եղանակային պայմանները, աշխատանքներն ընթանում են։
-Ֆինանսապես կայուն ներդրողներն օտարերկրյա՞ կազմակերպություններ են։
-Այդ կազմակերպությունների ղեկավարները, սեփականատերերը հիմնականում հայեր են։
-Թեև Դուք ասացիք, որ անցած տարի ճգնաժամը բացասական ազդեցություն չի թողել ոլորտի վրա, այնուհանդերձ, որքան ես եմ տեղյակ, բնակշինարարության ոլորտում լուրջ խնդիրներ, եղել են։ Ի վերջո, համաձայնեք, որ անտրամաբանական է, երբ աշխարհում ճգնաժամ է, և դա ազդեցություն չի ունենում մեր երկրի շինարարության ոլորտի վրա։
-Բնակշինարարության ոլորտում խնդիրներ եղել են, սակայն, եթե հիշում եք, 2010-ին և 2011-ին կառավարությունը հնարավոր ամեն բան արեց դժվարությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, շինարարական կազմակերպություններին արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրվեցին, որպեսզի կարողանան ավարտին հասցնել աշխատանքները և ժամանակին շահագործման հանձնել կիսակառույցները, ինչն իրականացվել է։ Ցավոք, բնակչության ցածր գնողունականության պատճառով բնակարանները դեռևս ամբողջությամբ չեն իրացվել։ Այժմ միջոցառումներ են իրականացվում, մասնավորապես, բնակչությանն արտոնյալ հիպոթեքային վարկեր տրամադրելու ուղղությամբ։ Կարծում եմ, այդ ծրագիրը լիարժեք կյանքի կոչելուց հետո բնակարանների իրացվելիության հարցը ևս կլուծվի։
-Ասուլիսում նշեցիք, որ հանրապետությունում առկա վթարային շենքերի ամրացման ծրագրով նախատեսվում է վերջին հարկերի վրա նորագույն տեխնոլոգիաներով հարկ կառուցելու միջոցով ամրացնել շենքը և դարձնել ավելի սեյսմակայուն։ Ընդգծեցիք նաև, որ ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում։ Դա նշանակում է, որ մասնավորն իրավունք է ունենալու նորակառույց հարկն իրացնելու։ Այդ դեպքում վերին հարկի բնակիչների իրավունքները չե՞ն խախտվում։
-Նման խնդիրներից խուսափելու համար այժմ հարցը քննարկվում է։ Մենք ունենք օրենս-դրական բաց, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում։ Համոզված եմ, որ քննարկումները թույլ կտան ի հայտ բերել ոչ միայն Ձեր նշած խնդիրը, այլև այլ հարցեր, որոնց լուծումները նույնպես ակնկալում ենք ստանալ քննարկումների արդյունքում։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք, որ չոտնահարվեն վերջին հարկի բնակիչների իրավունքները։ Սակայն պետք է հաշվի առնենք նաև ամբողջ շենքի բնակիչների անվտանգության ապահովման իրավունքը, քանի որ մեկ-երկու բնակչի շահը չի կարող գերակա լինել։ Մեզ համար առաջնայինը շենքերի ամրացման, սեյսմակայունության խնդրի լուծումն է։
-Շինարարության ոլորտում մի լուրջ խնդիր է առաջացել, որն այդպես էլ լուծում չի ստանում. շինարարական մրցույթների ժամանակ նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը, որը ներկայացնում է էժան նախահաշիվ, ինչն էլ ձևավորվում է էժան շինարարական նյութերի և աշխատուժի հաշվին, մինչդեռ պետությունը կարևորում է որակյալ շինարարության ապահովումը։ Չէ՞ որ հնարավոր չէ էժան նյութերով և ցածր աշխատավարձով ապահովել այդ պահանջը։ Ինչո՞ւ որպես ոլորտի պատասխանատու, շեշտակի քայլեր չեք ձեռնարկում այս ուղղությամբ։
-Ինչ խոսք, էժան նյութերից բացի, աշխատողների ցածր վճարների դեպքում դժվար կլինի շինարարից պահանջել աշխատանքի բարձր որակ։ Եթե մենք շարունակենք առաջնորդվել էժան աշխատուժի և նյութերի կիրառման սկզբունքով, ապա հետագայում լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ։ Այդ խնդիրն ուսումնասիրելու և վերանայելու առաջարկով դիմել ենք կառավարությանը։ Անցած տարեվերջին գործադիրը պահուստային ֆոնդից գումար հատկացրեց այդ ուղղությամբ աշխատանքների ուսումնասիրության համար։ Հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթած կազմակերպությունն արդեն սկսել է աշխատանքները` համագործակցելով քաղաքաշինության նախարարության, շինարարների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Պարբերաբար քննարկումներ են իրականացվում։ ՈՒսումնասիրվել է ոչ միայն ՌԴ-ի, այլև եվրոպական զարգացած երկրների փորձը։ Նախարարության այս տարվա աշխատանքային պլանում նախատեսված է տեղում ուսումնասիրել Ղազախստանի փորձը, քանի որ այդ երկրում բավականին հետաքրքիր մեթոդներ են կիրառվում։ Եթե դրանք գործնականում հնարավոր լինի կիրառել նաև մեր երկրում, ապա նոր առաջարկով հանդես կգանք կառավարությունում` այդ փորձը ևս աշխատանքներում ընդգրկելու համար։
-Պետական միջոցների հաշվին այժմ Ախուր-յան համայնքում փորձնական ծրագիր է իրականացվում` կառուցվում է քիչ էներգածախսատար երկու բազմաբնակարան շենք։ Ի՞նչ է սա ենթադրում։
-Նախ ասեմ, որ, ըստ նախատեսվածի, երկու բազմաբնակարան շենք այս տարի պետք է շահագործման հանձնվի։ Եթե արդյունքները դրական լինեն, այդ նոր տեխնոլոգիաները կկիրառվեն նաև պետական միջոցներով հանրապետությունում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցման ժամանակ։ Ի՞նչ է այն ենթադրում. նոր տեխնոլոգիաները բնակչին հնարավորություն են տալիս ավելի քիչ էլեկտրաէներգիա և գազ սպառել, այսինքն, կմեղմվեն կոմունալ ծախսերը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ