«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՏ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ»

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՏ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ»
01.10.2010 | 00:00

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Աշխարհաքաղաքական նոր իրողությունների, առավելապես ԱՄՆ-ԵՄ` մի կողմից, Թուրքիա` մյուս կողմից, լարվածության սրման, Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումների, Ադրբեջանի` իրեն հիմնական կազմի խաղացող երևակայելու, Ռուսաստանի, Իրանի գործոնի վերաիմաստավորման պայմաններում քաղաքական վերլուծաբան, փորձագետ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ վերջին շրջանի հրապարակումները, նայած մեկնության, ոմանք կարող են անիրական, ոմանք ոգևորիչ համարել։ Դրանցում, ինչպես ասում են, կարմիր թելի պես անցնում են հարավկովկասյան թնջուկի հանգուցալուծման, մասնավորապես ղարաբաղյան խնդրի լուծման, հայ-ադրբեջանական հակամարտության, հայ-վրացական, հայ-թուրքական բաց հարցերի կարգավորման նոր, կարելի է ասել, արմատական մոտեցումներ։ Այս հանգամանքի առաջ բերած հետաքրքրություններն են հենց հիմք դարձել փորձագետի հետ հարցազրույցի, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
-Ըստ Ձեզ, կարելի՞ է համեմատել ղարաբաղյան խնդրի հետ կապված ներկա իրավիճակը պատերազմական հաղթանակներին հաջորդած իրադրության հետ։
-Ճիշտ չէր լինի համարել, թե 1994-ի մայիսին հայկական զինված ուժերն ինչ-որ փայլուն հաղթանակ են տարել։ Հայոց բանակը կարողացավ վստահորեն խափանել պատերազմում բեկում մտցնելու Ադրբեջանի փորձերը, նրան ընդունելի արդյունքների հույսեր չթողեց, երբ կարող էր վերահսկողություն հաստատվել Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ, հայկական կողմի վճռական հաղթանակի մասին խոսելը կլիներ չափազանցված ու անհիմն։ ԼՂՀ-ի բանակը չկարողացավ վերադարձնել Շահումյանի շրջանն ու Դաշտային Ղարաբաղի տարածքները, կորցրեց վերահսկողությունը Հորադիզի կարևոր ելուստի նկատմամբ։ Բայց անգամ այս ամենով հանդերձ չի կարելի ասել, թե պատերազմական գործողությունները հաղթական ավարտի հասցնելու համար անհրաժեշտ ռազմական գերակշռության մասին խոսելն անընդունելի է։ Հայկական զինված ուժերի առջև երևի երբեք ադրբեջանական զինված ուժերը գլխովին ոչնչացնելու և Կուր գետի առափնյա ռազմավարական տարածքներին տիրանալու խնդիր դրված չի եղել, ինչը հնարավորություն կտար միանգամայն այլ արդյունքների հասնել քաղաքականության մեջ։ Ադրբեջանն օրհասական վիճակում էր, և Հայաստանի ղեկավարությունն ու հրամանատարությունը դրանից չօգտվեցին։ Հայաստանը ղեկավարում էին անփորձ քաղաքական գործիչներ, իսկ բանակի հրամանատարությունը պատահական, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին էր։ Ներկա իրավիճակը մեծ մասամբ դրա հետևանքն է, բայց, իհարկե, հետագա գործընթացներն ավելի մեծ չափով կանխորոշեցին ստեղծված իրավիճակը։ Վերջին գրեթե մեկուկես տասնամյակում Հայաստանը վարում է անարդյունավետ արտաքին քաղաքականություն, որը պաշտպանություն է գտնում իշխանական և ընդդիմադիր քաղաքական գործիչների ու քաղաքական խմբերի մեծ մասի կողմից, ինչը սոցիալական խոր ճգնաժամով է պայմանավորված։
-Ինչո՞վ է արտահայտվում արտաքին քաղաքականության անարդյունավետությունը, որո՞նք են այն պատճառներն ու հանգամանքները, որոնք կանխորոշել են արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը ղարաբաղյան խնդրի առնչությամբ, ի՞նչ կարելի է ակնկալել մոտ ժամանակներս։
-Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործոնն այն է, որ այն միշտ ուղղված է եղել քաղաքական ղեկավարության և նրա շրջապատի շահերի ու անվտանգության ապահովմանը։ Դա ավանդույթ է դարձել մեր երկրի համար, որին միշտ ուզում են վնասել խորագիտության և քաղաքական չափավորության պատճառով։ Ղարաբաղյան հարցում Հայաստանն սպասողական դիրք է գրավել` նախընտրելով նրբորեն պատասխանել արտաքին մարտահրավերներին, ոչ մի լուրջ ջանք չգործադրելով միջազգային ասպարեզում այս կամ այն խնդիրն առաջ տանելու ուղղությամբ։ Հայաստանի գործունեությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ լիովին պայմանավորված է եղել բացառապես ինչ-որ վտանգներով` քաղաքական իրադրության և քաղաքական ղեկավարների վարկի նկատմամբ։ Հայաստանը հրաժարվել է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման, աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացների մեջ նրա ներգրավման նախաձեռնություններից։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հենց սկզբից էլ տրամադրված չի եղել և նպատակ չի ունեցել հասնելու ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ Այդ խնդիրների առնչությամբ արված ամեն կարգի հայտարարությունները եղել են դատարկ ու ամբոխավարական խոսակցություններ` միտված ներքին լսարանի բավարարմանը, որը սկսել է հստակորեն հասկանալ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նման նպատակ չունի։ Այս առումով Հայաստանի քաղաքական ղեկավարությունը լիովին ընկրկել է արտաքին պահանջների առջև, որոնք առաջադրելիս ակնարկներ են արվել, որ «խելոք մնալու» դեպքում այդ վարքագիծը «կգրանցվի» նրանց ակտիվում։ Քաղաքական երկխոսությունից հանվել են ԼՂՀ-ի կորցրած տարածքների, փախստականների ու Ադրբեջանի ագրեսիվ գործունեության խնդիրների հետ կապված քաղաքական և հումանիտար բնույթի հնարավոր բոլոր հիմնավորումները։ Հայաստանն արտաքին ուժերին թույլ է տվել ղարաբաղյան թեման, որպես կարևորագույն առավելություն, վերածել հայ ժողովրդի ազդեցության և իրավունքների ճնշման գործոնի։ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների մեջ մտավ ամենևին չհասկանալով ու հաշվի չառնելով այդ նախագծի հեղինակների իրական նպատակները, չկարողացավ հաշվարկել անգամ «երկրորդ քայլը», երբ Թուրքիային թույլ տվեց դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման իրական մասնակից, և այդ հարցն օգտագործել իր շահերի օգտին։ Հայաստանը, ունենալով ժամանակի պաշար և պաշտպանական ինքնաբավության ապահովման բազում ուղղություններ, հայտնվել է մի վիճակում, երբ սեփական պաշտպանունակությունը նենգափոխվել է Ռուսաստանի հետ ոչ այնքան հասկանալի հարաբերություններով։ Հասկանալով Ադրբեջանի մարտավարությունը` Հայաստանը վերածելու պաշարված ամրոցի, Հայաստանի ղեկավարությունն այդպես էլ համարձակություն չունեցավ հասցնելու համարժեք կանխիչ հարված, ինչն Ադրբեջանին կստիպեր նոր պատկերացում կազմելու լիամասշտաբ պատերազմի հնարավոր հետևանքների մասին։ Փաստորեն, Ադրբեջանը խախտել է նախկին պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ, և սկսել դանդաղընթաց պատերազմ, նպատակ ունենալով Հայաստանին հարկադրել զիջումների, ինչը, անտարակույս, նրան հնարավորություն կտար դուրս գալու բանակցություններից ու կարգավորման գործընթացից։
-Ինչպիսի՞ն է կարգավորման նշանակությունը միջազգային ընկերակցության համար, և ի՞նչ բովանդակություն ունեն տեղի ունեցող բանակցությունները։
-Աշխարհում շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել հայկական շահերի առնչությամբ` ինչպես ղարաբաղյան թեմայով, այնպես էլ այլ շոշափելի հարցերում։ Ակնհայտ է, որ ուժի առաջատար կենտրոնները, ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը, Իրանը և այլ պետություններ աջակցում են ու կաջակցեն Հայաստանին, որը հանվել է համաշխարհային քաղաքականության «ռեզերվից» և դարձել Թուրքիայի «զավթողամտության» զսպման կարևոր գործոն։ Թուրքական քաղաքականությունը դառնում է Արևմուտքի ու Արևելքի առաջատար պետությունների քաղաքական ռազմավարությունների զարգացման աննպաստ պայմաններից մեկը։ Թուրքիան հայտնվել է համաշխարհային ու տարածաշրջանային մեկուսացման մեջ ու շրջափակվել, և դա արվել է, առնվազն, ամերիկացիների ու եվրոպացիների փոխհամաձայնությամբ, այդ քաղաքականության հանդեպ Իրանի ու արաբական առաջատար պետությունների դրական վերաբերմունքով հանդերձ։ Հայաստանը տանում են քաղաքական խոչուխութերով` ապահովելով նրա կենսագործունեությունը, նրանից սպասելով ավելի արդյունավետ պետական գործառություն։ Ադրբեջանին հնարավորություն են ընձեռում ցուցադրելու իր «եզակի անկախությունը», իրականում նրան վերածելով «նավթի տակառի», որն ամեն անգամ Բաքվի ղեկավարության հոգեխանգարմունքի նոպայի ժամանակ մոտեցնում են մեծ պատերազմի իրողությանը, ուր նա շատ ավելին կկորցնի, քան տարածքներ։ Այն բանի ըմբռնումը, որ Ադրբեջանն իր այսօրվա նկարագրով և ճանաչված տարածքների շրջանակներում չի կարող բավականաչափ երկար գոյատևել, աղերս ունի ոչ միայն տարածաշրջանային որոշակի ծրագրերի, այլև սահմանների վերաձևման և ազդեցության ոլորտների փոփոխման ընդհանուր դոկտրինի հետ։ Մի շարք առաջատար պետություններ սկսել են է՛լ ավելի ակնհայտորեն հասկանալ, որ Ադրբեջանի հետ երկարաժամկետ ծրագրեր կապելը խոր մոլորություն կլինի։ Այդ ժողովրդին վիճակված է կորցնել ոչ միայն պետականությունը, այլև հայրենիքն ու ցրիվ գալ Եվրասիայի վիթխարատարած լայնություններում, դատապարտվելով ուծացման, մի շարք ենթազգերի առաջացման` թուրքախոս պոլովեցների նման։ Ադրբեջանը պիտի ընտրություն կատարի` կամ հաշտվի այնպիսի երկրի դրության հետ, որը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տարածքային հավակնություններ և համաձայն է ավելի մեծ տարածքների կորստյան, կամ դառնա Թուրքիայի արբանյակ և ոչնչանա բախումներում, որ սպասվում են թուրքական վերնախավի հրահրած ամեն կարգի մեծապետական նկրտումների հետևանքով։ Դրա հետ մեկտեղ, հայկական ռեսուրսը հենց նրա համար էլ ռեսուրս է, որ օգտագործվի, ընդ որում, ոչ մի կասկած չկա, որ եթե հայ ազգը վճռական նախաձեռնություններ չունենա տարածաշրջանային աշխարհաքաղաքական նախագծերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ, ապա Հայաստանը ոչ միշտ կհամարվի քաղաքական գործոն։ Այլ կերպ չի կարող լինել, այլ կերպ չի լինում քաղաքական պատմության մեջ։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ «մեծ եռյակի» հայտնի հայտարարությունը միայն քարոզչական քայլ չէ, որն ընդհանուր ոչինչ չունի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ինչպես նաև նրանց ծիրում գտնվող պետությունների իրական ծրագրերի ու մտադրությունների հետ։ Այդ հայտարարությունը կարող էր միանգամայն ուրիշ լինել և ոչ մի հույս չտալ Ադրբեջանին, անգամ սին հույս, եթե Հայաստանն այլ քաղաքական ոճ հետապնդեր և ավելի բովանդակային քաղաքականություն վարեր։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու պաշտոնական մեկնաբանները բազմիցս հայտարարել են, որ նրա համար ընդունելի չէ ղարաբաղյան խնդրի լուծման որևէ տարբերակ, եթե ԼՂՀ-ն չի ճանաչվում անկախ պետություն, չեն ապահովվում ցամաքային կապ Հայաստանի հետ և անվտանգության միջազգային երաշխիքներ։ Սա են միշտ վկայակոչում վարձու փորձագետներն ու քաղաքական գործիչները, որոնք պնդում են, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ մշակված մադրիդյան սկզբունքները պարունակում են Հայաստանի այս մտադրություններն ու պայմանները։ Պետք է ասել, որ ԼՂՀ-ի գոյության այդ շատ սահմանափակ ձևաչափը, որ ենթադրում է հայկական ղեկավարությունը, ամենևին էլ չի երաշխավորում ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի անվտանգությունը։ Բայց անգամ այդ ձևաչափն է լիովին բացակայում և չի նախատեսվում ո՛չ մադրիդյան սկզբունքներում, ո՛չ հայտնի վարկածներից որևէ մեկում։ Պատահական չէ, որ բանակցությունների հենց սկզբից, դեռ մինչև մադրիդյան սկզբունքների մշակումը, հայկական ղեկավարությունն ավելի մեծ չափով, քան ադրբեջանականը, հակված էր բանակցությունների փակ բնույթին, ինչը ոչնչով հիմնավորված չէր ո՛չ բանակցությունների հաջողության, ո՛չ ազգային շահերի տեսակետից։
-Որքանո՞վ է հիմնավորված պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։
-Պատերազմական գործողությունների վերսկսումն այնպիսի ընկալմամբ, ինչպիսին պատկերվում է ծավալված քաղաքական բանավեճում, հնարավոր է միայն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև միանգամայն որոշակի պայմանավորվածության միջոցով, ինչը ներկայումս լինել չի կարող։ Թուրքիան կարող է շահագրգռված լինել ղարաբաղյան երկրորդ պատերազմով, եթե խիստ մեկուսացված ու շրջափակված լինի և հարկ լինի ցուցադրել իր դերը տարածաշրջանում։ Այլ բան է, որ Ադրբեջանն ընտրել է ռազմաճակատի գծում մանր դիվերսիաների ու սադրանքների շատ հարմար մարտավարությունը, ինչը վաղ թե ուշ կհանգեցնի պատերազմի, բայց արդեն Հայաստանի նախաձեռնությամբ, որի համար անընդունելի կդառնա նման իրադրությունը։ Ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանը կշարունակի այդ մարտավարությունը, հույսը դնելով Հայաստանի համբերատարության վրա։ Եթե Հայաստանը համոզվի, որ պատերազմն իր համար վատթարագույնը չէ, հույսեր կան ոչ միայն խնդրի լուծման, այլև հաղթանակի, հակառակորդի ջախջախիչ պարտության։ Պատերազմական գործողությունների վերսկսման առումով կանխորոշվածություն չկա, երբ երկու երկրների քաղաքական ղեկավարները, ժողովուրդներից աղետալիորեն կտրված, որոշումներ են ընդունում առանց ազգային շահերը հաշվի առնելու։ Կհաղթի ո՛չ նա, ով լավ է պատրաստված պատերազմի, տվյալ դեպքում սա ամենակարևոր գործոնը չէ, այլ նա, ով կսկսի պատերազմը։ Բացի այդ, կարող է լինել պատերազմի երկու վարկած. երբ Թուրքիան շահագրգռված է, երբ Թուրքիան շահագրգռված չէ։ Հայաստանի զինվորական հրամանատարությունն անվիճելի վաստակ ունի, բայց ժամանակն է, որ նա զիջի տեղը։ Սա սկսել են հասկանալ արդեն ոչ թե շատերը, այլ բոլորը։ Այն պնդումը, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է հրաժարական տա, ինքնըստինքյան վերացական ու սքողման հայտարարություն է։ Պետք է ավելի կոնկրետ լինել որոշումներ ընդունելիս և պահանջել` Հայաստանի զինվորական ղեկավարությունը պետք է հրաժարական տա։ Եկել է այլ մարդկանց ժամանակը։ Մի՞թե ուրիշ մարդիկ չկան։
-Մեզ համար ո՞րն է այս վիճակից դուրս գալու ելքը։
-Հայաստանի ղեկավարությունը զարմանալի հետևողականությամբ պայքարում է ամեն տեսակի նախաձեռնությունների դեմ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հայկական սփյուռքում։ Ցանկությունը, որ հայ ժողովուրդը իրական այլընտրանք չունենա, ղեկավարության համար ասես նպատակ լինի։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է դարձել, որ Հայաստանի առջև ավելի բարդ խնդիրներ են ծառացած, քան հայ ղեկավարները կարող են պատկերացնել։ Հայաստանի առջև խնդիր է ծառացել դառնալու ոչ շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության սուբյեկտ և ուժի համաշխարհային կենտրոնների առանցքային գործընկեր։ Այս ամենը հնարավոր է, եթե «հայ ցանցային կառույցը», որն իր հնարավորություններով արդեն հիմա ավելի ուժեղ է, քան առանձին պետություններ, վերակազմավորվի։ «Հայ ցանցային կառույցը» թիրախ է դարձել մի շարք խոշոր պետությունների համար, որոնք խնդիր են դնում չեզոքացնելու նրան կամ դարձնելու գործընկեր։ Մի շարք պետությունների հետախուզական ծառայություններում բարձրաստիճան շատ աշխատակիցներ կորցրել են ծառայողական հեռանկարը և խոստովանել են, որ «հայկական ուղղությամբ» կրած անհաջողության պատճառով իրենք լիովին ձախողել են աշխատանքը։ «Հայ ցանցային կառույցը» ոչնչացնելը կամ կլանելը հեշտ չէ, գրեթե անհնար է, բայց, ցավոք, բուն հայ իրականությունը դեռևս ձեռնամուխ չի եղել կոնկրետ կառույցների վերակազմավորմանը։ ՈՒստի կորսվում է պատմականորեն թանկ ժամանակը, չկա նոր խնդիրների ըմբռնում։ Բայց կան շատ լուրջ նախադրյալներ, որ նոր կառույցները, որոնք ակտիվորեն ստեղծվում են, ավելի լայն և արդյունավետ գործունեություն կսկսեն։
Հարցազրույցը` Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ