Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Երբ մենք «պոստի» վրա ենք, մեր լուռ ներկայությունն էլ զգաստացնող է»

«Երբ մենք «պոստի» վրա ենք, մեր  լուռ ներկայությունն էլ զգաստացնող է»
04.05.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-ԵԽԽՎ այս նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը մենակ էիք ներկայացնում, ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Բնականաբար, խորհրդարանական ընտրություններով: «Մարտադաշտում մեկն էլ զինվոր է», իշխանությունը պատասխանատու է ամեն ինչի համար, երբ մյուսները կարող են իրենց ազատ քաղաքացի զգալ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ քննարկելով իրավիճակը` եկանք այն եզրակացության, որ կարող ենք «աշխատանքի բաժանում» անել:

-Ի՞նչ հարցեր էին այս անգամ քննարկվում, որ կարող էին առնչվել Հայաստանին:

-Որպես կանոն, փորձը ցույց է տալիս, որ երբ մենք «պոստի» վրա ենք, մեր լուռ ներկայությունն էլ զգաստացնող է, և մեր «ոխերիմ բարեկամները», որ բավականին շատ են, իրենց զսպաշապիկված են պահում: Այս նստաշրջանում ուղղակիորեն Հայաստանին առնչվող խնդիր չունեինք, բայց այլ երկրի և այլ երևույթի վերաբերող յուրաքանչյուր հարցադրման շուրջ կարող էր արծարծվել նաև Հայաստանի խնդիրը:

-Նստաշրջանից առաջ ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցով քննարկում կարող է լինել, արվե՞ց նման փորձ:

-Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթով իր դժգոհությունն արտահայտեց նախորդ նստաշրջանի վերջում բյուրոյի ընդունած որոշման առիթով, երբ քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրով հանձնաժողովի աշխատանքների հարցը, և պիտի որոշվեր` երկարաձգվո՞ւմ է ևս մեկ ժամկետով, թե՞ դադարեցվում է գործունեությունը: ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի պաշտոնավարության օրոք ազերի և թուրք պատգամավորները զգալի ջանքեր էին ներդրել ժամանակավոր հանձնաժողովը վերակենդանացնելու համար, ևս մեկ ժամկետով նրա գործունեությունը երկարաձգելը Չավուշօղլու «հոգու պարտքն» էր դարձել: Բնականաբար, շահագրգռված էր նաև չաշխատած հանձնաժողովի նախագահը, որն իր զեկույցում խնդրում էր բյուրոյից ևս մեկ ժամկետ: Մեր պատվիրակության անդամները նախկինում քանիցս անդրադարձել են այն փաստին, որ բավականին կոշտ ճնշման ներքո վեհաժողովի բյուրոն ականջալուր չեղավ մեր պատվիրակության միասնական կարծիքին, որ գրավոր ու բանավոր ներկայացվել էր` այդ հանձնաժողովի աշխատանքներին մեր չմասնակցելու, հարաբերությունների բարելավմանը, առաջադրված խնդիրների լուծմանը չնպաստող լինելու, իրավիճակը սրելու ու թշնամանք, փոխադարձ ատելություն բորբոքելու նոր հարթակ չդարձնելու համար: Մեր հայտարարությունը մերկապարանոց չէր, այլ հիմնավորված ու պատճառաբանված վերլուծությունն էր այդ հանձնաժողովի գոյության պատմության: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, պատվիրակության անդամների ջանքերի շնորհիվ, նաև իմ մասնակցությամբ բյուրոյի նիստում, շատ մարտական քննարկումից հետո, հունվարյան նստաշրջանում բյուրոն չերկարացրեց հանձնաժողովի գործունեությունը, և դա թուրք-ազերական տանդեմի փոքրիկ պարտությունն էր: Այս նստաշրջանի առաջին օրը Սամեդ Սեիդովի ելույթը հենց դրան էր ուղղված, գործնականում նա սգում էր, որ երկու տարվա ջանքերը ջուրն ընկան: ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինիոնը հայտարարել էր, որ կձեռնարկի երկու պատվիրակությունների քաղաքական խորհրդատվություններ, որպեսզի վեհաժողովը կարողանա գտնել այն ձևաչափը, որով կարող է օգտակար լինել: Փաստորեն, դա ժամանակավոր հանձնաժողովի ոդիսականի ավարտն էր: Ազերի պատգամավորները, բնականաբար, իրենց ոճի ու որակի մեջ էին` յուրաքանչյուր առիթ, պատճառ, պատրվակ օգտագործել իրենց պարտականությունը կատարելու, ևս մեկ անգամ մեկ միլիոնի և 20 տոկոսի ռեֆրենը հնչեցնելու համար:

-Այդ ռեֆրենը նորի՞ց հնչեցվեց:

-Իհարկե, ԵԽ նախարարների խորհրդի նախագահող երկրի` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարից երկու ազերի պատգամավորներ փորձեցին ճշտել, թե ԵԽ-ն և նախարարների կոմիտեն ինչպե՞ս են վերաբերվում «հայ-ադրբեջանական» հարցին (Ադրբեջանում, որպես կանոն, Լեռնային Ղարաբաղի հարցը նույնացվում է հայ-ադրբեջանական հարցին), և Մեծ Բրիտանիայի նախարարն անգլիական շիտակությամբ նրանց ուղարկեց Մինսկի խմբի հասցեով, ասելով, որ դա ԵԱՀԿ ՄԽ իրավասությունն է: Եվ` որ ադրբեջանական ու հայկական կողմերը ԵԽ-ին անդամակցելիս ստանձնել են հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն, ուստի Նախարարների կոմիտեն համարում է, որ որևէ կողմը չպետք է կատարի խաղաղ կարգավորմանը վնասող քայլեր: Թեև պատասխանը հասցեագրված էր երկու կողմերին, բայց որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե խաղաղ գործընթացը վտանգողը որ երկիրն է:

-Մեր «ոխերիմ բարեկամները» այդքանով բավարարվեցի՞ն, թե՞ նոր սողանցքեր որոնեցին:

-Մի խնդիր էլ կար` Հյուսիսային Կովկասում ներքին տեղահանվածների վերաբերյալ զեկույցը: Թեև խնդիրը Հյուսիսային Կովկասին էր վերաբերում, ազերի մեր գործընկերներն այն «հասցրին» Հարավային Կովկաս` իրենց փախստականներով ու ներքին տեղահանվածներով: Անմիջապես նրանցից հետո ելույթ ունենալով` ստիպված էի շեղվել բուն նյութից և պատասխանել, որ Ադրբեջանը բոլոր հնարավորությունները շատ վաղուց ուներ լուծելու ներքին տեղահանվածների ու փախստականների հարցը: Ես մեջբերեցի ՄԱԿ-ի փորձագետների վերլուծությունը, որ նաև ԵԽ զեկույցներում է ներառվել. Հայաստանի միակողմանի կատարած փոխհատուցումը և հայերի մազապուրծ փախուստից հետո մնացած բնակֆոնդը լիովին բավական էր, որ ներքին տեղահանվածների ու փախստականների խնդիրները լուծվեին, բայց Ադրբեջանը տարիներ շարունակ ամբողջ աշխարհին հրամցնում է վատաճաշակ շոու վրանային ավանների և այնտեղ ահավոր պայմաններում ծվարած մարդկանց մասին, գործնականում այդքան մարդկանց պահելով տարրական կենցաղային պայմաններից զուրկ վիճակում` իշխանությունների քաղաքական ու մերկանտիլ շահերի դրդումով: Ադրբեջանն այսօր բավականին հարուստ բյուջե ունի, տարեցտարի կրկնապատկում է ռազմական ծախսերը, անգամ վարկավորում է որոշ ռեժիմների, բայց շարունակում է լացուկոծն ու մարդասիրական կազմակերպություններից մեծածավալ օգնություններ է ստանում, թեև տրամաբանականը մարդասիրական ծրագրերի դադարեցումն է` ելնելով այն փաստից, որ Ադրբեջանը ռազմական վտանգ է ներկայացնում և միակն է ԵԽ-ում, որ իր ռազմական դոկտրինի մեջ արձանագրել է, թե իր ընտրած ուղին հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելն է:

-Ձեր խոսքը պատասխան էր ադրբեջանցիների՞ն, թե՞ հարց եվրոպացիներին:

-Փաստացի` երկուսն էլ, քանի դեռ գործում են տխրահռչակ երկակի ստանդարտները: Ադրբեջանական լոբբիզմը, իսկ լոբբիզմի անվան տակ արդեն ամբողջ աշխարհը հասկանում է կաշառատվությունը, այնքան մեծ չափերի է հասել, որ ԵԽ-ում էլ կան լոբբիզմի ենթականեր, և նրանք նույն հարցի դեպքում «պատվիրված» վերաբերմունք են դրսևորում տարբեր երկրների հանդեպ:

-Դուք Ստրասբուրգում էիք ապրիլի 24-ին, որևէ անդրադարձ եղա՞վ հայոց ցեղասպանությանը:

-Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը և առաջադեմ հանրությունը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների զոհերի հիշատակին: Մենք փորձեցինք ԵԽԽՎ կանոնակարգի ռեֆորմով հաստատված ազատ դեբատի ժամանակ հայտարարություն հնչեցնել օրվա խորհրդի վերաբերյալ, ու թեև 11-րդն էի հերթագրվել, բայց ընթացակարգերի բերումով իմ ելույթը հայտնվել էր 21-րդը, և մեկ ժամվա մեջ չտեղավորվեց: Մենք գրավոր հայտարարություն արեցինք, որը տեղադրեցինք ԽՎ քննարկվող փաստաթղթերի մեջ և տարածեցինք, ելույթն ընդգրկվեց նաև ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրությունում:

-Ստրասբուրգում կա՞ հայ համայնք:

-Ստրասբուրգում կան որոշակի թվով հայեր, որոնք այդ օրը կազմակերպել էին սգո արարողություն, ծաղիկներ դրվեցին Հանրապետության հրապարակում գտնվող հուշարձանին: Արարողությանը մասնակցում էին ոչ միայն հայեր, այլև հույներ, քրդեր, ռուսներ, մեծ թվով ֆրանսիացիներ, Ստրասբուրգի քաղաքապետն ու պրեֆեկտուրայի ներկայացուցիչներ, որոնք նույնպես ելույթներ ունեցան, երեկոյան պատարագ մատուցվեց, որին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների հոգևորականներ:

-Իբրև ԵԽԽՎ պատգամավոր` ունեցա՞ք այլ ելույթներ:

-Մասնակցել եմ միգրացիայի և փախստականների, տնտեսական, սոցիալական և առողջապահական հարցերի հանձնաժողովների նիստերին, ԵԽԽՎ-ում մեր ներկայացուցչության աշխատակիցների հետ աշխատանքների բաժանում էինք կատարել, որպեսզի բոլոր հանձնաժողովների աշխատանքների ընթացքին հետևենք և քննարկվող զեկույցներին տեղյակ լինենք: Զեկուցող եմ ընտրվել տնտեսական, սոցիալական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված բավականին բարդ զեկույցի վերաբերյալ և հանձնաժողովում ներկայացրի միջանկյալ զեկույցի նախագիծը:

-Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Եվրախորհրդարանը «մոռանում», որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և հակամարտության լուծումը պայման է դնում Հայաստանի ու Ադրբեջանի ասոցացված անդամության համար:

-Գոյություն ունի կարծրատիպ, որին անդրադարձել են նաև ԵԽԽՎ տարբեր երկրների շատ պատգամավորներ, համաձայն որի` որոշ երկրներ կան, որոնց խնդիրները պետք է զույգ-զույգ լուծվեն: Եվրախորհրդարանում էլ, Եվրամիության հայաստանյան նիստում էլ մենք այդ հարցը բարձրացրել ենք` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ գնահատականի հիմքում փոխկապակցվածության սկզբունքն է դրվում: Մենք հարցը պարզ ենք դնում` որակական գնահատական տվեք, ռեալ գնահատական` իրականությունից ելնելով, բայց այսօր դեռ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում ձերբազատվել այդ դիրքորոշումից, թեև իրենք են ստեպ-ստեպ ասում, որ դա սխալ է:

-Երկու օրից խորհրդարանական ընտրություններ են, եթե ամփոփենք ընտրարշավը, կայի՞ն կարևոր խոսքեր, որ չասվեցին, կամ ասվեցին, բայց չընկալվեցին:

-Ես կարծում եմ, որ ընտրարշավն արմատական հարցեր լուծելու ու վերաբերմունքի փոփոխության ժամանակ չէ: Մեր ասելիքն ասել ու մեր անելիքն արել ենք 2007-ի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրից սկսած: Կուսակցությունն ընդհանրապես ընտրության հաջորդ օրից պիտի սկսի պատրաստվել նոր ընտրությանը, ընտրարշավն ընդամենը կատարածն ու չկատարածն ամփոփելու և ամբողջական ներկայացնելու ձևաչափ է: ՀՀԿ-ն այսօր ոչ միայն ամենաբազմանդամ կուսակցությունն է, այլև ամենակայացած կառույց ունեցող քաղաքական կազմակերպությունը: Մեր մարզային ու տարածքային կառույցներում ներգրավված են հազարավոր ակտիվ կուսակցականներ, հանրապետության բնակավայրերում մեր գրասենյակները մշտապես գործում են, մենք մյուս քաղաքական ուժերի նման ընտրությունների ժամանակ բացված շտաբներով չենք աշխատում լոկ: Տարին 12 ամիս մեր դուռը բաց է, և մարդիկ գիտեն, որ կարող են դիմել հանրապետականին իրենց խնդիրներով: Շատ կուզեի, որ մենք կարողանայինք ընթացքում արվածը ներկայացնել, շատ ծրագրեր ու նախաձեռնություններ կան, որ դեռ ավարտված չեն, շատ փոփոխություններ ու նոր իրողություններ կան, որոնց ռեալ արդյունքը որոշ ժամանակից հետո է երևալու: Իրականում մարտահրավերներով ու փորձություններով լի այս տարիներին շատ աշխատանքներ են կատարվել, և շատ ուղղություններով ունեցել ենք հաջողություններ։ Հետևողականորեն բարձրացվել են պետության պաշտպանունակությունը, բանակի մարտունակությունը, որն ամեն օր սպառազինվող հարևանին ռազմական գործողությունների դիմելու գայթակղությունից հեռու պահելու գլխավոր երաշխիքն է այսօր: Ամենակողմնակալ աչքով էլ տեսանելի է` ինչ նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի միջազգային հեղինակությունը, կարևորագույն երկրների հետ փոխհարաբերություններում նոր որակներ են ձեռք բերվել: Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում ազգային ինքնորոշման սկզբունքը բանակցային գործընթացում ու միջազգային հանրության համար ընդունելի դարձնելու ճանապարհին: Առանձնահատուկ էին անցնող տարիները սոցիալ-տնտեսական զարգացումների իմաստով: ՀՀ կառավարությունը բազում ծրագրեր ու քայլեր իրագործեց ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմելու համար: Վստահ եմ` մենք որակապես բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, եթե այդ փորձությանը դիմակայելը զգալի ռեսուրսներ ու ժամանակ չխլեր: Այնուամենայնիվ, կատարվեցին նպատակաուղղված քայլեր արդյունաբերությանն աջակցելու, արտահանումը խթանելու համար, մեծածավալ ներդրումներ ուղղվեցին գյուղատնտեսության վիճակի և գյուղական ենթակառուցվածքների բարելավմանը: Մի խոսքով, նախադրյալներ ստեղծվեցին` անցնելու տնտեսական զարգացմանը միտված քայլերի: Պետք չէ շատ մեծ մասնագետ լինել` ակնհայտը տեսնելու և գնահատելու համար, ազնվություն ունենալն էլ հերիք է: Համենայն դեպս, բազմաթիվ երկրներ չկարողացան փորձություններին դիմանալ, իսկ փոքրիկ Հայաստանը, իր սակավ ռեսուրսներով, կարողացավ դիմակայել ֆինանսատնտեսական ճգնաժամին ու դրա մարտահրավերներին բացառապես կառավարության ճկուն ուղեգծի շնորհիվ:

-Դիմանալու տարբեր ձևեր կան, կարծում եք, երկիրը հիմա այն վիճակում է, որ կվերընտրի՞ կառավարող կուսակցությունների կոալիցիոն ուժերին:

-Կարծում եմ` երկրի քաղաքացին կարողանալու է արվածը գնահատել: Մենք երբևէ չենք ասել, որ ամեն ինչ իդեալական է, մեր ամենամեծ քննադատը մենք ենք եղել, և դա անհրաժեշտ է սթափ հայացքը պահպանելու, ճիշտ լուծումներ գտնելու, ամենօրյա աշխատանքները ճիշտ ծրագրելու ու իրականացնելու համար: Ճիշտ լուծումների գրավականը եղել է ՀՀԿ-ի սթափ վերլուծություն կատարելու, իրականության հետ կապը երբեք չկորցնելու կարողությունը:

-Հետընտրական ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

-Ընդամենը 2-3 օրից այդ զարգացումների ականատեսն ենք լինելու, ուստի ենթադրություններ անելն իմաստ չունի: Համենայն դեպս, ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ անկանխատեսելի վարքագիծ է ցուցաբերում կամ կարող է ինքն իրեն հակասել. մենք լուրջ կենսագրություն ունենք, անցած ճանապարհ և հավատարիմ ենք թե՛ մեր տեսակին, թե՛ անցած ճանապարհին, ուստի վաղվա մեր քայլերն այսօր կանխատեսելը հեշտ է: Քաղաքական ուժի համար, թերևս, ամենակարևորը հանրության համար կանխատեսելի լինելն է: Առաջինը և ամենակարևորը` ՀՀԿ-ն հետընտրական շրջանում նույնպես աշխատելու է ապահովել օրինական գործընթացները` հանգիստ, առանց ցնցումների։ ՀՀԿ-ն նորից մնալու է երկրում քաղաքական համաձայնության, փոխըմբռնման, հանդուրժողականության դրոշակակիր:

-Առաջիկա հնգամյա՞կն էլ ՀՀԿ-ի սպիտակ դրոշների տակ է անցնելու:

-Վստահ եմ, որ առաջիկա հնգամյակն անցնելու է լուրջ բարեփոխումների դրոշի ներքո, ազգային համաձայնության ու քաղաքացիական համերաշխության մթնոլորտում, ինչը նույնպես ՀՀԿ-ի հավատամքն է:

-Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի շանսերը, համաձա՞յն եք այն տեսակետին, որ ԲՀԿ-ի ստվերային նախագահը Ռոբերտ Քոչարյանն է:

-Թեպետ հայաստանյան կոալիցիոն քաղաքական մշակույթի մեջ կարծես հիմնովին է արմատավորվում հաջողությունները` իրենց, թերությունները` մեզ վերագրելու վարքագիծը, այնուամենայնիվ, ուժեղը նաև ներողամիտ է լինում շրջապատողների թուլությունների նկատմամբ: Ես տեսնում եմ ԲՀԿ-ին իբրև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ, վերաբերվում եմ հարգանքով և՛ որպես կոալիցիոն գործընկերոջ, և՛ որպես մի քաղաքական ուժի, որ Հայաստանում բավականին թվով համակիրներ ունի: Եվ ուղղակի ինձ թույլ չեմ տա այնքան դուրս գալ քաղաքական կոռեկտության սահմաններից, որ կուսակցության գործող նախագահի թիկունքում ստվերային նախագահ փնտրեմ: Կարծում եմ` ԲՀԿ-ն եղել և մնում է հանրապետության երկրորդ քաղաքական ուժը:

-Ո՞ր դեպքում ԲՀԿ-ն չի ընդունի ընտրությունների արդյունքները:

-Ճանաչելով ԲՀԿ-ականներին, չեմ կարծում, որ նրանք, պրագմատիկ լինելով, կարող են կտրվել իրականությունից:

-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:

-Մայիսի 7-ին ճաշակելու ենք պտուղները:

-Քա՞ղցր, դա՞ռը:

-Ռեալ:

Զրույցը վարեց

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ