«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅՍՕՐ ՄԵԶ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ԹՌԻՉՔ»

«ԱՅՍՕՐ ՄԵԶ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ԹՌԻՉՔ»
16.03.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ

-Խորհրդարանական ընտրություններից ամիսուկես առաջ ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներքաղաքական կյանքը:
-Բավականին բնականոն և դրական զարգացումներով. այն լարվածությունը, որ նախկինում կար քաղաքական դաշտում, փոխադարձ մեղադրանքները, հայհոյախոսությունն ու թշնամանքին սահմանակցող քննադատությունն այժմ չեմ նկատում: Իսկ դա նշանակում է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, քաղաքական դաշտում արձանագրվել են կարևոր փոփոխություններ, ինչն առաջիկա ընտրություններն օրինականության և միջազգային չափանիշներով անցկացնելու լավագույն երաշխիքներից է:
-Ձեր կարծիքով` գլխավոր ինտրիգը ներիշխանակա՞ն դաշտում է, ընդդիմության ներսո՞ւմ, թե՞ իշխանության և ընդդիմության միջև:
-Խորհրդարանական ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվում են` քաղաքական ուժերի համար ամբողջ դաշտն է մրցակցային. և՛ իշխանական դաշտի, և՛ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները մրցակցում են միմյանց հետ` առանց բացառության: Դա ևս մեկ նախապայման է ընտրությունների արդարության ապահովման համար:
-ՀՀԿ 13-րդ համագումարում ՀՀ և ՀՀԿ նախագահի ելույթը, փաստորեն, ծրագրային էր. ա՞յդ դրույթներով եք ընտրությունների գնալու:
-Ձեր գնահատականին համաձայն եմ. իրոք, նախագահի ելույթը ծրագրային էր և ընդգրկում էր ոչ միայն այն թեզերը, որոնցով ՀՀԿ-ն է գնալու ընտրությունների, այլև հասարակությունը, պետական կառավարման համակարգը, ինչն էլ փոփոխություններ կբերի հասարակության ու պետության մեջ: Այդ դրույթները բխում են նորացված սկզբունքներով ու գաղափարներով ապրելու անհրաժեշտությունից, նոր մարտահրավերներին դիմակայելու հնարավորություններից: Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը հավատի ու փոփոխությունների գաղափարներն էին, որ մեր պետության, հասարակության, պետական կառավարման համակարգի համար փոխկապակցված ու արդիական են: Առաջինը հավատն է, որ յուրաքանչյուրի մեջ պետք է լինի մեր ապագայի, պետության, ժողովրդի հանդեպ, երկրորդը` փոփոխությունների անհրաժեշտությունը, որը ևս աներկբա է: Մենք պետք է հավատանք, որ կարողանանք փոխել մեր կյանքը, մեր երկիրը, պետք է փոխենք մեր մոտեցումները, որպեսզի հավատանք մեր գործողություններին:
-Կուսակցական համագումարում քաղաքական ուժի ղեկավարը դիմում է իր համախոհներին, խոսակցություն է ծավալվում յուրայինների միջև, կարծում եք` հասարակությունը, ավելի որոշակի` ընտրազանգվածը, միանշանակ կընդունի՞ այն ամենը, ինչ ասվեց ՀՀԿ 13-րդ համագումարում: Խիստ լավատեսական չէ՞ր նախագահի ելույթը:
-Նախագահի ելույթը շատ անկեղծ էր` նախ, և երկրորդ` ուղղված էր մեր ապագային` ինչպիսին ենք ուզում տեսնել մեր երկիրը, ինչպես պիտի կառուցենք: Սովորաբար նոր գաղափարները միանգամից չեն դառնում բոլորի սեփականությունը: Շատերը կարող են չհավատալ, դիմադրել, հեգնել. այդպես եղել է բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում: Կարևորը` որ ինքդ հավատաս քո ուժերին ու քո ցանկությանը և ծրագրածդ իրականացնես, որ մյուսները ևս քեզ հավատան: Համագումարից հետո սկսված քննարկումները վկայում են, որ քաղաքական դաշտը խորին ուշադրությամբ ընդունեց ելույթը, դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև, բացի կառավարող կուսակցության ղեկավարի ելույթ լինելուց, հանրապետության նախագահի ելույթ էր, հավելենք նաև` 2013-ի նախագահի թեկնածուի: Եթե ուշադիր եք եղել, Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթում ընդգրկված էին մեր կյանքի բոլոր բնագավառները, արտաքին քաղաքական խնդիրները։
-Նկատի ունեք հայ-թուրքական հարաբերություննե՞րը:
-Ինչո՞ւ միայն հայ-թուրքականը, նախագահը խոսեց տարածաշրջանային մարտահրավերների, հարևանների հետ փոխհարաբերությունների, Ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղի հարցի, ժամանակակից աշխարհի զարգացումների և օրինաչափությունների մասին, յուրաքանչյուր հարցի տվեց իր հայեցակարգային պատասխանը: Ելույթը ուղենշային էր բոլոր առումներով:
-Իսկ գուցե խնդիրը հավատալ-չհավատալը չէ, այլ այն հարցը` ունե՞նք բավարար նախապայմաններ, ֆինանսական, տնտեսական, բարոյաքաղաքական, ժողովրդագրական ռեսուրսներ, որ իրականացնենք: ՀՀ նախագահն իրավացիորեն ասում էր, որ մարդու համար աշխատանք ունենալն ու իր աշխատանքով բարեկեցիկ ապրելն այլևս երազանք չպիտի լինեն. այդ բնագծին ե՞րբ ենք հասնելու:
-Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: Երբ խոսում են արտագաղթի մասին, առաջին պատճառը նշում են սոցիալականը: Ես կարծում եմ, որ սոցիալականն արտագաղթի գործոններից ընդամենը մեկն է, շատ խնդիրներ կան, ո՞վ ասաց, որ այդ ուղղությամբ հնարավոր չէ քայլեր ձեռնարկել ու արդյունքներ ունենալ: Մարդու սոցիալական վիճակը շատ կարևոր է, այնուամենայնիվ, առաջնային չէ, նրան պետք է արդարության զգացողություն, արդարություն իր շրջապատում, աշխատավայրում, պետական կառավարման մարմիններում, միջանձնային հարաբերություններում: Եթե արդարության և օրինապաշտության սկզբունքը պահպանվում է, սոցիալական խնդիրը երկրորդական է դառնում: Այդ փոփոխությունները կարող են ազդել նաև սոցիալական վիճակի վրա:
-Հարցը ժամանակն է` ասվածը միանշանակ ճիշտ է, բայց ե՞րբ է իրականություն դառնալու:
-Բոլորս ուզում ենք ամեն ինչ ունենալ միանգամից և այս պահին:
-Տրամաբանական է, բոլորս ապրում ենք այսօր և այս պահի մասին չմտածել չենք կարող, ոչ ոք մեզ հավերժական վերադարձի երաշխիքներ չի տվել:
-Այո, բայց երբեք որևէ պետություն իր բարեկեցիկ կյանքը, սոցիալական արդարության գործուն մեխանիզմները մեկ օրում չի ստեղծել, աշխատել են սերունդներ, և նրանց աշխատանքն է ստեղծել բարեկեցիկ պետություն ու երկիր: Այդ ճանապարհով բոլորն են անցնում, ինչքա՞ն արագ տեղ կհասնենք` կախված է մեր հավատից և ուժերի համախմբումից: Հավատանք մեր ուժերին, մեր ժողովրդի ընդհանրական իմաստնությանը և մեր աշխատանքների արդյունքներին:
-Իսկ անհատի դե՞րը:
-Յուրաքանչյուր փոփոխություն բխում է անհատներից, հասարակությանը նրանք են հավատ ներշնչում, համակում իրենց գաղափարներով: Փառք Աստծո, այսօր երկրի նախագահը մի մարդ է, ով առաջին հերթին կարողացել է հասարակությանը և պետական կառավարման ամբողջ համակարգին ապացուցել, որ ավելի լավ է ապրել համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում, քան անիմաստ թշնամության ու ատելության: Արդյունքները բոլորն են տեսնում: Դժվար է կոտրված հավատը վերականգնելը, շատ դժվար, բայց համառ ու նպատակասլաց աշխատանքը հասարակությունը կգնահատի:
-ՀՀԿ համամասնական ցուցակը ե՞րբ կներկայացվի ընտրողներին:
-Մինչև այս շաբաթվա վերջ:
-Իսկ մեծամասնակա՞նը:
-Գործադիր մարմնի նիստում հաստատվել են առաջադրումները, և այդ խնդիրն արդեն լուծված է:
-Հակասություն չե՞ք տեսնում, որ կուսակցության համամասնական ցուցակում գործարարներ չկան, բայց մեծամասնական ընտրակարգով գործարարներ առաջադրվում են:
-Որևէ հակասություն չկա, կուսակցության քաղաքականությունը արտահայտվում է համամասնական ցուցակով, մեծամասնականով իր թեկնածությունը կարող է առաջադրել յուրաքանչյուր քաղաքացի, որը, Սահմանադրության համաձայն, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք: Հանրապետության նախագահը բոլորի առջև դրել է մեկ խնդիր` կազմակերպել և անցկացնել ժողովրդավարական, օրենքին համապատասխան ընտրություններ: Այսօր մեր պետության առջև ծառացած խնդիրներից ամենակարևորը դա է, և մենք այդ խնդիրը կարող ենք լուծել:
-Նախորդ ընտրությունների դեժավյուն չի՞ կրկնվի. որևէ երկրում որևէ նախագահ երբեք չի ասի` կազմակերպեք անարդար և հակաժողովրդավարական, անչափանիշ ընտրություններ:
-Ոչ, չի կրկնվի, նախկինում մամուլում հնչած բացասական գնահատականներն ու տարակույսները չեմ կիսում, կարևորը, որ մեր ընտրությունները միջազգային դիտորդները գնահատել են մեկ քայլ առաջ ժողովրդավարության ճանապարհին: Այսօր մեզ մեկ քայլ առաջը չի բավարարում, մեզ պետք է հստակ թռիչք այդ ուղղությամբ:
-Գուցե հարցս միջազգային ատյանների առնչությամբ անհարգալից հնչի, բայց «երկարաժամկետ» ու «կարճաժամկետ» դիտորդները գալիս են, դիտարկում, ավարտում իրենց առաքելությունն ու հեռանում, ընտրողը եղել ու մնում է երկրում, ու ի վերջո նրա համար մեկ է` դիտորդն ի՞նչ գնահատական տվեց, ընտրության արդյունքներն ու հետևանքները վերաբերում են ընտրողին ու ընտրվողին:
-Մեր պետությունն այսօր առաջնահերթ խնդիր ունի` կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ և ապացուցել բոլորին, առաջին հերթին սեփական, ապա` միջազգային հանրությանը, որ այդպես է: Չեմ կարող չվերադառնալ հավատին` հաճախ մարդիկ չեն հավատում իրենց տեսածին, այլ հավատում են լսածին: Երբ դուրս գանք «ասում են, թե...»-ի շրջանակից և իրական դաշտ մտնենք, շատ փոփոխություններ կունենանք:
-ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում վերջնական հստակություն սպասում եք ԲՀԿ-ի համագումարից հետո՞:
-Նոր հստակեցումների ո՛չ անհրաժեշտություն եմ տեսնում, ո՛չ սպասումներ ունեմ: Ամեն ինչ հստակեցված է, և քաղաքակիրթ ձևով գնալու ենք ընտրությունների:
-Եթե դիտարկենք նորագիր ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի ելույթները, ԲՀԿ-ն բոլորովին այլ կուսակցություն է` Գագիկ Ծառուկյանի և հին ԲՀԿ-ականների կարծածից: Ո՞րն է ԲՀԿ-ն և որտեղ:
-Գուցե ստեղծվում է տպավորություն, թե տարբեր կուսակցությունների մասին է խոսքը, մենք ընդունում ենք կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, իսկ նույն հարցի շուրջ հնչած տարբեր տեսակետների առկայությունը ներկուսակցական խնդիր է, որին մենք, բնականաբար, չենք խառնվում:
-Ձեր կարծիքով` ի՞նչ քաղաքական ուժեր կլինեն խորհրդարանում:
-Հարցրեք ժողովրդին:
-ՀԱԿ-ը տեսնո՞ւմ եք խորհրդարանում:
-ՀԱԿ-ը նախկին ներուժը կորցրել է, ժամանակը միշտ էլ բերում է իր սրբագրումները` նախ, և հետո` ՀԱԿ-ից հեռացավ «Ազատ դեմոկրատները», որ կազմակերպական մեծ հնարավորություններ ուներ: Կյանքը ցույց կտա, թե որ կուսակցությունն ինչքանով կմոբիլիզացնի իր ուժերը և ինչ գնահատականի կարժանանա:
-Ո՞ր ուժերի հետ կցանկանայիք համագործակցել ապագա խորհրդարանում:
-Նախ` քաղաքական ուժերը պետք է հայտնվեն խորհրդարանում, որից հետո միայն հնարավոր է որոշել` ում հետ քաղաքական ինչ հարաբերություններ ունենալ: Ընտրությունները միշտ անակնկալներ են մատուցում, և ընտրություններից հետո քաղաքական մոտեցումների մեջ հնարավոր են որոշակի փոփոխություններ, ուստի դա մի քանի անհայտով հավասարում է, որ լուծում կարող է ունենալ միայն ժամանակի մեջ:
-Տարբեր երկրներում հաճախ են կուսակցական ընտրացուցակներում հայտնվում գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ, որ իրենց ասպարեզներում կայացած ու ճանաչված են, բայց մղվում են դեպի քաղաքական ասպարեզ. ինչո՞վ եք դա բացատրում:
-Այո, Հայաստանը ևս չպետք է բացառություն լինի. շատ նորմալ է, երբ որևէ կայացած անհատականություն փորձում է իր խոսքն ասել քաղաքականության մեջ, նման մարդը ցանկալի է յուրաքանչյուր կուսակցության համար, որը նոր դեմքերի կարիք ունի: Եթե հայտնվում են դրական իմիջով նոր մարդիկ, կարող են քաղաքական ու խորհրդարանական կյանքի նոր շեշտադրումներ բերել, ինչը իսկապես կարևոր ու ցանկալի է:
-Նորանկախ Հայաստանի խորհրդարանական կյանքը վկայում է, որ գրողները, կոմպոզիտորները, ռեժիսորները խորհրդարանում իրենց չեն գտնում:
-Միևնույն է, նրանց ներկայությունը խորհրդարանում դրական ներգործություն է ունենում` մշակութային դաշտի բարերար ազդեցություն:
-Նույնիսկ այն դեպքում, երբ իրենց դաշտերում ունենում ենք -1, իսկ օրենսդիր դաշտի +1-ը չի՞ ստացվում:
-Յուրաքանչյուր ճանաչված անհատի ներկայությունը խորհրդարանում մթնոլորտի, մարդկային հարաբերությունների որոշակի փոփոխություն է բերում, ի վերջո, իր ոլորտում կայացած մարդը հանգիստ կարող է կայանալ մեկ այլ ոլորտում:
-Այլ կուսակցությունների ղեկավարներին մթնոլորտի՞ մտահոգությամբ եք ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկել:
-Ցանկացած հզոր կուսակցություն պետք է իր շուրջը նայի և իր կողքին եղած, տեսակետների համահունչություն դրսևորած, հասարակության համակրանքը վայելող, իրենց սկզբունքները հրապարակայնորեն հաստատած կուսակցությունների հետ խորհրդարանում համատեղ գործունեություն ծավալի:
-Ավելի ազնիվ չէ՞ ընտրողի առաջ, եթե այդ կուսակցությունները մասնակցեն ընտրություններին և ընտրողի վստահությունն իրենք նվաճեն ու հետո համատեղ գործունեություն ծավալեն ավելի հզորի հետ:
-Իհարկե, կարող են իրենց կուսակցություններով մասնակցել, եթե ունեն համապատասխան ռեսուրսներ, իսկ եթե չունեն, քաղաքական պրակտիկայում ընդունված է, որ նրանց տեսակետները հրապարակայնացնում են ավելի հզոր ուժերը:
-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:
-Շնորհակալություն ենք հայտնելու ժողովրդին իր տված քվեների համար:
-Անկախ թվի՞ց:
-Ժողովուրդն իր ընդհանրական գնահատականի մեջ միշտ իմաստուն է և ինքը գիտի` ո՛ր քաղաքական ուժը կարող է ապահովել իր անվտանգությունը, պարտադրել խաղաղություն, ո՛ր քաղաքական ուժն է ի վիճակի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական աճ գրանցելու, ո՛ր քաղաքական ուժն է ի վիճակի բարեփոխումներ իրականացնելու մեր կյանքի բոլոր ոլորտներում: Հասարակությունը լավ գիտակցում է` ո՛ր քաղաքական ուժն է կարողացել և կկարողանա Հայաստանին ապահովել միջազգային բարձր հեղինակություն։ Այս ամենը գնահատելով` մայիսի 6-ին ժողովուրդն իմաստուն ընտրություն կանի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ