«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Այնքան ենք ապրել, մենք էլ ենք մոռացել` ինչի համար է Աստված մեզ ստեղծել»

«Այնքան ենք ապրել, մենք էլ ենք մոռացել` ինչի համար է Աստված մեզ ստեղծել»
13.04.2012 | 00:00

Ամեն տարի օգոստոսի 11-ին Տաթևի հանրահայտ ճոճվող սյան վերևում ուղղահայաց հայտնվում են Օրիոնի գոտու երեք աստղերը։ «Կորուսյալ քաղաքակրթության խորհուրդը կամ Երկրային ճշգրիտ ժամանակացույցի աստղային բանալին» գրքի հեղինակ ՎԱԶԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ խոսքով` Օրիոնի գոտու երեք աստղերը մարդկության կորուսյալ ժամանակացույցի հիմնակետն են, և եթե մարդկությունը վերականգնի սույն իրողությունը, ապա տիեզերական ճշգրտությամբ կվերագտնի երկրային ժամանակաընթացքի ստույգ հաշվարկը: Վազգեն Գևորգյանի հրավերով` անցյալ տարի ուսումնասիրությունների համար Տաթև են այցելել հնէաբան, պատմաբան Անդրեյ Ժուկովը և պոետ, պատմաբան Օլեգ Ստոլյարովը: Այս տարի օգոստոսի 11-ին ընդլայնված կազմով արշավախումբ է ժամանելու Տաթև, կազմակերպվելու է միջազգային դիտում: «Նրանց այլ բան է հետաքրքրում: Նրանք փնտրում են կորուսյալ քաղաքակրթության հետքերն աշխարհով մեկ, երկարամյա հետազոտություններից հետո վերջապես ճշմարտության փնտրտուքը նրանց ուղղորդեց դեպ Հայաստան, մասնավորապես` Սյունիք, Գորիս-Կյորես, Տաթև: Զարմանալի է, բայց փաստ, ընդամենը այս տեղանունների բառարմատական իմաստային ստուգաբանությունն ի զորու է բացահայտելու մի ամբողջ կորուսյալ իրականություն,- ասում է Վազգեն Գևորգյանը։- Տրամաբանենք իմաստաբանելով. Հայաստան նշանակում է աստղերին հետևողների երկիր, Սյունիք` գլխավոր հիմնակետ-սյուն ունեցող երկրային վայր, Տաթև` երկրային ժամանակաընթացքին թև-թռիչք տվող տեղանք և, վերջապես, Կյորես` մարդկության կողմից մոռացության տրված-կորած, կորուսյալ աշխարհ»:

Հնագույն քաղաքի ավերակներ, ժամանակաընթացքի սկզբնահաշվարկ, նուրբ էներգիաներ, կորուսյալ քաղաքակրթություն: Գիտական բացահայտումների՞, թե՞ առասպելաբանության հետ են կապված դիտարկումները` կփորձենք պարզել մեր զրույցի ընթացքում:

-Ինչպես մի առիթով նշեցիք` ամեն մարդ իր կյանքում ճշմարտության ճանապարհն է փնտրում, և այդ որոնումը, Ձեր դեպքում, ուղղակիորեն կապված է Տաթևի հետ: Որքան գիտեմ` շուրջ 12 տարի ուսումնասիրում եք Տաթևի «գաղտնիքները»: Սկսենք սկզբից: Ինչո՞վ Ձեզ գրավեց Տաթևը:

-Ընտանիքով առաջին անգամ 1999-ին գնացինք Տաթև` հանգստանալու: Առաջին իսկ օրից, երբ տեղակայեցինք մեր վրանային ճամբարը, զգացինք մի այլ էներգետիկա, մի այլ իրականություն: Մենք ընտանիքով միշտ շրջագայում ենք։ Ծաղկաձորում, Դիլիջանում, Լոռիում և այլուր: Բայց Տաթևը այլ էր: Հետագայում պարզվեց, որ մենք վրանը խփել ենք հնագույն քաղաքի ավերակների ճիշտ կենտրոնում:

-«Որպեսզի ճոճվող սյան գաղտնիքը բացահայտվի, պետք է ամբողջ աշխարհի ավանդապատումներն ուսումնասիրել»: Ինչպե՞ս եք բացատրում Ձեր այս դիտարկումը:

-Երբ ուսումնասիրում ես մայաների, ացտեկների, եգիպտացիների, շումերների և այլ հնագույն քաղաքակրթությունների ավանդապատումները, պարզվում է, նրանք ինչ-որ ընդհանուր բան ունեն, եթե նեղ ազգային գաղափարախոսությունը մի կողմ դնենք: Օրինակ, մ.թ.ա. 2-3-րդ հազարամյակներում արդեն հնագույն բոլոր քաղաքակրթությունները գիտեին, որ տարին 365 և մեկ քառորդ օր է: Թվում է` այդ ազգերի շփումը հետո է եղել, օրինակ, մենք գիտենք, որ 16-րդ դարում են եվրոպացիները բացահայտել Ամերիկան, բայց այդ չարաբաստիկ օրվանից շատ ավելի վաղ մայաները և ացտեկները արդեն տիրապետում էին աստղագիտությանը: Լավ, ասենք, ինչ-որ կերպ իմացան, որ տարին 365 և մեկ քառորդ օր է, իսկ ինչպե՞ս գիտեին, որ մեկ րոպեն 60 վայրկյան է: Եթե մարդը քաղաքակրթված չլիներ, բարձրագույն գիտելիքներ չունենար, պարզ ասած` եթե չունենար չափիչ սարք, նա չէր կարող հաշվարկել, որ մեկ րոպեն 60 վայրկյան է: Իսկ եթե 60-ական համակարգին ծանոթ չլինեին, ժամանակաշրջանները չէին կարող հաշվարկել: Դրա համար էլ զարմանալի է, որ շումերները, մայաները, եգիպտացիները և այլք մեկ աստղային տարվա գիտելիքներ ունեին: Բայց որտեղի՞ց գիտեին, չէ՞ որ նրանց քաղաքակրթությունն այդքան ժամանակ չի գոյատևել, ուրեմն, գիտելիքը տրվել է նրանց, ինչը վկայում են ավանդապատումները: Օրինակ, մայաների ավանդապատումն ասում է, որ Վերակոչան օվկիանոսով եկավ, բերեց մեզ այս գիտելիքները, առաջին հերթին մայաների տոմարական հանրահայտ օրացույցը, որը բոլորին զարմացնում է իր ճշգրտությամբ: Նույն պատմությունն է ացտեկներին քաղաքակրթող Կեցալկոատլի դեպքում: Ի դեպ, այստեղ էլ հիմնակետ օրը օգոստոսի 11-ն է:

Ըստ եգիպտական ավանդապատումի` տոմարական օրացույցը բերել են կիսաստվածները և պատգամել` երբեք չտեղաշարժել հիմնակետ օրը` օգոստոսի 11-ը, այլապես կկործանվի նրանց քաղաքակրթությունը: Նույնությունն է հետաքրքիր. օրացույց բերողները բոլորն էլ սպիտակ են, բոլորի երկնային գերագույն բարձրակետը կամ հետմահու հոգեվայրը Օրիոնի գոտին է, և բոլորն էլ, իրենց առաքելությունն ավարտելուց հետո, վերադառնում են Արարման երկիր, այսինքն` Արարատ-երկրային հիմնավայր:

-Եվ ի՞նչ ընդհանրություն ունի այս ամենը Տաթևի հետ: Ասում եք` Տաթևը զրոյական գոտի է, Տաթևից է սկսվում զրո ժամը: Շատ պաթետիկ ու խորհրդավոր է հնչում: Ի՞նչ է սա: Ի դեպ, աստղագետների կարծիքով, գիտական չէ «զրոյական գոտի» ասվածը:

-Այդ հարցադրմանը թող «պատասխանի» միջնադարյան տոմարագետ Հակոբ Ղրիմեցին «Ծանիր որդի, զի այս ի պատճառէ հասարակածին եղև, զի հասարակածն յորժամ ի Նավասարդ եմուտ, զանխլաբար թիւ աւելի ի ներքս եմոյծ, և ոչ գիտացեալ բազմաց, շփոթեաց զամենայն կանոնեալսն առաջնոց հարցն և յայմհետէ ոչ բերե ուղիղ զթվականս»: Լուսաբանենք. Տոմարական խառնաշփոթի պատճառը մարդկային տգիտությունն է և ճշմարիտ կանոնակարգի չիմացությունը, այնինչ, եթե փոքր-ինչ ունակ լինեին, այս խառնաշփոթը կարելի էր հարթել ընդամենը օգոստոսի 11-ին (նավասարդ` օգոստոս, եմուտ` հիմնակետ օր)` Օրիոնի գոտու երեք աստղերին նայելով, որոնց միջոցով կարելի կլինի վերականգնել ճշգրիտ թիվ-թվականը: Իսկ ինչ վերաբերում է զրոյական գոտու ոչ գիտական մոտեցմանը, եկեք ընդամենը տրամաբանենք, թե այսօրվա զրոյական գոտին` Գրինվիչը, որը որպես այդպիսին գործում է ընդամենը 19-րդ դարից, ո՞ր հնագույն քաղաքակրթության հիմնակետն է եղել` ոչ մեկի: Լուսնային օրացույցով այսօր 1380 չգիտեմ որ թվականն է, մեկ լուսնային ամիսը 28 օր է: Կան արևային անշարժ օրացույցներ, որոնք նույնպես երկու հարյուր տարին մեկ շարժական են դառնում, հաջորդ տարի նույն օրը փոխում են տեղը, քանի որ Արեգակը 3 րոպե 56,56 վայրկյանով առաջ է ընկնում աստղերից: Իսկ անշարժ տոմարացանկը աստղերով պետք է պահել: ՈՒրեմն, մի անշարժ աստղ է եղել, որպես հիմնակետ երկնքում, որով պիտի հաշվես, որ տարին սկսվեց այս օրվանից: Ժամացույցի պես սլաքները շարժվում են, բայց հիմնակետը նույնն է: Որքան գնում ենք դեպի հին ժամանակները, նույն օրն ենք տեսնում. եգիպտացիների, մայաների մոտ օրացույցն սկսվում է օգոստոսի 11-ից, պարսիկների, հնդիկների մոտ նույնպես նշված է այդ օրը: Մերը կոնկրետ է` օգոստոսի 11: Հովհաննես Իմաստասեր սարկավագը 1084-ին վերականգնեց 532 տարվա տոմարացանկը, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը խառնել էր իր օրացույցները: Մինչ 1616-ին Գրիգորյան տոմարացանկն ընդունելը, մենք օգտագործել ենք նավասարդյան օրացույցը: Երկնքի մի կետից պիտի սահմանես քո ժամանակը, այդ կետը ոչ ոք աշխարհում չի գտել: Հասկանում են, որ բոլորի բարձրագույն «աստվածությունները» խորհրդանշում են Օրիոնը, բայց թե ինչի համար է այդ Օրիոնի գոտին, չգիտեն: Մեզ մոտ Հայկն է Օրիոնը: Դրանից առաջ ունեցել ենք Օրիոնի մի քանի պաշտոնակատար: Մենք դա կարող ենք տեսնել ուղղակի և անուղղակի: Վահագնը Օրիոնն է, որովհետև նրա կինը սիրո աստվածուհի Աստղիկն է: Աստղիկ ստույգ նշանակում է աստղ, չտեսնել սա, անմտություն է: Եթե կորցրել ենք, թե որ աստղի պաշտոնակատարն է Սիրիուս-Աստղիկը, ոչինչ չի նշանակում, մի օր կվերականգնենք, անպայման կվերագտնենք կորցրածը:

-Ո՞րն է Ձեր ասածի հիմքը, և ինչպե՞ս է այն կապվում Տաթևի սյան հետ:

-Երբ ճոճվող սյան վրա կանգնում է Օրիոնի գոտին, ցույց է տալիս ամբողջ աշխարհի զրոյական հիմնակետը. այստեղից պետք է հաշվել ժամանակային գոտին: Երկնքում հիմնակետ պիտի ունենաս, որ իմանաս, թե որ աստղը որտեղից է եկել, որտեղ է հիմա և ուր կգնա, որ չկորցնես քո ժամանակը: Օրիոնը սյան վրա ուղղվում է 39,5 աստիճանի լայնության վրա ու կանգնում է ուղիղ, Եգիպտոսի երկնակամարում Օրիոնի գոտին երբեք չի ուղղվում, երկրային հորիզոնական հարթության համեմատ բուրգերի վրա կանգնում է մոտ 45 աստիճանի անկյան շեղությամբ, իսկ Հայաստանում երկնային խաչ է կազմում և 90 աստիճանի հիմնարար անկյամբ ուղղվում է, մասնավորապես` Տաթևում, ինչպես վերը նշեցինք, որպեսզի երբեք չկորցնենք ճշգրիտ ժամանակահաշվարկը: Այլ հիմնարար ապացույցներ ևս կան, թե ինչու է Հայաստանն այդ հիմնակետը, բայց այդ մասին կխոսենք այլ առիթով:

-Ճոճվող սյունը կառուցվել է հատուկ տեխնիկայով, հայտնի է նաև գավազան անվամբ: Տարբեր վարկածներ կան կառուցման նպատակի վերաբերյալ: Հիմնականում խոսվում է հոգևոր և ռազմական նշանակության մասին: Ձեր ասածներից կարելի է ենթադրել, որ սյան կառուցումը աստղագիտական, տոմարագիտական նշանակություն ունի:

-Իհարկե, մեր հոգևոր հայրերը գիտելիքներով հարուստ են եղել: Պատահական չեն կառուցվել Հարանց անապատը, Սվարանց անապատը, հետագայում` Գլաձորի համալսարանը: Նշվածներում դասավանդվել են արվեստի ճյուղեր, փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և այլն:

-Ի՞նչ վկայություն կա, որ ճոճվող սյունը հենց այդ նպատակով է կառուցվել:

-Ոչ մի վկայություն չկա, բայց տեսնում ենք, որ 15-րդ դարում Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն գիտական սինոդը Տաթևի սյունը դարձնում է հայրապետական գավազան. այնտեղ էին օծում բարձրաստիճան հոգևորականներին: ՈՒրեմն գիտեին գաղտնիքը, իսկ թե ինչու է այն կորել, չգիտեմ:

-Առասպելաբանությա՞ն հետ գործ ունենք, թե՞ քրիստոնեական համոզմունքների: Ո՞ր շրջանի հետ եք կապում Տաթևի սյան «գաղտնիքները»:

-Քրիստոնյա հայրերը տիրապետել են այդ գաղտնիքներին: Աստծուն էլ պետք է ճիշտ ընկալել: Վկայություն կա առ այն, որ Տաթևի սյունը կառուցված է հանուն Սուրբ Երրորդության ի զատիկս Նավասարդի: Նավասարդը օգոստոս ամիսն է, իսկ մեր Զատիկը օգոստոսին չէ, ինչո՞ւ է այդպես: Ստեփանոս Օրբելյանը նույնպես Տաթևի սյան խորհրդաբանության հարցում տարակուսում է և կատարում իր եզրահանգումը, որ մենք Տաթևի սյան մասին տակավին ոչինչ չգիտենք: 13-րդ դարում արդեն կորցրել են խորհուրդը, բայց 15-րդ դարում դարձավ հայրապետական գավազան, ուրեմն կային մարդիկ, որ ինչ-որ բան գիտեին: Ավելին ասեմ` Գրիգոր Տաթևացին, Վանակ Սյունեցին, Առաքել Սյունեցին այնպիսի աշխարհընկալում ունեին, որ Տիբեթյան գաղափարախոսությունն անգամ դրան զիջում է: Նարեկացին ասում է. «Ես ամենայն և յիս ամենեցունն»: Ես եմ համայնը և իմ մեջ է պարփակված այդ ամենը, այսինքն` ողջ տիեզերքը: Սա խոսում է նրա տիեզերական աշխարհընկալման մասին: Դա մեր տիեզերքի մոդելն է, որովհետև տիեզերքը շղթայական համակարգ է, և մեկ բջջի մեջ կա ինֆորմացիա ամբողջ տիեզերքի մասին:

-Աստղագիտական մեր գիտելիքների մասին է խոսում նաև «աստղ» բառը: Սա ինչպե՞ս կբացատրեք:

-Օրինակ, այսօր արդեն աստղագետները (հիշենք մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանին) ապացուցում են, որ աստղերից մենք ստանում ենք, այսպես ասած, ձայն` հաճախականության տեսքով, 50 օկտավ մեր լսողականից ցածր: Եթե այս դրույթը նորօրյա գիտական ըմբռնում է, ապա «աստղ» բնիկ հայերեն հանճարեղ-բառ հասկացության գաղափարակոդում այսօրվա գիտական տեսանկյունն է արտահայտված: Ավելին, հաճախականությանն առընթեր ինֆորմացիան էլ է արտահայտված, դա արդեն աշխարհահռչակ ֆիզիկոս Նիկոլայ Կոզիրևի գիտական ըմբռնումն է, որը դեռևս 60-70-ական թվականներին ցնցեց ողջ գիտական աշխարհը; Աս- հաճախականություն, տաղ-ինֆորմացիա, տեղեկատվություն: Ի դեպ, Նավասարդը հանդես է գալիս որպես Նոր-Ասի ժամանակաշրջան, երբ Աստված շրջում է «ի վեր ջրոց»: Ավելին, Նավասարդն ունի այլ անվանումներ` Կաղանդ, Կալանդոս և Կալանդար: Այսինքն, «կալենդար» թվացյալ օտարահունչ բառը բուն հայերեն է: «Կալանդ» նշանակում է կապ, ար` ժամանակի մեկ միավորը: Իսկ այժմ մեր ինքնանվան առեղծվածի մասին: «Հայ» նշանակում է աստղերին հետևող, աստղապահպան: Գրաբարում կա «նայել» բառի մի քանի հոմանիշ: Սա տերմինաբանություն է: Հայել նշանակում է ներքևից վերև նայել, նայել` վերևից ներքև նայել, տեսանել` հավասար ուղղությամբ, դիտել` բարձրությունից: Հայերը աստղերին նայողներն էին, երկիրը կոչվում է Հայաստան, աստղերի երկիր, դեպի վեր նայող, ժամանակացույց-հիմնակետը պահողների երկիր: Այնքան ենք ապրել, մենք էլ ենք մոռացել` ինչի համար է Աստված մեզ ստեղծել:

-Ի՞նչն է Ձեզ հիացնում Տաթևում, եթե մի կողմ թողնենք գիտությունն ու առասպելաբանությունը:

-Եթե մի օր մնաք Տաթևում, Ձեր հարցի պատասխանը կստանաք ինքներդ: Զարմանալի երջանիկ ես քեզ զգում այնտեղ, էությունդ ձերբազատվում է տարաբնույթ աղավաղումներից, մի խոսքով, երջանկանում ես:

-Փաստորեն, տաթևցիները երջանիկ մարդիկ են:

-Խոսքն այն կենսական դաշտերի մասին է, որոնց գործառությունն այնտեղ է. որտեղ մենք մնում ենք, այնտեղ մարդ չի ապրում:

-Խոսքը հնագույն քաղաքի ավերակների՞ մասին է: Կարո՞ղ եք բացատրել` որտե՞ղ է այդ վայրը:

-Տաթևի շրջակայքում է: Առայժմ պետք չէ, որ իմանան, կգնան մի բան կանեն։ Մինչև հնէաբանները բարեհաճեն գալ և քարտեզագրել:

Զրույցը`

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ