ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ատեստավորող մարմինները պետք է ունենան հնարավորինս անկախ և բարձր կարգավիճակ»

«Ատեստավորող մարմինները պետք է ունենան հնարավորինս անկախ և բարձր կարգավիճակ»
20.03.2009 | 00:00

ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
«Կաշառակերության դեմ պետք է պայքարել ավելի հստակ ձևերով։ Եթե կան փաստեր, ես երկու ձեռքով կողմնակից եմ դատապարտելուն և պատժելուն։ Վերջապես օրենքը պետք է կիրառենք այնտեղ, որտեղ պետք է։ Եթե դա ինչ-որ խմբի ցանկությունների արտահայտման ձև է, ապա, ըստ իս, ամենաանհաջող ձևն է և դատապարտելի։ Մենք պետք է կարողանանք սերմանել նոր մոտեցումներ, որոնք նվազագույնի կհասցնեն հնարավոր կոռուպցիոն դրսևորումները»,- «Միասին» շարժման «Կաշառակեր դասախոս» ակցիայի վերաբերյալ նման կարծիք հայտնեց «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ։ Նրա հետ զրույցը բարձրագույն որակավորման ոլորտին առնչվող խնդիրների շուրջ է։
-Բարձրագույն որակավորման ոլորտում բարեփոխումներ իրականացվո՞ւմ են, պարոն Թռչունյան, և ո՞ր փուլում են դրանք։
-Մեր ոլորտում բարեփոխումներն ուղղված են ավելի հստակ և խիստ չափանիշներ սահմանելուն։ Կրթության, ատեստավորման և հարակից մյուս բնագավառներում անցկացվող բարեփոխումները մեկ օրվա կամ մեկ տարվա խնդիր չեն։ Սրանք այն ոլորտներն են, որոնք երկարատև ժամանակ են պահանջում փոփոխությունների իրականացման համար։ Բացի այդ, ես կարծում եմ, որ ամեն ինչ չպետք է անվանենք բարեփոխում։ Փոփոխություններ կարող են լինել, բայց մենք հստակ պետք է պատկերացնենք այդ փոփոխությունների սպասվող արդյունքները։ Եվ եթե սպասվող արդյունքները կարող ենք գնահատել որպես բարեփոխում, դա այլ հարց է։
-Մենք մտնում ենք կրթական նոր տարածք (Բոլոնիայի հռչակագիրը նկատի ունեմ), որտեղ դրվում է բուհերի դիպլոմների փոխճանաչման խնդիրը։ Այս համատեքստում գիտական աստիճանների փոխճանաչման հարցն ինչպե՞ս է լուծվելու։
-Մենք պետք է նախ` գիտակցենք Բոլոնիայի հռչակագրի հիմնական սկզբունքները։ Բոլոնիայի հռչակագրում կա 6 հիմնական սկզբունք, որոնք երկարատև աշխատանք են պահանջում։ Բոլոնիայի գործընթացի պահանջներից մեկը մինչև 2010-ի ավարտը բարձրագույն կրթության երկփուլ համակարգին (բակալավրիատ և մագիստրատուրա) անցումն է։ Ինչ վերաբերում է երրորդ աստիճանին կամ հետբուհական կրթությանը, ապա առայժմ որևէ ընդհանուր սկզբունք մշակված չէ, իսկ գիտական աստիճաններն ու գիտական կոչումները կրթական աստիճաններ կամ կրթական փաստաթղթեր չեն, և Բոլոնիայի գործընթացը, որը վերաբերում է բուհական կրթությանը, դրանք չի ներառում։ Բայց սա չի նշանակում, որ այդ ուղղությամբ մենք աշխատանքներ չենք տանում։ Բնականաբար, մենք պետք է քաջ գիտակցենք, որ այն գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթերը, որ հատկացվում են, պետք է ճանաչելի լինեն ոչ միայն եվրոպական, այլև մյուս երկրներում, հատկապես ԱՊՀ տարածքում, Միացյալ Նահանգներում և այլն։ Այս առումով ասեմ, որ ՀՀ-ում սահմանված և շնորհվող գիտական աստիճանների ու գիտական կոչումների փաստաթղթերն ի սկզբանե բավարարում են համադրելիության պահանջը։ Դրանք եռալեզու են, օգտագործվում են այն տերմինները, որոնք ընկալելի և ճանաչելի են աշխարհի տարբեր երկրներում։ Ավելին, խոսքը ոչ միայն փաստաթղթի համարժեքության ճանաչման, այլև այն չափանիշների մասին է, որոնց հիման վրա շնորհվում են կոչումներ, աստիճաններ և տրվում են համապատասխան փաստաթղթեր։ Այս տեսակետից ևս պետականորեն սահմանված մեր չափանիշները լիովին համապատասխանում են միջազգայնորեն ընդունված նորմերին։ Ավելին, որոշ երկրների հետ ունենք միջկառավարական համաձայնագրեր գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթերի փոխճանաչման և այդ ոլորտում համապատասխան համագործակցության մասին։
-Խոսվում է գիտական մեկ աստիճանի անցնելու մասին, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Որքանո՞վ է դա արդարացված։
-Աշխարհում կա երկու համակարգ՝ երկաստիճան գիտական համակարգ, որը գործում է Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Լեհաստանում, ինչպես նաև ԱՊՀ, ասիական, Լատինական Ամերիկայի որոշ երկրներում։ Կա նաև մեկ գիտական աստիճանի համակարգ։ Մենք պատմականորեն այն տարածքում ենք, որտեղ գործում է երկաստիճան համակարգը։ Եվ պետք է ասեմ՝ այն երկրները, որ ունեն այս համակարգը, այն փոխելու մտադրություն չունեն։ Զարգացումները, իհարկե, կարող են ընթանալ տարբեր սցենարներով։ Առայսօր, սակայն, նման խնդիր դրված չէ։ Խոսքը միայն այն մասին է, որ բոլոր երկրներին երաշխավորվում է ունենալ առնվազն մեկ աստիճան, որը համադրելի լինի մյուս երկրների հետ, և որևէ երկիր չսահմանի այնպիսի համակարգ, որն ընդհանրապես հասկանալի չլինի, չճանաչվի կամ համարժեքություն չունենա այլ երկրներում։
-Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ներկա կարգավիճակը ձեզ բավարարո՞ւմ է և թույլ տալի՞ս է, որ այն գործի անկախ։
-Նախ, ասեմ, որ հանձնաժողովն ատեստավորող պետական մարմին է, և սխալ է այն պատկերացնել կրթության կամ գիտության ոլորտներում։ Ատեստավորող մարմինները պետք է ունենան հնարավորինս անկախ և բարձր կարգավիճակ, որպեսզի կարողանան իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։ Այս տեսակետից ԲՈՀ-ի այսօրվա կարգավիճակը երևի թե չի ապահովում լիիրավ անկախ մակարդակ։ Այնուամենայնիվ, նշեմ, որ չի կարելի խոսել միայն կարգավիճակի մասին։ Հանձնաժողովը կարող է ունենալ բարձր կարգավիճակ, սակայն կայացնել կախյալ որոշումներ և հակառակը։ Մենք պետք է ամեն ինչ անենք և անում ենք, որպեսզի մեր որոշումները լինեն առավելագույնս օբյեկտիվ և անկախ, իսկ դրա համար պետք է խստագույնս առաջնորդվենք գործող չափանիշներով։ Մեզ համար ուրիշ մոտեցում լինել չի կարող։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ