Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԱՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԱՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
06.12.2011 | 00:00

Վերջերս ավարտվեց ԱՊՀ երկրների շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի 32-րդ նիստը։ Եռօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրվեցին անդամ երկրների օրենսդրական փոփոխությունները, և քննարկվեց նախագիծ-համաձայնագիր «ԱՊՀ մասնակից երկրների ընդհանուր կարգերի և օրենքների տեխնիկական կարգավորման մասին»։ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը շինարարության ոլորտի զարգացման, ինչպես նաև ընթացակարգերի պարզեցման առումով ներկայացրեց Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «ԴՈՒԻՆԳ» բիզնեսի ծրագիրը, որը, ըստ նախարարի, դրական ազդեցություն ունի ոլորտի և ներդրումների զարգացման առումով։ Ներկայացվածը հետաքրքրեց մասնակից երկրներին։ Նկատենք, որ, բացի պետական կառույցներից, միջկառավարական խորհրդի նիստում ներկա էին նաև շինարարական հասարակական կազմակերպություններ։ Ի վերջո, ինչ է տալիս գործնականում շինարարներին այս նիստը։ «Նման հավաքները շատ կարևոր են գործնական շփումների խորացման համար, սրա հետ մեկտեղ` շինարարներիս համար կարևոր է ԱՊՀ երկրներում մեկ ընդհանուր նորմատիվային և օրենսդրական դաշտի ստեղծումը։ Սա ոլորտի զարգացման առումով շատ կարևոր քայլ կլինի բոլոր անդամ երկրների համար։ Այս տեսանկյունից քննարկվող տեխնիկական կարգավորման միասնական փաստաթուղթը եթե ընդունվի բոլոր անդամ երկրների կողմից, կարող է առաջին քայլերից մեկը լինել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի շինարարների միության նախագահ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ։

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՆՊԱՍՏԱՎՈ՞Ր ԵՆ
Հայաստանի օրենսդրական դաշտը, միջկառավարական խորհրդի դիտարկմամբ, ապահովո՞ւմ է ոլորտի զարգացումը։ Այս և շինարարության ոլորտին առնչվող մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱՊՀ միջկառավարական խորհրդի քարտուղար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՈՎԻ հետ։
-ԱՊՀ երկրների մեջ ամենաառաջատար օրենսդրական դաշտն ունի Ղազախստանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա թեև կտրուկ քայլերի չի գնում, սակայն հետևողական է օրենսդրական դաշտի բարելավման և զարգացման հարցում։
-Հայաստանում շինարարության ծավալների վրա ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց, կարծում եմ, նույնը պետք է լինի ԱՊՀ մյուս երկրներում։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս այն ազդեց ոլորտի վրա։
-Վերջին երկու տարում ԱՊՀ երկրներում շինարարության աճը նվազեց 40 %-ով։ Մասնավորապես Բելառուսում վիճակը շատ ավելի ծանր է, քանի որ չունեն կարճ փողեր շինարարության համար, շինարարական նյութերի պահանջարկ չկա, և բնակարաններն էլ չեն վաճառվում։ Պետք է նշեմ, որ ԱՊՀ երկրները դեռևս դուրս չեն եկել ճգնաժամից։ Այս տարի ՌԴ-ն պլանավորել է շինարարության ծավալների աճը հասցնել 2007-ի ցուցանիշներին, և դա, կարծես, հաջողվում է։
-ԱՊՀ Միջկառավարական խորհրդի նիստը գործնականում ի՞նչ դրական փոփոխություն է նախանշում շինարարության ոլորտում։
-Այն հրավիրվում է երկու տարին մեկ անգամ և հնարավորություն է տալիս, նախ և առաջ, ընդլայնելու գործարար շփումները։ Հավաքի նպատակն օրենսդրական դաշտի բարելավումն է, ինչը հնարավորություն կտա զարգացնելու շինարարական բիզնեսը։

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ՇԻՆՈԼՈՐՏԸ
Այս տարի ՌԴ-ն ընդունել է մի շարք նախագծեր, և 2010-ի համեմատ նախատեսվում է 104 %-ի շինարարության աճ։ Ինչպե՞ս է դա իրագործվելու։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ՌԴ տարածքային զարգացման նախարար ՎԻԿՏՈՐ ԲԱՍԱՐԳԻՆԻ հետ։
-Առաջին հերթին ոլորտի զարգացման ուղղությամբ հստակ աշխատում են պետական մեխանիզմները։
-Դոտացիաների՞ միջոցով։
-Ոչ այնքան դոտացիայի հաշվին։ Պետությունը բնակարանային ծրագրերի համար հատկացնում է ավելի քան 55 մլրդ ռուբլի։ Այս տարի առաջին անգամ դրամաշնորհներ են տրվելու այն մարզերին, որտեղ շինարարությունը զարգացում է ապրում։ Հատկացվող միջոցները մարզերն ուղղում են շինարարության ոլորտի արդիականացմանը, ինչի արդյունքում ակտիվանում է շինարարական նյութերի արտադրությունը։ Բացի այդ, 2010-ի համեմատ 2011-ին կրկնապատկվել են հիպոթեքային վարկավորման ծրագրերը. 2011-ին ավելի քան 300 մլրդ ռուբլի ուղղվելու է հիպոթեքային ոլորտ։ Սրան զուգահեռ առանձին խմբերի, մասնավորապես, հայրենական պատերազմի վետերանների համար պետությունը 30 մլրդ ռուբլու սահմանում պարտավորություն է ստանձնել, որը կարելի է դիտարկել որպես դոտացիա։ ՌԴ նախագահի որոշմամբ անվճար հողամասեր են տրվում բազմազավակ ընտանիքներին, իսկ երիտասարդ ընտանիքների համար առանձին ծրագիր է իրականացվում։
-Ըստ Ձեր ուսումնասիրությունների, ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում:
-Մենք հաճախ ենք շփվում և արդյունավետ աշխատում Հայաստանի, ինչպես նաև մյուս երկրների մեր կոլեգաների հետ, և տեսնում ենք, որ իրավիճակը հեշտ չէ, քանի որ բոլորս ապրում ենք նույն տնտեսական հարթության մեջ։ Կան խնդիրներ շինարարության ծավալների կրճատման հարցում։ Գիտեմ, որ Հայաստանը շինարարության ծավալների աճի ուղղությամբ ծրագրեր է մշակել, և դրանք սկսել են գործել։
-ՀՀ օրենսդրական դաշտը նպաստո՞ւմ է ոլորտի զարգացմանը։
-Ռուսաստանը վերջերս մի շարք քայլեր կատարեց ոլորտի ազատականացման ուղղությամբ։ Մասնավորապես, ներդրվել է ինքնակարգավորման համակարգը` ինքնակառավարման մարմինների միջոցով լուծվում է լիցենզիաների տրամադրման հարցը։
-Ես հարցնում եմ Հայաստանի օրենսդրության մասին, իսկ Դուք խոսում եք Ռուսաստանից։ Ինչո՞ւ։
-Կարծում եմ` կոռեկտ չի լինի գնահատական տալ դիմացինի աշխատանքին։
-Խոսեցիք կոռեկտությունից, կարելի՞ է ենթադրել, որ մեզ մոտ իրավիճակն այնքան էլ բարվոք չէ։
-Ոչ, ես դա նկատի չունեի, ուղղակի, բնավորության համաձայն, ճիշտ եմ համարում խոսել սեփական աշխատանքների մասին և գնահատել ինքս ինձ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսնում եմ, որ ղեկավար մարմինն անում է ամեն հնարավորը, որ բնակարանային շինարարության ոլորտը զարգանա։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ