«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱ՞ՇՏ, ԹԵ՞ ՏՈՆԱՎԱՃԱՌ. Ո՞ՐՆ Է «ՀՈԳԵՊԵՍ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ»

«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱ՞ՇՏ, ԹԵ՞ ՏՈՆԱՎԱՃԱՌ. Ո՞ՐՆ Է «ՀՈԳԵՊԵՍ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ»
09.12.2011 | 00:00

«Հրազդան» մարզադաշտի տարածքում տոնավաճառի կառուցման ծրագիրը բուռն քննարկումների նյութ դարձավ։ Ավելին, խնդրի առնչությամբ Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորի (նաև խոշոր գործարար) ջրերը նույն առվով չհոսեցին։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի միջև տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել։ Ի դեպ, վերջինս ցանկանում է երկհարկանի կամ ավելի բարձր շինություն կառուցել մարզադաշտի տարածքում, իսկ Հայրապետյանն այդ գաղափարին խիստ դեմ է։ Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության համաձայն` այդ տարածքում չի թույլատրվում նման շինություն կառուցել։ Հավելենք, որ տոնավաճառ կառուցելու տարածքը հաշվարկված է արտակարգ իրավիճակների ժամանակ առավելագույն քանակի հանդիսատես տարհանելու համար։ Հայրապետյան-Աղաբաբյան-նախարարություն անհաշտ եռանկյան պարզաբանումները` ստորև։

«ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳՎԻ»
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ (արտակարգ իրավիճակների նախարար)

-Նախարարությունը դեմ է այս պրոյեկտին, սակայն խոսքը պատգամավորի նկրտումների մասին է, ու ինչպես հաճախ է լինում, ամեն ինչ հակառակ ընթացք է ունենում։ Արդյոք վերջնակա՞ն է ձեր եզրակացությունը։
-Մեր որոշումը պետք է հարգվի, քանի որ մարզադաշտում տեղավորվում է ավելի քան 70 հազար մարդ, ու եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ ստեղծվի, նրանց տարհանման խնդիր է առաջանալու։ Եթե կարող են հաշվարկ անել ու ապացուցել, որ իրենք են ճիշտ, գուցե քաղաքապետարանի հետ համաձայնության գան։ Սակայն մենք արդեն մեր վերջնական կարծիքը հայտնել ենք։
-Այսինքն, ոչ մի պարագայում նախարարության կարծիքը չի՞ կարող բեկանվել, որովհետև երկրորդեմ. խոսքը գործարար պատգամավորի մասին է։
-Ո՛չ, մեր կարծիքն արդեն ուղարկել ենք, նշել ենք, թե նախարարությունն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի առնչությամբ։ Ի դեպ, եզրակացությունը և՛ պատգամավորին, և՛ քաղաքապետարան է ուղարկվել։
-Պատգամավորը, սակայն, չի հրաժարվում այդ ծրագրից։
-Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչ պետք է անի։ Կարծում եմ, մենք չպետք է սխալ քայլ թույլ տանք։ Կգա ժամանակը, մեր երեխաները մեզ չեն ների։

«ՎԱ՜Յ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԽՈՍԱԼ ԱՅԴ ՄԱՍԻՆ»
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ («Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-«Հրազդան» մարզադաշտի շուրջ խոսակցությունները...
-Վա՜յ, չեմ ուզում խոսալ այդ մասին։
-Ի վերջո, կառուցվելո՞ւ է տոնավաճառը, թե՞ ոչ։
-Ես չգիտեմ, թույլ տվեցին` կկառուցեմ։
-Նախարարությունն արդեն բացասական եզրակացություն է տվել։
-Դե, հըլը թույլտվությունը չի եղել։ Պիտի որոշում լինի, որ կառուցեմ։
-Բայց նախարարությունն արդեն որոշել է։
-Ո՞ր նախարարությունը։
-Արտակարգ իրավիճակների։
-Դե հիմա որոշել ա, թող որոշում կայացնեն, թույլ չտան։
-Այսինքն, հանգիստ կընդունեք պետական կառույցների որոշումն ու կհրաժարվեք տոնավաճառի կառուցումից։
-Հա, բա ոնց։ Որ չթողեցին, ո՞նց եմ կառուցելու։

«ԿԱՌՈՒՅՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿՈՉՎՈՒՄ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏ, ԱՅԼ «ՀՐԱԶԴԱՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌ. ՍԱ ՇԱՏ ԱՂԵՏԱԼԻ ՓԱՍՏ Է»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Հայրապետյան, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, արժե՞ մարզադաշտի տարածքում տոնավաճառ ունենալ։
-Իմ կարծիքով` հանցագործություն է այդ շինությունը կառուցելը։ Հետագայում մեր սերունդները մեզ կդատապարտեն, չեն ների, քանի որ կզրկվենք շատ կարևոր սպորտային կառույցից։ Եթե ուշադիր լինեք, այդ կառույցն այլևս չի կոչվում «Հրազդան» մարզադաշտ, այլ «Հրազդան» տոնավաճառ։ Սա շատ աղետալի փաստ է։
-Այս առնչությամբ Դուք բավականին մեծ տարաձայնություններ ունեք մեկ այլ պատգամավորի հետ։
-Գիտե՞ք ինչ, ինձ պատգամավորի անձը երբեք չի հետաքրքրում։ Ես շահագրգռված եմ սպորտային կառույցով, որը պետք է ծառայի իր նպատակին ու ժողովրդին։ Պատգամավոր կլինի, թագավոր, թե եսիմ ինչ, ինձ քիչ է անհանգստացնում։ Ինձ մի բան է հետաքրքրում. յուրաքանչյուր սպորտային կառույց պետք է իր նպատակին ծառայի։
-Այսինքն, հավատո՞ւմ եք, որ իշխանություններն այս առնչությամբ ճիշտ որոշում կկայացնեն, չնայած, խոսքն իշխանական կուսակցության անդամ պատգամավորի մասին է։
-Ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ։ Իշխանություններն էլ են մեր ժողովրդի մի մասնիկը ու մտածում են մեր ապագայի մասին։ Ասեմ, որ մեզանից շատ։ Համոզված եմ, իշխանությունները երբեք նման բան թույլ չեն տա։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ