«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՈՒՄ ՉԿԱ ԴԵՊՔ, ՈՐ ԱՅՆՊԻՍԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ, ԻՆՉՊԻՍԻՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ Է, ԱՅԴ ՉԱՓՈՎ ՀԱՆՁՆՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿՐԻ»

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՈՒՄ ՉԿԱ ԴԵՊՔ, ՈՐ ԱՅՆՊԻՍԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ, ԻՆՉՊԻՍԻՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ Է, ԱՅԴ ՉԱՓՈՎ ՀԱՆՁՆՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿՐԻ»
12.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Մի քանի օր առաջ խորհրդարանական լսումներում քննարկվում էր Հայաստանում գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությունը` ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնության առնչությամբ: Ի՞նչ արդյունք տվեցին լսումները, և հնարավոր համարո՞ւմ եք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:
-Գազի գնի բարձրացումը, ընդհանրապես, գազամատակարարման համակարգին վերաբերող հարցադրումները 2010 թվականից մեր ուշադրության կենտրոնում են: Այս ոլորտը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի, էներգետիկ անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է, հսկայական ազդեցություն ունի գնագոյացման վրա, նաև սոցիալական լուրջ հետևանքներ ունի: Բացի այդ, համակարգի անարդյունավետության պարագայում բնապահպանական լուրջ սպառնալիքներ են ձևավորվում:
-Նկատի ունեք ծառահատումների ծավալների մեծացո՞ւմը:
-Եթե գազի գնի բարձրացման պատճառով սպառողները ստիպված են լինում գազից հրաժարվելու, այլընտրանքային ավելի էժան ու ձեռնտու տարբերակ դառնում է փայտը: Հարցադրումն ուղղելով կառավարությանը` մենք ակնկալում էինք ստանալ լիարժեք պատասխան, բայց պատասխանը ոչ միայն լիարժեք չէր, այլև նոր հարցերի տեղիք տվեց: Հետո ԱԺ լիագումար նիստում առաջարկեցինք, որ այդ հարցադրումները դառնան ոչ միայն մեկ խմբակցությանը, այլև ամբողջ խորհրդարանինը: ԱԺ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց: Մենք այն ժամանակ էլ պնդում էինք, որ հարցը չի կարելի թողնել օդի մեջ կախված, և առաջարկում էինք ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, ուստի որոշման նախագիծ դրեցինք շրջանառության մեջ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց, և լիագումար նիստում նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահի առաջարկությամբ ու տնտեսական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ լսումներ անցկացնելու որոշում կայացվեց` հարցը վերջնական քվեարկության դնելուց առաջ: Լսումներում բարձրացրել էինք 4 հիմնական հարց. 1-ին` համակարգի վերլուծությունը և գազամատակարարման միջազգային փորձը, 2-րդ` համակարգի համապատասխանությունը Սահմանադրության 33.1, 31.3 հոդվածների պահանջներին, որոնք նախատեսում են ձեռնարկատիրության ոլորտում մրցակցության սահմանափակում, սպառողների իրավունքների պաշտպանություն: 3-րդ` համակարգի գործունեության ազդեցության գնահատումը, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի տեսակետից: 4-րդ` ակնկալում էինք առաջարկներ համակարգի բարեփոխումների ուղղությամբ:
-Շատ կարդինալ չէի՞ն հարցերը մի լսումի համար:
-Այդ պատճառով էլ առաջարկում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Հայաստանն իր գազամատակարարման համակարգի 80 տոկոսը հանձնել է ռուսական կողմին: Միջազգային փորձում չկա դեպք, որ որևէ երկրի ազգային կազմակերպություն կամ այնպիսի ստրատեգիական ոլորտ, ինչպիսին գազամատակարարումն է, այդ չափով հանձնվի երկրորդ երկրի, և տվյալ երկրին պարտադրվեն միջազգային գներ: Սա առաջին հիմնական խնդիրն է: Եթե հարցը քաղաքական է, առնվազն տարօրինակ է` ինչո՞ւ է «Գազպրոմը» նույն միջազգային գնով Հայաստանին գազ վաճառում, ինչպես վաճառում է քաղաքական մրցակիցներ եվրոպական երկրներին: Նշանակում է` Հայաստանն առնվազն քաղաքական գործընկեր չէ, ոչ էլ ստրատեգիական դաշնակից, այլ մրցակից է: Եթե մրցակից է, պետք է գործի շուկայական գնագոյացման համակարգ: ՈՒրեմն` ինչո՞ւ է Հայաստանը գազի 80 տոկոսը գնում Ռուսաստանից: Եթե ոչ թե քաղաքական, այլ բիզնես նախագիծ է, Հայաստանը պետք է մտածի 80 տոկոսը հետ բերելու և տնտեսական ակտիվ մրցակցության տարրեր մտցնելու մասին: Այդ թվում` ռուսական գազը իրանականի հետ մրցակցության մեջ դնելու: Սակայն այս երկու մոտեցումներից որն էլ ընտրենք, այսօր Հայաստանը շահեկան վիճակում չէ: Մենք նաև Իրանից մտնող գազատարի կառավարումն ենք հանձնել «Գազպրոմին», հետևաբար, Հայաստանը լուրջ խնդրի առաջ է կանգնում: Եթե հետևենք «Գազպրոմի» հայտարարությանը, որ Հայաստանի հետ անցնելու է միջազգային գների, Հայաստանում նույն գներն են լինելու, ինչ եվրոպական շուկաներում: Հայաստանի քաղաքացին ոչ միայն չի ստանում եվրոպացու կենսամակարդակին հարիր եկամուտներ, այլև ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում այդպիսի գներն ուղիղ հարված են տնտեսությանը` գործազրկության ծավալների մեծացում, փակվող արտադրություններ... Այսինքն` սա լուրջ քաղաքական հարց է, որ Հայաստանը պետք է բարձրացնի Ռուսաստանի առաջ: Ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի հիմնական խնդիրը պետք է լիներ այնպիսի հարցերի ձևակերպումը և այնպիսի տեսակետների ներկայացումը, որ Հայաստանի ղեկավարությունը հնարավորություն ունենա այդ պահանջները դնելու ռուսական կողմի առաջ: Ի վերջո, «Գազպրոմը» ռուսական մեծ քաղաքականության մասն է, և չեն կարող այս հարցերը բիզնես հարաբերությունների հիմքով լուծվել: Ես համոզված եմ, որ գազամատակարարման այսպիսի կառուցվածքի դեպքում Ռուսաստանը չպետք է ավելի բարձր գին պահանջի Հայաստանից, քան իր քաղաքացիներից է ստանում: Սա սկզբունքային հարց է, որի լուծմանը կարելի է հասնել կոնկրետ պահանջներով. կամ այդ սկզբունքով ենք շարժվում, կամ ազատականացնում ենք դաշտը և թույլ ենք տալիս այլ օպերատորների մուտքը Հայաստանի շուկա: Երկրորդ կարևոր խնդիրը. հաճախ բերում են ԱՊՀ այլ երկրների օրինակը` Հայաստանում ավելի էժան է գազը, քան ՈՒկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում և այլուր: Անշուշտ, բայց այդ երկրները տարանցիկ են և իրենց վաճառվող թանկ գազի գնի դիմաց «Գազպրոմից» պահանջում են ավելի բարձր փոխադրավարձ: ՈՒստի տրամաբանական չէ համեմատությունը: Ի վերջո, Հայաստանը սպառում է տարեկան 1,6 միլիարդ խորանարդ մետր, «Գազպրոմի» ամբողջ արտադրության և մատակարարման մեջ` տարեկան 600-650 միլիարդ խորանարդ մետր, չնչին մաս, անմտություն է մտածել, որ գնի բարձրացմամբ «Գազպրոմը» շահույթ է ստանում:
-Գազի գնի իջեցմամբ, բնականաբար, մեծանալու են սպառման ծավալները, ինչպես բարձրացումը կրճատեց սպառումը:
-Շուրջ 40 տոկոսի կրճատում է եղել։ Սա ևս ցույց է տալիս, որ Ռուսաստանը տնտեսական մոտեցում չի ցուցաբերում, իսկ եթե մոտեցումը քաղաքական է, պետք է հասկանալ` Հայաստանն ի՞նչ է իրենց համար: Եթե ստրատեգիական գործընկեր է և ռազմավարական առումով կարևոր պետություն, այդ պետության քաղաքացիների նկատմամբ պետք է համարժեք վերաբերմունք լինի, ոչ թե խեղճացնելու ու թշնամացնելու: Նուրբ հարց է, մեր ազգային շահը պահանջում է տղամարդկային կեցվածք որդեգրել այս հարցում, այլ ոչ թե շարժվել անընդհատ տրվելու, նվիրվելու սկզբունքով:
-Երկրի ներսում գազամատակարարմանն առնչվող խնդիրներ չկա՞ն:
-«ՀայՌուսգազարդը» Հայաստանի ամենակայացած կառույցներից է` թե՛ մենեջմենտով, թե՛ համակարգաստեղծ գործունեության արդյունավետությամբ: Բայց երբ էներգետիկայի մասին օրենքով ամրագրված պահանջներն ենք նայում, ակնհայտ է, որ գազի սակագնի որոշման սկզբունքները պահպանված չեն: Էներգետիկայի մասին օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է սահմանի ներկրվող գազի առավելագույն սակագին, որ սահմանված չէ: Եթե լիներ, պետք է պատասխան տրվեր, թե իրանական գազն ի՞նչ սակագնով է ներկրվում, առավելագույն սակագնի մեջ տեղավորո՞ւմ է, թե՞ ոչ: Առավելագույն սակագինը պետք է հնարավորություն տար եվրոպական օպերատորներին մտածելու` հայկական շուկա մուտք գործե՞լ, թե՞ ոչ: Պարզապես հիմք է ընդունվում 180 դոլարը և վերջ: Բացի այդ, գործունեության մի քանի տեսակ բացառիկ լիցենզիաներով են օժտված` Հայաստանի շուկան դեֆակտո և առանձին դեպքերում դեյուրե փակ է այլ երկրների օպերատորների համար: Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որը պահանջում է մենաշնորհային դարձած որևէ գործունեության համար մենաշնորհի հնարավոր չափը և կարգավորման առանձնահատկությունները սահմանել բացառապես օրենքով: Առայսօր գազամատակարարման վերաբերյալ ՀՀ օրենք չունենք:
-Չե՞ք կարծում, որ Ձեր նշած բոլոր հանգամանքները մի բացատրություն ունեն` «Գազպրոմի» ներկայությունը:
-«Գազպրոմի» ներկայությունն ապացուցում է, որ այս ոլորտում ունենք փաստացի մենաշնորհ և այդ մենաշնորհը պետք է կարգավորվի օրենքով: Էներգետիկայի մասին օրենքի երրորդ կարևոր նորմն է` սակագները սահմանելիս կարևորագույն սկզբունքներից մեկը` ոչ միայն ծավալից ելնելով տարբերակված սակագին սահմանելն է, այլև օրվա ժամերը, տարվա եղանակները և այլ չափորոշիչներ հաշվի առնել: Մենք կարծում ենք, որ մասնագիտացված հանձնաժողովը կարող էր, ներգրավելով պրոֆեսիոնալ աուդիտորների և փորձագետների, պատասխան տալ այս հարցերին, բայց մերժում ենք ստանում:
-Ի՞նչ հիմնավորումով:
-Որ այդ խնդիրները կարող է լուծել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Ծայրահեղ դեպքում դա էլ է քայլ, բայց պետք է ձևակերպվի ԱԺ որոշմամբ, որպեսզի մշտական հանձնաժողովը կարողանա ուսումնասիրություններ իրականացնել:
-Ռուսները երբեք չեն թաքցրել, որ «Գազպրոմը» քաղաքական կառույց է, չե՞ք կարծում, որ ոչ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, ոչ մշտական հանձնաժողովի ուսումնասիրությունը արդյունք չեն տալու, խորհրդարանի ուժերից վեր է այդ խնդիրը լուծելը:
-Եթե խնդիրը խորհրդարանինը չէ, ո՞ւմն է: Եթե օրենսդիր մարմինն անմասն պետք է մնա նման խնդրի լուծումից, որովհետև, ինչպես կառավարության որոշ ներկայացուցիչներ են ասում, դա կառավարության և երկրի նախագահի իրավասության շրջանակներում է, հարց է առաջանում` Սահմանադրության ո՞ր կետով է այդ իրավասությունը տրված:
-Կա Սահմանադրություն, կան օրենքներ, բայց կա ռեալ քաղաքականություն, որն այլ հարթության մեջ է:
-Ցավոք, Դուք փաստում եք իրականությունը, բայց չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակին: Այդ նպատակով էլ առաջարկում ենք ելքեր, որոնցից մեկն էլ պնդումն է, որ ԱԺ-ն չի կարող անմասն մնալ այդ խնդրի լուծումից: Խորհրդարանը հասարակության ընտրած կառույցն է, անտեսել խորհրդարանը, նշանակում է անտեսել հասարակությանը, այդ դեպքում ի՞նչ ուժով ես պայքարելու: Պայքարի իմիտացիա մեզ պետք չէ: Մենք ուզում ենք տղամարդավարի կեցվածք և հպարտ Հայաստանի Հանրապետություն, որ ոչ թե ամեն մեկի առաջ գլուխ է խոնարհում, այլ մտածում է իր քաղաքացիների կենսամակարդակի և իր հզորության մասին:
-Հպարտության մասին խոսողը չէ հպարտը, այլ հպարտ ապրողը: Այս պահին հպարտության սոցիալ-տնտեսական հենակետեր չունենք: Նաև այն պատճառով, որ Ձեր բարձրացրած հարցերը չեն լուծվում:
-Էներգետիկ անվտանգությունը 21-րդ դարում պահանջում է խորքային լուծումներ` սկսած էներգետիկ նոր աղբյուրների ստեղծումից մինչև ժամանակակից մեթոդաբանությամբ դրանք որպես միջոց գործադրելը: Մենք չենք օգտագործում:
-Խելահա՞ս չենք, թե՞ այլ պատճառներով:
-Տարբեր պատճառներով: Ցանկացած երկիր իր պետականությունը կարող է ամրապնդել, եթե որոշակի տնտեսական անկախություն ունի` սա մեկ, երկրորդ` մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է` փոքր տնտեսական շահից մինչև երկրի զարգացման գլոբալ հարցերը: Պատահական չէ, որ այսօր մեր տնտեսությունն օլիգարխիկ է, մենաշնորհային, սոցիալական կյանքը բևեռացված է: Իշխանությունը վիճակն արդարացնելու համար, նշում է միջազգային փորձը, բայց չի եղել մի երկիր, որ հաղթի պատերազմում, ունենա այդքան ամուր ոգով ժողովուրդ, բայց ապրի խեղճ, կախյալ, աղքատության խորացման պայմաններում: Եթե այն հանրությունը, որին իշխում ես, քո տեսակետները չի ընդունում, չի տեսնում քո մեջ այն անձին, ով ի վիճակի է իր շահերով առաջնորդվելու, այլ փորձում է ամեն գնով ազատվել քեզնից, պատճառը նաև քո մեջ պետք է որոնես: Եթե հասարակությանը չես կարողանում ներկայացնել քո որոշումների հիմնավորումը, այդ հասարակությանը կառավարելու իրավունք չունես, և օր առաջ հեռանալը երկուստեք լավագույն լուծումն է:
-Արտահերթ ընտրություննե՞ր եք պահանջում:
-Մենք միշտ ասել ենք, որ իշխանափոխությունը կարևոր քայլ կդառնա երկրի լարված իրավիճակը թուլացնելու, սոցիալ-տնտեսական կյանքը, քաղաքական համակարգը առողջացնելու, Հայաստանի միջազգային մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Բայց դա չպետք է լինի ընտրությունից դուրս, իշխանափոխությունը պետք է իրականացվի բացառապես ընտրությունների միջոցով: Հերթական, թե արտահերթ` մեզ համար երկրորդական հարց է: Շատերը փորձում են հիմնավորել, որ արտահերթ ընտրություններն են միակ ճանապարհը, բայց եթե չենք կարողացել արդար ընտրությունների հայեցակարգի շուրջ համաձայնության գալ, անիմաստ և անհնարին է թեկուզ արտահերթ ընտրություններով արդյունավետ իշխանություն ձևավորելը:
-Բոլորովին վերջերս ԱԺ-ն քննարկում էր ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ արդեն հին կովկասյան ավանդույթ է: Բայց ամեն ընտրությունից հետո արձանագրվում է, որ ընտրախախտումների պատճառն օրենքը չէ, քաղաքական կամք էր պետք, որ օրենքը գործեր... Ձեզ չի՞ թվում, որ առաջիկա համապետական ընտրություններն անցնելու են նույն սցենարով, որովհետև կա պարզ ճշմարտություն` իշխանությունն ուզում է իշխել:
-Կա՞ որևէ երկիր, որտեղ իշխանությունը չի ուզում իշխել: Պարզապես այլ երկրներում ժողովրդավարությունն այն մակարդակի վրա է, որ իշխանությունն իշխելու իր բանաձևը կառուցում է ժողովրդի կամքի վրա, ոչ թե սեփական ցանկության: Ցանկությունը և կամքը շատ կարևոր են ժողովրդավարական երկրներում, մեզ մոտ երկրորդ բաղադրիչը չկա: Իշխանությունը համարում է, որ եթե ցանկանում է` պետք է իշխի, ժողովրդի կամքն անտեսվում է: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նույնպես ցույց են տալիս, որ թեև իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է գնալու արդար ընտրությունների, բայց պրակտիկան և օրենսդրական գործունեությունը, ՀՅԴ-ի առաջարկների մերժումը ցույց են տալիս, որ ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ են անում և փորձելու են նույն սխեման աշխատեցնել` մի քիչ կատարելագործելով ընտրազեղծարարությունը:
-Իշխանությունն ուզում է, ընդդիմությունն ուզում է, ժողովուրդն ուզում է արդար ընտրություններ, ո՞վ է խանգարում:
-ՈՒրեմն` մեկն ու մեկը, կամ բոլորն էլ կեղծում են:
-Գուցե ելք է դառնում արտահե՞րթը:
-Ո՛չ, որովհետև արտահերթն էլ իրականացվելու է նույն միջավայրում: Բոլորն էլ գիտակցում են, որ ընտրության արդարությունը միայն օրենքով ամրագրելը քիչ է. օրենքն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Պիտի լինեն թե՛ իշխանության կամքը, թե՛ հասարակության պատրաստվածությունը, թե՛ քաղաքական համակարգի վճռականությունը:
-Հիմա ի՛նչ` Մովսես գտնենք ու 40 տարով անապա՞տ գնանք:
-Մովսեսը չի օգնի, երբ նա լեռը բարձրացավ` Աստծո պատվիրանները գրի առնելու, իջավ ու հանդիպեց Ոսկե հորթին պաշտող իր ժողովրդին, որը կասկածում ու չէր հավատում, թե Մովսեսն իրեն Աստծո խոսքն է բերել: Հասարակությունը միշտ էլ փոփոխական է, այդ փոփոխություններին դրական միտվածություն պետք է տան քաղաքական գործիչները և այնքան վճռական պետք է լինեն, որ պարտադրեն իշխանությանը: Հակառակ դեպքում` թողնել միայն իշխանության ցանկությանը նշանակում է հավատալ հեքիաթներին: 20 տարուց ավելի անկախ պետություն լինելով` հեքիաթներով ապրելու իրավունք արդեն չունենք: Իրականությունը կոնկրետ քայլեր է պարտադրում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ