«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԸ ԲՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹ Է»

«ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԸ ԲՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹ Է»
07.06.2011 | 00:00

Ըստ լրատվամիջոցների` երկրի տնտեսական դաշտն առողջ չէ այն առումով, որ հայ խոշոր գործարարներն իրենց ունեցած-չունեցածը վաճառում կամ տեղափոխում են այլ երկիր։ Նման խոսակցությունները չե՞ն հարվածում պետության վարկանիշին։ Այս և վերջերս ՀՀ նախագահի հետ գործարար խավի հանդիպման շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Գործարար աշխարհում սեփականության վաճառքը բնական երևույթ է,- ասաց նա։- Սա բիզնեսի գրագետ կանոն է, և չի կարելի որևէ բիզնեսի վաճառք կապել երկրից հեռանալու կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության հետ։ Ինչ վերաբերում է այդ առնչությամբ բարձրացված աղմուկին, դրա համար որևէ հիմք չեմ տեսնում։ Համենայն դեպս, իմ շրջապատում չեմ հանդիպել նման դեպքերի` բիզնեսի տեղափոխում այլ երկիր։ Թեև շատ է խոսվում տեղական արտադրողների կողմից սեփական բիզնեսի տեղափոխման մասին, այնուհանդերձ, նույն լրատվամիջոցներով տեսնում ենք, որ այդ նույն գործարարները Հայաստանում լուրջ ներդրումներ են կատարում։
-Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահը հանդիպեց գյուղատնտեսության ոլորտի ղեկավարների, գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների տնօրենների և ֆերմերների հետ։ Գործնականում ի՞նչ տվեց այդ հանդիպումը։
-Տարին հայտարարված է գյուղատնտեսական, և այս առումով շատ արդիական էր ՀՀ նախագահի հետ հանդիպումը ոչ միայն զուտ գյուղատնտեսության, այլև ոլորտին առնչվող արտադրության զարգացման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է արդյունքներին, պետք է նկատեմ, որ ոլորտի հաջողություններն առաջին հերթին կախված են եղանակի քմահաճույքներից` բնության դերն զգալի է։ Այդ գործոնից հետո կարևորվում է աշխատանքային հաջորդ փուլը։ Այդ հանդիպման ընթացքում քննարկվեցին բոլոր կողմերին հուզող խնդիրներ։ ՀՀ նախագահը գյուղմթերք արտադրողներից, գործարարներից անձամբ ստացավ առկա իրավիճակի մասին տեղեկությունը, ինչը շատ կարևոր եմ համարում։ Մասնավորապես, քննարկվեցին խաղողի և այլ գյուղմթերքների մթերման պայմանների և գների հարցերը։ Կրկնեմ` գյուղատնտեսությունը նախագահի ուշադրության կենտրոնում է, և դա լավ է։
-Մթերողներ կան, որ բողոքում են առաջարկվող գներից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է լոլիկին։ Ըստ վերամշակող ձեռնարկությունների, գյուղացին լոլիկի գինը բարձր է սահմանում։ Գյուղացին էլ իր հերթին հակառակն է պնդում։
-Նման խնդիր կա։ Ֆերմերը (և ընդհանրապես գյուղացին) մի հետաքրքիր մտածողություն ունի։ Նա իր ողջ եկամուտը պայմանավորում է այդ բերքով և ցանկանում է այն վաճառել այնպիսի գնով, որ ամբողջ տարի ապրի։ Սակայն ինձ, որպես վերամշակող ընկերության ղեկավարի, հուզում է այլ խնդիր։ Խոսքը ոռոգման մասին է։ Լինելով ծնունդով գյուղատնտեսական շրջանից, ընտրվելով այդ շրջանից պատգամավոր ու երկար տարիներ աշխատելով գյուղատնտեսության ոլորտում, խնդիրներն ինձ համար շատ ակներև են։ Բազմաթիվ հանդիպումների ժամանակ մարդիկ բողոքում են ոռոգման ջրի անկանոն մատակարարումից, քանի որ բերքի համար ամենակարևոր պահին ջուր չեն ունենում։ Բնականաբար, ցանկացած մշակաբույսի դեպքում, եթե անհրաժեշտ ժամանակահատվածում ոռոգում չի կատարվում, վնաս է հասցվում ոչ միայն տվյալ գյուղացիական տնտեսությանը, այլև երկիրը զրկվում է հազարավոր տոննա բերքից։ Ստացվում է` մի կողմից եղանակային պայմաններն են վնասում, մյուս կողմից` աննորմալ ջրամատակարարումը։ Այդ պատճառով գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչն ազդում է արդեն սպառման վրա, իսկ դա իր հերթին առաջացնում է սպառողների դժգոհությունը։ Նախագահը կառավարությանը պարտավորեցրեց խնդրի կարգավորման հարցում հետևողական լինել։
-Մթերումների հարցում հարկային դաշտում ո՞րն է գործարարի թիվ մեկ խնդիրը։
-Փառք Աստծո, գյուղատնտեսությունը հարկային դաշտում առանձնապես խնդիրներ չունի` ազատված է հարկերից։ Ի դեպ, պետք է նշեմ, որ նախագահի հետ հանդիպմանը ներկա էր նաև պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Նա շատ բարյացակամ էր տրամադրված և առաջարկեց թունաքիմիկատների ներմուծումը հարկերից ազատել, որպեսզի դրանց վաճառքի գինն իջնի` գյուղացուն ձեռնտու գնով առաջարկվի։ Ինչ վերաբերում է մթերումներին, այստեղ ևս փորձում ենք խնդիրներ չառաջացնել։ Նշեմ, որ մեր ընկերությունը զուգահեռաբար զբաղվում է նաև խաղողագործությամբ, այնպես որ, ես ինքս էլ և՛ բերք աճեցնող գյուղացի եմ, և՛ վերամշակող, որը գյուղացուց բերք է ձեռք բերում։ Այս տեսանկյունից և՛ գյուղմթերք արտադրողի, և՛ վերամշակողի համար կարևոր է, թե որքանով են գյուղատնտեսության խնդիրներն ուշադրության կենտրոնում։
-Տնտեսական քաղաքականությունն ինչպիսի՞ն է այս պահին, մենք ճգնաժամայի՞ն, թե՞ հետճգնաժամային փուլում ենք։
-Անցած տարի այս ժամանակահատվածում մենք ունեցանք տնտեսական աճ, ինչից ելնելով վստահ կարող էի ասել, որ մենք գտնվում ենք հետճգնաժամային իրավիճակում։ Այժմ աշխարհն սպասում է ճգնաժամի երկրորդ ալիքին։ Ինչպե՞ս կզարգանա իրադրությունը, չեմ կարող կանխատեսել։ Սակայն, սկսած 2010-ի նոյեմբերից, տնտեսական գործընթացները հետաճ արձանագրեցին` իջնելով 2009-ի ցուցանիշների մակարդակին։ Այսինքն, այս պահին վերադարձել ենք այն իրավիճակին, որն առկա էր 2009-ին։ Չգիտեմ, սա ճգնաժամի երկրորդ փուլն է, կամ գուցե միջանկյալ վիճակ։ Ինչ խոսք, տնտեսությունը նաև քաղաքականություն է, և այս առումով կարևորվում է ներքին արտադրությունը։ Այս տեսանկյունից, բնականաբար, երկրի ղեկավարության հենարանն իր ներքին ուժն է, և քաղաքականությունը բոլոր ոլորտներում պետք է վարի հօգուտ տեղական արտադրողի։
-Նկատենք, որ քաղաքական դաշտում նույնպես հետաքրքիր խմորումներ կան, մասնավորապես, ասում են, որ հանրապետականները երկու թևի են բաժանվել։ Ըստ Ձեզ, այդպիսի խմորումներ կա՞ն։
-Նման խնդիր չեմ տեսնում։ Այս պահին քաղաքական դաշտը շատ ավելի կայուն է, քան երկու-երեք տարի առաջ։ Որքան մոտենում ենք հաջորդ ընտրություններին, այնքան, կարծում եմ, դաշտն ավելի պետք է կայունանա, և քաղաքական գործիչները պատրաստվեն ընտրությունների։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ


Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ