«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԱԺ-Ի ՀԱՆՐԱՅԻՆ ՃԻՇՏ ԸՆԿԱԼՄԱՆԸ»

«ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԱԺ-Ի ՀԱՆՐԱՅԻՆ ՃԻՇՏ ԸՆԿԱԼՄԱՆԸ»
02.11.2010 | 00:00

2011-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ առաջարկեց Ազգային ժողովի գրադարանին լրացուցիչ գումար հատկացնել, որպեսզի նոր գրքերով համալրվի գրադարանը։ Հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի իրական պատկերը` դժվար է հավատալ, որ պատգամավորներն անհամբեր սպասում են, թե երբ նոր գրքերի տեսականուն կծանոթանան։ Կորյուն Նահապետյանից փորձեցինք պարզել` ո՞րն է նման առաջարկի նպատակը։
-Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձ եղավ խորհրդարանի գրադարանի ծառայությունները բարելավելու խնդրին,- ասաց պատգամավորը։- Ազգային ժողովի գրադարանի ներկայիս վիճակը և առկա կարողությունները հազիվ թե կարելի է բավարար համարել ոչ միայն գրադարանային որակյալ ծառայություններ մատուցելու, այլև խորհրդարանի ներկայացուցչական դերն ապահովելու տեսանկյունից:
Ժամանակակից գրադարանի ստեղծումը` ընդարձակ և հարմարավետ ընթերցասրահով, գրքերի և գրադարանային այլ միավորների արդիական հավաքածուով, իրավական տեղեկատվական-որոնողական մատչելի համակարգերով, անհրաժեշտություն է:
Համաձայն չեմ այն կարծիքին, թե քանի դեռ պատգամավորները քիչ են օգտվում գրադարանից, եղածն էլ բավարար է նրանց համար:
Նախ` նկատենք, որ գրադարանի որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն պետք է ունենան ինչպես պատգամավորները, անկախ այն բանից, թե քանիսն են օգտվում դրանից, այնպես էլ ԱԺ աշխատակազմի ծառայողները, հետազոտողներ, ընթերացասեր լայն շրջանակ: Հանրամատչելի խորհրդարանական գրադարանը կարող է նպաստել ԱԺ-ի հանրային ճիշտ ընկալմանը:
Երկրորդ` շատ եմ կարևորում գրադարանն իբրև խորհրդարանի բաղկացուցիչ մաս: Այս առումով հատկապես նշանակալի է խորհրդարանական առաջավոր ավանդույթներ ունեցող երկրների մոտեցումը, որոնք խորհրդարանի գրադարանը դիտում են ամենից առաջ որպես խորհրդարանական մշակույթի կարևորագույն բաղադրիչ:
Առաջնորդվելով այս նկատառումներով` նախապատրաստել եմ առաջարկներ 2011-ի պետական բյուջեում Ազգային ժողովի գրադարանին հատկացվող միջոցներն ավելացնելու ուղղությամբ:
-Ձեր կարծիքով, այսօրվա պատգամավորներից քանի՞սն են օգտվում գրադարանից, կամ նրանց քանի՞ տոկոսն է ընդհանրապես գիրք կարդում։
-Ինձ համար անընդունելի է ենթադրությունների հիման վրա եզրահանգում անելը: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, արդյոք կարիք ունի՞ օգտվելու գրադարանի ծառայություններից, և ինչպիսի՞ աղբյուրներ օգտագործել օրենսդրական գործունեության ընթացքում:
-Ի՞նչ եք կարծում, Ձեր առաջարկն ԱԺ պատգամավորներից քանիսի՞ն է հետաքրքրել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ օրենսդրական գործունեության ընթացքում նրանց ընդամենը 5-6 տոկոսն է նախաձեռնություններով հանդես գալիս։
- Պետք է ասեմ, որ ԱԺ գրադարանի խնդիրներով մտահոգված պատգամավորներ շատ կան: Ընդ որում, առանձին պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալու իմ նախաձեռնությանը: Ինչ վերաբերում է Ձեր նշած տոկոսներին, ապա կուզենայի պարզաբանեիք, թե ինչպես եք չափում կամ որոշում դրանք:
-Չափում եմ նախաձեռնությունների ներկայացմամբ ու հարցերի քննարկման մասնակցությամբ։ Եվս մի զուգահեռ անցկացնենք. երբ խորհրդարանի դահլիճը վերակառուցում էին, հայտարարում էին, թե ահա նոր դահլիճը պատգամավորների աշխատունակությունը կբարձրացնի, բայց հենց առաջին քառօրյայում էլ համոզվեցինք, որ ոչինչ էլ չի փոխվել, հարցերը քննարկվում են կրկին կիսադատարկ դահլիճում։ Փաստորեն, ձևական, կոսմետիկ փոփոխություններով հնարավոր չէ խորհրդարանի այսօրվա իրավիճակը «փրկել», հարկավոր է պատգամավորների «տեսակի» փոփոխություն։ Այդպես չէ՞։
-Խորհրդարանի գործունեության արդյունավետության բարձրացումը գերակա ուղղություն է և պահանջում է համալիր միջոցառումներ: Ասել, թե ԱԺ նիստերի դահլիճով է ամբողջապես պայմանավորված պատգամավորների գործունեությունը, կարծում եմ, ճիշտ չէ։ Իհարկե, տեխնիկապես հագեցած և վերանորորգված դահլիճն ԱԺ բնականոն գործունեության անհրաժեշտ նախադրյալներից է: Սակայն սրանով չպետք է սահմանափակվել։ Օրենսդիր մարմնի գործունեության բարեփոխման մի շարք միջոցառումներ արդեն իսկ նախատեսվում են, մասնավորապես, ԱԺ կանոնակարգի փոփոխությունը` կապված պատգամավորների պարտականությունների հստակեցման, վարքագծի կանոնների սահմանման, գործունեության սահմանափակման հետ։ Ժամանակը թելադրելու է նաև պատգամավորի «տեսակի» փոփոխություն:
-Նշեցիք պատգամավորների գործունեության սահմանափակման մասին։ Մեր թերթին տված հարցազրույցում Ձեր խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն ասել էր, որ պետք է վերացվի պատգամավորների անձեռնմխելիությունը, քանի որ դա նրանց համար նախ և առաջ քրեական պատասխանատվությունից խուսափելու միջոց է և «տանիք»` բիզնես գործունեության համար։ Համամի՞տ եք։
-Պատգամավորների անձեռնմխելիության հարցը կարգավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել առանց ԱԺ համաձայնության: Այսօր Սահմանադրությունը փոփոխելու խնդիր չենք դրել: Հետևաբար, պատգամավորների անձեռնմխելիության երաշխիքների նվազեցման շուրջ քննարկումները տեսական մակարդակից այն կողմ չեն կարող անցնել։ Թեպետ պատգամավորական անձեռն-մխելիության չարաշահման դեպքերը բացահայտելու նպատակով օրենսդրությունը պետք է կատարելագործվի: Ինչ վերաբերում է պատգամավորների գործունեության այլ սահմանափակումներին, մասնավորապես, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական արգելքին, ապա դրանք իսկապես արդյունավետ իրացման կարիք ունեն։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ