«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՊԵՏՔ Է ԼՐՋՈՐԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«ՊԵՏՔ Է ԼՐՋՈՐԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
08.10.2010 | 00:00

«Ես չգիտեմ` ի՞նչ է Ջավախքը, այդպիսի տարածաշրջան Վրաստանի քարտեզի վրա գոյություն չունի»,- այսպիսի հայտարարություն է արել վերջերս պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Ավելին, Ջավախքում առկա խնդիրների մասին բարձրաձայնումը նա անտեսել է, իսկ ասես «լավության» կարգով հավելել, թե 103 հայկական դպրոց են վերանորոգել։ Այս արտահայտության շուրջ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ, ծնունդով ջավախքցի ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ և ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆԸ։
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԽՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

-Նման տեսակետ հնչել է արտգործնախարարի մակարդակով, ու դա պիտի ընդունել որպես պաշտոնական դիրքորոշում, քաղաքական իշխանության մոտեցում։ Երբ ջավախահայության խնդիրների մասին ենք խոսում, որոշ տհասներ ասում են, թե ստվեր ենք նետում հայ-վրացական հարաբերությունների վրա։ Հիմա նման մարդկանց մեջ հարց չի՞ առաջանում, թե այս կարգի հայտարարությունները չե՞ն, արդյոք, ստվեր նետում այդ հարաբերությունների վրա։ Նրանց խելամիտ վարքագիծն այն կլիներ, որ պարզապես քննարկեին առկա խնդիրները։ Եթե այսպես շարունակվի, նրանց հաջորդ հայտարարությունը կլինի այն, թե հայի չեն ճանաչում, Վրաստանում հայեր չկան և այլն։ Կարծում եմ, պետք է լրջորեն վերանայել հայ-վրացական հարաբերությունները։ Այն կուրսը, որ Հայաստանն այսօր որդեգրել է, շատ ճիշտ է, պետք է այդպես էլ առաջնորդվեինք։ Սակայն սա վրացական իշխանությունները չարաշահում են, ավելին, գնալով նրանք մտնում են ցինիզմի դաշտ։ Արտգործնախարարի այդ հայտարարությունն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել։
-Առաջարկում եք վերանայե՞լ, այսինքն` ավելի՞ կոշտացնել դիրքորոշումները։
-Պիտի կոնկրետ, հստակ հակահարվածներ տանք այդ հայտարարություններին։ Պետականորեն վեր հանենք վրացահայերին հուզող խնդիրները, և եթե այդ հարցերին չեն արձագանքում Վրաստանի իշխանությունները, դրանք պիտի քննարկել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, որոնք զբաղվում են ազգային փոքրամասնությունների խնդիրներով։
-Ասել է` այդ հայտարարությունն այն քաղաքականության արձագանքն է, որ վրացական իշխանությունները որդեգրե՞լ են Ջավախքի հանդեպ։
-Իհարկե, նրանք հստակ քաղաքականություն են իրականացնում և դրան համազոր հայտարարություններ անում։ Հայտարարություններն ուղղակի բխում են վարած քաղաքականությունից։
-Հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, ստացվում է, բավականին խոտոր ուղիներով է ընթանում, չնայած երկուստեք հայտարարություններ են հնչում, թե չկան խնդիրներ, որոնք հնարավոր չլինի խաղաղությամբ լուծել Հայաստանի և Վրաստանի միջև։
-Մենք պիտի հանդես գանք մեր շահերի պաշտպանության դիրքերից, իսկ դա առաջին հերթին ենթադրում է ջավախահայության իրավունքների պաշտպանություն։ Սա է միակ պատասխանը Վրաստանի իշխանությունների որդեգրած այսօրինակ քաղաքականությանը։ Այլ ճանապարհ չեմ տեսնում։ Նրանք օգտվում են մեր կոմունիկացիոն կախվածությունից` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ամեն օր ոտնահարելով ջավախքցիների իրավունքները, խնդիրներ են ստեղծում հենց իրենց համար։
-Հայաստանի իշխանությունների հանդուրժողականությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք միայն կոմունիկացիոն կախվածությամբ։
-Մենք բարեկամական հարաբերություններ ենք ուզում հաստատել Վրաստանի հետ, իհարկե, կա նաև կոմունիկացիոն կախվածության խնդիր։

«ԱՅԴՊԵՍ ՄՏԱԾԵԼ ՈՒ ԱՅԴՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է»
ՀԱՅԿ ՍԱՆՈՍՅԱՆ

-Կոնկրետ Ջավախքի հետ կապված խնդիրներ այս հանդիպման ընթացքում չեն քննարկվել,- նշեց պարոն Սանոսյանը։- Ինչ վերաբերում է Վրաստանի արտգործնախարարի հայտարարությանը, ապա այն համարում եմ ինֆորմացիայի պակաս ունեցող մարդու խոսք, որն ընդհանրապես չի այցելել Ջավախք։ Այդ մարդը չի եղել այնտեղ ու չգիտի, թե որտեղ է Ջավախքը։ Սա վկայում է նաև ջավախահայության հանդեպ նրա ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։ Արտգործնախարարն իրավունք չուներ նման տոնով արտահայտվելու մի տարածաշրջանի առնչությամբ, որի մասին գիտեն ողջ աշխարհում, ճանաչում են որպես հայկական տարածաշրջան, տեղյակ են, որ այնտեղ ապրել ու ապրում են հայեր։
-Փաստորեն, սա կարելի՞ է համարել վրացական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը Ջավախքի վերաբերյալ։
-Չեմ կարծում, որովհետև մինչև հիմա նման բան ոչ լսել, ոչ էլ տեսել էինք։ Երբ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը գնում էր Ջավախք, հանդիպում իր գործընկերոջ հետ, նման հայտարարություններ երբեք չէին լինում։ Պիտի այս ամենին համազոր պատասխան տրվեր համապատասխան գերատեսչության ղեկավարի կողմից։ Մեր իշխանություններն էլ պիտի Ջավախքին վերաբերվեն որպես հայերով բնակեցված տարածքի, ուշադրության արժանացնեն։
-Ասել է` Հայաստանի իշխանությունները բավարար ուշադրություն չե՞ն դարձնում Ջավախքին։
-Այո։
-Ի՞նչն է փոխվել այժմ, որ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարները նման արտահայտություններ են իրենց թույլ տալիս։
-Չեմ կարծում, որ դրանում ինչ-որ դիտավորություն կա, կարող է տվյալ պահին այդպես է մտածել ու այդպես պատասխանել։ Բայց դա չի նշանակում, որ ներկայացրել են իշխանությունների դիրքորոշումը։ Եթե նախագահների մակարդակով հանդիպում լինի, չեմ կարծում, նման հայտարարություններ հնչեն։ Պարզապես դա տվյալ պահի տրամադրությունն է եղել։
-Ըստ Ձեզ, Ջավախքում այսօր «վրացականացման» գործընթաց չի՞ սկսված։
-Արտգործնախարարի այդ հայտարարությունից հետո, իսկապես, նման մտավախություն կա։ Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան վրացիներին ապակողմնորոշում է, թե հնարավոր է, որ Ջավախքում ազգայնական հարցեր բարձրացվեն։ Սակայն որքան տեղեկացված եմ, Ջավախքում տնտեսական գործունեություն է ծավալվում և՛ կոմունիկացիաների, և՛ դպրոցների շինարարության առումով։ Սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվում։ Վրացիների մեջ միշտ էլ մտավախություն եղել է, թե ջավախքցիները գուցե և տարածքային հարցեր բարձրացնեն։
-Հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ներառյալ Ջավախքի հանդեպ վերաբերմունքը, Ձեզ, որպես ծնունդով ջավախքցու, որքանո՞վ է գոհացնում։
-Հարցերը կարգավորելու փոխադարձ ձգտում կա։ Պիտի լինեն հաճախակի շփումներ, հանդիպումներ տարբեր գերատեսչությունների մակարդակով։ Ծառացած խնդիրները պիտի լուծվեն երկուստեք ջերմ հարաբերությունների միջոցով։
-«Ջերմության» սանդղակը ի՞նչ ցուցանիշ է արձանագրում հայ-վրացական հարաբերություններում։
-Ճիշտն ասած, քաղաքականությունն այնպիսի բան է, որ ջերմությունը կարող է ժամանակ առ ժամանակ իջնել։ Միշտ չէ, որ գետն իր հունով է գնում, երբեմն վարարում է, հունը փոխում։ Այդպես է նաև քաղաքականության մեջ, նայած արտաքին ինչ գործոններ կան։ Ամեն դեպքում, ջերմացման ցանկություն երկու կողմերի միջև առկա է։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ