«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԻՐ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է»

«ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԻՐ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է»
08.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ
-Խոսելով Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության մասին, հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը: Քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` Էթնոցիդի մասին: Երբևէ չենք բարձրաձայնել լեզվական ցեղասպանության մասին:
-Ճիշտ եք, և դա այն դեպքում, երբ ունեցել ենք մշակութային վիթխարի կորուստներ, իսկ մշակույթի բարձրագույն արտահայտությունը, ավելին` ժողովրդի լինելության հիմքը, լեզուն է: Մենք խոսում ենք հայոց եկեղեցիների ավերի մասին, բայց չենք խոսում լեզվի կորստի մասին, իսկ առանց լեզվի չկա ո՛չ ժողովուրդ, ո՛չ հայրենիք: Միջազգային ընդունված եզրույթով` լեզվական ցեղասպանությունը կոչվում է լինգվոցիդ: Վերջինս վարչական, քաղաքական, տնտեսական միջոցառումների այն ամբողջությունն է, որի նպատակն է ոչնչացնել տվյալ լեզուն իր գործածության տարածքում:
-Փաստորեն, ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ արևմտյան բարբառներ:
-Այո, բարբարոս քոչվորը գործեց իրեն հատուկ ձեռագրով` չկա լեզվակիրը, չկա և լեզուն: Թուրքիան իրականացրեց պետականորեն ծրագրված, բազմաշերտ, համակողմանի մտածված ցեղասպանություն, որի նպատակն էր արմատախիլ անել այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել բնիկ տերերի` հայերի գոյությունը: 1915 թվականին թուրքական կառավարությունը տարածեց մի հրահանգ, որով արգելվեց խոսել հայերեն: Լեզվաոչնչացման պետական քաղաքական ծրագրի իրականացման վերահսկողությունը հանձնարարվեց մոլլաներին: Հայերեն յոթ բառ ասելն արդեն իսկ համարվում էր հայհոյանք: Հիշատակված է, որ կոտորածից փրկված հայ ընտանիքներին նավի մեջ կտոր-կտոր են արել ու ծովը նետել միայն այն բանի համար, որ հանդգնել են խոսել հայերեն: Ոչնչացումից փրկվելու համար բազմաթիվ հայեր ստիպված էին մոռանալ մայրենին, կրոնափոխ լինել: Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ վայրերում այսօր բնակվող իսլամացած հայերը ցեղասպանությունից փրկված բնիկ հայ ժողովրդի ժառանգներն են:
Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքի մեծ մասն է, բնականաբար, արևմտյան բարբառներն էլ կազմել են հայոց բարբառների զգալի մասը: Տասնյակ բարբառներ ենք անվերադարձ կորցրել: Ժամանակին ՀՀ ԳԱԱ-ն նպատակ ուներ ստեղծելու լեզվագիտական ատլաս, որը ներկայացներ, թե ցեղասպանության հետևանքով դեպի ո՞ւր տեղահանվեց, որտե՞ղ ապաստանեց այս կամ այն բարբառը կրող հայ բնակչությունը, ո՞ր բարբառակիրներին է հաջողվել պահպանել իրենց բարբառը: Սակայն այդ նախաձեռնությունն այդպես էլ չվերաճեց գործի: Եվ այսօր մենք չունենք անգամ բարբառների համահավաք, ամբողջական մի ժողովածու: Խոսում ենք ցեղասպան Թուրքիային միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին, մոռանալով, որ բարբառագիտական ատլասը կլիներ իրավական այն փաստաթղթերից մեկը, որով միջազգային դատարանում կհնչեցվեր հարցը` ո՞ւր անհետացավ այս բարբառները կրող բնիկ հայ ժողովուրդը: Ցավոք, պետական անտարբերության, անուշադրության հետևանքով ատլասն այդպես էլ չստեղծվեց։
-Այսօր հնարավո՞ր է արևմտյան բարբառների հավաքում, երբ բարբառակիրն է ոչնչացվել:
-Այդ իմաստով մեր բարբառների 30% տոկոսը կարելի է համարել անվերադարձ կորած: Բայց մենք պարտավոր ենք գնալ եղածի հետքերով և փրկել այն, ինչ կա: Հիշեցի Գուրգեն Սևակի խոսքերը. «Մեզանում բարբառներն ուսումնասիրված են լայնությամբ, բայց ոչ խորությամբ», խոսքս վերաբերում է հենց խորությամբ ուսումնասիրմանը: Ի դեպ, բարբառների խորքային ուսումնասիրությունը շատ կարևոր է նաև լեզվի ու այն կրող ժողովրդի պատմության կնճռոտ էջերի բացահայտման առումով, չէ՞ որ բառը տվյալ ժողովրդի կենսագրությունն է: Կարծում եմ` բարբառների հավաքման հարցում մեծ դեր կարող են ունենալ նաև հայրենակցական միությունները, որ միավորում են Արևմտյան Հայաստանի հայության ժառանգներին:
-Մշակութային ցեղասպանության դրսևորում չէ՞ Արևմտյան Հայաստանում արդեն մեկ դար շարունակվող տեղանունների թրքացումը ևս, մանավանդ երբ տեղանունների նենգափոխումը եղել և մնում է թուրքական կառավարության քաղաքականության բաղադրիչ մասը:
-Սա ուրիշինը յուրացնելու քոչվորի մտայնության պետական դրսևորում է: Վերանվանելու մոլուցքը, որ շարունակվում է մինչ այսօր, միայն լեզվական երևույթ չէ: Չէ՞ որ տեղանունները նաև ազգի հիշողությունն են, պատմական իրականություն, ուստի և թուրքական կառավարությունը պիտի փորձեր նենգափոխել: 1915 թվականի հունվարին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման արձակեց, որի առաջին կետում գրված էր. «Օսմանյան տերության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները, ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը»: Հետագա տարիներին էնվերի հրամանը դարձավ պատգամ Թուրքիայի բոլոր իշխանությունների համար. անկախ այն բանից, թե ով էր այդ պահին իշխանության ղեկին, հրահանգը սրբորեն կատարվում էր: Դրա տրամաբանական շարունակությունը 1957 թվականին տեղանունների փոփոխության պետական հանձնաժողովի ստեղծումն էր: Մոտ 30 000 տեղանուն է անվանափոխվել:
-Ի դեպ, Սուրբ խաչ եկեղեցու շուրջ կազմակերպված թուրքական շոուի ժամանակ «Թրքիշ դեյլի նյուս»-ը մի հոդված հրապարակեց, ուր անունների թրքացումը որակել էր «մշակութային ցեղասպանություն»: Հեղինակը գրում էր. «Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին վերանվանվեց «Աքդամար» (թուրքերեն նշանակում է «սպիտակ երակ»), հազարամյա հայկական մայրաքաղաք Անին` «Անը» (նշանակում է «հիշողություն»): Վերանվանելու մոլուցքը, մշակութային անհանդուրժողականությունը կարող են աշխարհում ընկալվել որպես մշակութային ցեղասպանություն, և թող ոչ ոք չզարմանա, եթե այդպես լինի»:
-Եվ այդպես էլ կա։ Ժամանակն է, որ հայերս այս հարցում լուրջ քայլ կատարենք` դիմելով ՄԱԿ` մշակութային ցեղասպանությունը դատապարտող միջազգային կոնվենցիա ընդունելու պահանջով: Մենք ունենք դրա լիարժեք իրավունքը: Մեծ եղբոր քաղաքականության շարունակողն է նաև Ադրբեջանը` խաչքարին «խաչդաշ» անհասկանալի անունը կպցնելով: Սրա կանխումը մեկ ճանապարհ ունի` դատապարտում:
-Տասնամյակներ շարունակ ինքներս մեզ հանգստացրել ենք, թե չնայած հայրենիք ենք կորցրել ու աշխարհասփյուռ դարձել, սակայն կարողացել ենք պահպանել մեր լեզուն, մեր մշակույթը: Բայց բնօրրանից պոկված հայն ի վիճակի՞ էր անաղարտ պահելու իր լեզուն, մշակույթը:
-Բնականաբար` ոչ: Դրսում, օտարի արժեքային համակարգում դու ստիպված ես հարմարվել ու դրանով իսկ կորցնել ինքնությունդ. այն քո մեջ կմաշվի, զավակիդ մեջ կվերանա, թոռանդ մեջ այլևս չի էլ հիշվի: Օտարության մեջ մենք պահպանել ենք միայն մեր մշակույթի հիշողությունը։ Հաճախ է ասվում, թե ունենք երկու գրական լեզու` արևելահայերեն ու արևմտահայերեն: Բայց իրականում արևմտահայերենը գոյություն չունի, այն պահպանվել է միայն գրական ստեղծագործություններում: Այլևս չկա Պարոնյանի, Սիամանթոյի, Դուրյանի, Վարուժանի արևմտահայերենը. ինչո՞ւ, որովհետև լեզուն կրող բնիկ ժողովուրդը ոչնչացվեց իր իսկ բնօրրանում: Իսկ եղածն ընդամենը արևմտահայերենի բեկորներ է, որ կարողացել է պահպանել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայը: Աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի պես ցիրուցան եղավ նաև մեր լեզուն: Եվս 10-15 տարի, և այդ բեկորներն էլ չեն լինելու: Այսինքն, մեր երկրորդ գրական լեզուն իր մահացության վերջին փուլում է:
-Զարմանալի երևույթ է, Արևմտյան Հայաստանում հայերի հետքը վերացնելը թուրքական սևեռուն քաղաքականությունն է, մինչդեռ մեզ չի հաջողվում նույնպիսի ջերմեռանդությամբ պաշտպանել մեր արժեքները: Ինչո՞ւ ենք այդչափ անկարող մեր ունեցածը պաշտպանելու հարցում, ինչո՞ւ ենք այդքան հեշտությամբ զիջում: Ինչո՞ւ գործնական ու համախմբված չէ այս հարցում հայ մտավորականությունը:
-Խորհրդային տարիներին այդ անտարբերությունը հասկանալի էր. Լենին-Աթաթուրք եղբայրությունը բեռ էր դարձել մեզ համար: Բայց Հայաստանի անկախացումից ի վեր դարձյալ պետական մակարդակով գրեթե ոչինչ չի արվում: ՈՒ ոչինչ չանելը քողածածկվում է դիվանագիտական ինչ-ինչ խաղերով: Դառնամ մտավորականությանը. իսկ Հայաստանում կա՞ համախմբված մտավորականություն: Իհարկե` ոչ: Կան միայն իրենց գործն իմացող նվիրյալ անհատներ, բայց միայնակ մարդն ինչպե՞ս կարող է համազգային նպատակներ հետապնդող ծրագրեր իրականացնել: Եվ ի՞նչ է ստացվում` մենք դարձել ենք անկարո՞ղ։ Մտավորականության այն հատվածին, որը չունի համախմբվելու կարողություն, որպես ելք այս անկարողությունից, կառաջարկեի մեկ-մեկ Դանիել Վարուժան կարդալ։ Որովհետև տղամարդու գործ կա անելու։
Հարցազրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ