«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՂԱՐԱԲԱՂԸ ԽՆԴԻՐ Է ԱԼԻևԻ ՈՒ ԻՐ ԿԼԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՎԻՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՆՋՈՒԿԻ ՎՐԱ»

«ՂԱՐԱԲԱՂԸ ԽՆԴԻՐ Է ԱԼԻևԻ ՈՒ ԻՐ ԿԼԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՇՎԻՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՆՋՈՒԿԻ ՎՐԱ»
01.07.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում առաջին անգամ ՀՀ նախագահը ելույթ ունեցավ Ստրասբուրգում, մեր երկրի համար դա ի՞նչ էր նշանակում:
-2008-ից հետո այն շրջանը, որի մեջ մտավ մեր երկիրը, այն զարգացումները, որ եղան երեք տարիներին` փորձություններ, հաղթահարումներ, ամփոփվեցին նախագահի այցով Եվրախորհուրդ: ԵԽԽՎ մեսիջը ստացանք, որ ինչ անում ենք, անում ենք ճիշտ ուղղությամբ և ունենք իրենց աջակցությունն ու հարգանքը: Խնդիրներ, իհարկե, կան, ավարտված չեն բարեփոխումները, բայց մեսիջը շատ կարևոր էր, որ այդ ճանապարհով գնացողներն առաջ գնալու վստահություն զգան: Նախագահը ներկայացավ որպես բարեկիրթ, ինտելիգենտ և խորաթափանց ղեկավար: Եվրախորհուրդը տեսել է շատ ղեկավարների այցեր, հիշվում են Գյուլի, Էրդողանի այցերը, երբ շենքը դղրդում էր, և ամեն քառակուսի մետրի վրա մեկ թուրք կար` լրագրողի, քաղաքական գործչի, աշխատակազմի անդամի, դիտորդի կարգավիճակով (ում և ինչ են ցույց տալիս): Հայաստանի նախագահի և հայերի պահվածքի հետ համեմատությունը մեկնաբանությունների կարիք չուներ, և եվրոպացիները, լինելով նուրբ ու փորձված, լավ զգում են ու հասկանում ամեն ինչ:
-Կարծո՞ւմ եք, որ նախագահի ելույթը ադեկվատ էր Հայաստանի ներքին ու արտաքին իրավիճակին:
-Նախագահի ելույթում ամփոփված էին ժամանակակից Հայաստանի բոլոր հիմնահարցերը, նա խոսում էր եվրաստանդարտներից, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ եվրոպական համայնքին: Այն հավասարը հավասարի հետ խոսակցություն էր: Նա ընդունում էր մեր անելիքները և նշում էր մյուսների անելիքները: Նրա խոսքի մեջ կար և՛ կոչ, և՛ պահանջ, և՛ վստահություն: Պատահական չասվեց, որ Եվրոպան չպետք է հանդուրժի նոր բաժանարարներ, որ մենք չպետք է խնդիրները թողնենք հաջորդ սերնդին, որ քաղաքական արժանահավատություն պետք է ցուցաբերենք: Նրա խոսքում կար հարգանք և՛ Եվրախորհրդի, և՛ Հայաստանի նկատմամբ, և հավաստիացում, որ մենք մեր անելիքն անելու ենք, բայց և Եվրոպան պետք է գործի` ելնելով քաղաքական արժանահավատության, արդար ու համահավասար կանոններից:
-Ի՞նչ էր նշանակում, որ Ղարաբաղը Եվրոպա է:
-ԵԽԽՎ-ն մի կազմակերպություն է, որի հիմնաքարը մարդու իրավունքներն են, ժողովրդավարությունը, և այլն, և այլն, բայց արդյո՞ք նրա առաքելությունը միայն «այս նորանկախներին մոնիտորելն» է, արդյո՞ք ԵԽԽՎ-ն պարտավորություններ չունի, արդյո՞ք մենք նրանց նկատմամբ պահանջներ չունենք: Այդ պահանջներից մեկը աչքերը բացելն ու բոլորին համահավասար նայելն է` Ղարաբաղում ապրում է մի խիզախ ժողովուրդ, որ կարեցածն անում է իր պետության կայացման, իր քաղաքացիների արժանապատիվ ու պաշտպանված կյանքի համար, բայց ԵԽ-ն էլ անելիք ունի, և այդ անելիքը «ոչ լիարժեք տեղեկացված քննարկումների կարճատև ներազդեցությունը» չէ, այլ մարդու, քաղաքացու, հասարակության նկատմամբ ուշադրությունը: Դա, փաստորեն, Ղարաբաղի եվրաինտեգրման խնդրի բարձրաձայնումն էր:
-Իբրև դահլիճում նստած մարդ, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ ընկալվեց ասվածը:
-Նախագահի խոսքը շատ դրական տպավորություն թողեց, դրական ազդեցություն ունեցավ նաև հարցերի պատասխանը. եվրոպացիները նույն պահին, նույն տեղում տեսան, որ նա ոչ միայն խոսում է հանդուրժողականության մասին, այլև հանդուրժող է: Այն մարդկանց, որոնք ի սկզբանե հայտնի են որպես ոչ հայամետ, դուր չէին գալիս ո՛չ նախագահի խոսքը, ո՛չ դահլիճի բարյացակամ մթնոլորտը, մեր հաջողություններով ուրախացողներն ուրախ էին մեզ հետ: Եվրոպացիների տպավորությամբ` նախագահը ժողովրդավար է, երկիրը գնում է դեպի ժողովրդավարություն:
-ԵԽԽՎ այս նստաշրջանում ի՞նչ կարևոր հարցեր էին քննարկվում, ընդհանրապես և Հայաստանի համար, մասնավորապես:
-Ի սկզբանե հայկական պատվիրակությունը հանդես եկավ նոր քաղաքականությամբ. նստաշրջանի բացման օրը պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ թեպետ ԵԽԽՎ բյուրոն, չանսալով հայկական պատվիրակությանը, վերականգնեց ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովը, ունենալով նախորդի ձախողման փորձը, Հայաստանի պատվիրակությունը միակողմանի մորատորիում է ստանձնում` առաջարկելով Ադրբեջանի պատվիրակությանը դադարեցնել կրքերը բորբոքելու, անհիմն մեղադրանքներ հասցեագրելու, ստահոդ, շինծու, զրպարտչական հայտարարություններ անելու քաղաքականությունը: Խոսել և գործել կառուցողական դաշտում` անգամ ամենաբարդ և դժվար խնդիրները ներկայացնել առանց ավելորդ մեղադրանքների և քաղաքականացման: Նստաշրջանում պատվիրակության բոլոր անդամների ելույթներն այս սկզբունքներով էին կառուցված: Իսկ նստաշրջանը շատ կարևոր խնդիրների անդրադարձավ, մեկը շեշտեմ` ինչպե՞ս ենք ապրելու 21-րդ դարում: Եվրոպայի հանրահայտ մարդիկ հայեցակարգ են պատրաստում, և ԵԽ-ում այդ հարցը շատ ակտիվ քննարկվեց:
-Եվ ինչպե՞ս ենք ապրելու 21-րդ դարում:
-Քննարկումը մեծ հետաքրքրություն էր հարուցել, և բազում ելույթներ եղան: Իբրև Հայաստանի ԱԺ պատվիրակ և հայ մարդ` իմ ելույթում ես խոսեցի նախ և առաջ խաղաղության մասին: Ցավոք, մ. թ. 20 դարում մարդկությունը չի գտել առանց պատերազմների ապրելու բանաձևը: Եվրոպայում այսօր պատերազմներ չկան, բայց կան տարածաշրջաններ, որտեղ առկա կոնֆլիկտները հղի են պատերազմների վերսկսման սպառնալիքով: Մասնավորապես, Հարավային Կովկասում մարդիկ երկար տարիներ ապրում են սառեցված հակամարտության պայմաններում, ինչպես գործող հրաբխի կողքին, որը կյանքի ամենահարմար վայրը չէ: Ես կարևորեցի խաղաղությունն ու կայունությունը որպես անանց արժեքներ մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Եվրոպական հասարակության և քաղաքական գործիչների համար մեկ անգամ ևս ահազանգ հնչեց պատերազմի հնարավորության և խաղաղության անհրաժեշտության մասին: Եթե ԵԽ-ն մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն ունի, չի կարող ազգերի հիմնական ազատությունը` ինքնորոշման իրավունքը, չպաշտպանել: Մեծ թե փոքր ազգերը պետք է ունենան հավասար իրավունքներ, որպեսզի ունենան զարգացման հեռանկար. այս մասին ևս հնչեց ելույթում: ԵԽԽՎ-ի համար շատ կարևոր ևս մեկ հարց քննարկվում էր Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում` կառույցի բարեփոխման հարցը, որի շուրջ ևս տասնյակ ելույթներ եղան: Արդեն երկրորդ տարին է, խորհրդաժողովը զբաղվում է իր գործունեության բարեփոխման հարցերով, որը ԵԽԽՎ գոյության 60 տարիների երևի ամենածավալուն ռեֆորմն է։
-Ո՞րն է բարեփոխման նպատակը:
-Առավել արդյունավետ գործելը, իբրև կառույց իր խնդիրներն առավել ճկուն և արագ լուծելը, գործուն մեխանիզմներ ունենալը: Իբրև Խորհրդարանական վեհաժողով` ԵԽԽՎ-ն ունի աշխարհի բոլոր խորհրդարաններին բնորոշ խնդիրներ` հաճախ կիսադատարկ է լինում դահլիճը, կան բուռն հետաքրքրություն առաջացնող ոչ այնքան կարևոր և շատ կարևոր, բայց ոչ հետաքրքրահարույց հարցեր։ Ազգային բոլոր պատվիրակությունները, քաղաքական խմբերը, հանձնաժողովները այդ հարցը քննարկել և իրենց առաջարկներն են արել: Լինելով տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ` ես ներկայացրել եմ հանձնաժողովի անդամների տեսակետները: Քաղաքական լուծումներից, կանոնակարգային առաջարկներից բացի, կառուցվածքային փոփոխությունների որոշում է ընդունվել, որը վերաբերում է նաև ԵԽԽՎ տնտեսական հանձնաժողովին. 3 հանձնաժողովներ` տնտեսական, բնապահպանության և գյուղատնտեսության, սոցիալական հարցերի, միավորվում են և հունվարից հետո ստեղծվելու է մեկ մեծ հանձնաժողով, որը կոչվելու է կայուն զարգացման: Այս պահին դեռ որոշված չէ` ինչպես են գործելու փոփոխված հանձնաժողովները, որովհետև կառուցվածքային բազմաթիվ փոփոխություններ են կատարվել և այլ հանձնաժողովների վերաբերյալ: ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում ևս մեկ զեկույց կլինի, որով կտրվեն այս հարցերի պատասխանները: 2012 թ. հունվարյան նստաշրջանից ուժի մեջ կմտնեն փոփոխությունները:
-Իբրև տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ` ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու այդ հանձնաժողովի հետագան:
-Իբրև հանձնաժողովի նախագահ, իմ իրավասությունների ժամկետը կավարտվի 2012-ի հունվարի 23-ին, որից հետո իրավունք ունեմ ևս մեկ անգամ առաջադրվելու, կանոնակարգային խնդիրների փոփոխությունները պարզ կլինեն հոկտեմբերյան նստաշրջանից հետո:
-ԵԽԽՎ նստաշրջանը սովորաբար շատ հագեցած օրակարգ է ունենում, որը շոշափում է անդամ բոլոր երկրների շահերը, այդպե՞ս էր այս անգամ:
-Նստաշրջանում շատ կարևոր խնդիրներ քննարկվեցին, որոնցից մեկի զեկուցողն եմ եղել` կանանց թվի ավելացումը ղեկավար կառույցներում, հիմնական զեկույցը ֆրանսուհի Ժիզել Գոթիեինն էր, ես տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից հարակից զեկույց էի ներկայացնում: Եվրոպան շատ բարձր պահանջներ է ներկայացնում կանանց դերակատարությունը մեծացնելու և գենդերային հավասարության հասնելու իմաստով։ Սա վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, այլև տնտեսական, սոցիալական ոլորտներին: Զեկույցում վերլուծված է իրավիճակը տարբեր երկրներում, վերհանված են պրոբլեմները, առաջարկվում է գործել ոչ միայն զուտ պահանջ ներկայացնելով, այլև գործուն մեխանիզմներ` ճանապարհային քարտեզներ, ժամկետներ և այլն սահմանելով: Հետճգնաժամային ժամանակաշրջանում մեծ ուշադրություն է դարձվում նաև երիտասարդության հարցերին, հատկապես նրանց գործազրկության խնդիրներին, որոնց վերաբերյալ ևս հանձնաժողովի կողմից ելույթ ունեի: Ինչպես պաշտպանել երիտասարդության աշխատանքի իրավունքը` իբրև երկրի ապագայի, սոցիալական արդարության պաշտպանության հարց. այս խնդրի վերաբերյալ առաջարկներ են ներկայացվում ԵԽ անդամ պետություններին, ԽՎ բյուրոյին, ԵԽ նախարարների խորհրդին: Եղել են նաև հանձնաժողովի կողմից ավանդական զեկույցներ` ԵԽԽՎ բյուջեի և քաղաքական խմբերի ծախսերի մասին:
-Ստրասբուրգից գանք Կազան` ունեի՞նք սպասելիքներ, որ չարդարացան:
-Թե՛ նման խնդիրների զարգացման ընթացքի համաշխարհային փորձի, թե՛ կոնկրետ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր-վաղը լուծումների սպասելիքներ չունենք: Դեռ շատ ճանապարհ կա անցնելու, որ մեր հարևան հասարակությունը հասկանա և հասնի փոխզիջման պատրաստականությանը: Խնդրի լուծումը քարոզչական ճանապարհով, բեկումները թղթով չեն լինելու: Այնպես չէ, որ աշխարհի հզորները կնստեն-կխորհրդակցեն-կորոշեն, ու բեկում կլինի:
-Դա նշանակում է պատերա՞զմ:
-Վաղուց հայտնի է` եթե խաղաղություն ես ուզում, պատերազմի պատրաստ եղիր: Վստահ եմ, որ հայոց բանակում այդ կանոնը հրաշալի գիտեն, միշտ մարտունակ են և ոգով ամուր: Բայց խնդիրը հնչեցնելը բարձրագույն հարթակներում շատ կարևոր է, և Ստրասբուրգում նախագահի խոսքի մեջ այդ մասին ասվեց` եվրոպական համայնքին ցույց տրվեց, որ նավթադոլարները տրվում են սպառազինման, հասարակությունը դաստիարակվում է ռասիստական անհանդուրժողականության, հայատյացության ոգով, կերտվում է թշնամի հայի կերպար... Հակիրճ, բայց դիպուկ ներկայացվեց այն ամենը, ինչ կարող է հանգեցնել պատերազմի: Դա հատկապես կարևոր էր Ստրասբուրգում հնչեցնել, որովհետև այդ խնդիրները ԵԽ առաքելության շրջանակներում են:
-Նախագահ Ալիևը տևական ժամանակ դժգոհ էր ՄԽ գործունեությունից, Հայաստանից, հիմա, կարծես, համանախագահները, Հայաստանը պատրաստ են ինչ-որ որոշման, որին պատրաստ չէ Ադրբեջանը, այսինքն` ստատուս քվոն, որի դեմ պայքարում էին, պետք է իրե՞նց:
-Դա նշանակում է` այն ամենը, ինչ այսօր դիտվում է համանախագահների, հայկական կողմերի համար որպես որոշում, Ադրբեջանին դուր չի գալիս: Եթե արված առաջարկները Ալիևի սրտով լինեին, 10 փոփոխություն չէր առաջարկի: Ի վերջո, պարտված կողմն ուզում է, որ հաղթող կողմն իրեն զիջումներ անի, թեև հակառակն ավելի տրամաբանական է ու օրինաչափ: Կարծում եմ` իրավիճակն այնքան կձգվի, մինչև այդ տրամաբանությունը հասու լինի ադրբեջանական կողմին: Նախագահից` քաղաքացիներ: Իմ ոչ մեծածավալ շփումներից ես եկել եմ այն եզրակացության, որ ադրբեջանական լայն հանրության համար Ղարաբաղի խնդիրը կենսական չէ: Ղարաբաղը խնդիր է քաղաքական ուժերի համար, Ալիևի ու իր կլանի, այն մարդկանց համար, ովքեր իրենց քաղաքական, ֆինանսական կարիերան կառուցել են պատերազմի հաշվին ու ղարաբաղյան թնջուկի վրա:
-Բանակցությունների բովանդակության հայտնիության սահմաններում այն տպավորությունն է ստեղծվում, որ Ադրբեջանը 3 սկզբունքներից ընկալում է միայն տարածքային ամբողջականությունը և անփոփոխ է իր դիրքորոշման մեջ, ինչի՞ շուրջ են բանակցությունները և ինչի՞ համար: Այդ պարագայում միջնորդները, միջազգային կառույցները, որ Ղարաբաղի հարցը լուծելու բուռն ցանկություն են ունենում պարբերաբար, անելիք չունե՞ն այս ուղղությամբ:
-Ադրբեջանը ինչ էլ մտածի և ինչ պատրանքներ էլ ունենա, մոլորակից և միջազգային հանրությունից դուրս չէ և կախում ունի միջազգային օրենքներից: Եթե դա չլիներ, կփորձեր իր խնդիրները յուրովի լուծել: Անելիքներ, իհարկե, ունեն միջազգային կառույցները: ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի խոսքում այդ անելիքները հստակ էին` Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքում առաջնորդվել չվնասելու և կարճաժամկետ ներազդեցության քայլերի փոխարեն երկարաժամկետ արդյունավետություն ունեցող քայլերի մասին մտածել: Մաքսիմալ ուշադրություն դարձնել Ադրբեջանում ծավալվող հայատյացության, պատերազմի, ատելության քարոզչությանը: Պետությունների միավորումը, որպիսին է ՄԱԿ-ը, ստեղծվել է առաջին հերթին ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման հիմքի վրա: Տարածքային ամբողջականությունը պետությունների վարվելակարգն է, ազգերի իրավունքները գերակա են, որովհետև պետությունը գործիք է ազգի համար, ազգն է առաջնայինը, պետությունը ազգի կազմակերպման ձևն է:
-Հնարավոր համարո՞ւմ եք Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղան:
-Հայկական կողմերը հարց չունեն, Ադրբեջանի համաձայնության հարցն է: Միջազգային հանրության մտածողության մեջ կատարվող փոփոխություններն աշխատում են հօգուտ դրա:
-Գուցե Ադրբեջանը համաձայնի Ղարաբաղի մասնակցությանը այն ժամանակ, երբ պատրա՞ստ լինի հարցի լուծմանը:
-Երբ իրենք իրապես պատրաստ լինեն ոչ հայանպաստ, ոչ ադրբեջանանպաստ, այլ ճիշտ լուծմանը, կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենց համար ընդունելի է որպես Ղարաբաղի ժողովրդի միջազգային օրենքներին համապատասխան հանրաքվեով ընդունված որոշում:
-Կազանի եռակողմ հանդիպմանը տարբեր արձագանքներ եղան, մասնավորապես նախկին արտգործնախարարը դառնացած էր...
-Որպես ոչ այնքան վաղ պետական բարձրագույն պաշտոնատար անձ` անվայել եմ կարծում նրա ոգևորությունը` այս այսպես չէ, այն այնպես չէ: Չանդրադառնամ նրա գնահատականների քաղաքական բովանդակությանը, պարզապես մարդկային պատշաճության սահման կա, որ ոչ մի դեպքում անցնել չարժե` նույնիսկ մեծ քաղաքականություն վերադարձի բուռն ցանկությունից:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ