«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆ ԱՅՍՕՐ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ»

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆ ԱՅՍՕՐ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ»
15.07.2011 | 00:00

Հայկական իրականությունը եվրոպաներում և ամերիկաներում հարգի նուրբ քաղտեխնոլոգիաներ չի ընդունում։ Մեզանում բոլորովին այլ մեթոդներ են գործում։ Քաղտեխնոլոգիաների հայկական իրականության մասին զրուցում ենք «Փի Արտ» ընկերության զարգացման տնօրեն, քաղտեխնոլոգիաների մասնագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-Պարոն Հակոբյան, այսօր մեզ մոտ ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում PR-ի և քաղաքական քարոզչության ոլորտում։
-Քաղտեխնոլոգիաներն աշխարհում զարգանում են, սակայն ես կկարևորեի ոչ այնքան Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրումը, որքան եղածները մեզ մոտ հարմարեցնելու խնդիրը։ Բնականաբար, ասածս չի նշանակում, թե նոր քաղաքական տեխնոլոգիաներ Հայաստանում չեն կիրառվում, մասնավորապես, կարծում եմ, լուրջ քաղտեխնոլոգիական ռեսուրս են ինտերնետը և սոցիալական ցանցերը: Ավելին՝ համոզված եմ, որ արդեն առաջիկա ընտրաշրջանում այս ռեսուրսները կարող են լուրջ այլընտրանք հանդիսանալ իշխանության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներին և անգամ հեռուստաալիքներին: Իսկ, ընդհանրապես, քաղաքական տեխնոլոգիաների մասին խոսել հնարավոր է, եթե ընտրությունները քիչ թե շատ արդար են անցկացվում։ Հակառակ դեպքում կիրառվում է ընդամենը մեկ-երկու, այսպես կոչված, «քաղտեխնոլոգիա»՝ արդյունքներ կեղծել, դրանք սրբագրել և ընտրազանգվածին գումար բաժանել։ Հայաստանում գրեթե մշտապես այդ «տեխնոլոգիաներն» են գործել, իսկ PR-ը կամ քաղաքակիրթ տեխնոլոգիաներն իշխանական լծակներ ունեցողների կողմից կիրառվել են վերոնշյալ եղանակով՝ ընտրություններում ցուցաբերած իրենց բարձր արդյունքն արդարացնելու համար։ Զուտ քաղտեխնոլոգիաներով կամ PR-ով մինչև վերջերս առաջնորդվում էին հիմնականում ընդդիմադիր գործիչները կամ նրանք, ովքեր վերևներից չունեն հովանավորություն և լծակներ։ Այսօր Հայաստանում շատ մարդիկ փող ունեն, բայց ոչ բոլորին է թույլ տրված այդ փողը բաժանել։ Խնդիրը միայն գումարը չէ, խնդիրը լծակներ ունենալն է, որ կարողանաս այդ գումարն օգտագործել կամ անպատիժ կեղծել ընտրությունները։ Ես սա կանվանեի «հայաստանյան քաղտեխնոլոգիա», որը ցանկացած քաղաքակիրթ երկրում քրեորեն պատժելի արարք է։ Այնուհանդերձ, քաղաքական տեխնոլոգիաների և քարոզչության ոլորտում էլ որոշակի տեղաշարժեր կան: Վերջին 5-6 տարում Հայաստանում նկատելի են այնպիսի քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ոչ միայն նախընտրական շրջանում են զբաղվում իրենց PR-ով, այլև դա կիրառում են մշտապես` թե՛ պրոֆեսիոնալ քաղաքական տեխնոլոգների ներգրավմամբ, թե՛ ինքնուրույն։ Դա նրանց համար ամենօրյա աշխատանք է և ոչ թե նախընտրական գործընթաց։
-Խոսքն ո՞ւմ մասին է։
-Առայժմ ավելի շատ սեփական PR-ը կարևորում են առանձին անհատները: Օրինակ՝ ակնհայտ է, որ քաղաքական գործիչներից իր PR-ով անընդհատ զբաղվում է Գագիկ Ծառուկյանը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ և՛ սեփական հեռուստաալիքը, և՛ ֆինանսական ռեսուրսների միջոցով այլ ԶԼՄ-ները (ընդ որում, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական)։ ՀԱԿ-ում իր PR-ին մեծ ուշադրություն է դարձնում Լևոն Զուրաբյանը, որն անընդհատ փորձում է ինչ-որ բան ավելացնել իր իմիջին ու քաղաքական կշռին։ PR-ը կարևոր դեր ունի Վիկտոր Դալլաքյանի, Արմեն Աշոտյանի, Արամ Կարապետյանի համար. այս գործիչները, հավանաբար, հասկանում են, որ մշտապես իրականացվող PR-ը տալու է իր արդյունքները, և ապագայում՝ ընտրական շրջանում, ավելի քիչ ռեսուրսներ են ծախսելու։ Վերջին 3-4 տարիներին նկատելի է, որ իր PR-ով փորձում է զբաղվել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ հարց է, թե ինչքան է դա նրան հաջողվում։ Սերժ Սարգսյանի պարագայում նկատելի է, որ PR-ը նույնպես չի անտեսվում, բայց հիմնականում ոչ այնքան անձամբ ՀՀ նախագահի, որքան նրա մտերիմ շրջապատի կողմից: Հստակ չափանիշներ հանրային կապերի ոլորտում գոյություն չունեն։ Այն, ինչ արդյունավետ կարող է լինել մեկի համար, մյուսի համար կարող է չգործել։ Նույն Գագիկ Ծառուկյանը, շատ լավ հասկանալով, որ իր, այսպես ասած, բնական լսարանը հիմնականում մարզաբնակներն են և Երևանի միջինից ցածր սոցիալական մակարդակ ունեցող մարդիկ, կիրառում է այն գործիքները, որոնք այդ մարդկանց վրա լավ ներգործություն են ունենում։ Խոսում է շատ պարզ կարգախոսներով, որոնք այդ թիրախային խմբին հասկանալի են։ Ներազդեցության լրացուցիչ գործիք են նաև գործարար պատգամավորի բարեգործական ակցիաները: Գրեթե նույն տեխնոլոգիաները կիրառող Հովիկ Աբրահամյանի համար դա շատ ավելի դժվար է, քանի որ հանրության շրջանում նա ընկալվում է հիմնականում իշխանական լծակների շնորհիվ այսօրվա դիրքին հասած մարդ։ Այնպես որ, քաղտեխնոլոգիաների ոլորտում թերևս ունիվերսալ մեթոդներ գոյություն չունեն:
-Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից հետո արմատական ընդդիմադիր հարթակը կարծես թափուր է մնացել։ Ո՞Ւմ եք տեսնում այդ դաշտում։
-Ակնհայտ է, որ գարնանից սկսած, երբ ՀԱԿ-ը հայտարարեց, որ իր մարտավարության մեխն իշխանության հետ երկխոսության հասնելն է, սկսեց կորցնել իր արմատական կողմնակիցներին։ Եվ, կարծում եմ, ժամանակն այդ առումով աշխատում է ՀԱԿ-ի դեմ, և այդ ռադիկալ հատվածն այսօր, այսպես ասած, անտեր է մնացել։ Այդ արմատական հատվածը, որը, ըստ իս, առնվազն 10-15 տոկոս է, այսօր սպասում է իր նոր առաջնորդին։ Կասկածում եմ, որ եթե նույնիսկ ՀԱԿ-ը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեն վերադառնալ իրենց հին արմատական կարգախոսներին, կկարողանան ամբողջովին վերադարձնել այդ արմատական ընտրազանգվածը։ Ընդ որում, կարծում եմ՝ իշխանությունը ժամանակ ձգելու շատ հստակ գիծ է որդեգրել՝ հասկանալով, որ ամեն օր ինչ-որ հատված պոկում է Լ. Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածից։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր կարող են զբաղեցնել քաղաքական դաշտի արմատական վակուումը, ապա դրանք կարող են լինել, օրինակ, ազգային գաղափարախոսության շուրջ միավորված որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց զինանոցում կունենան նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ արմատական կարգախոսներ:
-Փաստորեն, եթե այս ընթացքում ի հայտ չգա արմատական ընդդիմության դերին հավակնող որևէ քաղաքական ուժ, ապագա ընտրություններում իրար հետ մրցելու են իշխանական ուժերը։
-Այսօր դեռևս դժվար է վերջնականապես կանխատեսել, թե քաղաքական հարաբերությունների ինչ ֆորմատի կհանգեցնի իշխանության և ՀԱԿ-ի միջև փաստացի գոյություն ունեցող երկխոսությունը: Պարզ չէ նաև, արդյոք առայժմ լուսանցքում գտնվող արմատական քաղաքական ուժերը կդառնա՞ն ազդեցիկ քաղաքական գործոն: Այս առումով դեռևս շատ վաղ է խոսել այն մասին, որ հիմնական պայքարն ընթանալու է հենց իշխանական ուժերի միջև, բայց որոշակի տրամաբանություն Ձեր հարցադրման մեջ, իհարկե, կա: ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքն ԱԺ ընտրություններին գնալու է առանձին ցուցակով։ Ես վստահ չեմ դրանում, որովհետև բազմիցս լսել ենք նման հայտարարություններ, բայց ի վերջո արվել է այնպես, ինչպես ցանկացել են հանրապետական կուսակցությունը կամ Սերժ Սարգսյանը։ Համոզված եմ նաև, որ այդ հարցը ոչ միայն երկրի ներսում է լուծվելու, այլև դրսի ազդակներով է պայմանավորված։ Բացի այդ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում և մեր քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունը, կարծում եմ՝ շատ հարցեր կլուծվեն այնտեղ։ Ի դեպ, բավականին կբարդանա ՀՀԿ-ի վիճակը, եթե չկարողանա ԲՀԿ-ի հետ մեկ ցուցակով գնալ ընտրության։ Այս պարագայում առաջ է գալիս ՕԵԿ-ի խնդիրը։ Ակնհայտ է, որ միայնակ հանդես գալու դեպքում շատ դժվար է ՕԵԿ-ին առանց ցնցումների 5 տոկոս «գրել»։ Այն նախորդ նախագահական ընտրություններից հետո շատ խոր փոսի մեջ է հայտնվել, և դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դուրս գա։ Իսկ միայն ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալը բավականին խոցելի է դարձնում նույն ՀՀԿ-ին հենց նրա ընտրազանգվածի աչքում։ Ընդ որում, չի բացառվում, որ այդ տարբերակում խնդիրներ առաջանան հենց ՀՀԿ-ի ներսում։ Ստացվում է, որ Հանրապետականը պետք է իր ուսերի վրա անմրցունակ ՕԵԿ-ի որոշ ներկայացուցիչների քարշ տա խորհրդարան, ընդ որում, հենց որոշ հանրապետականների հաշվին։
-Արդյոք չի՞ գերագնահատվում Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու խնդիրը։
-Վերջին երեք տարում, բացի զուտ քաղաքական լինելուց, գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից նաև որպես քաղտեխնոլոգիայի գործիք է օգտագործվել: Այս առումով որոշ դեպքերում այդ գործոնը գերագնահատվել է, որոշ դեպքերում՝ թերագնահատվել: Բայց անժխտելի փաստ է, որ ինքը՝ Քոչարյանը, միշտ ձգտել է գոնե ստվերային ազդեցիկ գործչի իմիջը պահպանել: Պատահական չէ, որ վերջին շրջանում նրա թիմը ձեռնամուխ եղավ մի շարք լրատվական կայքերի ստեղծմանը և եղածի ամրապնդմանը: Զարմանալի չէ, որ վերջերս անգամ որոշ լրատվամիջոցների միջև «լոկալ» պատերազմներ սկսվեցին: Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության հանդեպ սուր արտահայտությունները, քննադատությունները, ըստ իս, կապված են այն բանի հետ, որ ինչ-որ ուժեր մտավախություն ունեն, որ «Ռեգնումը» կարող է այնպիսի հրապարակումներով հանդես գալ, որոնք շատ լուրջ վնաս կհասցնեն թե՛ իշխանությանը, թե՛ երկխոսող ընդդիմությանը։ «Ռեգնումը» ժամանակին հատուկ ստեղծված լրատվական ռեսուրս էր, որն ուղղված էր ԱՊՀ քաղաքականության վրա ինչ-որ ձևով ազդեցություն ունենալուն։ Իսկ այսօր «Ռեգնումը» Հայաստանում ասոցացվում է ՌԴ իշխանական վերնախավի պուտինյան թևի հետ։ Իսկ Պուտինը մեզ մոտ, չգիտես ինչու, միանշանակորեն ասոցացվում է Քոչարյանի հետ, և ոմանց մոտ մտավախություն կա, թե վերոնշյալ լրատվական ռեսուրսն աշխատելու է Քոչարյանի օգտին։ Կարծում եմ՝ «Ռեգնումի» դեմ որոշակի կոմպրոմատներով փորձում են նրանից անլուրջ լրատվամիջոցի կերպար ձևավորել՝ կանխարգելելով իրենց համար հնարավոր վտանգները։ Սակայն այս թեզը բավականին կասկածելի է, քանի որ Ռուսաստանում վաղուց արդեն փորձում են նախկին սխալներից դասեր քաղել և ավելի պրագմատիկ քայլերով առաջնորդվել, նրանք շատ լավ հասկանում են, որ Քոչարյանի վարկանիշը Հայաստանում բավականին ցածր է, և իրական խաղադրույք ոչ ոք չի կատարի այն գործիչների վրա, որոնց պարագայում անհասկանալի է, թե ինչ քաղաքական ռեսուրսներով պետք է գան իշխանության։ Իսկ արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնց արդյունքում պաշտոնանկ են արվում անգամ Մուբարաքի նման դիկտատորները, Քոչարյանի «կալիբրի» գործիչների հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ են դարձնում: Այնպես որ, Պուտինի վերադարձով մեխանիկորեն պայմանավորել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, կարծում եմ՝ սխալ է։ Իհարկե, տեսականորեն դա հնարավոր է, օրինակ, եթե Ռուսաստանն իշխանություն-ընդդիմություն երկխոսության մեջ տեսնի լուրջ աշխարհաքաղաքական վտանգ իր շահերին։ Դատելով ռուսական որոշ զարգացումներից՝ կարելի է ասել, որ այնտեղ, իհարկե, որոշ մտահոգություններ կան առ այն, որ իշխանություն-ընդդիմություն հնարավոր ալյանսի վերջնական նպատակը դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական վեկտոր փոխելն է։ Ինչը, ի դեպ, երևում է որոշ ռուսաստանյան, մեզանում սիրված կամ չսիրված, լրատվական միջոցների հրապարակումներից:
-Դաշնակցությանը տեսնո՞ւմ եք արմատական ընդդիմության դաշտում։
-Տեսականորեն նման հնարավորություններ ազգային և սոցիալիստական քաղաքական սպեկտրում իրեն դիրքավորող այդ կուսակցությունը, բնականաբար, ունի, և գուցե դա բավականին հեռանկարային կլիներ այդ կուսակցության համար, սակայն չեմ կարծում, որ գոնե այսօր, օրերս ավարտված ընդհանուր ժողովից, Բյուրոյի նոր կազմից և բավականին կառուցողական բանաձևերից հետո դաշնակցությունը ռադիկալացման ճանապարհով է գնում։ Ընդհակառակը, հայ-թուրքական գործընթացների սառեցումից հետո չեմ տեսնում լուրջ հակադրության հիմքեր ՀՅԴ-ի և իշխանության միջև։ Ըստ էության, դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ հայ-թուրքական հայտնի գործընթացների պատճառով։ Հիմա այդ խոչընդոտը վերացել է, և գոնե արտաքին քաղաքական դաշտում չկան արմատական ընդդիմություն դառնալու հիմքերը։ ՀՅԴ-ն այսօր առանձնապես չի հակադրվում իշխանություններին ներքաղաքական խնդիրներում։ Եվ այս պարագայում չի բացառվում, որ դաշնակցությունը, հաշվի առնելով ընտրություններում իր արդյունքների տարեցտարի նվազումը (առանձնապես իշխանական լծակներից զրկվելուց հետո), փորձի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել իշխանությունների հետ թե՛ բուն ընտրական զարգացումների, թե՛ ապագա համագործակցության շուրջ:

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ