Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՇԱՀԵԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՇԱՀԵԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
29.11.2011 | 00:00

ՀՀ ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
-Պարոն Ավագյան, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
-Դիտարկելով քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները՝ միանշանակ կարելի է ասել, որ ժամանակից շուտ մեկնարկել են ԱԺ նախընտրական գործընթացները, այն դեպքում, երբ նախընտրական պայքարի մեջ կարելի էր մտնել գոնե նոր տարուց հետո։ Կարծում եմ՝ օրենքով սահմանված ժամանակահատվածը լիովին բավականացնում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող բոլոր ուժերին՝ ընտրողների հետ շփումների և քարոզարշավի համար։ Ընկալելի չէ, երբ որոշ ուժեր, այսօր արդեն սկսելով քարոզարշավը, փորձում են պոպուլիստական, ականջահաճո հայտարարություններ անել, այն դեպքում, երբ իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենց բարձրացրած հարցերն այս ժամանակահատվածում հնարավոր չէ լուծել։ Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա իշխանությունները հստակ գիտակցում են առկա բոլոր պրոբլեմները, այս տարիների ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացրել՝ ձեռնպահ մնալով ականջահաճո, պոպուլիստական հայտարարություններից։ Իշխանությունը խոսել է այն ամենի մասին, ինչը կարող էր կյանքի կոչել և կոչել է։ Եթե մեկ նախադասությամբ բնութագրեմ ներքաղաքական իրավիճակը, ապա՝ ֆալստարտ նախընտրական քարոզարշավում։
-Մշտապես խոսվում է քաղաքական դաշտում ինչ-որ «երրորդ ուժի» ի հայտ գալու մասին։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այդ ուժի ծնունդը։
-Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, բայց, կարծում եմ, պրակտիկորեն այդ ուժն արդեն ուշացած է։ Գուցե որոշակի ուժեր ի հայտ գան, բայց թե որքանով դրանք կլինեն անցողիկ, որքանով կկարողանան գրավել ընտրողների վստահությունը, ժամանակը ցույց կտա։ Չեմ կարծում՝ Հայաստանում կա այն ազատ քաղաքական ռեսուրսը, որ կարելի է համախմբել ու ստեղծել այնպիսի «երրորդ ուժ», որը լինի ազդեցիկ ու կարողանա էական ներգործություն ունենալ հասարակական-քաղաքական գործընթացների կամ ընտրությունների վրա։ Գործնականում դա անհնար է։
-Քաղաքական վերջին ամենաուշագրավ իրադարձությունը, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցության ակնարկն էր ԲՀԿ-ին։ Դուք հավատո՞ւմ եք այդ համագործակցության հնարավորությանը։
-Հարցին շատ կարճ պատասխանեմ. դա քաղաքական հնարք է, որ փորձում է կիրառել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իրենց հանրահավաքներն ավելի հետաքրքիր դարձնելու համար։
-Քաղաքական դաշտը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մշտապես նոր գաղափարների, նոր անհատների անհրաժեշտություն ունի: Չե՞ք կարծում, որ մեր քաղաքական դաշտում թարմ գաղափարներ գեներացնող ուժի կամ անձանց կարիք կա։
-Համամիտ չեմ Ձեզ հետ, թե մեզ մոտ նոր դեմքերի, նոր գաղափարների պակաս կա։ Հայաստանի հանրապետական կուսակցությունն այն ուժն է, որը միշտ տարբերվել է քաղաքական դաշտում սերնդափոխության առումով։ Կուսակցության ներսում սահուն սերնդափոխության արդյունքում այսօր կան բազմաթիվ երիտասարդ պաշտոնյաներ, ովքեր ղեկավարում են այս կամ այն ոլորտը։ Օրենսդիր մարմնում կան բազմաթիվ երիտասարդ պատգամավորներ։ Սահուն սերնդափոխությունն էլ բերում է նոր գաղափարներ, նոր մոտեցումներ։ Միանշանակ, այդ մարդիկ հանրապետական կուսակցության քաղաքականության կրողներն ու իրականացնողներն են դառնում։ Ժամանակի ընթացքում հասարակությունը ենթարկվում է տարբեր տրանսֆորմացիաների, և առաջացած մարտահրավերներին դիմագրավելու համար նոր դեմքերը նաև թարմություն պետք է բերեն, որպեսզի պահանջված լինեն հասարակության կողմից։ Եթե համեմատելու լինենք 3-4 տարի առաջվա իրողության հետ, ապա Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքական թիմի ներսում փոփոխություններն ակնհայտ են։ Պետական կառավարման մարմիններում ընդգրկված են բազմաթիվ երիտասարդ գործիչներ, որոնք իրենց առաջխաղացումն սկսել են երիտասարդական կառույցներից։
-2011-ն աշխարհում հեղափոխությունների տարի էր։ Մտավախություն չկա՞, որ հեղափոխական ալիքը կարող է հարվածել նաև նախընտրական Հայաստանին։
-Նախ չեմ կարծում, թե այն երկրներում, որտեղ հեղափոխություններ տեղի ունեցան, խնդիրները լուծվեցին։ Եգիպտոսը դրա վառ ապացույցն է։ Մուբարաքի հրաժարականից և իշխանության փոփոխությունից ամիսներ անց զանգվածային ցույցերն ու բախումները շարունակվում են, կան տասնյակ զոհեր։ Ընդամենը փոխվեց իշխանությունը, բայց խնդիրները մնացին։ Ինչ վերաբերում է մեզ, ապա համեմատության եզրեր այդ երկրների հետ ուղղակի գոյություն չունեն։ Հեղափոխական այն նախադրյալները, որ կային այդ երկրներում (Թունիս, Եգիպտոս, Լիբիա), Հայաստանում չկան։ Մի պարզ օրինակ բերեմ. այդ երկրները տասնյակ տարիներ ղեկավարվում էին մեկ մարդու կողմից։ Մասնավորապես, Հոսնի Մուբարաքը Եգիպտոսը կառավարում էր մոտ 30 տարի։ Հայաստանն իր որդեգրած քաղաքականությամբ ապացուցել է ժողովրդավարական արժեքներին նվիրվածության մասին։ Ժողովրդավարությունը մեր երկրում այլընտրանք չունի։ Ոչ մի երկրում հեղափոխությունը դրական արդյունքի չի բերել։ Զարգացման միակ իրական ճանապարհը բնական էվոլյուցիան է։
-Պարոն Ավագյան, վերջին տարիներին ընտրական տեխնոլոգիաները բավականին փոխվել են։ Մասնավորապես, մեծացել է համացանցի և սոցիալական ցանցերի դերը քարոզչության, ինֆորմացիայի փոխանցման հարցում։ Ընդ որում, նշածս ոլորտները գործնականում վերահսկողությունից դուրս են։ ՀՀԿ-ն ինչպե՞ս է տրամադրված տեխնոլոգիական պայքարին։
-ՀՀԿ երիտասարդական կառույցը բավականին ակտիվ է համացանցում, տիրապետում է բոլոր նոր տեխնոլոգիաներին ու գործիքներին։ Իրականում, եթե նոր տեխնոլոգիաները մուտք են գործելու քաղաքական դաշտ, մենք նույնպես անմասն չենք մնալու այդ տեխնոլոգիաները կիրառելուց։ Էլ չեմ ասում, որ երբևէ անմասն չենք էլ մնացել։
-Ինչպե՞ս կբնութագրեք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային իրավիճակը։
-Բանակցային գործընթացը Հայաստանի համար երբեք այսքան շահեկան վիճակում չի եղել։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասել ենք մի կետի, երբ Հայաստանի Հանրապետության խոսքը հասանելի ու ընկալելի է միջազգային կառույցների, հանրության և գերտերությունների համար։ Այսօր հստակորեն խոսվում է երեք իրավահավասար սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության մասին։ Այս երեք սկզբունքները նույն հարթության մեջ են, և դրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չունի։ Այս մոտեցման կողմնակիցն են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Լեռնային Ղարաբաղը։ Այս մոտեցումը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ ավելի ու ավելի ընկալելի է դառնում աշխարհին։ Ղարաբաղյան հարցի լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Ընդ որում, արդեն իսկ ժամանակի պահանջն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ։ Դրա մասին այսօր ավելի շատ է խոսվում, և այն բանակցային գործընթացում դարձել է քննարկման հարց։
-Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները բավականին հաճախակի են դարձել։ Մտավախություն չունե՞ք, որ դրանք կվերաճեն պատերազմի։ Մանավանդ որ ադրբեջանական կողմը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով։
-Չեմ կարծում` այդ միջադեպերը պատերազմի վերաճեն։ Հրադադարը միշտ էլ խախտվել է ադրբեջանական կողմից և արժանի հակահարված ստացել մեր ուժերից, թեև ժամանակին հենց իրենք էին խնդրում հրադադար կնքելու մասին։ Չնայած Ադրբեջանի նախագահը ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անում, չնայած հանդիպումների ժամանակ մի բանի շուրջ է պայմանավորվում, բայց գնում է իր երկիր, այլ հայտարարություններով է հանդես գալիս, այնուամենայնիվ, պատերազմի վտանգ ես չեմ տեսնում։ Չեմ տեսնում նաև այն պատճառով, որ մեր սահմանների պաշտպանը հզոր, հաղթանակած, մարտունակ, կանոնավոր բանակն է։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ