«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴԻԿ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱԼԻՍ, ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ»

«ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴԻԿ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱԼԻՍ, ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ»
19.03.2010 | 00:00

Ընթացիկ և սպասվող ներքաղաքական զարգացումները, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությունը մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ։
-Պարոն Զուրաբյան, ընդդիմության շարքերում ակնհայտ ոգևորություն կա մարտի 1-ի հանրահավաքից հետո։ Սպասում եք, որ ապրիլի 6-ին հասարակական աջակցությունն ավելի մե՞ծ կլինի։ Չե՞ք կարծում, որ մարտի 1-ը պարզապես էպիզոդ էր` բնակչության գարնանային ակտիվության առումով։
-Ո՛չ, չեմ կարծում, որ դա էպիզոդ էր։ Եթե մեր դատողությունները կառուցենք անգամ զուտ տեսական քաղաքագիտությունից ելնելով, ապա 2008-ի կեղծված նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի դեպքերից հետո առաջացած հանրային ալիքը երկու տարվա ընթացքում աստիճանաբար պետք է մարեր։ Քաղաքագիտական տրամադրությամբ, իրոք, այդպես է, որովհետև կատալիզացիոն գործընթացների բացակայության պայմաններում, երբ չկան ընտրություններ, տնտեսական ցնցումներ, հանրային քաղաքական ակտիվության հիմքերն էլ նվազում են։ Սակայն Հայաստանի իշխանությունները չկարողացան անցած ժամանակահատվածում իրենց ոչ լեգիտիմությունը փոխհատուցել որևէ օգտակար գործունեությամբ։
-Օգտակար գործունեություն ասելով` ի՞նչ նկատի ունեք։
-Որևէ քայլ, նախաձեռնություն, ինչի շնորհիվ քաղաքական լարվածությունը կնվազեր։ Ասենք, արվեին քայլեր օլիգարխիկ համակարգի կազմալուծման, մենաշնորհների վերացման, տնտեսության մեջ ազատ մրցակցային դաշտի ստեղծման ուղղությամբ։ Պայքար տանեին պետական համակարգը խեղդած կոռուպցիայի դեմ, պետական մեխանիզմներով կանխեին անընդհատ աճող թանկացումները։ Այսօր մենք տեսնում ենք, որ ինչպես գազի, այնպես էլ մյուս բոլոր թանկացումները չունեն որևէ տնտեսական հիմնավորում, դրանք զուտ կոռուպցիոն են, մենաշնորհների հետևանք։ Այդ մասին մարտի 1-ի հանրահավաքում մենք ներկայացրինք բավականաչափ հիմնավորումներ։ Տեսե՛ք, ես առաջին հերթին նշում եմ այն խնդիրները, որոնք կարևոր են ժողովրդի, բնակչության լայն զանգվածների, ոչ թե ընդդիմության համար։
Եթե խնդիրը դիտարկենք ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների, քաղաքական դաշտի առողջացման տեսանկյունից, ապա այստեղ էլ ոչինչ չի արվել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Կարող էր, չէ՞, իշխանությունը դադարեցնել պատերազմը քաղաքական ընդդիմախոսների դեմ, ազատել քաղբանտարկյալներին, ցույցերի ժամանակ մարդկանց սահմանադրական իրավունքի իրագործմանը չխոչընդոտել։ Եվ վերջապես, հասկանային, որ մարտի 1-ից հետո Հայաստանում բոլորովին նոր քաղաքական դաշտ է ձևավորվել, ստեղծվել է քաղաքական տրամադրությունների նոր դասավորություն, ինչը պետք է արտահայտված լինի գոնե երկրի խորհրդարանում։ Հակառակ դեպքում, երկիրը հավերժական քաղաքական ճգնաժամի մեջ է գտնվելու։ Այդպես չի լինում, որ Ազգային ժողովը ոչ մի կապ չունենա հանրության քաղաքական նախապատվությունների հետ, ու այդ համակարգով հնարավոր լինի արդյունավետ կառավարում իրականացնել։ Իշխանության ձախողումների առյուծի բաժինը միգուցե հենց դրանից է գալիս։ Դրան գումարենք արտաքին քաղաքական ձախողումները։
-Բայց ինչպես հայ-թուրքական գործընթացում, այնպես էլ Ղարաբաղի հարցում առանձնակի տեղաշարժեր չկան։ Ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական իմաստով։
-Եթե իշխանությունները կարողանային Ղարաբաղի հարցը տարանջատել հայ-թուրքական գործընթացից և հասնել սահմանի բացմանը, դա կարող էր ձեռքբերում լինել։ Մեզ համար էլ դժվար կլիներ հանրային դժգոհության ալիք բարձրացնելը։ Բայց իշխանությունը դա էլ չկարողացավ անել, թեպետ նախաձեռնողական քաղաքականություն է հռչակել։ Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե զարգացումներ չկան։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հայ-թուրքական գործընթացից իշխանությունները չկարողացան տարանջատել, հզոր տերություններն էլ, չկարողանալով արդյունավետ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, այդ ճնշումը Հայաստանի վրա են տեղափոխել։ Սա ինչ է, եթե ոչ արտաքին քաղաքականության լիակատար ձախողում։
Հետևաբար, հանրային ակտիվության բոլոր նախապայմանները կան։ Մեր նվաճումն այն է, որ, չնայած ամեն տեսակի ճնշումներին, ՀԱԿ-ը պահպանեց իր համախմբվածությունը, նվիրվածությունը հռչակած նպատակներին, մենք կարողացանք հարստացնել դա։ Այսինքն` չմնացինք ՀԱԿ-ի սկզբնական հռչակագրի մակարդակում, հրապարակվեց «100 քայլ» տնտեսական ծրագիրը, որը, ի դեպ, հեշտ չէր համաձայնեցնել մասնակից կողմերի միջև։
-Ի՞նչ բարդություն կար, բոլորն էլ գիտեն, որ ծրագիրը գրել է Հրանտ Բագրատյանը։
-Ոչ միայն։ Ծրագիրը համաձայնեցված է ՀԱԿ-ի մաս կազմող 18 կուսակցությունների միջև, որոնցից 4-ը սոցիալիստական են, մի քանիսը` լիբերալ-դեմոկրատական, մի քանիսն էլ` պահպանողական գաղափարների կրող։ Մենք կարողացանք ապացուցել, որ լինելով ոչ միատարր քաղաքական դաշինք, ի վիճակի ենք հանդես գալու միասնական տնտեսական պլատֆորմով։
-Եվ որն արժանացավ բավականին սուր քննադատության։
-Ճիշտն ասած, որևէ նորմալ քննադատություն «100 քայլ» ծրագրի վերաբերյալ լսելու առիթ չեմ ունեցել։ Այդ քննադատությունն ուղղված է եղել անձերի` Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Հրանտ Բագրատյանի դեմ, բայց ոչ փաստաթղթի։ Եվ այդ քննադատության «լավաշների» մեջ, երբ խոսքը վերաբերում է փաստաթղթի դրույթներին, նույնիսկ, այսպես կոչված, ընդդիմախոսները բազմաթիվ դրույթների վերաբերյալ դրական են արտահայտվել։
Ես համարում եմ, որ մենք իսկապես դարձել ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, կարողացել ենք հարաբերություններ ստեղծել նաև միջազգային ասպարեզում, եվրոպական կառույցների հետ։ Եվ մենք լուծումներ ենք առաջարկում ցանկացած բնագավառի հետ կապված։ Պարզ է, որ ժողովուրդը նաև համեմատելու տեղ ունի, երբ, մի կողմից, ասպարեզում է որևէ հարց չլուծող կլեպտոկրատիկ իշխանությունը, որը փակել է զարգացման բոլոր հեռանկարները, մյուս կողմից` ակտիվ ընդդիմությունը, որը հանդես է գալիս ժողովրդի, մեծամասնության շահերի պաշտպանության դիրքերից։
-Իմ տպավորությամբ` մարտի 1-ի հանրահավաքի բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը։ Եղան պնդումներ, թե իշխանությունների հետ շփումներում նույն առաջարկն են ներկայացնում նաև արևմտյան դեսպանները։ Այսինքն, այսօր ՀԱԿ-ի առանցքային պահանջը դա՞ է։
-Ամենից առաջ ցանկալի կլիներ, որ բոլորը գիտակցեին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ոչ թե ընդդիմության քմահաճույքն է, այլ օբյեկտիվ իրողություն։ Անցած ժամանակահատվածում մենք շատ կառուցողական ենք եղել և միշտ համարել ենք, որ ցանկացած հարցում կարելի է բանակցել։ Բանակցությունների ենթակա չեն միայն մեր սահմանադրական իրավունքները, բայց դրանք էլ ապահովելու համար մենք պատրաստ ենք գնալու էվոլյուցիոն ճանապարհով, եթե իշխանական ճամբարից բարի կամքի որևէ դրսևորում լինի։ Այդ դրսևորումը չի եղել և չկա, հաշտության եզրեր գտնելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու մեր բոլոր առաջարկներն իշխանությունն ընկալել է որպես թուլության նշան։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ինքն է պարտադրում խնդիրների լուծման առճակատային սցենարները։ Այսինքն` մինչև մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որևէ հարց չի լուծվում։
Մենք միշտ պահպանում ենք բանակցելու հնարավորությունը, բայց եթե իշխանության այդ պատրաստակամությունը չկա, ստիպված ենք գնալու այլ ճանապարհով։ Այդքան ամբարտավան չենք, որ վստահ պնդենք, թե արտահերթ ընտրություններ կպարտադրենք իշխանություններին։ Բայց եթե նրանք այդ առաջարկը չընդունեն, ընտրությունները կպարտադրի կյանքը` երկրի և նույն իշխանության համար ավելի վատ պայմաններում։ Արտահերթ ընտրությունների անցկացումը մեր կողմից ներկայացված վերջնագիր չէ, այլ իրավիճակից դուրս գալու ելք, ճանապարհ, առաջարկություն։ Պարզապես հակառակ կողմում մարդիկ են, ովքեր քաղաքական մտածողություն չունեն։ Նրանք համարում են, որ զինված են տանկերով ու ավտոմատներով և կարող են ցանկացած գործընթացի դեմն առնել։ Այդ մտածողությունն է ամենամեծ խոչընդոտը։
-Այնքան էլ այդպես չէ։ Կոալիցիայում վերջերս կադրային փոփոխություններ եղան, ներսում խմորումներ են, և բոլորովին էլ չի բացառվում, որ իշխանության ներսում ինչ-որ պահի կայացվի այդ որոշումը։ Հնարավոր է` չկայացվի։ Չե՞ք կարծում, որ իշխանությունն իր ներքին հակասությունների պատճառով նաև չի գնում արտահերթ ընտրությունների։
-Իմ կարծիքով` մարտի 1-ի հանրահավաքից հետո իշխանությունը շփոթված է և ելքեր չի տեսնում։ Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրանք համարում են պահեստային տարբերակ ու այդպես էլ ասում են` եթե ուրիշ ճար չլինի, վիճակը շատ վատանա, այդ դեպքում միգուցե կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ի դեպ, որոշակի նախապատրաստություններ էլ արդեն սկսել են։ Մենք բազմաթիվ փաստեր ունենք, որ իշխանական կուսակցությունները տարածքային կառույցներում հավաքում են իրենց ակտիվիստներին, հանձնարարում ճշտել ընտրական ցուցակները, իսկ հրապարակավ հերքում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը։ Առաջանում է հարց` եթե հույսը հերթական ընտրությունն է, ապա դրանից երկու տարի առաջ ինչո՞ւ են ցուցակներ ճշտում։
Այսինքն` արտահերթ ընտրություններն իրենց համար վերջին փրկօղակ են, որ մտքում պահում են։ Բայց ակնհայտ է, որ ավելի շատ սպասում են հայ-թուրքական գործընթացի ավարտին, ուզում են տեսնել` զարգացումներն ինչպես կընթանան սոցիալ-տնտեսական դաշտում։ Իրենց մարտավարությունը սպառված է, բայց չեն ուզում դա ընդունել։ Մենք, իբրև ընդդիմություն, ամեն ինչ պիտի անենք` գործընթացները քաղաքական դաշտի առողջացման հունով տանելու ուղղությամբ։ Դա արձանագրված է նաև այն ժամանակացույցում, որը մենք ներկայացրինք Եվրոպայի խորհրդին։
-Պատկերացնենք, որ խորհրդարանը լուծարվեց ու հայտարարվեց արտահերթ ընտրություն։ ՀԱԿ-ը միասնակա՞ն կազմով, այսինքն` դաշինքո՞վ է մասնակցելու դրանց։
-ՀԱԿ-ի ձևավորման հռչակագրում արձանագրված է, որ այդպիսի սահմանափակում չկա, յուրաքանչյուր կուսակցություն կարող է առանձին մասնակցել, ինչը չի նշանակում դաշինքի փլուզում։ Բայց անցած տարի Երևանի քաղաքային ավագանու ընտրություններում մենք միասնական մասնակցեցինք, և ես համարում եմ, որ դա հաջողված փորձ էր։ Այսինքն` մեզ հաջողվեց ձևավորել միասնական ծրագիր և բոլորի համար քիչ թե շատ ընդունելի նախընտրական ցուցակ։ Այսօր մենք ունենք նաև մշակված միասնական տնտեսական պլատֆորմ։ Այսինքն, դաշինքով միասնաբար ընտրություններին մասնակցելու բոլոր նախադրյալները կան։ Բայց այդ մասով ես, բնականաբար, չեմ կարող որևէ կոնկրետ բան պնդել, որովհետև այդ թեմայով առարկայական քննարկում չի եղել, և այս պահին դա առաջնային էլ չէ։ Երբ մեր գործունեության արդյունքում կհասնենք արտահերթ ընտրությունների անցկացման, այն ժամանակ մնացած խնդիրները կքննարկվեն և կլուծվեն։
-Ապրիլի 6-ին հաջորդ հանրահավաքն է։ Ի՞նչ կարգախոսներով եք հանդես գալու։ Այսօր շրջանառվում են տեսակետներ, որ եթե ՀԱԿ-ն իրեն անհրաժեշտ «կրիտիկական զանգվածը» կարողանա հավաքել, հնարավոր են այլ զարգացումներ, ասենք` քաղաքացիական անհնազանդության դրսևորումների ձևով։
-Մեր յուրաքանչյուր հանրահավաքից առաջ այդ խոսակցությունները շրջանառվում են։ Այդպես է 2008-ի հունիսի 20-ի հանրահավաքից սկսած մինչև այսօր։ Եվ, ինչպես տեսնում եք, ընդդիմությունն առայսօր չի դիմել սահմանադրական կարգի խախտման գործողությունների։ Մենք կարողացել ենք մեր ակտիվի շրջանում, կարծում եմ, նաև հանրային գիտակցության մեջ արմատավորել, որ մեկ օրվա լուծումներ փնտրելը սխալ է։ Ժողովրդավարական պայքարը բռնության պայմաններում կարող է երկարատև լինել, և եթե մեկ միջոցառումով ցանկալի արդյունքը չի ապահովվում, չպետք է հիասթափվել, հուսահատվել ու հեռանալ։ Ցանկացած պայքար արդյունք է ունենում հետևողականության շնորհիվ։ Կարծում եմ` այդ վստահությունը մեր համակիրների շրջանում կա, իսկ անհրաժեշտ պահին միշտ էլ պատրաստ ենք է՛լ ավելի ակտիվացնելու պայքարը։
Սկզբունքորեն իշխանությունները պետք է այս մասին մտածեն, որովհետև անցած երկու տարիները ցույց տվեցին` ժամանակն աշխատում է մեր օգտին։ Եվ այս քաղաքական ճգնաժամն էլ մեր օգտին է հանգուցալուծվելու վաղ թե ուշ։ Երկրի շահերից է բխում, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա և տեղի ունենա քաղաքական պայքարի ճանապարհով, ոչ թե առճակատման գնով։ Ապրիլի 6-ին մենք շատ հստակ ասելիքներ, առաջարկներ ունենք, ընթացքում նորերն են մշակվում, որովհետև քաղաքական իրավիճակը Հայաստանում շատ դինամիկ է զարգանում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ