«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԿԵՂԾԵԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ»

ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԿԵՂԾԵԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ»
21.12.2010 | 00:00

Տարեվերջին որոշ պաշտոնյաների փոփոխությունն այս օրերին քաղաքական օրակարգի ամենից քննարկվող հարցն է: Ինչո՞ւ միանգամից այսքան փոփոխություն. այս հարցի շուրջ տրամաբանորեն հակադիր կարծիքներ ունեն իշխանություն կազմող ուժերը և ընդդիմությունը: Մեզ հետ զրույցում իշխանական ուժի՝ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ այս հարցին ուներ իր բացատրությունը. «Շարադրված նպատակները չեն փոխվում, պարզապես դրանց հասնելու մեխանիզմները կարող են տարբեր լինել: Իսկ այդ աշխատանքը գնահատողները նախագահն ու գործադիրի ղեկավարն են: Կադրային ցանկացած փոփոխություն հիշյալ շրջանակում պետք է դիտարկել»:

-Որոշ ընդդիմադիրների կարծիքով` այս փոփոխությունները նախընտրական վերադասավորումների արդյունք են: Ավելին, իբր հավատարիմ մարդկանցով է իրեն շրջապատում իշխող ուժը: Այդպե՞ս է:
-Բնականաբար, իրենց աթոռներին հրաժեշտ տվողները քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, ուստի այդ փոփոխություններում առկա է քաղաքական տարրը: Սակայն առավելապես հարցը պիտի դիտարկել զարգացումների տիրույթում: Մարդը, որը նշանակվում կամ ընտրվում է, նրա համար ժամանակի սահմանափակում չպետք է դրվի: Ժամանակ առ ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում որոշակի գնահատականներ տալու, ծրագիրը կատարողների ներուժը հասկանալու, իրականացվում են փոփոխություններ: Ասել է՝ սա պայմանավորված չէ միայն աշխատանքը պատշաճ չկատարելով: Երբեմն անհրաժեշտ է վերալիցքավորել այն մոտեցումները, որոնք առկա են այս կամ այն պաշտոնյայի մոտ:
-ՀՀԿ-ի ներսում հիշյալ պաշտոնյաներից դժգոհություններ չկայի՞ն:
-Հանրապետականների դժգոհությամբ չէ, որ պետք է առաջնորդվենք նախարարներին պաշտոններից հեռացնելիս, նրանց աշխատանքը գնահատելիս: Մենք այն քաղաքական ուժն ենք, որի գաղափարախոսության հիմքում Նժդեհի ուսմունքն է, որի սկզբունքներից մեկն էլ կուսակցամոլությունից զերծ մնալն է ու համախմբվելը պետության, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Այս առումով աշխատանքները գնահատելիս չկա կուսակցական մոտեցում: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ հասարակությունն արդեն տեսել է` ինչպես են ոչ կուսակցական մարդիկ գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնում: Սա նշանակում է, որ մենք առաջնահերթությունը տալիս ենք մասնագիտական որակներին, հմտություններին, կարողություններին, անցած ուղուն: Փորձում ենք հանրապետությունում առկա կադրերից ընտրել լավագույններին` մեր ծրագրերն իրականացնելու համար: ՀՀԿ-ն ամենակայացած կուսակցություններից մեկն է ու իր փորձով, կադրային զինանոցով, մոտեցումներով քաղաքական դաշտում, թերևս, կարող է համեմատվել միայն ՀՅԴ-ի հետ, որը մեզնից 100 տարով ավելի փորձ ունի:
-ՀՀԿ-ն 20 տարեկան է: Ի՞նչ եք կարծում, հիմնադրման ժամանակ հռչակված սկզբունքներից նահանջ չկա՞:
-Գաղափարական առումով այսօր մենք առավել քան ճիշտ ուղու վրա ենք, որևէ շեղում չի եղել ու չի էլ կարող լինել: Յուրաքանչյուր նախորդ օր մեզ էլ ավելի վստահություն է ներշնչում մեր գաղափարների ճշմարտացիության, կենսունակության, դրանցով առաջնորդվելու կարևորության մեջ: Ազգայինը գնահատելով` պետք է ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը: Մինչև ինքդ քեզ չգնահատես, չհարգես, չես կարող զարգացմանը, ապագային միտված քայլեր անել: Այն, ինչ մարդու ձեռքով է ստեղծված, չի կարող կատարյալ լինել: Այս տարիներին, կարծում եմ, ՀՀԿ-ի ամենամեծ ձեռքբերումը նրա ազգային, պահպանողական գաղափարների հետևորդների ավելացումն է: «Գաղափարներն այն ժամանակ են ուժ ստանում, երբ տիրում են մասսաներին»: ՀՀԿ-ն այս առումով անցած տարիներին ունեցել է մեծ ձեռքբերումներ:
-Սակայն հաճախ ենք լսում, թե ՀՀԿ-ի նույնիսկ վերին օղակներում կան մարդիկ, ովքեր Նժդեհից մի գիրք էլ չեն կարդացել:
-Չեմ կարծում, որ մեծ անհրաժեշտություն կա խիստ գաղափարականացնելու կուսակցության շարքեր մտնելու գործընթացը, որովհետև երբեմն կուսակցությանն անդամագրվում են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ում գործիչների են տեսնում, ում հավատում են: Իսկ նրանք, ովքեր Նժդեհի գաղափարակիրն են, առաջնորդվում ու գործում են ազգային գաղափարները կրողին վայել աշխատաոճով: Այս ամենում արտառոց ոչինչ չեմ տեսնում, ավելին, կարծում եմ, որ մեր գաղափարախոսությունն այնքան պարզ չէ, որ յուրաքանչյուրը կարողանա խորապես հասկանալ:
-Ավարտվում է տարին. քաղաքական ո՞ր իրադարձությունը կառանձնացնեիք:
-Կառանձնացնեի ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում: Սա բոլորիս ձեռքբերումն է: Մենք երբեք չենք կեղծել իրողություններն ու պատմական փաստերը: Նախագահի ելույթը Աստանայում ևս մեկ անգամ հավաստեց այս փաստը, իսկ Ադրբեջանի քարոզչությունը հօդս ցնդեց: Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ մեր ընդդիմախոսների հնչեցրած սուտն այնքան շատ էր, որ այդ ելույթը մաթեմատիկական ճշգրտությամբ գծեց ճշմարտության սահմանը: Ելույթը նաև արձանագրեց, որ այն լուծումները, որ մենք տեսնում ենք, իրատեսական են և խրախուսվում են միջազգային հանրության կողմից: Ինչ վերաբերում է չկատարված աշխատանքներին, հիմնական շեշտադրումը կդնեի սոցիալ-տնտեսական ոլորտի վրա, ինչը պայմանավորված է ճգնաժամով: Առաջիկա տարում մեր ուշադրության կենտրոնում հենց այս ուղղությունն է՝ երկրի սոցիալ-տնտեսական հավակնոտ տեմպերը:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ