Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Մենք խիստ կարևորում ենք քաղաքացիական հասարակության դերը»

«Մենք խիստ կարևորում ենք  քաղաքացիական հասարակության դերը»
01.05.2012 | 00:00

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 12-ի N 1730-Ն որոշմամբ ստեղծվել և 2011 թվականի հունվարի 20-ից գործում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ): Կատարելով սննդամթերքի անվտանգության գնահատման, անասնաբուժության ու բուսասանիտարիայի ոլորտների պետական կարգավորման աշխատանքներ, այն միաժամանակ վերահսկողություն է իրականացնում վերոհիշյալ ոլորտներում:

ՈՒրիշ ի՞նչ առաջնահերթ խնդիրներ են դրված այսօր նորաստեղծ կառույցի առջև, և ի՞նչ է արվում դրանք լուծելու ուղղությամբ: Զրուցում ենք կառույցի ղեկավար ԱԲՐԱՀԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ հետ:


-Սննդամթերքի անվտանգության ոլորտում, ամենամյա վերահսկողություն և տնտեսավարողների հետ խորհրդատվական աշխատանքներ անցկացնելուց բացի, այսօր առաջնահերթ ենք համարում նաև կառույցի գործունեության հանրայնացման հետ կապված խնդիրների լուծումն ու համապատասխան քաղաքականության մշակումը,- ասաց պարոն Բախչագուլյանը:- Այդ ուղղությամբ կատարված աշխատանքներն արդեն իսկ սկսել են արդյունք տալ: Իհարկե, գործընթացում էական դեր ունեն նաև ԶԼՄ-ները: Ծառայության գործունեությունն առավել հանրային դարձնելուն է ուղղված նաև ծառայության պաշտոնական կայքի ստեղծումը (www.ssfs.am, www.snund.am), որտեղ մատչելի տեղեկություն է զետեղված սպառողների համար: Բացի այդ, ծառայությանը կից ձևավորվել է հանրային կոմիտե, որը, արդյունավետ համագործակցության դաշտ ստեղծելուց բացի, լրացուցիչ հարթակ կլինի մեր կառույցի ու հասարակական կազմակերպությունների միջև: Կոմիտեում ներգրավված է մոտ երկու տասնյակ ՀԿ, որոնց մեջ կան ինչպես ոլորտին առնչվող, այնպես էլ դրա խնդիրներով հետաքրքրվող հասարակական կազմակերպություններ:

-Ինչպիսի՞ ձեռքբերումներ է գրանցել ՍԱՊԾ-ն անցած մեկ տարվա գործունեության ընթացքում:

-Վերջին մեկ տարում առաջին կարևորագույն ձեռքբերումն այն է, որ ծառայությունն արդեն ընկալելի է դարձել հանրությանը, իսկ այժմ փորձում է շահել նաև նրա վստահությունը: Երկրորդ` անցած ամիսներին կատարվել են մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա տնտեսավարող սուբյեկտների շրջանում անցկացվել են խորհրդատվական աշխատանքներ: Երրորդ` ոլորտի օրենսդրական դաշտում կատարված աշխատանքներ: Եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցության արդյունքում ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության ռազմավարական գործողությունների» կարևորագույն ծրագիրը: Կատարվել են ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ: Նշեմ նաև, որ ՀՀ կառավարության աջակցությամբ զգալի աշխատանքներ են կատարվել նաև ծառայության ենթակայությամբ գործող լաբորատորիաների նյութատեխնիկական վերազինման, հագեցման և դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

- Ինչպիսի՞ հաճախականությամբ է ստուգումներ անցկացնում ծառայությունը:

-Ստուգումներն իրականացվում են ինչպես պլանավորված` սպառողների ահազանգերի, պետական մարմինների հաղորդումների հիման վրա, այնպես էլ ԶԼՄ-ների հրապարակումների: Ծառայությունում գործում է «Թեժ գիծ» (հեռ. 45-74-21), որի միջոցով ստացված յուրաքանչյուր ահազանգ համապատասխան ընթացք է ստանում: Այս պարագայում մենք խիստ կարևորում ենք քաղաքացիական հասարակության դերը, քանի որ մեր աշխատանքն առավել արդյունավետ կլինի, եթե քաղաքացիները ևս պատրաստակամություն հայտնեն մեզ աջակցելու:

-Պարոն Բախչագուլյան, ծառայության աշխատակազմում ներկայումս քանի՞ մասնագետ է ընդգրկված, կադրերի որակի և փորձառության հետ կապված ինչպիսի՞ խնդիրներ ունեք:

-Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում այսօր ընդգրկված է ավելի քան 180 աշխատող, կառույցի ենթակայությամբ գործում է նաև երկու ՊՈԱԿ: Կարող եմ ասել, որ ունենք փորձառու կադրերի որոշակի բազա, որոնց մեջ, բացի մասնագիտական հմտություններից, կարևորում և գնահատում ենք նաև պետական ծառայողին հարիր բարոյական հատկանիշներն ու չափանիշները: Նշեմ, որ վերջին շրջանում մեր աշխատակազմը համալրվել է նոր, ավելի երիտասարդ կադրերով, որոնց շնորհիվ ծառայության աշխատանքի որակը, դրական իմաստով, էապես փոխվել է: Սակայն, չնայած դրան, նոր մարտահրավերների առաջացման պատճառով, ոլորտում միշտ էլ զգացվում է որակյալ մասնագետների կարիք: Այդ պակասը երբեմն ստիպված ենք լինում լրացնել մեր ազատ ժամանակի հաշվին: Այդ է, թերևս, պատճառներից մեկը, որ նույնիսկ աշխատանքային օրվա ավարտից հետո, եթե զանգահարեք մեր ծառայության հեռախոսահամարներով, ապա միշտ պատասխանող կլինի: Սա գուցե զարմանալի թվա, բայց մեր աշխատակազմի և հատկապես ինձ համար սովորական երևույթ է դարձել:

-ՍԱՊԾ-ն անցած եռամսյակում (ինչպես նաև անցած տարի) քանի՞ խախտում է հայտնաբերել, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել դրանք վերացնելու ուղղությամբ:

-2012 թվականի առաջին եռամսյակում ՍԱՊԾ-ի աշխատանքները հիմնականում ուղղված էին շուկայում ուսումնասիրություններ կատարելուն` ռիսկային և ստուգման ենթակա ոլորտներն առանձնացնելու նպատակով: Սակայն, չնայած պարբերաբար կատարվող ուսումնասիրություններին, ստուգումներ են իրականացվել թռչնամթերքի շուկայում, իսկ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվել են համապատասխան վարչական վարույթներ: Նախորդ տարի շուկայում ևս կատարվել են ուսումնասիրություններ, որոնց միջոցով առանձնացվել են մսամթերքի և կաթնամթերքի շուկաները, ոլորտային ստուգումների արդյունքում կիրառվել են համապատասխան վարչական տույժեր: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում կիրառված վարչական տուգանքի չափը գերազանցել է 6 մլն դրամը:


Հարցազրույցը`

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ