Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԱՑ ՍԱՀՄԱՆԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԾՈՐԱԿԻՑ ՀՈՍՈՂ ՋՈՒՐԸ, ԱՆՁՐևԻՑ ՀԵՏՈ ԾԻԱԾԱՆԸ»

«ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԱՑ ՍԱՀՄԱՆԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԾՈՐԱԿԻՑ ՀՈՍՈՂ ՋՈՒՐԸ, ԱՆՁՐևԻՑ ՀԵՏՈ ԾԻԱԾԱՆԸ»
29.04.2011 | 00:00

Երեկ «Իրատես de facto» ակումբի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ էր
-Ձեր կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այս պահին ո՞ր փուլում է:
-Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հեռանկարը համաձայնագրի տեսքով, որը ձեռք կտա միաժամանակ և՛ Հայաստանին, և՛ ԼՂՀ-ին, և՛ Ադրբեջանին, դեռ գոյություն չունի: Հարցի լուծման իրական հնարավորությունը ոչ թե ներկա վիճակի` ստատուս քվոյի պահպանման և համաձայնագրի կնքման մեջ է, այլ ներկա վիճակի և հակամարտության սառեցման վիճակի: Այսօր կոնֆլիկտի ապասառեցման հավանականությունը մոտ է զրոյին, և լուծման ամենահավանական տարբերակն այս վիճակի պահպանումն է:
-Այսինքն, ստատուս քվոյի երկարաձգո՞ւմը:
-Մեթոդոլոգիայի տեսակետից ճիշտ է միմյանցից բաժանել կոնֆլիկտը և կոնֆլիկտի կարգավորման գործընթացը, որոնք շաղկապված, բայց տարբեր իրողություններ են: Կարգավորման գործընթացում կարող են տեղի ունենալ որոշ փոփոխություններ, բայց չեմ կարծում, որ դրանք փոփոխությունների կհանգեցնեն բուն Ղարաբաղում: Դա չի նշանակում, որ հակամարտությունը հավերժ է տևելու, դա կոնֆլիկտում ներգրավված ուժերի միջև գոյություն ունեցող որոշակի հավասարակշռության հետևանք է: Երեք-չորս տարի լուրջ չէ փոփոխություններ ակնկալել, բայց աշխարհում ամեն ինչ փոփոխական է, և ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել:
-Ձեզ չի՞ թվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքը հակասությունների հիմքի վրա է ստեղծվել, համենայն դեպս, ԱՄՆ-ը և Ռուսաստանը Հարավային Կովկասում ունեն սեփական շահերն ու խնդիրները և հազիվ թե երբևէ ինչ-որ հարցում լիակատար ու տևական համաձայնության գան:
-Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներն ունեն իրենց սեփական շահերը։ Ցանկացած կոնֆլիկտի հաղթահարմանը մասնակից միջնորդներն անխուսափելիորեն ունենում են սեփական շահեր, այլ կերպ չի էլ լինում: Այս դեպքում դրական է, որ Մինսկի խմբում ներկայացված են միջազգային ու տարածաշրջանային բոլոր հզոր ուժերը, և նրանց հնարավոր տարակարծություններն անվտանգության բարձիկ են: Դիվանագիտության հայր Թալեյրանը երիտասարդ դիվանագետներին ուսուցանում էր ծույլ լինելու արվեստը. միշտ չէ, որ պետք է իրադարձություններին անհապաղ արձագանքել, երբեմն պետք է դադար վերցնել, սպասել։ Մինսկի խմբում այդ համաչափությունն ապահովված է: Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլոր միջնորդները նույն շահերն ունենային, և դրանք չհամընկնեին կողմերից մեկի շահերին, ի՞նչ էր լինելու։
-Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների դաշտային փաստահավաք առաքելությունն ամփոփող իրենց հաշվետվության մեջ ստատուս քվոն անվանեցին «այլևս անընդունելի»։ Այդպե՞ս է:
-Պետք չէ քաղաքական գործիչների ասածներին, իսկ ՄԽ անդամները նաև քաղաքական գործիչներ են, վերաբերվել ինչպես Մովսես մարգարեի պատվիրաններին: Քաղաքական գործիչների և հատկապես դիվանագետների համար բառերը գործիք են: Երբեմն նրանք լավատեսական հայտարարություններ են անում` բոլոր հարցերը լուծված են, մնում է մի փոքրիկ հարց միայն, երբեմն վիճակն անընդունելի են համարում և փոփոխություններ են կանխատեսում: Դա աշխատանքի գործիք է: Քաղաքական գործչի պարագայում պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այն բանին, թե ինչ է ասվում, այլև որտե՞ղ, ե՞րբ, ո՞ւմ և ինչո՞ւ է ասվում։ Աշխատել է պետք: Ո՞րն է նրանց ու իմ ասածների տարբերությունը, կարծում եք` նրանք չե՞ն հասկանում այն ամենը, ինչ ես ասում եմ, իհարկե, հասկանում են, բայց նրանք քաղաքագետ չեն, նրանք դիտորդ չեն, նրանք գործընթացում ներգրավված պաշտոնյաներ են և չեն կարող ասել` գիտեք, առայժմ ոչինչ չի ստացվում, և պետք է դեռևս պահպանել ստատուս քվոն:
-Այդ պատճառո՞վ է վերջին տարիներին բանակցությունների նշանաբանը դարձել «Բանակցություններ` հանուն բանակցության», որի խնդիրը խաղաղության պահպանումն է, ինչը շատ կարևոր է տարածաշրջանում:
-Չեմ կարծում, թե այդքան երկար ժամանակ է անցել, կոնֆլիկտն ինքը երիտասարդ է...
-20 տարի, ու` երիտասա՞րդ:
-Իհարկե։ Համեմատեք` Թայվանի խնդիրը սկիզբ է առել 1949 թվականին, Քաշմիրինը` 1948-ին, Կիպրոսինը` 1963-ին, իսրայելա-պաղեստինյանը` ձևականորեն 1948-ին, իրականում` 19-րդ դարի վերջին։ Ո՞րն է Մինսկի խմբի խնդիրը: Խնդիրը տարբերենք խնդրի լուծման վերաբերյալ արվող հայտարարություններից: Եթե վաղը ես հայտարարեմ, որ մեկ տարուց դառնալու եմ ԱՄՆ-ի նախագահ կամ Դալայ լամա, Դուք չե՞ք մտածի` ինչպե՞ս եմ դա անելու, Դուք կմտածեք` ինչո՞ւ ասացի, գուցե ինչ-որ նպատակներ ունեմ, որ առայժմ անհասկանալի են, գուցե կատակել եմ, գուցե ինչ-որ մեկը նման նպատակ ունի, և ես եմ բարձրաձայնում։ Բոլոր դեպքերում, Դուք կմտածեք` ինչո՞ւ եմ դա ասում, ոչ թե` ինչպե՞ս եմ դառնալու ԱՄՆ-ի նախագահ կամ Դալայ լամա: Պարզ է, որ ո՛չ Բարաք Օբամա, ո՛չ Դալայ լամա մի շարք պատճառներով ո՛չ վաղը, ո՛չ երբևէ ես չեմ դառնա: Համապատասխանաբար` Մինսկի խումբը նպատակներ ունի, եկեք մտածենք` որո՞նք են այդ նպատակները և ոչ թե` ի՞նչ են ասում ՄԽ համանախագահները:
-Եվ որո՞նք են ՄԽ նպատակները:
-ՄԽ նպատակներն ակնհայտ են: Առաջինը` որ շարունակի գործել կողմերի միջև անմիջական հաղորդակցության ալիքը (փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում հակամարտություններն ավելի հեշտ է հաղթահարել, քան առանց անմիջական հաղորդակցության), որպեսզի նախագահները, արտաքին գործերի նախարարները ժամանակ առ ժամանակ կարողանան հանդիպել: Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում ստացվում է, Ղարաբաղի դեպքում` հաղորդակցությունը միջնորդավորված է` Հայաստանը տեղեկացնում է ԼՂՀ ղեկավարությանը: Երկրորդ խնդիրը կոնֆլիկտի միջազգայնացումն է, որպեսզի բանակցությունների սենյակում ոչ միայն հայերն ու ադրբեջանցիները լինեն, այլև ռուսները, ֆրանսիացիները, ամերիկացիները: Դա թույլ է տալիս սեփական յուղի մեջ չտապակվել: Շատ լավ է, որ Մինսկի խումբ կա, բայց պետք չէ անհնարը սպասել. Մինսկի խումբը չի կարող հայերի ու ադրբեջանցիների փոխարեն կոնֆլիկտը լուծել, ինչպես ես չեմ կարող Օբամա կամ Դալայ լամա դառնալ: Երբ դադարում ես Մինսկի խմբից հայտարարվող նպատակների իրականացում սպասելուց, սկսում ես հասկանալ, որ նրանք դրական ու կարևոր դեր են կատարում:
-Հայկական երկու կողմերն էլ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, բայց ի՞նչ է արվում վերադարձն ապահովելու համար:
-Ձեր հարցը նույն հարթության մեջ է` ինչ է ասվում և ինչ է արվում: Ես չեմ կարծում, որ հայկական ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են, թե Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին:
-Դա արդեն Ադրբեջանի խնդիրն է:
-Դա միայն Ադրբեջանի խնդիրը չէ, նաև Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինն է: Ադրբեջանը ոչ միայն կողմ պետք է լինի, այլև ինքը պետք է պնդի, որ Ղարաբաղը բանակցություններին մասնակցի, եթե իսկապես ուզում է հարցը լուծված տեսնել: Ակնհայտ է, որ համաձայնություն կարող է կայանալ համաձայնող կողմերի միջև. առանց ինձ չեն կարող ամուսնացնել ինձ կամ ամուսնալուծել: Ես պիտի այո-ն ու ոչ-ը ասեմ, երբ հարցը իմ կյանքին է վերաբերում: Հայկական կողմի համար այդ պնդումն անհրաժեշտ գործիքներից է, որպեսզի հիմնավորի, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, երաշխավոր լինել, բայց նրա փոխարեն որոշել չի կարող: Ղարաբաղը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, երբ հարցն իսկապես լուծման փուլում լինի:
-Մինչ այդ բանակցությունները երկու խուլերի խոսակցություն չե՞ն հիշեցնում:
-Նույնը շատ հաճախ ասում են Արևմուտքում, ես չեմ վիճում, բայց համաձայն չեմ: Արևմուտքում դժվար է ամբողջությամբ հասկանալ ու զգալ մեր տարածաշրջանը, իսկ Կովկասում բոլորն են հասկանում, առանձնապես հարկ չկա քաղաքագետ լինելու: Հայերը հիանալի հասկանում են` ինչ են ասում ադրբեջանցիները, ադրբեջանցիները հիանալի հասկանում են` ինչ են ասում հայերը: Մենք փայլուն հասկանում ենք` նրանք ինչ նկատի ունեն լայն ինքնավարություն ասելով, նրանք փայլուն հասկանում են` մենք ինչ նկատի ունենք կարգավիճակ ասելով: Արևմուտքում կարող են չընկալել, բայց մենք միմյանց մաշկով ենք զգում: Չհասկանալու ու միմյանց չլսելու պրոբլեմ բացարձակապես չկա, կա տարբեր շահերի պրոբլեմ` ինչ ուզում են նրանք, անընդունելի է մեզ համար, ինչ ուզում ենք մենք, անընդունելի է նրանց համար: Դա երկու խուլերի խոսակցություն չէ, դա երկուսի խոսակցություն է, որ դեռ պատրաստ չեն փոխզիջման:
-Ձեր գնահատականով` հայերի ու թուրքերի միջև՞ էլ նույն վիճակն է: Ի՞նչ պիտի լինի պատմական անցյալի, հին ու նոր խնդիրներին 21-րդ դարից նայելու, այլևայլ առումներով, որ իսկապես հայ-թուրքական հարաբերությունները կայանան:
-Ե՛վ բարդ, և՛ պարզ հարց է: Նախ և առաջ Հայաստանի ու Թուրքիայի համար դա պատմության հարց է, մենթալիտետի, շատ ցավոտ հարց է ընկալման համար, բայց չի շոշափում ռեալ հողերի խնդիր: Հազիվ թե հայերի մեծամասնությունն այսօր մտածում է, որ Արևմտյան Հայաստանի տարածքի վերադարձի հարցը քաղաքական հեռանկար ունի: Խոսքը պատմական պրոբլեմների մասին է, հոգևոր, բարոյական: Ղարաբաղի դեպքում խոսքը որոշակի հողատարածքին է վերաբերում, որի վրա ապրում են հայեր, և նրանց պետք են ֆիզիկական անվտանգության երաշխիքներ: Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող հայերը շատ սակավ են, եթե կան: Ղարաբաղի դեպքում միայն պատմության հարց չէ, նախապապերի ու պապերի հարց չէ, այլև ամուսինների, եղբայրների, քույրերի, որդիների: Խոսքը երրորդ սերնդի փախստականների ժառանգների ճակատագրի մասին չէ, որոնց համար շատ ծանր է հիշել իրենց հարազատների տառապանքները, այլ բուն փախստականների։ Հայ-թուրքական արձանագրություններում չկան «ցեղասպանություն», «Ղարաբաղ», «Ադրբեջան» բառերը, և թվում է` Թուրքիայի համար ավելի հեշտ է այդ արձանագրությունները ստորագրել, քան Ադրբեջանի համար` ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր: Այս իմաստով հարցն ավելի քան պարզ է: Մյուս կողմից շատ բարդ է, որովհետև թուրքերի համար հայկական հարցը մենթալիտետին առնչվող հարց է, ազգային ինքնագիտակցության շատ կարևոր մաս` ազգին առաջարկվում է ընդունել, որ իրենց հայրերն ու պապերը մարդասպաններ էին: Նույնիսկ երբ դու դա հասկանում ես, համոզվում ես, գիտես` խոստովանելը դժվար է: Բացի այդ, Թուրքիան նվազ միատարր է Ադրբեջանից: Թուրքիայի ներսում բանավեճեր են տեղի ունենում հայկական հարցի շուրջ, նրանք միմյանց հետ են վիճում, իրար են համոզում ու հերքում, հայերը պետք չեն: Ադրբեջանում նման ոչինչ չկա, այնտեղ էլ գուցե կան մարդիկ, որ Ղարաբաղի մասին այնպես չեն մտածում, ինչպես իրենց ղեկավարները, բայց նրանք դա չեն ասում և չեն կարող ասել: Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանը միասնական տեսակետ ունի, Հայաստանի վերաբերյալ Թուրքիայում միասնական տեսակետ չկա ոչ միայն հասարակության մեջ, այլև կառավարող էլիտայի: Թերթերի ընթերցողներն էլ են տեսնում, որ Դավուդօղլուն շատ տարբեր է Էրդողանից, Էրդողանը շատ տարբեր է Գյուլից: Ադրբեջանում դա բացառվում է, նույնիսկ եթե ինչ-որ պաշտոնյայի գլխում որևէ այլ միտք ծագի, թերթում չի արտահայտվի, բարձրաձայն չի ասվի:
-Դուք պատրա՞ստ եք ներելու այն թուրքին, ում նախնիները սպանել են Ձեր նախնիներին:
-Հարցին իբրև քաղաքագետ կպատասխանեմ. ցանկացած հայի համար ցեղասպանությանն առնչվող խնդիրները քննարկման ենթակա չեն: ՈՒզում ես ընդունել թուրքին` ընդունիր, ուզում ես սիրել` սիրիր, ուզում ես ատել` ատիր, ուզում ես զգուշանալ` զգուշացիր, բայց ընդունիր, սիրիր, ատիր, զգուշացիր բաց սահմանների պարագայում, դեսպանատան առկայությամբ: Ժամանակակից Իսրայելում ընդունված չէ հրապարակավ Վագներ կատարել, ես դա գիտեի և համարում էի հիմարություն: Ես մտածում էի` Վագներն ի՞նչ մեղք ունի, նա՜ ուր, ֆաշիստնե՜րն ուր, նա մեղավո՞ր է, որ իր գրած երաժշտությունը սիրել է Հիտլերը: Ես չէի հասկանում հրեաներին: Լինելով Իսրայելում` համոզվեցի, որ ցանկացած հրեա հանգիստ կարող է գնել Վագների սկավառակներն ու տանը լսել` ինչքան ուզում է, ինչո՞ւ, ուրեմն, ո՛չ համերգային դահլիճում: Երբ հարցրի իմ ծանոթ հրեաներից մեկին, թե ո՞րն է Վագների մեղքը, նա ասաց. «Վագները մեղավոր չէ, բայց մարդիկ, որոնց տատիկներին ու պապիկներին Վագների երաժշտության տակ սպանել են, չեն կարող այլ կերպ վարվել»: Ես հասկացա, որ իմ հարցն էր հիմար, որ մարդկանց զգացումները մարդկանց զգացումներն են, ու վերջ: Ես չէի ասի, որ հրեաները սիրում են գերմանացիներին, բայց Գերմանիայի ու Իսրայելի միջև ինքնաթիռները թռչում են, Թել Ավիվում ու Բեռլինում դեսպանատներ կան, և եթե որևէ իսրայելցի Գերմանիայում խնդիր ունենա, գիտի ուր և ում դիմել: Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացին չունի այդ հնարավորությունը: Խոսքը հայ-թուրքական հիմնահարցերի լուծման մասին չէ, դա ընդհանրապես այլ խոսակցություն է, մարդկանց հնարավոր չէ ստիպել ինչ-որ մեկին սիրել կամ ատել, մարդկանց համար պետք է նորմալ կյանքի տարրական պայմաններ ապահովել: Ապրանքների փոխադրման ու մարդկանց տեղաշարժի համար բաց սահմանը նույնն է, ինչ բնակարանի կոյուղին, ծորակից հոսող ջուրը, անձրևից հետո ծիածանը` սիրում ես, թե չես սիրում, վախենում ես, թե չես վախենում:
-Դժվարանում եմ անունը մտաբերել, բայց «Դոյչե վելե»-ի հաղորդումներից մեկը նվիրված էր հրեա շատ հայտնի դիրիժորի, որը մտադիր էր Թել Ավիվում Վագներ հնչեցնել: Դիրիժորն ասում էր, որ նույնիսկ կիսադատարկ կամ դատարկ դահլիճում Վագները կհնչի, և կարևորը ոչ թե երաժշտությունն է, այլ տասնամյակների տաբուն կոտրելը:
-Գուցե հրեա ժողովուրդը երբևէ կների գերմանացի ժողովրդին, հայերը գիտեն, չէ՞, ի՞նչ է արել շահ Աբբասը իրենց հայրենակիցների հետ, բայց հայերի վերաբերմունքը պարսիկների նկատմամբ չես համեմատի թուրքերի նկատմամբ վերաբերմունքի հետ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ