«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԳԵՐԱԴԱՍԵՑ ՉՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԶՐՈՒՅՑԸ

ԳԵՐԱԴԱՍԵՑ ՉՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԶՐՈՒՅՑԸ
15.07.2011 | 00:00

Երեք շաբաթից ավելի է, տնտեսական դաշտում ակտիվորեն քննարկվում է «Նաիրիտի» վերագործարկման, այսինքն` նոր սեփականատիրոջ հարցը։ Իսկ մենք փորձեցինք էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՑ ճշտել իր գնահատականը խնդրի վերաբերյալ։
-Ըստ Ձեզ, ի վերջո, ինչո՞ւ «Նաիրիտը» այդպես էլ չաշխատեց, չնայած ձեռնարկված քայլերին։
-Հարցը պետք է ուղղել էներգետիկայի նախարարությանը, քանի որ «Նաիրիտը» մեր ենթակայության տակ չէ։
-Գիտեմ, սակայն, քանի որ «Նաիրիտը» քիմիական արդյունաբերության հզոր ձեռնարկություններից մեկն է, ուզում եմ, որ Դուք գնահատեք իրավիճակը` որպես էկոնոմիկայի նախարար, որը պատասխանատու է տնտեսության, այդ թվում` արդյունաբերության զարգացման հարցում։
-Վերջին զարգացումներից տեղյակ չեմ։
-Չխոսենք վերջինից, այլ նախավերջինից. «Նաիրիտը» 3-4 սեփականատեր ունեցավ, սակայն ապարդյուն։ Ո՞րն է խնդիրը։
-Դա երկար խոսակցություն է։
-Բոլոր դեպքերում, մի քանի նախադասությամբ խնդրում եմ Ձեր տեսակետը։
-«Նաիրիտը» կարևորագույն նշանակություն ունի արտադրության ոլորտում, խոշոր արտադրական ձեռնարկություն է, և դրա վերագործարկումը կարևորագույն ու համապարփակ խնդիր է։ Այժմ, գիտեք, մրցույթ է հայտարարված, «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ նոր գործընթաց է սկսված։ Հուսով ենք` դրական ավարտ կունենա, սակայն վերջնական արդյունքների մասին խոսելը վաղ է։
-Չե՞ք կարծում, որ «Նաիրիտի» վերագործարկումը, թերևս, ձեռնտու չէ միջազգային կառույցներին։ Գուցե շատերին ձեռք չի տալիս, որ Հայաստանն ունենա քիմիական արդյունաբերության հզոր համալիր։
-Միջազգային կառույցները կապ չունեն, դա մեր խնդիրն է։
-ՈՒրեմն մե՞նք ենք մեղավոր, որ «Նաիրիտը» չի աշխատում։
-Դուք արդեն չորրորդ հարցն եք տալիս։ Շնորհակալություն։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ.- «Նաիրիտի» հետ կապված հարցը, պարզվեց, այնքան պայթյունավտանգ կարող է լինել, որ էկոնոմիկայի նախարարը գերադասեց չշարունակել այդ թեմայով զրույցը և առաջին անգամ նախընտրեց զրուցել կառավարության շենքի առջև հավաքված բողոքավորների հետ։ Ներողություն խնդրելով մեզնից` հավաքվածներին հարցրեց. «Ի՞նչ խնդիր ունեք»։

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ