«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ»
31.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ
-ԱԺ հինգերորդ գումարման 9-րդ նստաշրջանին մի քառօրյա է մնացել, Ձեր գնահատմամբ` քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային ի՞նչ կարևոր օրինագծեր են ընդունվել այս ընթացքում:
-Իրականությունը, ցավոք, ստիպում է արձանագրել, որ իշխանությունն իր քաղաքական վարքագծով, արժեհամակարգով ու ողջ փիլիսոփայությամբ` տնտեսություն, մշակույթ, բնապահպանություն, քաղաքաշինություն, բոլոր ոլորտներում ձախողումների ճանապարհ է որդեգրել, գրեթե չկա որևէ բնագավառ, ուր ձախողումները համատարած չլինեն: Տասնյակ օրենքներ ենք ընդունում, բայց ո՞ւր է հայ մարդուն, սովորական հայ մարդուն ուղղված օրենքը, ինչո՞վ է փոխվում նրա կյանքը։ Գրեթե անհաղթահարելի աղքատության դատապարտված սովորական հայ մարդն ապրում է, աչքը սահմանին` մի մասը դրամական փոխանցումի է սպասում, մի մասն էլ երազում, թե ինչպես, ի վերջո, հատի այն ու իր կյանքի վերջին փշուրները կարողանա արժանապատիվ ապրել։ Արտագաղթ. սա է մեր իշխանություններին տված ժողովրդի գնահատականը։ Տպավորություն է ստեղծվում, որ հատկապես կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթներն ու նախաձեռնություններն իրենց թիկունքում ոչ թե տնտեսական, սոցիալական, բարոյական, հոգեբանական համատարած ճգնաժամը մեղմելու, երկիրը վարընթացից շեղելու խնդիր կամ նպատակ ունեն, այլ խորացնում են այն: Առանձնապես մեծ խելք պետք չէ հասկանալու և տեսնելու, որ յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության թիկունքում գործարար մի նեղ շրջանակի շահն է, բիզնես կլանի խնդիրների լուծումը: Նույնը այլ ոլորտներում է: Օրինակ` անընդունելի, անհասկանալի, անբացատրելի իրողություն էր հանրակրթության և լեզվի մասին օրենքներում փոփոխությունը, մանավանդ, եթե հիշենք ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերը, որտեղ մայրենիի հանդեպ պատասխանատվության ու հարգանքի հանձնառություն կա։ Կամ` հանրահավաքների ազատության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք իրականում սահմանափակում են հանրահավաքների ազատությունը:
-Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի ոչ միայն կառավարությունը, այլև խորհրդարանը, ինչո՞ւ չի ստեղծվում այդ տրամաբանության հակակշիռը:
-Այդ տրամաբանության հակակշիռը պետք է ստեղծեն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Բայց չմոռանանք, թե քաղաքական մշակույթի ու ավանդույթի ինչ պայմաններում ենք աշխատում։ Խորհրդարան, ուր նույնիսկ անկախ պատգամավորներն անկախ չեն։ Մեր` ՀՅԴ խմբակցության մի քանի տասնյակ սոցիալ-տնտեսական ոլորտի օրինագծեր՝ նվազագույն աշխատավարձի, կենսապահովման նվազագույն զամբյուղի, գիտնականների հավելավճարի և այլն, մերժվել են կառավարության ու քաղաքական մեծամասնության կողմից։ Պիտի ճշմարիտ լինեմ՝ ասելու, որ իմ հեղինակած հոգևոր-մշակութային ոլորտը կարգավորող 8 օրինագիծ ընդունվել է։ Այնուամենայնիվ, վստահ եմ` եթե իմ նախաձեռնությունները սոցիալ-տնտեսական դաշտին առնչվեին, նույնիսկ ինքնահրկիզումի դեպքում չէին անցնի: Ստեղծված է այնպիսի մթնոլորտ, և խաղի այնպիսի կանոններ են գործում, որ գլադիատորական ունակություններ և տիտանական ջանքեր են պետք գործող իշխանությանն ապացուցելու, որ 1+1=2: Երբ մեր օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են, փորձում եմ բացատրել մեծամասնության քվեով, բայց մեր բազմաթիվ առաջարկություններ նաև համահունչ են իշխող կոալիցիայի նախընտրական ծրագրերին, որոնք 2007-ին ընտրազանգված հրապուրելու խնդիր ունեին, բայց մնացին թղթի վրա` քողարկվելով տնտեսական ճգնաժամի անհաղթահարելի դժվարություններով: Մինչդեռ տնտեսագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը շատ ավելի խոր է, շատ ավելի անհաղթահարելի ու անկառավարելի, քան ԱՊՀ երկրներում: Տնտեսական ճգնաժամի անվան տակ շարունակ սեփական անզորությունն ու անկարողությունը քողարկելը կառավարության համար հարմար ալիբի է, այնինչ իրական պատճառը օլիգարխիկ կլանային տնտեսությունն է, կառավարման անարդյունավետությունն ու տնտեսական ոչ մրցունակ քաղաքականության իրականացումը։ Քաղաքական մշակույթի այն կանոնները, որոնցով Հայաստանում իրականացվում է իշխանությունը, անկարող են լուծելու սոցիալական, տնտեսական, կրթական, հոգեբարոյական խնդիրները , այդ պատճառով էլ այսօր հասարակությունը համատարած անկումային տրամադրության, բացասական սպասումների մեջ է, իսկ մենք թե՛ ներքին ճակատում լրջագույն խնդիրներ ունենք, թե՛ արտաքին։
-Նախընտրական տարում աշխարհի բոլոր խորհրդարաններն էլ պոպուլիստ են դառնում, հույսեր չունե՞ք, որ առաջիկա մեկ տարում քաղաքական մեծամասնությունը կարող է իր վերաբերմունքը որոշակիորեն փոխել:
-Քաղաքական մեծամասնության պոպուլիզմի ցցուն պատկերն արդեն ունենք` քողարկված քաղաքական երկխոսության կեղևով: Ըստ էության 2008-ի մարտի 1-ից հետո երկրում խոր քաղաքական ճգնաժամ ունեցանք, և ամենավտանգավորը իշխանության հեղինակության անկումն էր: Անգամ լեգիտիմ իշխանությունները, եթե չունեն հեղինակություն ու պահանջարկված չեն, հայտնվում են խուլերի ասուլիսում: Ավաղ, մարտի 1-ից հետո քաղաքական մեծամասնությունը քաղաքական խոհեմություն ու կամք չունեցավ անկեղծորեն և անկողմնակալ տեսնելու կատարվածը և լուծումներ գտնելու (չմոռանանք, այնուամենայնիվ, որ մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը երկկողմանի է): Մենք ունեցանք արտախորհրդարանական ընդդիմություն, որը բացասական սպասումների, համընդգրկուն ճգնաժամի, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի պարարտ հողի վրա օբյեկտիվորեն կարողացավ իր շուրջը հանրություն հավաքել: Իշխանություններն իսկապես չունեցան խնդիրները ժամանանակին ու քաղաքակրթորեն լուծելու քաղաքական հեռատեսություն ու կամք: 2-3 տարի խոսվում էր երկխոսության մասին և միայն հիմա, երբ արտաքին միջամտությունն այդքան տեսանելի է, հստակ է երկխոսության ուրվագիծը։ Իհարկե, երկխոսությունը քաղաքական գործընթացներում ընդունելի զինանոցից է, բայց էականը երկխոսության առանցքն է` որքան է այն ուղղված ազգային օրակարգին, որքան է իր բովանդակությամբ միտված ներքին ու արտաքին մարտահրավերների լուծմանը։ Իշխանության որակի խնդիրը, թերևս, ամենակարևորն է. իշխանություն, որը կլինի լեգիտիմ, կունենա հեղինակություն և ունակ կլինի կասեցնելու երկրի վարընթացը: Ներկա երկխոսությունը հստակ մեկ խնդիր է լուծում. մի կողմից` ամեն գնով պահելու իշխանությունը, մյուս կողմից` կիսելու այն: Եթե դու ներքին լեգիտիմություն չունես, չես կարող ոչ միայն ներքին խնդիրներդ լուծել, այլև արտաքին մարտահրավերների առաջ ես խոցելի, խաղաքարտ ես գերտերությունների ձեռքին: Հայաստանի խնդիրները սոսկ աթոռների թվաբանությամբ չես լուծի, հավատ ներշնչող, ազգային կոնսենսուս բերող իշխանություն է պետք Հայաստանին, որն ունակ լինի հոգեբարոյապես ու ֆիզիկապես դատարկվող երկիրը պահպանելու և վերականգնելու: Ըստ ՄԱԿ-ի տարեկան զեկույցի` զարգացման ու արտագաղթի այս սցենարով 2040 թ. 1,5 միլիոն բնակչություն կունենանք... Խնդիրն ազգային անվտանգությանն ու լինելությանն է վերաբերում, և եթե այսօր իշխանությունը խելամտություն չունեցավ կոնսենսուսի գնալու քաղաքական բոլոր ուժերի հետ, մենք դատապարտված ենք:
-Ինչո՞ւ 2008-ին ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիայի մաս կազմեց` շատ լավ տեսնելով ու քննադատելով այդ ամենը:
-Կոալիցիոն հուշագիրը 22 առաջնահերթություն ուներ` ներքին և արտաքին խնդիրներ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, դատաիրավական բարեփոխումներ, արդար մրցակցություն... Անշուշտ, յուրաքանչյուր քաղաքական ուժ հասկանում է, որ հավաքականության մեջ չի բացառվում իր քաղաքական կապիտալի կորուստը, բայց և չի բացառվում, որ կլինեն ձեռքբերումներ: Մենք կոալիցիա մտանք համոզումով, որ ներքին համերաշխության մեջ քաղաքական մյուս ուժերի հետ կկարողանանք քաղաքականության ու կառավարման նոր որակներ, բարեփոխումներ ուղղորդել: Կոալիցիայի անդամ լինելով էլ` երբեք մեր ձայնը չի լռել, երբ պետք էր այս կամ այն ցավոտ խնդիրը մատնանշել կամ քննադատել: Եղել էր մարտի 1, և երկիրը ներքին կայունության պահանջ ուներ: Երկիրը ներքին ցնցումներից ապահովելու և բարեփոխման ընթացքի մեջ դնելու համար մենք կոալիցիայի մաս կազմեցինք: Ակնհայտ էր, որ տարածաշրջանով շահագրգռված բոլոր ուժերին ձեռնտու է Հայաստանի ապակայուն վիճակը, և պետք չէր նրանց առիթ տալ` օգտվելու կացությունից: Կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն մնաց մինչև ապրիլ23յան գիշերային սիրավեպը Թուրքիայի հետ: Միշտ մտածում ես, որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է՝ ինչ-որ տեղ պիտի զիջես ինչ-որ խնդիրներում հաջողություն ունենալու համար, բայց հայ-թուրքական էջը համբերության կամ զիջելու բաժանարարն էր: Կոալիցիայից դուրս գալուց հետո էլ մենք մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում երկու անդամ ունեցանք և մեր հատուկ կարծիքն արձանագրեցինք։ Մեր մատնանշած խնդիրները հետագայում արտահայտված տեսանք ԵԽԽՎ բանաձևերում: Բայց Հայաստանում լսում կամ հարգում են «օտարի մահակը», և հիմա ուղղակի զավեշտ է, որ շատերը, երբ 2008-ին «քաղբանտարկյալ» բառը իրենց բառապաշարից ջնջել էին, համաներումի մասին լսել անգամ չէին ուզում, այսօր առաջամարտիկ են: Նույն վարքագիծն է հայ-թուրքական նախապայմանների առնչությամբ։ Ավաղ, քաղաքական երեսպաշտությունը Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքականությունը դարձնում է բարոյազուրկ:
-Դա չի՞ նշանակում, որ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումից, մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտումից հետո էլ, եթե դա երբևէ լինի, հավատն ու վստահությունը լիարժեք չեն վերականգնվելու։
-Ներկա ընթացքն ու սցենարն այդ են հուշում։ Քաղաքական երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն-ՀԱԿ ձևաչափով` մոռանալով, որ երկխոսությունը նախ պետք է սեփական ժողովրդի ու նրան ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ ծավալել: Երկխոսության առանցքում պետության ու երկրի հեռանկարը, ազգային իշխանության որակն ու բովանդակությունը պիտի լինեն: Արդար ժողովրդավարական ընտրություններն այլընտրանք չունեն։ Բայց արի ու տես, որ իշխանությունները մերժում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների խորհրդարանական ընդդիմության (ՀՅԴ-«Ժառանգություն») առաջարկները։ Քաղաքական մեծամասնությունը համառում է, որովհետև ուզում է պահել այն սողանցքերը, որոնցով ամեն գնով կվերարտադրի իշխանությունը: Իշխանության հավատի և վստահության միակ աղբյուրը արդար ընտրությունն է։ Մենք երկխոսության մի տարբերակ էլ ենք առաջարկել` «Քվեն ուժ է» շարժումը, որին ո՛չ իշխանությունը, ո՛չ ՀԱԿ-ը չեն արձագանքել: Իսկ շարժումը մի նպատակ ունի` հասարակությանը մոբիլիզացնելու և քաղաքական արժեք դարձնելու արդար քվեի կարևորությունը, տեր կանգնելու ձայնին:
-Իսկ ինչո՞ւ արձագանքեն, ո՞ւմ է կոչն ուղղված` ժողովրդի՞ն, որ սպասում է իր 5000 դրամին, իշխանությա՞նը, որ որոշակի խմբերի մոբիլիզացնում է այդ դրամը բաժանելու համար, կուսակցությունների՞ն, որոնք գործարքների տարբերակներ են որոնում հնարավորինս մեծաթիվ խմբակցություն ունենալու համար: Մենք չունենք այն 00 կետը, երբ երաշխավորվում է ընտրողի իրավունքների պաշտպանությունը, որից հետո միայն քվեն ուժ կդառնա, հիմա քվեն շուկայական արժեք է:
-Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը:
-Երբ համակարգային փոփոխություններ լինեն: Մեզ նախ արժեքների հեղափոխություն է պետք, որն էլ քաղաքական նոր իրողություններ է բերելու: Պետք է հասկանանք` ի՞նչ երկիր ենք ուզում և ո՞ւր ենք գնում: Եթե ուզում ենք շարունակ դատապարտված լինել միջազգային կառույցների մահակին, եթե ուզում ենք ամեն ամիս հազարներով արտագաղթի ճամփան բռնեն, եթե ուզում ենք ՌԴ միգրացիոն գործակալությունը ՀՀ քաղաքացուն` զրկելով քաղաքացիությունից, տանի Ալթայը բնակեցնելու, ուր անցյալ դարի 40-ական թթ. աքսորում էին «ժողովրդի թշնամիներին», իսկ հիմա հայերի համար Երկիր ավետյաց է դարձել, եթե ուզում ենք մնալ այն երկիրը, երբ չգիտես Աստծո ամեն լուսաբացին ինչ է սպասում քեզ, երբ 35 տոկոս աղքատությունդ վաղը 45 ու 50 տոկոս է դառնալու, հաշտվենք 5000-անոց ընտրության հետ: Ես չեմ հաշտվում: Ինչքան իշխանությունն է արժանի իր ժողովրդին, այնքան էլ ժողովուրդն է արժանի իր իշխանությանը: Սուրը երկսայր է: Կա իշխանության պատասխանատվության, քաղաքական կամքի, քաղաքացու արժանապատվության ու վաղվա ինչ անելու խնդիրը: Չի կարող 5000 գնահատվել մարդու ու մի ամբողջ երկրի ապագան: Մենք ունենք 35-տոկոսանոց աղքատություն, մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ վիճակ, կոռուպցիայի մեջ լողացող դատաիրավական, առողջապահական, կրթական համակարգեր, միջին բյուրոկրատիա, որը ջարդում է պետության ողնաշարը, և եթե ուզում ենք մեր պետության վախճանը, հերթական ընտրությունների կգնանք 5000-ը 10000 դարձնելով, հետո էլ կունենանք խորհրդարանի ու կառավարության այսօրվա պատկերի ավելի վատ կրկնակը։ Եթե դա ենք ուզում, անելիք չկա, բայց կարծում եմ` այս երկրում կան արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող:
-ՀԱԿ-ը երկխոսության պայման համարում է արտահերթ նախագահական ընտրությունները, մեր իրականության մեջ դա հնարավո՞ր է:
-Քաղաքական տրամաբանություն չեմ տեսնում, այնքան հստակ է Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան տանդեմը, որ չեմ կարծում նման զարգացում:
-Այդ դեպքում իշխանություն-ՀԱԿ երկխոսության օրակարգը ո՞րն է:
-Իշխանություն պահելու և իշխանություն կիսելու պայմանները:
-Երկու գործիչներն էլ բավականին փորձառություն ունեն հասկանալու, որ իշխանությունը չի կիսվում:
-Կան պրագմատիկ քաղաքական հաշվարկներ, որ ծառայում են սեփական ամբիցիաներին:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ