«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Թող նախ մարդու պահանջները բավարարելուն ուղղված քայլեր ձեռնարկեն, հետո պահանջներ ներկայացնեն»

«Թող նախ մարդու պահանջները բավարարելուն ուղղված քայլեր ձեռնարկեն, հետո պահանջներ ներկայացնեն»
15.05.2012 | 00:00

«Զիկատար» գիտափորձարարական կենտրոնում անցկացված եռօրյա գիտաժողովի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք շփվելու բնապահպանական և հատկապես անտառի խնդիրներով զբաղվող տարբեր պատասխանատուների հետ, որոնցից մեկին` Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ՎԱՍԻԼ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, «Իրատես de facto»-ն հրավիրել է զրույցի:


-Պարո՛ն Չիլինգարյան, Զիկատարում անցկացրած երեք օրվա ընթացքում մենք բազմիցս լսեցինք այն մասին, որ անտառահատման աշխատանքները միշտ չէ, որ դատապարտելի են: Ավելին, դրանք որոշակի քանակով և մոտեցմամբ ծայրահեղորեն անհրաժեշտ են անտառի բնականոն կյանքը կարգավորելու, նրա ճիշտ և գրագետ խնամքն իրականացնելու, նաև հասարակության ինչ-ինչ կարիքները բավարարելու առումով: Լրագրողներիս համար Զիկատարի տարածքում արշավ անցկացնող մասնագետը` «Զիկատար» բնապահպանական կենտրոնի անտառագետ Սեյրան Ազատյանը, մասնավորապես նշեց. «Վերջին շրջանում բնապահպանները շատ են խոսում անտառներում կատարվող հատումների մասին: Անտառում հատումներ (խնամքի՛ հատումներ) կատարելը պարտադիր է: Հայաստանի անտառային օրենսդրության մեջ գրված է, թե որտեղ, որ տարիքի ծառերի դեպքում և ինչպես պետք է կատարել սանիտարական, միջանկյալ և մյուս կարգի հատումները: Առանց հատումների անտառը կյանք չունի: Անտառը, ծառն էլ մարդու նման ապրող, ծերացող էակներ են: Ծեր ծառերի նկատմամբ հատուկ մոտեցում պետք է լինի: Եթե մենք ծեր ծառը չկտրենք, այն կընկնի ու կոչնչացնի երիտասարդ ծառերը: Բացի այդ, ծեր ծառերը որոշակի հիվանդությունների կրողներ են, որոնցով կարող են վարակել առողջ ծառերին: Բնականաբար, երիտասարդ, խնամված անտառն ավելի շատ փայտանյութ ու պտուղ է տալիս, ավելի է նպաստում շրջակա միջավայրի բնակլիմայական պայմանների լավացմանը»: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես այս պաշտոնը զբաղեցնում եմ 1990 թվականից և լավ տեղյակ եմ այդ խնդիրներին: Իսկապես, անտառահատման աշխատանքները պարտադիր են: Վերջերս բոլորը «բնապահպան» են դարձել: Սիրում են անընդհատ խոսել բնության պաշտպանության մասին, ներկայանալ «Հռոմի պապից էլ կաթոլիկ»: Իհարկե, դա շատ գովելի է, եթե ամեն բան արվի ճիշտ, ըստ էության: Բայց երբ այդ ամենը վերածվում է ցուցամոլության, արդեն շատ է տուժում հենց բնությունը: Թե՛ հատելը, թե՛ չհատելը նույնքան վնասակար են անտառի համար, եթե դրանք իրականացվում են անգրագետ կերպով: Կան մտածող մարդիկ, պետական մոտեցում, օրենք, օրենսդրություն, կանոնադրություն, որոնց հետևելը պարտադիր է: Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի: Եվ հասկացող-չհասկացող չպիտի հայտնեն իրենց կարծիքը որևէ հարցի վերաբեր-յալ: Իհարկե, անտառը անօրինականորեն չպիտի հատվի: Բայց նաև չի կարող չհատվել ընդհանրապես, որովհետև այդ դեպքում կվերածվի ջունգլիի: Արժեքավոր կուլտուրաների պահպանությունը մեր առաջնակարգ խնդիրն է: Եթե անհրաժեշտ հատումներ չկատարվեն, այդ կուլտուրաների աճը, զարգացումը, գոյատևումը չենք կարողանա ապահովել: Այս խնդիրները կարգավորելու համար յուրաքանչյուր տնտեսություն ունի անտառկառավարման պլան` 10 տարվա կտրվածքով: Կա կազմակերպություն, որ զբաղվում է միայն տաքսացիայով, այսինքն` անտառների հաշվառմամբ, որակական, քանակական, տեսական տվյալների ուսումնասիրությամբ, ֆլորայի և ֆաունայի փոխկապվածության հարցերով: Եվ տվյալ տնտեսությունը պարտավոր է իր բոլոր ձեռնարկումները իրականացնել` ելնելով 10 տարվա համար նախատեսված պլանի դրույթներից: Անտառկառավարման պլանային գրքերը պետք է լինեն բոլոր գործողությունների իրականացման հիմքում: Գրքի մեջ հստակ նշված է, թե որ տարածքում, որ քառակուսում, որ անտառպետության սահմաններում, որ պահաբաժնում ինչպիսի աշխատանքներ պետք է կատարվեն: Թե՛ անտառահատման, թե՛ վերականգնման, թե՛ խնամքի, թե՛ սանիտարական, թե՛ մյուս բոլոր աշխատանքները պիտի կատարվեն ըստ այդմ: Այնպես չէ, որ մարդը ցանկացավ, վերցրեց ու հատեց անտառը: Իհարկե, անժխտելի է, որ մեր հանրապետությունում այսօր կատարվում են ապօրինի, ոչ մասնագիտական անտառահատումներ: Դա պայմանավորված է նրանով, որ անտառտնտեսություններում աշխատողների մեծ մասը պրոֆեսիոնալ չէ: Լավագույն մասնագետները մեզ մոտ բավարար չեն: Նորավարտ երիտասարդներն էլ չեն տեղավորվում աշխատանքի, մնում են անգործ: Այնինչ, նրանք պիտի սկսեն իրենց պրակտիկ գործունեությունը և այդպիսով աստիճանաբար աճեն, կայանան իբրև մասնագետ:

-Ի՞նչն է պատճառը, որ երիտասարդները չեն տեղավորվում աշխատանքի, եթե նշում եք, որ ոլորտում կա կադրերի պակաս:

-Պատճառը և՛ երիտասրդների մեջ է, որոնք այնքան էլ չեն ձգտում աշխատել, և՛ ղեկավարների:

-Ղեկավարնե՞րն ինչու են խնդիրներ հարուցում:

-Ղեկավարությունը չի ցանկանում թարմացնել կադրերը, ազատվել հին կադրերից, որովհետև դրանք «իր մարդիկ» են, և նրանցից ազատվելը որոշակի դժվարություններ է հարուցելու: Թե չէ ի՞նչն է խանգարում համապատասխան կրթություն ունեցող մասնագետին ընդունելու համապատասխան աշխատանքի: Ո՞վ է մասնագետ ծնվում: Պետք է հնարավորություն տալ, որ երիտասարդը կայանա պրակտիկայում, ներքին օղակից աստիճանաբար բարձրանա, հմտանա, ձեռք բերի անհրաժեշտ գիտելիք, փորձ ու ծառայի իր գործին: Իմ և ինձ նմանների ճանապարհը հենց այդպիսին է եղել: Հղկվել ու մասնագիտացել ենք տասնյակ տարիների ընթացքում:

-Զիկատարի շրջակայքում մենք տեսանք բազմաթիվ նորատունկ ծառեր: Դրանք հիմալայան մայրիներ են, թույաներ, վայրի խնձորենիներ: Մեր բնակլիմայական պայմանները նպաստավո՞ր են այդ ծառատեսակների համար: Համենայն դեպս, մայրիները որոշակի փորձության են ենթարկվել ցուրտ ձմռանը և ներկայում փոխել են իրենց գույնը, մի բան, որ որոշակի հիվանդության նշան է համարվում:

-Մայրիները իրենց շատ լավ են զգում մեզ մոտ: Դրանք միայն Զիկատարի տարածքում չեն տնկված: Նոյեմբերյանի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել մայրիների: Ինքս մոտ 20 տարեկան գեղեցիկ մայրիներ ունեմ տնկած: 10 մետր բարձրությամբ հոյակապ մայրիներ կան հենց Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում: Այնպես որ, մայրիների համար մեր բնակլիմայական պայմանները, հյուսիսարևելյան այս տարածքները բարենպաստ են: Այդ հիվանդությունը, որի մասին խոսեցիք, լուրջ վտանգ չի ներկայացնում, մայրիներն այն կհաղթահարեն ու կաճեն: Առհասարակ, փշատերև, ասեղնատերև, լայնատերև կուլտուրաների համար մեր տարածքը շատ նպաստավոր միջավայր է: ՈՒ մեզ մոտ այդպիսի ծառատեսակները շատ են: Հիմնականում տարածված է հաճարենին, որ մեր տարածքի 50-60 տոկոսն է զբաղեցնում, կաղնին կազմում է 30 տոկոս, մնացած տարածությունը զբաղեցնում են բոխին, հացին և այլ կուլտուրաներ:

-Բացի բնակլիմայական պայմանների և կադրերի պակասի հարուցած խնդիրներից` ուրիշ ի՞նչ խոչընդոտներ կան Ձեր աշխատանքների համար:

-Անտառը պետք է պահպանվի, զերծ մնա ոչ օրինական հատումներից, պետք է ժամանակին կատարվեն անտառվերականգնման աշխատանքներ, բարձր մակարդակով կատարվեն պահպանության և պաշտպանության միջոցառումները: Բայց դրանց զուգահեռ պետք է նաև պահպանողին, պաշտպանողին հնարավորություն տրվի ունենալու կյանքի, աշխատանքի նորմալ պայմաններ: Մարդը պիտի կարողանա ապրել, պահել իր ընտանիքը և իր խնամքին հանձնված տարածքը: Մարդու վրա այսօր դրված են մեծ պարտականություններ, բայց չպետք է մոռանալ, որ այդ մարդն ունի նաև պահանջներ: Ըստ իս` մինչև մարդու գոնե մինիմալ պահանջները չբավարարվեն, նա չի կարողանա նորմալ աշխատել: 30 հազար հեկտար տարածքի վրա ընդամենը 30 անտառապահ ունենք: Յուրաքանչյուրը 1000 հեկտարից ավելի տարածք պիտի պահպանի: Իրավունք չունես այդ մարդուն 8 ժամից ավելի աշխատեցնելու. կա աշխատանքային օրենսգիրք` իր կանոններով, որի խախտման դեպքում ղեկավարը ենթարկվում է պատասխանատվության: Բայց մենք իրականում այդ անտառապահներից պահանջում ենք շուրջօրյա վերահսկողություն կատարել անտառում: Ինչպե՞ս վարվի էդ խեղճ մարդը: Եթե նրան վճարում ենք միջին հաշվով 40 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս ենք նրանից քսանչորսժամյա աշխատանք ակնկալում` ներառյալ տոն օրերը: Ո՛չ կապի միջոց ունի, ո՛չ տրանսպորտային միջոց, և պիտի վերահսկի 1000 հեկտար տարածք: Հո միայն պահանջելով չէ՞: 1000 հեկտար տարածքում տասնյակ բնակավայրեր կան` մոտ 40 հազար բնակչությամբ, և անտառ մտնող միլիոնավոր «երակներ»: Մի քանի աշխատողով կարելի՞ է կանխել ապօրինի հատումները: Իհարկե ո՛չ: Բիզնես նպատակով կատարված կեղտոտ հատումներ մեզ մոտ գոյություն չունեն: Դրա վկայությունն է այն, որ ես այսքան երկար կարողանում եմ աշխատել այս պաշտոնում: Բայց անհատ մարդուն պահել է անհրաժեշտ: Իմ օրինակով ասեմ, որ ոչ մեկին չվիրավորեմ ու ցավ չպատճառեմ: Ես, տասնյակ տարիների իմ վաստակով հանդերձ, ստանում եմ 115 հազար դրամ աշխատավարձ: Անտառապետն ստանում է 60 հազար դրամ: Այս գումարով կարելի՞ է ընտանիք պահել: Պետք է այս հարցերի մասին մտածել: ՈՒ եթե համաձայն չես այս պայմաններին, քեզ հանգիստ ազատում են ու փոխարինում մեկ ուրիշով: Աշխատատեղ չկա, այլընտրանք չկա: ՈՒ մենք մնում, դիմանում, աշխատում ենք: Դեռ չաշխատողներն էլ մեզ երանի են տալիս, որ աշխատանք ունենք այս պայմաններում: Իհարկե, սա չի նշանակում, որ մարդը պիտի դիմի ապօրինությունների, վնասի անտառը: Բայց և չի կարելի աչքաթող անել մարդու, աշխատողի, անտառը պահպանողի շահը: Երբ բիզնես նպատակներով իմ տարածքում անտառահատումներ լինեն, ես պատասխան կտամ, բայց եթե մի խեղճ մարդ իր գյուղի շրջակայքից կացնով մեկ-երկու ճյուղ է կտրում իր տան կարիքների համար, ու մեզ վրա այդ պատճառով ակտ են գրում, ես դա ինչպե՞ս հասկանամ: Միայն պահանջելով չէ: Թող նախ մարդու պահանջները բավարարելուն ուղղված քայլեր ձեռնարկեն, հետո պահանջներ ներկայացնեն: Մեզ մոտ հակառակն է. նախ և առաջ պահանջում են: Իսկ հնարավորությունների վրա թքած ունեն: Այս ձևով անտառտնտեսություն հնարավոր չէ կառավարել: Սրանք են մեր աշխատանքին խոչընդոտող հիմնական խնդիրները:

Զրույցը`

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ