«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅՍՕՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՎ ՈՒ ԼՈՒԾԵԼՈՎ` ՎԱՂԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՏԱՐԱԾՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ Է»

«ԱՅՍՕՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՎ ՈՒ ԼՈՒԾԵԼՈՎ` ՎԱՂԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՏԱՐԱԾՔԸ ՎՐԱՑԱԿԱՆ Է»
21.06.2011 | 00:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Վրաստան այցի արդյունքների մասին առայժմ վաղ է խոսել, քանի որ իրարամերժ կարծիքները և արդեն «անհաջող» որակված, բայց այդպես էլ չստորագրված «կոմյունիկեն» խորհելու առիթ են տալիս: Ավելին, Ջավախքում դժգոհություններ կային, քանի որ Վեհափառը չի կարողացել անմիջականորեն շփվել տեղի հայ բնակչության հետ ու լսել նրանց հուզող հարցերը: «Այցը պիտի դիտարկել երկու տեսանկյունից. նախ, սա պատմական այց էր, որը և՛ հոգևոր, և՛ ազգային, և՛ հասարակական հնչեղության տեսանկյունից կարևոր էր ու անհրաժեշտ: Տասնամյակներ շարունակ ամենայն հայոց կաթողիկոսները չեն այցելել Ջավախք, վերջինը Մկրտիչ Խրիմյանն էր՝ Մկրտիչ Ա Վանեցին, սակայն նրա այցն էլ հովվապետական չի եղել: Ճամփորդելիս նաև Վրաստանով է անցել»,- մեզ հետ զրույցի սկզբում նշեց «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ծնունդով ջավախքցի ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ, ում, ի դեպ, վրացական իշխանությունն արգելում է մուտք գործել հարազատ Ջավախք:
-Գարեգին Երկրորդի այցը հովվապետական էր ու հոգևոր թեմին հանդիպելու նպատակ էր հետապնդում,- փաստում է պարոն Թորոսյանը:- Վեհափառի ելույթները Ջավախքում շատ բարձր եմ գնահատում, քանի որ կոչ կար լինելու հայ եկեղեցուն հավատարիմ, պաշտպանել ու պահպանել հայերենը և այլն: Սա բնակչության շրջանում վերահաստատեց, որ Հայաստանը, Հայ առաքելական եկեղեցին իրենց կողքին են, իրենք միայնակ չեն կյանքի դժվարին հորձանուտում: Սակայն հաջորդ տեսանկյունից պիտի արձանագրել, որ կային բազմաթիվ բացասական երանգներ: Նախ` արարողակարգային առումով այցն այնպես էր կազմակերպված, որ Վեհափառը հնարավորություն չունեցավ ժողովրդի հետ ուղղակի շփվելու: Այստեղ կանխակալ տրամադրվածություն կար: Թերևս ամենագլխավորը. վրացական կառավարությունն առաջարկեց ստորագրել կոմյունիկե, ինչը կամ ի սկզբանե նախատեսված չէր, կամ այդ բովանդակությամբ չպետք է լիներ: Որքան հասկացանք, դա նաև անակնկալ էր մեր եկեղեցու համար, ինչի պատճառով էլ չստորագրվեց:
-Ստացվում է՝ վրացական կողմն առանց պայմանավորվածությունների՞ է «դեմ տալիս» այդպիսի փաստաթուղթ: Նման այցերի պարագայում դա հնարավո՞ր է:
-Համենայն դեպս, այն պահանջները, որոնք ներառված էին այդ փաստաթղթում, հայկական կողմի հետ չէին ճշտվել: Մեզ համար անսպասելի հակընդդեմ պահանջներ առաջադրվեցին, որոնք ընդհանուր հարթության վրա դրեցին առկա և մտացածին խնդիրները, իսկ դրանք տանում են փակուղի: Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարեց, թե Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում կունենա նույն կարգավիճակը, ինչ վրացական ուղղափառ եկեղեցին Հայաստանում:
-Տարօրինակ չէ՞, որ հավասարության նշան է դրվում գերազանցապես հայերով բնակեցված Ջավախքի ու Հայաստանում փոքրաթիվ, նույնիսկ համայնքի կարգավիճակ չունեցող վրացիների խնդիրների միջև:
-Ե՛վ տարօրինակ է, և՛ տարակուսելի, և՛ անհասկանալի, սակայն միաժամանակ հասկանալի: Դատելով վրացական կողմի ոչ կառուցողական մոտեցումներից, այս պահանջները, կարծես, հասկանալի են դառնում: Ի՞նչ է ստացվում. հարյուր հազարավոր հայերը Ջավախքում և մի քանի վրացի Հայաստանում միևնույն հարթությա՞ն վրա են դրվում: Վրաստանում փաստացի գործում է վիրահայոց առաքելական եկեղեցին, կան հարյուրավոր հոգևոր հուշարձաներ: Հայաստանում վրացական հոգևոր որևէ հուշարձան գոյություն չունի, վրացական կազմակերպված համայնք էլ չկա: Ոչ մի անգամ այստեղի մի խումբ վրացիները կամ վրացական հոգևորական դասը մեզնից չեն պահանջել գրանցել իրենց ուղղափառ եկեղեցին: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում այդ եկեղեցու գրանցումը ոչ մի խոչընդոտի չի հանդիպի, քանի որ Հայաստանում խղճի ազատությունը կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, և բոլոր կառույցները, շատ անգամ` անցանկալի աղանդները, գրանցվում են: Ավելին, Վեհափառի որոշմամբ` Երևանի Շենգավիթ համայնքի եկեղեցիներից մեկը տրամադրվել է վրացական համայնքին: Այսինքն, բարի կամք, ջերմություն միշտ դրսևորվել են այդ համայնքի հանդեպ: Հիմա վրաց պատրիարքը հայտարարում է, որ դեռ պիտի ուսումնասիրեն Հայաստանի օրենսդրությունը, ձևակերպեն իրենց պահանջը, ստանան դրա լուծումը, որից հետո քննարկեն Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը: Մինչդեռ իրավական հարցը լուծելու մի ճանապարհով են նրանք փոխել իրենց օրենքը, ըստ որի` Վրաստանում միայն իրենց ուղղափառ եկեղեցին է ճանաչվում պետության կողմից: Մյուս կրոնական համայնքները օրենքով չեն ճանաչվում: Ասել է՝ եթե նրանք ցանկանան իրենց խնդիրը կյանքի կոչել, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, ու շատ հեշտ, արագ կլուծվի այդ հարցը:
-Իսկ ո՞ւր մնացին մեր պահանջները:
-Դրական նոտաների մասին վերևում ասացի, իսկ մնացած խնդիրների (որոնք երկու երկրների եկեղեցիների առջև ծառացած են` եկեղեցիների իրավական կարգավիճակը, պատկանելությունը) առումով առաջընթաց չեմ տեսնում: Այս ամենում ակնհայտ է նաև վրացական կողմի բավականին կոշտ դիրքորոշումը, երբ քննարկումները ձգձգելու, միտումնավոր փակուղի տանելու քաղաքականություն են վարում:
-Կարելի՞ է ենթադրել, որ այս այցից շահած դուրս եկավ միայն Վրաստանը:
-Արդյունքն այն եղավ, որ վրացական կողմը, համաձայնելով առկա խնդիրները քննարկման հարց դարձնելուն, առաջ քաշեց մեզ համար շատ անընդունելի պայմաններ, երբ խնդիրները մնացին չլուծված ու անգամ լուծման հեռանկարները մշուշվեցին: Այս նոր առաջ քաշված պահանջները, ըստ երևույթին, նաև անիրականանալի են: Եթե վրաց եկեղեցու գրանցման հարցը շատ հեշտ լուծելի է, ապա Հայաստանի տարածքում գտնվող իբր վրացական հինգ եկեղեցիների հանդեպ պահանջներն ուղղակի անհիմն են: Խոսքը Հայաստանի հյուսիսային շրջանի` Լոռու քաղկեդոնական եկեղեցիների մասին է, որոնց նկատմամբ նրանք հավակնություններ ունեն: Պատահական չէ նաև, որ հինգ եկեղեցիների մասին են պահանջ ներկայացնում, քանի որ Հայաստանում քաղկեդոնական այլ եկեղեցիներ էլ կան: Պարզապես համարժեքության վրա են դնում իրենց մոտ առկա հայկական հինգ եկեղեցիները, որոնք մշտապես փորձում են յուրացնել: Բոլորն էլ հիշում են, թե ինչպես էին նաև շիրիմներ պղծում և այլն: Իրականում Հայաստանի տարածքում վրացական եկեղեցի գոյություն չունի, այն պարզ պատճառով, որ այդ տարածքում վրացի չի ապրել: Եկեղեցի կառուցում են այնտեղ, որտեղ մարդիկ ապրում են: Քոբայրի եկեղեցին համարում են վրացական, բայց գնացեք, հարցրեք՝ այդ գյուղում կամ տարածաշրջանում որևէ վրացի ապրե՞լ է։ Կամ Ախթալայում: «Լոռի» անունով ստեղծել են Տաշիրի ու Դմանիսի թեմ, որի նստավայրը Վրաստանում է, ու առանց մեզ հետ քննարկելու` այս եկեղեցիները ներառել են իրենց թեմում: Ի դեպ, հայտնի է, որ վրացիները պատմական Տայքի քաղկեդոնական եկեղեցիների պատկանելությունը ևս վիճարկում են թուրքերի հետ: Այս ամենում կա նուրբ քաղաքականություն, որը չենք ուզում կարևորել: Վրացիները փորձում են ապացուցել, որ և՛ Տայքը, և՛ Լոռին պատմական վրացական տարածք են: Այսօր եկեղեցիների պատկանելության հարցն առաջադրելով ու լուծելով` վաղը կարող են հայտարարել, որ տարածքը վրացական է:
-Փաստորեն լրիվ հակառակն է տեղի ունենում. մենք Ջավախքի հետ կապված ոչ մի տարածքային պահանջ չենք առաջադրում, իսկ Վրաստանի «սանձարձակությունը» հասել է այն աստիճանի, որ բուն հայկական հողերը վրացականացնելու ճանապարհն է բռնել: Ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այսքան հանդուրժող վրացական նկրտումների հանդեպ:
-Մենք երբեք չենք խրախուսել անջատողականությունը Ջավախքում, ինչը, կարծում եմ, ճիշտ է, քանի որ այդ տարածքը պատմական հանգամանքների արդյունքում Վրաստանին է միացվել: Այսօր ցանկանում ենք, որ ջավախքցին իրեն լիարժեքորեն Վրաստանի քաղաքացի զգա, հարգվեն նրա իրավունքները: Չցանկանալով նաև այս երկրի հետ հարաբերությունները փչացնել, վերջին շրջանում Ջավախքում օրինաչափորեն խոսվում է ինքնավարության մասին, որպես կարգավիճակի, որոշակի խնդիրներ լուծելու համար: Տեսնելով նաև Վրաստանի քաղաքականությունը Աբխազիայի, Հարավային Օսիայի հանդեպ, որոնց առաջարկում է, թե եկեք ֆեդերալ կառուցվածքով երկիր ստեղծենք (Աջարիան արդեն իսկ այդ կարգավիճակում է), ուրեմն ինչու ոչ նաև Ջավախքի պարագայում: Անգամ այս խոսակցությունը շատ չենք շրջանառում, որ չորակվենք անջատողականներ: Բայց և այնպես, պիտի արձանագրել, թե այսօր ինչպիսի նկրտումներ ունի Վրաստանը, ինչի դեմ պետք է պայքարել: Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով հարևանային, բարեկամային հարաբերությունները, փոխադրումների համար տարանցիկ երկիրը, բավականին մեղմ քաղաքականություն են վարում Վրաստանի հետ: Սակայն պետք է այդ քաղաքականությունը որոշակիորեն փոխվի, ներդրվեն կոշտ տարրեր, որովհետև հերթական անգամ համոզվեցինք, որ Վրաստանը չարաշահում է իր աշխարհագրական դիրքը, կոշտացնում մեզ հետ հարաբերությունները:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ