«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԶ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»

«ՄԵԶ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»
18.01.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ
-Ի՞նչ ասաց կատվանապաստակը Ձեր ականջին:
-Տարեսկզբյան մաղթանքներ, լավի սպասում: Տարեմուտն ինքնամփոփման ժամանակ է, մենակության մեջ հանդիպում ես քեզ, ժամանակն ու ինքդ քեզ ըմբռնելու որոնումներում ճշտում` ինչ թողնես, ինչ տանես հետդ: Ես սովորաբար Նոր տարին Հայաստանում չեմ դիմավորում` հեռանում եմ, որ մենակ մնամ, բայց այս տարի խախտեցի ավանդույթս ու տարին դիմավորեցի տանը: Ավաղ: Տարին սթրեսային սկիզբ ունեցավ:
-Հայրենիքը Ձեզ չջերմացրե՞ց իր տոնական տրամադրությամբ:
-Նախ` բախվեցի բոլոր հեռուստաընկերությունների անճարակությանն ու գավառականությանը: Աղետներ, գնաճի խոստում։
-Մեծ նորությո՞ւն էր:
-Իհարկե՝ ոչ, բայց Նոր տարին հրաշքի, լավի, բարու, անակնկալի սպասում ունի իր մեջ, երևի նաև այդ պատճառով գավառականությունը, անճաշակությունը, դատարկությունը, սին արժեքների քարոզչությունն այդքան ցցուն էին: Կարելի՞ է այդքան թերագնահատել հեռուստադիտողին, երեք օրում հինգ անգամ նույն ֆիլմը ցուցադրել, բոլոր ալիքներով կեղծ ուրախություն խաղացող ու հաղորդումից հաղորդում պտտվող նույն «հերոսներն ու աստղերը»։ Պարտադրյալ ինչ-որ ուրախություն: Գուցե և անհատի մակարդակով երջանիկներ կան, բայց հասարակության` ոչ։
-Վստա՞հ եք, որ ծիծաղն ուրախության նշան է:
-Ծիծաղն ուրախության նշան չէ, հասարակությունը, հակառակ իր անվերջ ծիծաղող որոշ անհատների, երջանիկ չէ: Լրահոսին հետևե՞լ եք: Ապշելու էր, ամենակրկնվող նախադասությունը` «Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը...», և հետևում էր Հայաստանի տարբեր հորիզոնականներում ու միջօրեականներում տեղի ունեցած աղետների, վթարների թվարկումը: Գագիկ Շամշյանը մարմնավորում էր պետությունը, լրատվական ծառայությունները, արտակարգ իրավիճակների նախարարությունը, պետավտոտեսչությունը... Անցնող ամբողջ տարին մտքիս մեջ ունեցել եմ պետության վախճանի զգացողությունը։
-Զգացողությո՞ւնը, թե՞ եզրակացությունը:
-Զգացողությունը, որ անընդհատ թանձրանում է: Խորհրդարան բերած օրինագծերի թիկունքում, կարծես, պետության մոտալուտ վախճանի զարկերակն է տրոփում: Եթե բնապահպանության նախարարությունն առաջարկում է բնապահպանական փորձաքննությունը հանել, եթե կրթության նախարարությունն առաջարկում է օտարալեզու դպրոցներ բացել, եթե քաղաքաշինության նախարարությունն անզոր է ապօրինի շինարարությունների դեմ... Բոլոր նախագծերում պետության պատասխանատվությունն ու դերակատարությունը հնարավորինս նվազագույնին հասցնելն է, ուրիշ ի՞նչ մտածես: Հասարակությունը մենակ է մնացել։
-Իսկ գուցե դա սքանչելի՞ է: Ի սկզբանե հայտնի է, որ բնությունը, ժողովուրդը, երաժշտությունն անվերջ են, գուցե դա ընդամենը նշանակում է Հայաստանի երրորդ Հանրապետության վերջ և չորրորդի սկի՞զբ, ընդամենն ընթացք է` զարգացման վերընթաց պարույր:
-Եթե ընթացք է, բայց ոչ՝ վերջ. վերջն ինձ համար ողբերգություն է: Համաձայն կլինեմ, եթե բոլորս մեզ հարց տանք` ի՞նչ անել: Սոցիալական կյանքը կազմակերպող մեր բոլոր շերտերը` հեռուստատեսությունից առողջապահություն, կրթություն, մշակույթ, տնտեսություն, պետության կառավարում, ձախողված են և խեղված: Այսպես շարունակել չի կարելի. սա գիտեն բոլոր մտածող մարդիկ, բայց կա հանդիպակաց հարցը` ի՞նչ անել, որի պատասխանը մեկն է` մեզ արժեքների հեղափոխություն է պետք: Որովհետև արժեքների այն հենարանը, որի վրա հենվում են մեր պետությունն ու հասարակությունը, խախուտ է, սնանկ, անհեռանկար:
-Չափանիշի չափանիշը ո՞րն է լինելու: Հին արժեքների բարեհաջող ոչնչացումից հետո ինչ-որ արժեքներ հաստատեցինք, որոնք դեռ չենք էլ անվանել, բայց գիտենք, որ չեն կայացել:
-Խորհրդային շրջանին հաջորդած 20 տարիներին մենք բողոքում ենք։ Ես հոգնել եմ այս պերմանենտ դառնությունից, 20 տարի հասարակական ճգնաժամի մեջ ենք, այնպես չէ, որ այս զգացումները նոր են ու 5 տարի առաջ չկային, բայց տարիների հետ ոչինչ չի փոխվում: Գելափի` հետխորհրդային տարածքում կատարած վերջին ուսումնասիրություններից մեկի տվյալներով` իրենց երկրից հեռանալու ցանկություն ամենաշատը հայերն ունեն, բնակչության 44 տոկոսն իր ապագան Հայաստանում չի տեսնում: Ի՞նչ անել: Մեզ իսկապես ռացիոնալ հասարակական շարժում է պետք, որը կժխտի շրջանառվող կեղծ արժեքները, կժխտի այսօրվա կեղծ մշակույթը, կեղծ գիտությունը, կառավարման ավտորիտար համակարգը։ Կազատագրվի Պանդորայի արկղից, որի մեջ կաշառակերությունն է, ախպերաընկերականությունը, պետության կառավարման մոտավորապեսությունը, չգործող օրենքները: Կես ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան բացահայտ սուտը: Մենք թվացյալ, հայտարարված իրավական երկիր ենք, սոցիալական ժողովրդավարական պետություն, բայց իրականության մեջ հանգել ենք անձի ինստիտուտի:
-Ռացիոնալ հասարակական շարժումն անձերից բաղկացած չի՞ լինելու:
-Պահանջատեր, քաղաքացիական բարձր որակներ ունեցող անհատների ռացիոնալ հասարակական շարժում, որը կժխտի ներկա իրականությունն իր բոլոր խեղումներով՝ կառավարման անարդյունավետությունից մինչև ցանկացած ոլորտ։ Եվ պատճառը հստակ է` ձախողել ենք սոցիալական պետության կոնցեպտը, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ: Ես իսկապես հավատում եմ մտքի և արժեքների հեղափոխությանը, որը երկկողմանի է: Ֆրանսիացի լուսավորիչ Հելվեցիուսի համոզմամբ` ժողովուրդների բնավորությունն ու միտքը փոխվում են` կախված պետության ձևերից: Ես հակառակն էլ եմ կարևորում` ժողովուրդների բնավորությունն ու միտքը փոխում են պետության ձևերը: Երբ մեր հասարակությունը հավաքական արիություն ու քաջություն կունենա մերժելու մեզ կուլ տվող տգիտությունն ու կեղծիքը, այլ որակի պետություն կունենանք: Ողջ պատասխանատվությունը պետության վրա չպիտի դնել, անհատն էլ իր մեջ պետք է գտնի այս ամեն ինչը ժխտելու ուժ ու ցանկություն:
-Հելվեցիուսը ճիշտ էր, ես ավելի մոտ ժամանակներից ու մեր արյունից օրինակ բերեմ` 20-րդ դարի 20-ական թվականներին ոչ ոք այնքան չէր հերքում Վահան Տերյանին, որքան Եղիշե Չարենցը` անցնելով ինքնահաստատման իր ճանապարհը: Հետո հազար անգամ հերքեց իր հերքումը, և դա նշանակություն ուներ, որովհետև Չարենցն ստեղծեց իր գրականությունը, իր արժեհամակարգը, իր չափանիշը: Մենք ունե՞նք այսօր այն, ինչ ուներ Չարենցը, ի՞նչ է հաջորդելու մեր հերքումին, ի՞նչ ենք հաստատելու: ՈՒնե՞նք մեր արժեքը, մեր իդեալը, հայտնի երեք հարցերի մեր պատասխանը` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում:
-Քաղաքակրթության շարժիչ ուժը իդեալիստներն են, պրագմատիկներն ու ցինիկները հետո են գալիս: Իդեալ ունեցողն ունի բարոյական ամուր ողնաշար, հավատում է բարոյականությանը, ազնվությանը, պարկեշտությանը, և անցյալն իր համար սոսկ հեքիաթ ու պատմության դասագիրք չէ, այլ դաս, և շատ լավ գիտի գլխավոր մարտահրավերը: Բոլոր ժամանակներում կա ժամանակակից լինելու կարևորագույն մարտահրավերը: Մեր հիմնական ախտը, որպես պետություն, այսօր ժամանակակից չլինելն է: Հասարակության, պետության և անհատի մակարդակով մենք պետք է խնդիրներ ձևակերպենք` ի՞նչ երկիր ենք ուզում դառնալ, ո՞ւր ենք ուզում գնալ, 21-րդ դարում մեր տեղը ո՞րն է: Այս գավառամտությամբ, տգիտությամբ, խեղճությամբ, գլխիկոր վարքով, թռցնողի հոգեբանությամբ, գրպանահատի գաղափարախոսությամբ ու բախտով մենք ապագա չունենք: Հասարակության, պետության և անհատի ինքնորոշման խնդիր կա: Չարենցը չէր կարող խեղճ լինել, ուզում էր ժամանակակից լինել, չէր կարող իր ժողովրդին անղեկ ու անգաղափար տեսնել։ Այսպիսին է Չարենցի ուղերձը` ուզում ես, թե չես ուզում տեսնել: Չարենցի բացառիկ արական, բացառիկ պինդ, արմատով երկրի պորտին կառչած, լուսավոր էությունը: Բանաստեղծ և քաղաքացի Չարենցն ինքնորոշված էր և ուզում էր իր պետությունն ու ցեղն ուժեղ տեսնել: «Կանգնած ենք ահա ապագայի նկատմամբ զարմանալի թեթև, զարմանալի անդեմ, մերկության պես տկլոր ու անանցյալ… պիտի մտնենք ապագայի դրախտը անարատ»։ Քաղաքացու ինքնորոշման հարցն այսօր նույնքան արդիական է, որքան արդիական էր Թումանյանի ժամանակ, Խորենացու: Յուրաքանչյուր հայ ինքնորոշման խնդիր ունի:
-Քանի՞ հայ այսօր ունի ա՛յդ Չարենցի ընկալումը, ա՛յդ Խորենացու, ա՛յդ Թումանյանի:
-Հրանտ Մաթևոսյանը 1990-ի հոդվածներից մեկն ավարտում էր մի սքանչելի մտքով` «որ երկիրը կոչվի Հայաստան»:
-ՈՒ քանի՞ տարի է անցել, ու ինչպե՞ս է հիմա երկիրը կոչվում:
-Քսանմեկ տարի: Բայց ինչպես «Ողբից» կարող ես հանել հեղինակի անունն ու գրության թվականը, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի գործերից էլ կարող ես հանել հեղինակի անունն ու գրության թվականը` նույն ճշմարտություններն ու տագնապները այս էլ քանի դար ուղեկցում են մեր ժողովրդին:
-Իսկ անհատնե՞րը:
-Ինչո՞ւ է մեր զրույցը շարունակ տեղափոխվում անհատի հարթություն. որովհետև այսօր իշխանությունը մի խնդիր է լուծում` իր իշխանությունը պահելու խնդիրը, և հասարակությունը սա տեսնում է ու իշխանությունից ակնկալիք չունի: Մեր մենակության մեջ մենք ավելի մենակ ենք դառնում: Համոզումս նույնն է՝ արժեքների հեղափոխություն կատարելու համար հասարակական շարժում է պետք: Ազգի հոտը ղեկավարելու հայրապետություն է պետք: Մեր բարոյական ողնաշարն ամուր չէ, պետականություն չունենալու ու քաղաքացի չդառնալու մեր դառը բեռը կա։ Մեր հասարակական-քաղաքական միտքը երբեք աշխարհագրորեն այս տարածքի վրա չի եղել, ոչ միայն մեր լուսավորությունն է Եվրոպայից եկել, մեր լուսավոր հայրերը երբեք Հայաստանի տարածքում չեն ապրել:
-Ես համաձայն չեմ, որ պետականություն չունենալու հետևանքով ենք այսպիսին, այսպիսին լինելու հետևանքով մի քանի դար պետականություն չենք ունեցել, պատճառի ու հետևանքի տեղերը մեզ հարմար է եղել փոխել, արդարացել ենք, մեր թուլության, կամքի, խելքի, զենքի թուլությունը բացատրել ենք ուրիշների հաշվին:
-Յուրաքանչյուր ժողովրդի խառնվածք իր պատմության նստվածքն է: Անկախ հայտարարված ու գործող արժեքների տարբերությունից` ունենք իշխանություն, որը կրում է այսօրվա պատասխանատվությունը: Ես անգամ պատրաստ եմ աչքերս փակելու իշխանության ձեռքբերման որակի վրա, եթե այն քաղաքական կամք ունի հասկանալու, որ իշխանությունը ոչ միայն լեգիտիմության, այլև իշխանության հեղինակության մեջ է: Երբ ուրիշների համար օրենքներ ես ընդունում, իսկ քեզ համար բացառություններ, երկրիդ ողնաշարն ես ջարդում: Սոցիալական պետության ողնաշարը, որ հայտարարել ենք Սահմանադրությամբ: Երբ քաղաքացին հասկանա, որ ինքը բոլորի հետ հավասար է հնարավորությամբ, իրավունքով, պարտականությամբ ու պատասխանատվությամբ, կձևավորվի կոնսենսուսի այն շերտը, որն ազգային պետության բարոյական հենարանն է: Այսօր մենք մեր բարոյական կառույցի մեջ խախուտ ենք ու սնանկ: Ես հասկանում եմ այն 44 տոկոսին, որ հեռանկար չի տեսնում և ամեն ինչ անում է Հայաստանից ճողոպրելու համար: Երբ քո 18 տարեկան զավակը զոհվում է բանակում, թիկունքում ողբերգություն է: Երբ խոսում ես այդ մասին, ասում են` թշնամու ջրաղացին ջուր ես լցնում, բայց լռելը իրավիճակ փոխելու լավագույն ձևը չէ: Իմ բանակն իմ ամենասիրելի արժեքն է, ես սիրում եմ ու խնայում, բայց ինչո՞ւ ինքը ինձ չի խնայում. ինչո՞ւ ես տարեմուտի գիշերը, երբ բոլորը հրաշքի են սպասում, ավտոմատով կրակում քո զինվորի վրա... Պետություն-հասարակություն հարաբերությունը երկկողմանի է, ես պաշտում եմ իմ պետականությունը, իմ բանակը, բայց ինչո՞ւ ինքն ինձ չի խնայում։ Ես մարդկային, քաղաքակիրթ ներդաշնակություն եմ փնտրում։
-Մենք սիրում ենք հայրենիքը, հայրենիքը մեզ չի սիրում:
-Ոչ, իսկ ո՞վ է հայրենիքը, որ չի սիրում։ Հայրենիքը մենք ենք։
-Իր զինվորի վրա կրակող հրամանատարն է, անմեղին դատող դատավորն է, չսովորեցնող ուսուցիչն է, հիվանդին անօգնական թողնող բժիշկն է: ՈՒ չասեք, թե իշխանությունը հայրենիք չէ, իշխանությունը մասն է հայրենիքի, կարևոր մասը:
-Հենց այդ պատճառով էլ մեզ արժեքների հեղափոխություն է պետք, և առաջինը` մեր մտքի մեջ, հասարակությունը պետք է կողմնորոշվի, իշխանության որակը հասարակության որակն է, իշխանության մեջ հայտնված մարդիկ մենք ենք...
-Իսկ գուցե մենք պարզապես չգիտենք` ո՞րն է ճիշտը, մենք իդեալ չունենք: Ավելին` մենք չենք էլ գիտակցում իդեալի անհրաժեշտությունը:
-Ո՞վ պիտի իդեալ ձևավորի:
-Ո՛չ այլմոլորակայինը, ո՛չ օտարականը, իդեալ ձևավորող է հենց Չարենցը, եթե կարդանք այն, ինչ նա գրել է, ոչ թե այն, ինչ նրա մասին գրել են ուրիշները դասագրքերից սկսած: Ժամանակի կուտակած ժանգը մաքրենք ու կարդանք բնագիրը... Հասկանալով: Նույն Տերյանը, որ իրականում ամենաքիչն աշնան երգիչ է: Հրանտ Մաթևոսյանը, ում խոսքը բանաձևի արժեք ունի: Կրկնում եմ` հասկանալով կարդանք: Բայց չենք ուզում, որովհետև մտածելը դարձել է մեր ուժերից վեր ծանր աշխատանք:
-Ես խոսում եմ ռացիոնալ հասարակական, բանական շարժման մասին, մտքի հեղափոխության մասին, որը պիտի ժխտի կեղծիքների դառը ժառանգությունը: Մտքի գեներատորը քաղաքական ու մշակութային էլիտան պիտի լիներ։ Բայց քաղաքական «էլիտան» աթոռի խնդիր է լուծում ու շարունակ խաբում հասարակությանը, իսկ մտավորական «էլիտան» էլ սրանց է սպասարկում։ Մտավորական էլիտան, որ Խորենացուց ու Կաղանկատվացուց մինչև Աբովյան ու Բակունց պիտի արժեքներ հավաքողն ու փոխանցողը լիներ, ընտրությունից ընտրություն հայտնվում է իշխանամետ քաղաքական «էլիտայի» գրկում ու վտառներով տեր որոնում, և, ցավոք, տիրոջ որոնումը նրանց դեպի պետություն չի տանում: Տխուր է պատկերը, հասարակությունն այսօր երկու հիմնական շերտի է բաժանված ` մի մասն ատում է բոլոր նրանց, ովքեր չաղ են, հարուստ, բախտավոր ու պաշտոնյա, մյուս մասն ամեն ինչ անում է` քծնելու չաղերին, հարուստներին, բախտավորներին ու պաշտոնյաներին, իհարկե` հատուցվելու ակնկալիքով: Բայց իրականությունը միայն այս սև ու սպիտակի մեջ չէ, կան լուսանցքում հայտնված մարդիկ, ովքեր լուռ իրենց գործն են անում, հավատում են իրենց ճիգին, գիտեն, որ իրենց հողն իրենց հայրենիքն է, որ պետականությունը, բարոյականությունն ու առաքինությունը բացառիկ արժեքներ են: Գաղափարները պիտի ձևավորես ու կարողանաս առաջնորդել:
-Ճշմարտությունը պիտի բարձրաձայնես, որովհետև մարդ ավելի շատ հավատում է իր ականջներին, քան իր ներքին ձայնին:
-Որովհետև շատերը վախենում են անկեղծանալուց ու օրապահիկը կորցնելուց: Այս իշխանության քաղաքական կամքին դժվարանում եմ հավատալ, որոշիչը հասարակությունն է, նրա կամքը։ Այս տարտղնված իրականությունը հեռանկար չունի: Նույն ցավով ապրող ու նույն զգացումներն ունեցող շատերը կան, բայց, ցավոք, համախմբող մթնոլորտը չկա, և նրանք շարունակում են մնալ ցպահանջ միայնակներ: Մեզ ազգային նպատակների վրա խարսխված կոնսենսուս է հարկավոր, որ երկիրը կոչվի Հայաստան:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ