«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՆՀԱՄԲԵՐ, ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ, ԱԳՐԵՍԻՎ»

«ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՆՀԱՄԲԵՐ, ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ, ԱԳՐԵՍԻՎ»
12.04.2011 | 00:00

Կառավարության շենքում վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրույցի ինչ-որ պահին (հարցազրույցը տեղի էր ունենում շաբաթվա վերջին՝ երեկոյան) հանգստի սենյակից ինչ-որ ձայն լսվեց: Երեքս էլ լարվեցինք (Արամ Անանյանը նույնպես ներկա էր). յուրօրինակ ժպիտ նկատվեց երկուսի դեմքին. գիտեին՝ ինչ է կատարվում ներսի սենյակում: Քիչ հետո այդ սենյակի դուռը դանդա՜ղ բացվեց, ու մանկան մի գլուխ, դռանը կպած, նայեց-նայեց. ինչ-որ մեկը շատ արագ ներս քաշեց փոքրիկին:
Տիգրան Սարգսյանին այլ բան չէր մնում, եթե ոչ ժպիտով բացատրել. շատ ուշ է տուն գնում, երեխաները քնած են լինում, գրեթե չի տեսնում նրանց. երբեմն-երբեմն՝ շաբաթվա վերջին, իրենք են գալիս «տեսության»:
Ծանոթացանք: Մարկոսիկն ու Աբգարիկն էին. համբերատար սպասում էին՝ հարցազրույցն ավարտվի, հորը տեսնեն, մի քիչ շփվեն ու գնան (մի կարևոր հանդիպում էլ կար հարցազրույցից հետո)։
Նաև տիկին Գոհարն էր այնտեղ` փխրուն, լուռ, համակրելի:
«Վարչապետանոցի» կողմերում «երկար կռվածս» նման հետաքրքիր, եթե անկեղծ՝ գողտրիկ բան չէր տեսել «հարյուր տարի»:

-Պարոն վարչապետ, տնտեսական ու քաղաքական հարցերից «անցում» կատարենք դեպ մայիս, այն սարերի հետևում չէ. մայիսի առնչությամբ նշվել է, որ պետք է լինեն կոնկրետ արդյունքներ, եթե ոչ` «կոնկրետ հետևանքներ»:
-Մենք մայիսին, հունիս-հուլիս-օգոստոսին նույնպես ունենալու ենք տնտեսական աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ գների նվազում:
-Առայժմ՝ «հետևանքների» մասին. լինելո՞ւ են այդպիսիք, բացի Վազգեն Խաչիկյանից, Խաչիկ Մանուկյանից և այլ «մանուկներից», որոնք «սլաքավարների» տպավորություն են թողնում: Առավել համակարգային «հետևանքներ» լինելո՞ւ են:
-Լինելո՛ւ են: Եթե չկատարվեն հստակ ձևակերպված առաջադրանքները:
-Աչքի առաջ «որևէ մեկին» ունե՞ք:
-Ինքներդ ասացիք՝ «մայիսը սարերի հետևում չէ». սպասենք: Իսկ ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ 2011 թվական մենք մուտք գործեցինք ֆինանսների նոր նախարարով, նոր գյուղնախարարով, նոր քաղաքապետով, նոր փոխնախարարներով, այնպես որ, «սլաքավարների» մասով Ձեր դիտարկման հետ ամենևին համաձայն չեմ:
-Բոլոր դեպքերում, երբ Դուք ստանձնեցիք վարչապետի պաշտոնը, Ձեր առաջին հռչակումներն առնչվում էին մոնոպոլիաների, օլիգարխիաների դեմ պայքարին: Հաջողեցի՞ք:
-Որոշ բաներ հաջողվել են, որոշ բաներ՝ ոչ: Վերցնենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը. հայտնվեց երրորդ օպերատորը, արդյունքում ունեցանք ծառայությունների ընդլայնում, գների նվազում: Հիշենք՝ բնագավառում մի քանի տարի առաջ մոնոպոլ վիճակ էր: Կարելի է նման շատ օրինակներ բերել: Բոլոր դեպքերում, մենք համոզված ենք՝ ռեֆորմները, որ սկսել ենք, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ միջնահատվածում տալու են իրենց արդյունքները:
-ՈՒզում եք ասել՝ այդ փոփոխություններն իմիտացիոն, հատվածական չե՞ն:
-Չե՛ն: Եվ այնուհանդերձ, հետաքրքիր է. մենք ասում ենք` բարձրացրինք տասնմեկ տոկոսով աշխատավարձը, դուք գալիս ու ասում եք՝ իմիտացիա է: Մենք բարձրացնում ենք թոշակները՝ տասնհինգ տոկոսով, լրագրողներդ թե՝ դա նույնպես իմիտացիա է: Մենք բարձրացրինք տասը տոկոսով սոցիալական նպաստները, դուք դարձյալ` ո՞վ չի հասկանում, որ իմիտացիա է: Բայց եթե անգամ «իմիտացիա» է, կարևորը մեզ համար այն է, որ ժողովուրդն ստանում է այդ եկամուտները, և մեր ծրագիրը ծառայում է իր նպատակին:
-Բայց, պարոն վարչապետ, Ձեր տված «այսքան ուրախ կյանքը մեր» դրանից այնքան էլ ուրախ չի դառնում:
-Կառավարության նպատակն է հոգալ սոցիալական խնդիրները, մարդկանց հոգսերը: Եվ եթե մենք 132-դրամանոց գազը դարձնում ենք 100 դրամ, որից օգտվում է հիսուն հազար մարդ, ի՞նչ իմիտացիայի մասին է խոսքը:
-Հիմա կարող էի նշել, որ մենք գազն ավելի էժան ենք ստանում, քան այն «հասնում» է այդ հիսուն հազարին, բայց դեռ՝ օլիգարխիայի, մոնոպոլիաների դեմ պայքարի և «իմիտացիայի» մասին: Լրագրողները, պարոն վարչապետ, ընդամենն ասում են, որ էդ մոնոպոլիստների, էդ օլիգարխների, էդ ստվերայինի դեմ պայքարի արդյունքում ու գումարներով ավելի արդյունավետ կլինի «այդքան ուրախ դարձնել կյանքը մեր»:
-Շատ լավ: Մենք հայտարարել ենք պայքար մոնոպոլիաների, օլիգարխների դեմ: Բայց այդ պայքարում հաջողության չենք հասնի, եթե բոլորը, այդ թվում և դուք՝ լրագրողներդ, սլաքն ուղղեք կառավարության, վարչապետի դեմ, նայեք ու սպասեք՝ հլը մի տեսնենք, պարոն վարչապետ, ո՞նց ես պայքարելու նրանց դեմ: Այս ամենում գիտե՞ք որն է նաև հետաքրքիր. որ այն մարդիկ են սլաքը կառավարության ու ինձ վրա ուղղում, ովքեր հենց այդ օլիգարխներն ու մոնոպոլիստներն են: Հասարակությունն էլ սպասում է՝ հլը նայենք, էս վարչապետը «ո՞նց է նրանց գլուխները կտրելու»: Այսպիսի մոտեցմամբ մենք երբեք արդյունքի չենք հասնի:
-Ասեք, խնդրեմ, պարոն վարչապետ, ի՞նչ են կոնկրետ անելու հասարակությունը, լրագրողները, որ Դուք կոնկրետ արդյունք ունենաք: Եկեք միասին կոնկրետ «առաջադրանք տանք» նրանց:
-Հասարակությունը պետք է առանձին-առանձին քննարկի այն մարդկանց խնդիրը, որոնց համարում է օլիգարխ ու մոնոպոլիստ: Ասել է, եթե մարդիկ ցանկանում են այդ պայքարը հաջող ընթանա, սլաքը միայն մեր դեմ չպետք է ուղղեն, մեզ քննադատեն, մեզ վարկաբեկեն, այլ նախ և առաջ պետք է հասկանան՝ նման հոդվածներ գրող լրատվամիջոցներն ո՞ւմ շահերն են պաշտպանում, ո՞ւմ թերթերն են դրանք, ովքե՞ր են դրանք ֆինանսավորում, ովքե՞ր են մեր կողքին կանգնած, որ օլիգարխների դեմ պայքարում ուժեղ լինենք:
-Ովքե՞ր են, պարոն վարչապետ:
-Նույն օլիգարխներն ու մոնոպոլիստները:
-Դուք «չունե՞ք» թերթ:
-Ո՛չ:
-Չէ, էդպես չի, պարոն վարչապետ, ասում են, որ մեր թերթը, այդ թվում և` Ձեր խոնարհ ծառան, «օնլայն» տարբերակով Ձե՛ր պատվերն է կատարում:
-Մեծ սիրով կընդունեի ձեր թերթի նկատմամբ սեփականության իրավունքները, բայց, ցավոք, ոչ ոք ինձ այդպիսի առաջարկ չի արել: Գոնե դու գիտես, որ դա այդպես չէ:
-Ծա՜նր եք տանում քննադատությունը:
-Եթե առողջ, կառուցողական քննադատություն է՝ երբե՛ք. այն ուժեղացնում է: Հակառակը փորձում եմ չնկատել: Ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Ի՞նչ է, կարծում եք` մենք ունեինք հնարավորություններ, որ չե՞նք օգտվել դրանցից, և մեր ընդդիմախոսներն ինչ-որ գաղտնի լուծումնե՞ր ունեին իրավիճակը շտկելու կամ այնպիսի ինտելեկտուալ կարողություններ ունեն, որ թաքցնում են մեր ժողովրդից և, լծակներ ունենալու դեպքում, ինչպես Դուք եք նշում, շատ «ուրա՞խ էր դառնալու կյանքը մեր»: Չէ՞ որ այդպես չէ:
-Այսօր Դուք սպասվածից անկեղծ եք։ Ի դեպ, երբ նոր էիք սկսում, հոգևոր բանալիներ էիք դրել շրջանառության մեջ. նկատի ունեմ Շնորհալու՝ «սեր ամենայնում» աուրայի տարուբերումը բոլորից մոռացվող այս երկրի ու հայոց «չարաբաստիկ» քաղաքական դաշտի վրա: Հա, ի դեպ, վերջերս Նարեկացի էի կարդում` Սողոմոն իմաստունին նվիրված «Բանը». այնտեղ օգտագործված էր «բարեբաստիկ» բառը. մենք էլ գիտեինք` Դո՜ւք եք այն հորինել:
-Ահա լրագրողական «խոստովանանքի», չասեմ՝ անտեղյակության, ևս մի օրինակ: Անցնելով առաջ պետք է ասել (կարծում եմ՝ Դուք էլ ինձ հետ համաձայն կլինեք)՝ հաղթում են ոչ այն ազգերը, որոնք ֆիզիկական և այլ պլաններում ուժեղ են, հաղթում են հոգեպես բարձր ազգերը։ Հոգևորն օգնում է հաղթահարելու դժվարությունները:
-Պասի մե՞ջ եք:
-Այո՛:
-Ձեզ և Սերժ Սարգսյանին սպասվող Ճրագալույցին դարձյա՞լ կտեսնենք Սուրբ Սարգսում:
-Կտեսնեք:
-Եվ վերջապես. ի՞նչն է Ձեզ ամենից շատ ցավ պատճառում էս մեծ ու լուսավոր աշխարհում:
-Մի բան ես հաստատ լավ չեմ հասկանում. քրիստոնյա ժողովուրդը ո՞նց կարող է այսքան դժգոհ լինել կյանքից: Ես հասկանում եմ` սոցիալական խնդիրներ կան, արդարության անհրաժեշտություն կա, բայց գիտեմ նաև, որ մարդը պարտավոր է ամեն օր Աստծուն շնորհակալ լինել՝ իրեն կյանք պարգևելու համար: Լա՛վ, ինչո՞ւ մենք պետք է աշխարհում առաջին տեղն զբաղեցնենք դժգոհ լինելու առումով: Տատս հավատացյալ կին էր, միշտ ասում էր՝ համբերությունը կյանք է: Հիմա մենք դարձել ենք անհամբեր, անհանդուրժող, ագրեսիվ: Ես շատ հաճախ զարմանում եմ նաև որոշ մարդկանց ատելության վրա: Գիտեք՝ կան ազգեր, որ ավելի ծանր վիճակում են, քան մենք, ունեն շատ ավելի ծանր խնդիրներ, բայց այսքան դժգոհ չեն։ Ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը` ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:
-Բայց միևնույն է՝ Աստված սեր է:
-Աստված սե՛ր է: Եվ պետք է կարողանաս սիրել քո թշնամուն: Ես ամեն անգամ փորձում եմ դա անել, աշխատում եմ երբեք չշեղվել դրանից. դա շատ կարևոր առաքելություն է, որովհետև դրանով դու մաքրվում ես:
-Հաջողվո՞ւմ է:
-Չի՞ «երևում», երեք ժամ շարունակ «դիմանում» եմ այս «հարցազրույցին» ու հնչող հարցերին:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հ. Գ.- Տիգրան Սարգսյանի հետ բուն-ինստիտուցիոնալ հարցազրույցը՝ երեք տարվա պաշտոնավարմանն առնչվող՝ «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ