«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՊԱՅՔԱՐ ԿԱ»

«ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՊԱՅՔԱՐ ԿԱ»
15.02.2011 | 00:00

Գործընկերներիցս մեկը պատմեց, որ երբ ԱԺ պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ փորձել է ինչ-որ հարց ճշտել, վերջինս ասել է, թե լուրջ գործերով զբաղվում է իր աշխատակիցը։ Հետո պարզվել է` այդ աշխատակցի դռան վրա փակցված է ոչ թե անուն-ազգանուն, այլ պարզապես` «դեմք», իսկ «դեմքի» գլխավերևում` Բրեժնևի սևուսպիտակ լուսանկարը։ Այս զավեշտալի դրվագի մեկնաբանությամբ կեսկատակ նախաբանով սկսեցինք մեր ճեպազրույցը Խաչիկ Մանուկյանի հետ։
-Ամեն ինչ լուրջ մի ընդունեք,- ժպիտով հորդորեց պարոն Մանուկյանը։- Կարող է անուն-ազգանուն գրի, տակն էլ ավելացնի` մարդ, դեմք։ Ճիշտ է, իր աթոռի հետևում էլ Բրեժնևի նկարն է, հաճախ կարող է ասել` կոչ անենք ժողովրդին համախմբվելու։
-Ձեզ մոտ աշխատելու համար, փաստորեն, այդպիսի «շնո՞րհք» պիտի ունենալ։
-Ի՞նչ է եղել որ, դրանից տրամադրություն է բարձրանում, նոստալջիա է (ծիծաղում է- Ռ. Խ.)։ Ով այդպիսի «շնորհք», սուր միտք ունի` թերություն չէ։ Դե պատկերացրեք, հիմա մեկը կանգնի Կորեայի աշխատավոր ժողովրդի մասին բան ասի, հետաքրքիր է, չէ՞։ Բայց այդ մարդը լուրջ հավաքածու ունի, ասենք, ինքնաթիռների։ Ահավոր զարգացած է, մի քայլ առաջ է բոլորից։ Կարևորը շատ լավ կազմակերպում է արտադրությունը։
-Լավ, ուրեմն անցնենք արտադրությանը։ Ձեր գործերն ինչպե՞ս են հիմա։
-Նորմալ։
-Ժամանակին շատ էիք դժգոհում, թե հավի մսի և ձվի գինը մյուս ապրանքների համեմատ բավականին ցածր է։
-Հիմա էլ նույն կարծիքին եմ։ Դրա պատճառը մրցակցությունն է, այսինքն, ներմուծողի և տեղական արտադրողի պայքար կա։ Ներմուծված արտադրանքի ծավալներն այսօր հնարավորություն չեն տալիս ճիշտ կազմակերպելու և զարգացնելու տեղական արտադրությունը, որն ավելի դրական ազդեցություն կունենա և՛ բյուջեի վրա, և՛ աշխատատեղեր ստեղծելու, և՛ մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու հարցում։
-Հնարավո՞ր է` այս տարեվերջին էլ իրավիճակը կրկնվի, երբ ձվի գինը մեկ օրում հասավ մինչև 150 դրամի։
-Երբ անցյալ տարի հունվարից հետո ձվի գինն սկսեց նվազել, ոչ մեկը չէր խոսում այդ մասին։ Ի միջի այլոց, ձուն իր կալորիականությամբ ամենաէժան սնունդն է։ Խնդիրը չպետք է անձնավորել, այլ դա պիտի դիտարկել հիմնարկը, ֆաբրիկան պահելու, աշխատեցնելու հարթությունում։ Ասել է` պետք է եկամուտ ապահովել։ Այնինչ, վեց-յոթ ամիս հիմնարկը եկամուտ չէր ստանում։ Արտադրության կազմակերպման գործում ոչ ճիշտ հաշվարկները, մոտեցումը հանգեցրին նրան, որ ձվի գինն արհեստականորեն իջավ։ Սրա հետևանքով մարդիկ սկսեցին վերանայել իրենց արտադրությունը, արտադրական հզորությունը։ Ավելին, շուկան ապահովել չկարողացան։ Դեկտեմբերին Հայաստանում սովորաբար սպառվում է միջին ամսականից երկու-երեք անգամ շատ ապրանք` հաշվի առնելով տոնական օրերը։ Այս հանգամանքով էր պայմանավորված թանկացումը, որում կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվը վերոնշյալ հանգամանքն էր։ Սուբյեկտիվն էլ այն էր, որ որոշ մարդիկ, ովքեր շուկայում «եղանակ» են ստեղծում, առիթն օգտագործելով, արհեստական աժիոտաժ ստեղծեցին ու սկսեցին վերավաճառքով զբաղվել։ Դրա մեղքի մի բաժինն էլ լրատվամիջոցներն ունեն, երբ հրապարակում էին, թե ձու չկա, ձուն ըսենց, ընենց ա։ Մարդիկ սկսեցին մտածել` առիթ է, եկեք, օգտվենք։ Վերստին նշում եմ` ձվի խնդիր, որպես այդպիսին, գոյություն չունի։
-Բայց ստացվեց այնպես, որ մեկ օրում թռիչքաձև աճեց գինը։
-Բայց երկու օր հետո կրկին դարձավ 50 դրամ։
-Իսկ մեկ օրվա եռակի շահո՞ւյթը։
-Ո՞Ւմ շահույթը։ Մտնում` խանութից գնում էի բոլոր ձվերը, մյուսում էլ կրկնակի վաճառո՞ւմ։
-Դուք այդ օրերին որոշակի շահույթ չունեցա՞ք։
-Ոչ, մենք ինչպես վաճառել էինք, այդպես էլ վարվել ենք այդ ժամանակ։ Մեր խնդիրն է եղել արտադրանքը հասցնել սպառողին։ Նույնօրինակ խնդիր առաջանում է նաև գյուղմթերքի վաճառքի ժամանակ, երբ գյուղացուց էժան գնում են ու շուկայում թանկ վաճառում։ Եկամուտը գյուղացին չի ստանում, այլ երրորդ անձը, որն ընդհանրապես արտադրության հետ կապ չունի։ Կարծում եմ` գյուղացին իր արտադրածի չափով պետք է եկամուտ ստանա։ Հակառակ պարագայում ի՞նչ անի գյուղացին, երբ կողմնակի եկամտի աղբյուր չունի։
-Այդ օրերին նաև տեսակետ կար, թե պարսկական ձու են ներմուծել։
-Այո, 2002-ից հետո դրսից ոչ մի հատիկ ձու չէր ներմուծվել, իսկ այս տարի եղավ` այդպիսի մարդկանց մոտեցման պատճառով։ Մինչդեռ Հայաստանում արտադրությունը չէր պակասել, այլ պարզապես արտադրությունը ճիշտ չկազմակերպեցին։ Մեկ շնչին ընկնող ձվի արտադրությամբ ու օգտագործմամբ մենք Եվրոպայում լավագույն երկրներից մեկն ենք։ 2009-ից սկսած միանգամից շատերը սկսեցին ձու արտադրել` առանց լիցենզիայի, թույլտվության։ Ոչ մեկը չի հարցնում` եղբայր, քեզ ո՞վ է թույլ տվել ապրանք արտադրել, որը, առանց փորձաքննության, անմիջապես դրվում է սպառողի սեղանին։
-Հաշվի առնելով Ձեր մատնանշած արտադրական խնդիրները, հնարավո՞ր է, որ վաճառեք Ձեր բիզնեսը։
-Եթե լավ գնորդ լինի, ցանկացած պահի կարող եմ վաճառել։
-Փաստորեն, Ձեզ համար ձուն այլևս եկամտաբեր բիզնես չէ՞։
-Կարելի է և այդպես ասել։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ