Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՆՑՆԵԼՈՎ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ»

«ԱՆՑՆԵԼՈՎ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ»
11.10.2011 | 00:00

Կրթական խնդիրների մասին զրուցում ենք ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Պարոն Մկրտչյան, ի՞նչ արժեքների վրա պետք է դաստիարակվեն աշակերտները դպրոցում։ Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին։
-Դաստիարակության հարցը որոշ իմաստով մեզ մոտ դեռ քննարկվող թեմա է։ Անցած տարիներին, երբ ամեն ինչ վերանայվում էր, դպրոցից դաստիարակության հարցերն աննկատելիորեն դուրս մղվեցին։ Հիմա արդեն երկար քննարկումներ ու աշխատանքներ ենք տանում, որպեսզի դաստիարակության խնդիրը դարձյալ վերադառնա դպրոց։ Իհարկե, չի կարելի ասել՝ դպրոցներն այդ խնդրով չեն զբաղվում, բայց հեռանկարային կուռ համակարգ դեռ չենք ստեղծել, դաստիարակության հայեցակարգ դեռ չունենք, թեև հայրենասիրական դաստիարակության առումով բավականին շատ բան արվում է։ Դպրոցները, իրենց ծրագրերով, միջոցառումներով, ուսուցիչների արժեքային համակարգի հետ պայմանավորված, որոշակի գործեր անում են։
-Մենք արդեն շատ երկար ժամանակ պերմանենտ կրթական բարեփոխումների մեջ ենք։ Ի վերջո, գալո՞ւ է ժամանակ, որ դուրս գանք բարեփոխումների շրջափուլից։
-Ընդհանրապես բարեփոխում բառը ճիշտ չի արտահայտում այն, ինչ արվում է կամ անհրաժեշտ է անել կրթության ոլորտում։ Կրթությունը (և ոչ միայն) պետք է ունենա հեռանկարային զարգացման ծրագիր։ «Զարգացում» բառը նշանակում է անընդհատ փոփոխություն։ Զարգացումը միշտ ենթադրում է որոշակի նվաճումներ ունենալու դեպքում անել հաջորդ քայլը։ Գոյություն ունի պրոբլեմային մեթոդաբանություն. երբ ունես խնդիրներ և մտածում ես դրանք հաղթահարելու մասին։ Գոյություն ունի նաև զարգացման քաղաքականություն. երբ ունես զարգացման ծրագիր և ըստ դրա կատարում ես քո հաջորդական քայլերը։ Երկու դեպքում էլ իրավիճակն այնպիսին է, որ անընդհատ փոփոխություններ պետք է լինեն։ ՈՒղղակի պետք է տարանջատել՝ փոփոխությունները այն պատճառով են, որ ցանկանում ենք շտկե՞լ, թե՞ փոփոխությունները հաջորդ քայլն անելու անհրաժեշտությունից են բխում։ Այդ իսկ պատճառով կողքից նայելիս կարող է թվալ, թե անընդհատ կատարվող փոփոխությունները վատ բան են։ Լավ իմաստով բարեփոխումները չընդհատվող գործընթաց են և տանում են զարգացման։
-Հիմա մեզ մոտ ո՞ր տարբերակն է. փոփոխությունները շտկելո՞ւ անհրաժեշտությունից են բխում, թե՞ առաջընթացի։
-Պետք է արդար լինենք և ասենք, որ տարբեր մարդկանց ջանքերով այսօր մենք որոշակիորեն անում ենք զարգացման քայլեր։ Չնայած դեռ ամեն ինչ չէ, որ շտկել ենք, կան նաև հնուց կուտակված խնդրահարույց պահեր։ Այս իմաստով ես կասեի՝ հարաբերությունը 50-50 է։ Արդեն կարողանում ենք մի քիչ զբաղվել այն պրոբլեմներով, դժվարություններով, որոնք կուտակվել են և աստիճանաբար պետք է լուծվեն, բայց նաև հնարավորություն ենք ունենում զարգացման մասին մտածելու և զարգացման քայլեր անելու։ Դա ակնհայտ է։ Օրինակ, երբ մենք զբաղվում ենք դասագրքերի և ծրագրերի բեռնաթափման հարցերով, իհարկե, պրոբլեմներ ենք լուծում՝ ցանկանալով գտնել արդյունավետ գործող տարբերակ։ Իսկ ավագ դպրոցների ցանցի ստեղծումը, նորարարական մոտեցումները, նոր տեսակի կրթական հաստատությունների ստեղծումը զարգացման քայլեր են։
- Պարոն Մկրտչյան, տարվա սկզբին ազդարարվեց, որ 2011-2012 ուսումնական տարում պետք է դպրոցական ծրագրերը բեռնաթափվեն։ Այդ ուղղությամբ ի՞նչ է արվել։
-Բավականին լուրջ քայլեր են արվել հիմնական դպրոցի մակարդակով։ Այն, որ այս տարվա բոլոր դասագրքերը, որ պետք է վերատպվեին, կասեցվեցին մեկ տարով, պայմանավորված է նրանով, որ ծրագրերը դրված են հանրային քննարկման։ ՀՀ ԿԳՆ կայքում դրանք տեղադրված են, տեղեկացվել են շահագրգիռ բոլոր կողմերը, և հույս ունենք, որ քննարկումների արդյունքում վերջնական տարբերակը բոլորի կողմից ընդունելի կլինի։ Արդեն իսկ բեռնաթափվել են «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» առարկաների ուսումնական ծրագրերը։
-Իսկ հանրային քննարկման դրված տարբերակների վերաբերյալ արձագանքներ ստանո՞ւմ եք մասնագիտական շրջանակներից։
-Մենք անչափ շատ հանդիպումներ ենք ունենում մանկավարժական կոլեկտիվների հետ։ Առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպում ենք մարզպետարանների կրթության վարչության պետերի հետ, ակտիվ հանդիպումներ են լինում դպրոցների հետ։ Այժմ ընթանում են ուսուցիչների վերապատրաստման կուրսեր, որոնք մեզ համար շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու։ Մանկավարժական համալսարանը, կրթության ազգային ինստիտուտը և բոլոր այն կազմակերպությունները, որոնք իրավունք են ստացել վերապատրաստման դասընթացներ անելու, այդ հարցերը բարձրացնում են, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես իմանալու ուսուցիչների կարծիքը։
-Մենք որոշակիորեն խոսեցինք դպրոցում քաղաքացու դաստիարակման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Իսկ ուսուցչի կերպարը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի։
-Ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի կերպարը շատ ծանր հարց է։ Երբ մենք քննարկում ենք որևէ մեկի կերպարը, ենթագիտակցական մակարդակում բոլոր լավ հատկանիշները վերագրում ենք նրան և, որպես կանոն, ընկնում ենք իրականությունից կտրված մի դաշտ։ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, որ ունի մանկավարժության ֆակուլտետ, մշակել են իրենց զարգացման ծրագրերը, որտեղ հատուկ առանձնացված է, թե ինչպիսի շրջանավարտ պետք է պատրաստեն, այսինքն՝ ելնում են ուսուցչի մասին պատկերացումներից։ Որոշակի պատկերացումներ առանձնացված են նաև կրթակարգով։ Այսօր բոլոր ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր ատեստավորում (պետության ծախսերի հաշվին), որոշ ուսուցիչներ եթե ցանկանան, կարող են դիմել տարակարգ ստանալու համար, ինչը ենթադրում է աշխատավարձի հավելավճար։ Այս բոլոր ծրագրերը կազմված են այն պատկերացումներից, թե ինչպիսին պետք է լինի ատեստավորված ուսուցիչը։ Մենք բավականին լուրջ միջոցառումներ ենք անցկացրել՝ պարզելու տնօրենի, ուսուցչի, կրթական ոլորտի տեսուչի կերպարը։ Կերպարներ մշակելը շատ ծանր հարց է, հենց այն պատճառով, որ չես կարող զերծ մնալ իդեալական տարբերակից։
-Այս տարի ունենալու ենք ավագ դպրոցների առաջին շրջանավարտները։ Ձեր կարծիքով, ավագ դպրոցի ինստիտուտի ներդրումն արդարացրե՞լ է իրեն։
-Ավագ դպրոցների ներդրմամբ մեր կրթական համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիր էր դրված, ինչը և արվել է։ Այլ բան է, որ, անցնելով 12-ամյա կրթության, մենք նաև հնարավորություն ենք ստանում դրական փոփոխություններ անելու։ Իսկ 12-ամյա կրթությունն այդ հնարավորությունը ստեղծեց։ Մենք 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը հատկացրել ենք անցածի կրկնությանը։ Այսինքն՝ տվյալ առարկայի ամբողջ կրթական ծրագիրը յուրացվում է մինչև հունվար։ Հունվարից հետո դասաժամերը տրվում են միայն այն առարկաներին, որոնք աշակերտն ընտրել է քննություն տալու համար։ Այսինքն՝ երեխան շարունակում է նույն ծանրաբեռնվածությամբ հաճախել դպրոց, բայց զբաղվում է միայն իր քննական առարկաներով՝ ամփոփելով ամբողջ ծրագիրը։ Դա հնարավորություն է տալիս, որ շրջանավարտը վերջին 6 ամիսներին նախապատրաստվի իր ավարտական և միասնական քննություններին։
-Օրերս Երևանում անցկացվեց «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտաժողովը։ Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում և ի՞նչ արդյունքներ տվեց։
-Երևանում տեղի ունեցած համաժողովն ավանդական էր և անցկացվում է երկար տարիներ տարբեր երկրներում (ՌԴ, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Լեհաստան)։ Մեր վարկանիշի համար այս գիտաժողովը շատ կարևոր նշանակություն ուներ։ Նախկին ԽՍՀՄ տարածքում ավանդական այս գիտաժողովն անցկացվել է միայն Ռուսաստանում և Հայաստանում։ ՀՀ վարչապետի ելույթը գիտաժողովում վկայությունն էր այն բանի, որ կրթական ոլորտի խնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են։ Հայաստանյան գիտաժողովում, բացի հանրակրթության խնդիրներից, քննարկվեցին նաև գիտության և կրթության հարցերը բուհերում։ Մասնակցում էին մեծաթիվ հայ գիտնականներ, որոնք շատ բարձրարժեք ելույթներ ունեցան։ Գիտաժողովը հատկանշական էր նաև նրանով, որ մասնակցում էին մեծաթիվ երիտասարդներ։ Հանրաճանաչ և վաստակ ունեցող գիտնականների կողքին ելույթ էին ունենում երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ։ Այդ շփումը շատ կարևոր է գիտության և կրթության զարգացման հարցում։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ