ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԼՂՀ կառավարության նպատակն է ապահովել կայուն տնտեսական աճ»

«ԼՂՀ կառավարության նպատակն է ապահովել կայուն տնտեսական աճ»
22.05.2009 | 00:00

«ՄԵՐ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շոշափուկները տարածվել են Հայաստանի տնտեսության վրա` բազմաթիվ խնդիրներ ստեղծելով և՛ տնտեսավարող սուբյեկտների, և՛ իշխանությունների համար։ Տնտեսական այս «ախտը», որը շղթայաբար «վարակել» է բազում պետություններ, ի՞նչ չափով է անդրադարձել հայկական երկրորդ պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա։ Թեմայի շուրջ զրուցում ենք ԼՂՀ վարչապետ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Ղարաբաղի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է ունեցել, ԼՂՀ կառավարությունը հակաճգնաժամային ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար։
-Ֆինանսատնտեսական ճգնաժամը Ղարաբաղի վրա յուրահատուկ ազդեցություն է ունեցել, որովհետև Արցախը, ցավոք, այնքան էլ ինտեգրացված չէ համաշխարհային տնտեսությանը, ֆինանսական կազմակերպություններին, իսկ բանկերը վարկային ռեսուրսների մեծ տեղաբաշխում չեն կարողանում կատարել։ Հիմնականում մեծ է ազդեցությունը տրանսֆերտների կրճատման առումով։ Իհարկե, գործող բանկային համակարգը ևս կրճատել է իր ֆինանսական ծավալները, ինչի հետևանքով ավելի հիմնավորված, ապահովագրված բիզնես-նախագծեր են ֆինանսավորվել, վարկավորվել։ Սակայն այս դեպքում էլ ճգնաժամն ինչ-որ չափով ազդել է։ Բայց մենք փորձում ենք այլընտրանքային առաջարկություններ, ծրագրեր իրականացնել, ինչը կմեղմացնի ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Առաջին հերթին տեղական արտադրանքի աճի տեմպերն ենք ապահովում, ինչպես նաև բարեգործական, հումանիտար ծրագրերի հաշվին շինարարության տեմպերն ենք մեծացնում։ Լուրջ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսության վրա, քանի որ այս բնագավառում Արցախը բավականին մեծ ներուժ ունի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը գյուղատնտեսական մթերքներ ներկրող երկիր է, իսկ Ղարաբաղում այդ մթերքներն արտադրելու ներուժ կա, մեր պետական քաղաքականությունն ուղղորդում ենք հենց գյուղատնտեսության զարգացմանը, որն էական արդյունքներ կտա մի քանի տարվա ընթացքում։ Այսինքն, ավելացնելով ՀՆԱ-ն և ունենալով տնտեսական աճ` կկարողանանք ճգնաժամի ազդեցությունը նվազեցնել։ ԼՂՀ կառավարության հիմնական խնդիրն ու նպատակն է փորձել ապահովել կայուն տնտեսական աճ։
-Վարկային ինչպիսի՞ ներդրումներ են եղել, որոնք թույլ կտան հիշյալ ծրագրերը կյանքի կոչել ու ժամանակին իրականացնել։
-Հիմնականում վարկեր տրամադրվել են «Արցախ» և այլ բանկերի կողմից։ Բացի այդ, Արցախում սկսվել են ՀԷԿ-ի շինարարությունը, բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման գործընթացը, ինչը ևս մի քանի միլիոն դոլարի ներդրումներ է ապահովում։ Ավելին, այսօր մենք բանակցություններ ենք վարում մյուս բանկերի հետ, որոնք մասնաճյուղեր ունեն Արցախում, որպեսզի վերջիններս ակտիվ մասնակցություն ունենան Ղարաբաղի տնտեսությունում ներդրումներ կատարելու գործում։ Ներկայումս բանկային համակարգում ամենամեծ վարկային ծավալն ունի «Արցախբանկը», զգալի մասնակցություն ունեն նաև «Արդշինինվեստբանկը» և «Հայբիզնեսբանկը», որոնք ևս ունեն նորմալ վարկային պորտֆելներ ու բավականին մեծ ներգրավվածություն` ապահովագրված բիզնես ծրագրերում։
-Ինչպիսի՞ քայլեր է կառավարությունն իրականացնում սոցիալական ոլորտում, և արդյոք ճգնաժամը կասեցրե՞լ է որոշակի ծրագրերի իրագործումը։
-Սոցիալական քաղաքականության բնագավառում մենք շարունակում ենք այն ծրագիրը, որը նաև Հայաստանում է իրականացվում, այսինքն` թոշակների, նպաստների, աշխատավարձերի ժամանակին վճարում։ Կրճատումներ չենք իրականացրել, պահպանվում է այն, ինչն արդեն բյուջեով ծրագրվել էր։ Սոցիալական բոլոր ուղղություններով ֆինանսավորման ոչ մի ուշացում կամ կրճատում չի եղել։ Հուսով ենք, որ մինչև տարեվերջ այսպես կշարունակվի։
-ԼՂՀ-ի կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրողների համար Ղարաբաղը գրավիչ դարձնելու ուղղությամբ:
-«Արցախ-ՀԷԿ»-ի առումով բավականին հետաքրքիր առաջարկություններ ենք արել, որպեսզի ներդրումներ կատարվեն բաժնետոմսեր ձեռք բերելու և էներգետիկ ծրագրերին մասնակցելու համար։ Առաջիկայում նման ծրագրերի մասով ևս հնարավոր է` կառավարությունն առաջարկություններ ներկայացնի։ Բացի այս ամենից, կան նաև բիզնես-նախագծեր, որոնք ներդրողներն ինքնուրույն կարող են իրագործել։ Սա առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսությանը։ Այսօր մենք առաջարկություններ ունենք նաև բնակարանաշինության բնագավառում, քանի որ գործում են հիպոթեքային վարկավորման մեխանիզմներ, իսկ սա հնարավորություն է տալիս հաջող բնակարանային շինարարություն ծավալել։ Քանի որ կառուցվող բնակմակերեսն էլ պահանջարկ ունի, ապա գնորդներ ևս կան։ Այսինքն, ներդրումներն այս ոլորտում կրկին երաշխավորված ու հիմնավորված են, և սա բավականին հետաքրքիր, գրավիչ բնագավառ է մեր օտարերկրյա ներդրողների համար։
-Տնտեսության զարգացումը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվում։ Շրջանները ներգրավվա՞ծ են տնտեսական ծրագրերում, այս ուղղությամբ ինչպիսի՞ քաղաքականություն եք իրականացնում։
-Մենք ունենք տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտություն, որից ելնելով էլ մշակում ենք ենթաշրջանային ծրագրեր այն վայրերում, որոնք ավելի թույլ են զարգացած։ Այդ ենթաշրջանների համար հատուկ ծրագրեր իրականացնելով` նպատակ ունենք դրանց զարգացածության մակարդակը հավասարեցնել ընդհանուր հանրապետական միջինին։ Սկսված են Մաղավուզի և Բանաձորի ենթաշրջանների զարգացման ծրագրի աշխատանքները, որոնք ենթադրում են և՛ տնտեսության, և՛ սոցիալական ոլորտի, և՛ ենթակառուցվածքների զարգացում։ Տարածքային համաչափ զարգացումը պետք է դիտել որպես համալիր քաղաքականության կիրառում։ Տնտեսական զարգացման առումով հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, քանի որ, երկրորդեմ, մենք մեծ ներուժ ունենք այս ոլորտում։ Իսկ գյուղատնտեսության զարգացումը լուծում է մարդկանց աշխատատեղերի հարցը, սոցիալական խնդիրներն ու ժողովրդագրական իրավիճակին առնչվող հարցերը։
-ՀՀ կառավարության հետ առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր է նախատեսվում իրագործել, և ընդհանրապես, երկուստեք համագործակցությունն ինչպե՞ս կգնահատեք։
-Մենք պարբերաբար հանդիպում ենք, հատուկ ծրագրեր իրագործելու խնդիր չունենք, քանի որ մեր բոլոր ծրագրերը միասնաբար են իրականացվում` բյուջետային միջպետական վարկի շրջանակներում։ Այսինքն, այս սերտ համագործակցությունն արդեն իսկ իր մեջ պարունակում է բոլոր ծրագրերի իրագործումը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ