«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գլուխները պատով են տվել»

«Գլուխները  պատով են տվել»
24.04.2012 | 00:00

Նախընտրական քարոզարշավը կարծես ստվերել է Մեծ եղեռնի 97-րդ տարելիցը: Թերևս միայն այսօր քաղաքական ուժերը քարոզարշավում «լռության օր» են հայտարարել: Մեզ հետ զրույցում «Ժառանգության» անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ տեղեկացրեց, որ այսօր իրենք ևս ոչ մի քարոզչություն չեն ծավալելու: «Քարոզարշավ չի լինելու, շտաբները չեն գործելու: Ժամը 10:00-ին մեր համակիրներով հավաքվում ենք Ազատության հրապարակում ու քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Լինելու է հարության կոչի օր»,- ասաց մեր զրուցակիցը, ում, մինչ այդ, քարոզարշավին առնչվող հարցեր ուղղեցինք:

-Ավարտվեց քարոզարշավի երկրորդ շաբաթը: «Ժառանգությունն» ի՞նչ ակնկալիքներով այն վերջակետեց:

-Այս ընթացքում մեր հանդիպումները ցույց տվեցին, որ հասարակությունն ընդունում ու վստահում է մեզ: Սակայն կա ընտրակաշառքների գործոնը, որը մարդկանց հասնում է ընդհատակյա խողովակներով: Մյուս կողմից էլ, մեր հասարակությունն այնքան էլ հակված չէ ընտրակաշառքի:

-Մինչդեռ շատերը պնդում են, թե ընտրակաշառք վերցնում են, բայց քվեարկում հօգուտ նրա, ում ցանկանում են:

-Այո, այդ հանգամանքն էլ կա, ու դրան զուգահեռ ընտրակաշառք բաժանելը մեծ թափ է հավաքել: Շարունակում են տարբեր համայնքներից մեզ ահազանգել ընտրակաշառք բաժանելու մասին:

-Ի դեպ, նախորդ շաբաթ մամուլը զարմանքով արձանագրեց, որ «Ժառանգության» նախընտրական հիմնադրամի մուտքերը զիջում են միայն իշխող մեծամասնական կուսակցությանը՝ ՀՀԿ-ինը: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել։

-Ամեն ինչ օրինական է արվել, ամեն ինչ, ինչպես օրենքն է պահանջում, մուտքագրվել է, ի տարբերություն մյուսների, որոնք բազմապատիկ շատ են ծախսում, սակայն մուտքերում դա չի երևում, այսինքն` ստվերային են գործում:

-Անցնող շաբաթ մամուլը ողողված էր նաև Րաֆֆի Հովհաննիսյան-իշխանություն գործարքի մասին տեղեկություններով: Ճշմարտության հատիկ կա՞ սրանում:

-Հերթական «մուտիլովկաներն» են անում այն քաղաքական ուժերը, որոնք ձայնագողությամբ են զբաղված և իրենց դիրքը վտանգված են տեսնում: Իրենք գիտեն, որ ժողովուրդն իրենց ձայն չի տալու: Ավելին, «Ժառանգության» աշխատանքն են գնահատում, ուստի փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած, այդպիսի բան ասողները գլուխները պատով են տվել: Էդ մարդը քսան տարի իր ուրույն հետագծով, կենսագրությամբ ապրում է Հայաստանում: Պախարակելու, հեղինակազրկելու այլ ձև չեն գտնում ու նման լուրեր են տարածում, որը հենց իրենց դեմ է աշխատելու: Այդ սև PR-ն ավելի շատ իրենց դեմքն է բացահայտելու:

-Հետաքրքիր է, որ նման տեսակետ հայտնում են հիմնականում ընդդիմադիր թևի ներկայացուցիչները:

-Էդ ընդդիմություն կոչվածը եղել է իշխանություն ու շատ լավ գիտի՝ ինչ հնարքներով պիտի կեղծել ընտրությունները: Այսօր էլ իր ձեռագիրը չի փոխել, նույն քայլերով, վարքագծով շարունակում է քարոզարշավը: Սա պատահական չէ, որովհետև մենք և իրենք արմատապես տարբեր ընդդիմություն ենք: «Ժառանգություն» քաղաքական ուժի ոչ մի ներկայացուցչի կենսագրության մեջ չեն կարող մատնացույց անել մի կեղտոտ էջ, մինչդեռ իրենք թաթախված են այն ամենի մեջ, ինչը քննադատում են, «հյութեղ» բառերով ձաղկում:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ