ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Չկա ոչինչ բացասական, որ հեռանկարում դրական լիցքեր չպարունակի»

«Չկա ոչինչ բացասական, որ հեռանկարում դրական լիցքեր չպարունակի»
19.06.2009 | 00:00

«ԽԱԽՏՎԵՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ
-Ֆինանսատնտեսական ճգնաժամի տարբեր գնահատականներ կան` այս տարին ամենածանր տարին է, բայց տարեվերջին հնարավոր է պիկից դուրս գալ, դեռ մեկ-երկու տարի կշարունակվի... Ելնելով Հայաստանի տնտեսության վիճակից, հաշվի առնելով 10 տոկոս տնտեսական անկումը, Ձեր կարծիքով` Հայաստանում ե՞րբ կսկսվի ճգնաժամի հաղթահարումը:
-Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ցուցանիշներն այնպիսի տիրույթում չեն, որ համաշխարհային տնտեսության տատանումները կարող են բերել կտրուկ աճի կամ անկման: Այս ճգնաժամը մեր երկրում չի սկսվել, բայց փոքր շրջանառություն ունեցող երկրներին միշտ էլ խոցելի է դարձնում: Հայկական մենթալիտետը ստեղծագործելու, ստեղծելու, իր շնորհքով տարբերվելու հնարավորություն է տալիս, այնպես որ` կհաղթահարենք:
-Քիչ չէ՞ միայն մենթալիտետը գլոբալ ճգնաժամի հանդեպ:
-Ես լավատես եմ և ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ճգնաժամը, ըստ էության, եթե խանգարող այլ իրողություններ չլինեն, արդեն 2010 թ. առաջին եռամսյակից հետո կհաղթահարվի, և մենք կվերագտնենք մեզ` արդեն զարգացման առումով:
-Դա նշանակում է գործազրկության հաղթահարո՞ւմ, արտադրության ու սպառման ծավալների, կենսամակարդակի վերականգնո՞ւմ:
-Արտադրության և սպառման ծավալների վերականգնումը սարսափելի դժվար գործ է, մենք մինչև այդ կգտնվենք կանգառի վիճակում և կսկսենք, թեկուզ փոքր, բայց վերականգնումն ու վերելքը, կենսամակարդակի բարելավումը: Տվյալ ոլորտներում մեծ փորձ ու մշակույթ ունեցող երկրների համար էլ դժվար է, մեր հանրապետության համար չի կարող դժվար չլինել:
-«Եթե խանգարող իրողություններ չլինեն» ասելով` ի՞նչ նկատի ունեք:
-Օրինակ` հարկային փոփոխությունների փաթեթում ընդգրկված օրինագծերի նման: Վիճելի օրինագիծն առայժմ քվեարկության չդրվեց, այն լիբերալ հարաբերությունների ոգուն, տառին լրիվ հակառակ մի ինստիտուտ է, որի պարագայում խոշոր, մանր, փոքր բիզնեսը չէ էականը, սա հարցի մի կողմն է միայն, մինչև անգամ ստվերը մի կողմ, մենք կիրառում ենք մի գործիք, որը կարող է ունենալ անդառնալի բացասական հետևանքներ: Մասնավորապես` տնտեսավարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը կարող է դադարեցնել իր գործունեությունը: Իսկ զբաղվածությունը, կենսամակարդակի բարձրացումն ուղղակիորեն ու հիմնականում պայմանավորված են արտադրողների ու ծառայություն մատուցողների գործունեության հաջողությամբ:
-Մենք անընդհատ ասում ենք, որ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար պիտի ստեղծենք բարենպաստ պայմաններ, ստուգումների թիվ ենք կրճատում, խոսակցություններ կան, որ հարկային բեռը կարող է կրճատվել, թեպետ Հայաստանում դա անհնարի կատեգորիայից է, մի կողմից էլ` լրջորեն նման օրինագիծ ենք մշակում ու քննարկում... Հոսանքին հակառակ գնալը ո՞ր տրամաբանությանն է հարիր, ի՞նչ հարց ենք ուզում այդպիսով լուծել:
-Նման վիճակի պարադոքսն այն է, որ կառավարման բարձր մակարդակներում, կարևոր չէ` օրենսդիր, թե գործադիր, ինչու չէ, նաև դատական, պետք է ունենանք զարգացման համահունչություն, ինչն ամրագրված է մեր Սահմանադրության մեջ, որի բնականոն ու հավասարակշռված գործունեությունն ապահովում է երկրի նախագահը: Մենք շատ լավ դրույթներ ունենք, բայց շատ հաճախ հանդիպում ենք երևույթների, երբ պարզունակ գործընթացի վերաբերյալ ունենում ենք տարբեր ելակետեր և մեզ դժվարություն չենք տալիս մտածելու` ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ: Կարծես թե ստացվում է այսպես` մեր ընկերներն առաջարկում են, ամոթ է մերժելը, բայց այստեղ ոչ թե ամոթի, այլ պետության զարգացման նպատակահարմարության խնդիր է: Յուրաքանչյուրը` իրավաբանական, թե ֆիզիկական անձ, իր պարտավորությունները պետության նկատմամբ պիտի պատշաճ և ամբողջությամբ կատարի: Բայց այն գործիքներն ու մոտեցումները, որ ուզում են կիրառել այդ անելու համար, շատ վտանգավոր են ոչ թե անձերի, այլ պետության համար:
-Այնուամենայնիվ, նման օրինագծով ի՞նչ խնդիր է լուծվում:
-Ասվում է, որ բյուջեի կատարումն ապահովելու և ստվերը կրճատելու նպատակ ունի:
-Բայց հիշյալ խնդիրն այդ կերպ լուծելի՞ է:
-Պատգամավորների ճնշող մասը կարծում է, որ` ոչ: Ավելին` շատ ավելի մեծ բացասական հետևանքներ են հնարավոր: Օրինագծի քվեարկությունը հետաձգվեց, և այդ հանգամանքը պայմանավորված չէր միայն Ազգային ժողովի կեցվածքով, այլ նաև գործադիրի ընկալումով: Հետաձգումը կարող է մի քանի ամիս նշանակել, կարող է ընդհանրապես հրաժարում լինել այդ տեսքով օրինագիծը ներկայացնելուց:
-Ձեր կարծիքով` Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլարի վարկի բաշխումն իսկապե՞ս հակաճգնաժամային խնդիրների լուծմանն է ուղղված:
-Ցանկացած ֆինանսական միջոց, որը որոշակի ֆինանսական ծրագրերի իրականացմանն է ուղղվում, ոտքի վրա չպիտի որոշվի: Այդ նպատակով մենք ունենք ուրիշ փաստաթուղթ` կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը: Ամենակարևորը` այդ ծրագրով մենք ամրագրել ենք առաջնահերթ խնդիրները, և տրամաբանությունը պահանջում է, որ առկա միջոցներն այդ խնդիրների լուծմանն ուղղվեն համապատասխան առաջնահերթությամբ ու հերթականությամբ: Այդ ծրագրի շեղման դեպքում պետք է մտահոգվել` ինչո՞ւ, մի կողմից` ծրագիրը հաստատվեց որպես գերակա, մյուս կողմից այդ միջոցների օգտագործման առումով չերևացող պլանում է գտնվում: Վարչապետը թվարկեց գերակայությունները, բայց համապատասխան վարկային միջոցի վավերացման ժամանակ մենք, չեմ կարծում, որ կարողացանք այդ ծրագիրը տեսնել դետալացված ձևով, որպեսզի գոնե հասկանայինք` ո՞րն է այդ ծրագիրը, ե՞րբ, ինչի՞ն, ինչքա՞ն է հատկացվում: Դա արդեն խոցելի է դարձնում և նախապայման է, որ այդ գումարը հանկարծակի կարող է ոչ ցանկալի արդյունավետությամբ ծախսվել:
-Ինչո՞ւ խորհրդարանն այդ դեպքում վավերացրեց համաձայնագիրը:
-Վավերացրեց` ակնկալելով, որ ժամանակի մեջ կունենանք այդ պատկերը, նաև` ավելի լավ խորհրդարաններ:
-Ձեր կարծիքով` այսօր խորհրդարանն իր վերահսկողական գործառնության ո՞ր տոկոսն է իրականացնում:
-Իսկ Դուք քանի՞ տոկոս եք ուզում:
-100: Այդ խնդիրը բարձրացվում է, բայց կա՞ն խնդրի լուծման համապատասխան մեխանիզմներ:
-Մի՛ ասեք մեխանիզմներ, այլ իրավունք ու հնարավորություններ:
-Իրավունք ԱԺ-ն ունի, իսկ հնարավորություններն իրակա՞ն են, թե՞ միայն խոսքային մակարդակում:
-Հնարավորություններն իրական են դառնում խնդրի կարևորության գիտակցման համեմատ:
-Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, որը սկսել է սերտորեն առնչվել հայ-թուրքական հարաբերություններին։ Անդրադառնանք խնդրի տնտեսական կողմին` հայ-թուրքական սահմանի բացումն ի՞նչ հետևանքներ կունենա մեր երկրի տնտեսության համար:
-Այս հարցը լուծելու համար պետք է վերացարկվել ցանկացած այլ խնդրից և ամբողջությամբ ուսումնասիրել իր հետևանքների հետ: Տնտեսական առումով ակնհայտ է, որ Հայաստանի համար լավ է:
-Ինչո՞վ:
-Հայաստանը ցամաքային ճանապարհի իր կաշկանդվածությունը նկատելի չափով վերացնում է: Չասենք` շրջափակում, բայց դժվարություններ մենք ունենք, 30-40 տոկոսով այդ դժվարություններից կարող ենք ձերբազատվել: Դա ունի նաև դրական լիցքեր` սպառման շուկաների առումով:
-Մենք այդքան մրցունակ ապրանքներ ունե՞նք սպառման նոր շուկաներ ձեռք բերելու համար:
-Մրցունակ ապրանքները ստեղծվում են աշխատանքով, եթե առաջին պահ Ձեր մտահոգությունը կարող է տեղին լինել, այն անհրաժեշտ է, որ մենք ինքներս հասկանանք` ի զորո՞ւ ենք ներթափանցել նոր շուկաներ:
-Իսկ մինչ այդ ինքներս շուկա կդառնանք:
-Իսկ ինչո՞ւ ոչ, բազմաթիվ երկրներ գոյատևում են` այլ երկրների սպառման շուկա լինելով: Բացառապես արտահանող երկրներ չկան, մենք փոքր երկիր ենք, մեր հնարավորությունները պետք է օգտագործենք արտահանման շուկաներ գտնելու համար: Այն մտահոգությունը, թե հանկարծ մեկը չգա ու մեզ գրավի, իր համար շուկա դարձնի, մեզ դարերով կարող է փակ, նատուրալ տնտեսության կարգավիճակում պահել, որը երբևիցե զարգացում չի երաշխավորի:
-Սովորաբար ճգնաժամը դիտվում է իբրև բացասական երևույթ, արդյո՞ք չկան դրական որակներ կամ հնարավորություններ, որոնք կարող են հանգեցնել թռիչքաձև զարգացման:
-Անպայման կան, ինչպես պատերազմները, որ միշտ խթանում են տնտեսական զարգացումը: Դա տիեզերական օրենքներից մեկն է` չկա ոչինչ բացասական, որ հեռանկարում դրական լիցքեր չպարունակի: Նույնիսկ այն պարագայում, երբ հասկանում ենք, որ ավելի ծանր հարվածներ կարող ենք ստանալ: Եթե հաղթահարում ենք, արդեն նվաճում է:
-Գլոբալ այս ճգնաժամը համարվում է համակարգային` կառավարման նախկին համակարգերն այլևս չեն գործում, և տնտեսության կառավարումը նախկին ձևերով հնարավոր չէ, այդպե՞ս է:
-Համակարգային ճգնաժամ նշանակում է ավելի մեծ թվով համակարգերի ընդգրկում, պետությունների կտրվածքով` ավելի շատ պետություններ, տեխնիկական համակարգերի առումով` ավելի շատ համակարգեր: Ե՛վ բացասական, և՛ դրական առումով աշխատում է նույն բանաձևը` համակարգային վիճակը ցույց է տալիս թե՛ բացասական, թե՛ դրական կողմերը, այդ պատճառով էլ կոչվում է համակարգային: Եվ ճգնաժամը համակարգային է, որովհետև երկրներում դրամային քաղաքականության արդյունքում խախտվեց տիեզերական տնտեսական օրենքը` մենք ունենք ավելի շատ փող, քան ապրանք: Ցանկացած ձևով` թղթադրամի, ոսկու, արժեթղթերի ձևով մենք ունենք ավելի շատ փող, քան ապրանք: Այդ ցիկլերը մեր կամքից ու վարքագծից անկախ են, հակասությունը մի օր հրաբխի պես պիտի ժայթքեր:
-Արդյո՞ք ճգնաժամի դասերից մեկն այն չպիտի լինի, որ Հայաստանում շեշտը դրվի արդյունաբերության զարգացման, ապրանքարտադրության վրա:
-Որպես կանոն, փոքր երկրներում մեծ արդյունաբերություն չի լինում: Բացառությունը գուցե միայն Լյուքսեմբուրգն է` պայմանավորված քաղաքական հանգամանքներով: Տասնամյակներ մենք աշխարհի մեկ վեցերորդ մասում էինք, և մեր երկրում գործում էին խոշոր ձեռնարկություններ, մտածում եք, թե հիմա հնարավոր է աշխատեցնե՞լ:
-Այնուամենայնիվ, երկնիշ տնտեսական աճը Հայաստանում այսքան տարիներ չէր ապահովվում որակյալ տնտեսության հիման վրա, մենք ապրանք չէինք արտադրում, մենք ունեինք շինարարություն, սպասարկման ոլորտ: Ժամանակը չէ՞` գումարները նպատակամղել ոչ թե ծառայություն, սննդամթերք, այլ տնտեսական ապրանք արտադրելուն: Ես հասկանում եմ, որ տեխնիկական հզորություններ են պետք, համապատասխան որակավորում ունեցող աշխատուժ, սպառման շուկաներ, վերջապես` ֆինանսավորում:
-Դրա համար մենք պիտի անցնենք երկար գործընթաց, ցանկացած երկիր պիտի անցնի ինչ-որ խութերով, դժվարություններով, բայց քանի որ մենք մաքսիմալիստ ենք, կարող ենք մտածել, որ ավելի շուտ կհասնենք այդ հաջողությանը, քան բնականորեն կհասնեինք: Դա խոցելի մտածողություն է, մենք պիտի կարողանանք այդ մտածողությունը մեզնից արտամղել, որը կմեծացնի մեր պրագմատիզմը: Լավ թե վատ` մենք ունենք հանքարդյունաբերության որոշակի ճյուղեր, բարձր տեխնոլոգիաներ, մենք այդ ճանապարհին ենք, բայց ամեն կենդանի գործընթաց ունի իր ժամանակը, որևէ մեկը չի կարող երկու օրում երեխա ունենալ, 9 ամիս է պետք:
-Համաձայն եմ, թեև մինչ այդ էլ ինչ-որ այլ բան է պետք, նվազագույնը` որոշել երեխա ունենալ:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ