«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԽՈՀԵՐ և ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՓՈՔՐ ԷԿՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ԽՈՀԵՐ և ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՓՈՔՐ ԷԿՐԱՆԻ ՄԱՍԻՆ
17.06.2011 | 00:00

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ 2009-11 թվականներին տպագրության պատրաստեց և հրատարակեց հեռուստալրագրությանը և հեռուստատեսային արվեստին, նրա տեսական և պրակտիկ հարցերին նվիրված «Հեռուստատեսություն. ակունքներից մինչև ժամանակակից զարգացումներ», «Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ», «Հեռուստատեսություն. հայացք ներսից և դրսից» գրքերը։
Դրանցում հեղինակը, հետևելով Հայաստանի հեռուստատեսության ավելի քան կեսդարյա տարեգրությանը, տեսական և պրակտիկ ընդհանրացումներ, նաև կանխատեսումներ է անում։
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է գրքերի հեղինակը։

-Ձեր երեք գրքերն անդրադառնում են հեռուստալրագրության և հեռուստաարվեստի տարբեր հիմնախնդիրների, բայց երբ ուշադիր դիտարկում ենք Ձեր իսկ քննարկած հարցերը, հիշյալ հրատարակություններն ամբողջության մեջ շարունակում են մեկը մյուսին։
-Թերևս, այդպես է։ Հեռուստատեսային հիմնախնդիրները միշտ էլ փոխկապակցված են` կախված մասնագիտական կարողություններից, տեխնիկական հագեցվածությունից, ֆինանսական ապահովվածությունից։ Բայց մեր ուշադրության կենտրոնում նախ և առաջ ստեղծագործականն է` մասնագիտական վարպետության գումարելիները, դրանք պայմանավորող, անգամ խանգարող գործոնները` ընդգծելով, որ պրոֆեսիոնալիզմը հեռուստալրագրությունում պետք է ամենից վեր համարվի։ Այդ դեպքում միայն կունենանք բարձրակարգ, օբյեկտիվ, ամեն տեսակի անհարկի ազդեցություններից ձերբազատված լրատվամիջոցներ, այդ թվում և` հեռուստաեթեր։ Փորձել եմ բաց խոսակցություն վարել այդ ամենի մասին, եթե անգամ այդ խնդիրները տարբեր խմբային կամ անհատական շահեր են շոշափում։
-Ձեր ինչպես վերջին, այնպես էլ մյուս գրքերում տեսական և պրակտիկ դատողությունների կողքին ներկայացված են նաև հեռուստաաշխարհի մարդկանց կարծիքներն ու տեսակետները։ Հատո՞ւկ է այդպես արված։
-Անշուշտ սա նորամուծություն չէ իմ հեղինակած գրքերի համար։ Նախորդ գրքերում ևս ներկայացրել եմ ոչ միայն իմ հեղինակային` տվյալ դեպքում տեսաբանի և պրակտիկի դիտարկումները, այլև հնարավորություն տվել ընթերցողին հաղորդակից լինելու հեռուստաաշխարհի մարդկանց ամենատարբեր կարծիքներին և տեսակետներին` իմ առաջ քաշած հարցադրումների միջոցով։ Այլ խոսքով` գրքում մեծ տեղ է տրված բազմակարծությանը, որը թույլ կտա ուսումնասիրողին, ընթերցողին ինքն իր համար հասկանալ առկա իրողությունները և զարգացումները։ Ըստ իս, ցանկացած նման գիրք պետք է ոչ թե սոսկ ուսուցանող լինի, այլև միտք շարժի ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ հեռուստալսարանի շրջանում։ Այստեղ միշտ տեղ է թողնվում թեմայի շարունակության և բանավեճի համար։
-Ձեր «Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ» գիրքը ստիպում է մտածել, թե մինչև հիմա հեռուստաաշխարհը չի գտել բովանդակության և ձևի անհրաժեշտ միասնությունը, ներդաշնակությունը։
-Ո՛չ։ Հեռուստատեսությունն անընդհատ զարգացող է, և այս պայմաններում չեն կարող պատրաստի դեղատոմսեր լինել, քանի որ ժամանակից կախված փոխվում են հեռուստատեսային հաղորդումների բնույթը, թեմատիկ ուղղվածությունը և տեսակները։ Նոր փոխհարաբերություններ են հաստատվում լսարանի և հեռուստաընկերությունների միջև։ Այս իրավիճակում ելքը նոր բովանդակություն ու ձև որոնելն է, դրանց միջև որոշակի ներդաշնակություն գտնելը։ Իսկ թե այս առումով ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ կան, ցույց են տալիս ներկայացված վերլուծությունները, եզրակացությունները, առաջարկությունները։ Այստեղ ներկայացվում են մարտահրավերները, որոնք կբերեն թվային հեռուստատեսությունը և նոր ձևավորվող լրատվամիջոցը` ինտերնետը (համացանցը)։ Չպետք է մոռանանք, որ հեռուստատեսությունը եղել և մնում է ստեղծագործական ակտիվ որոնումների, թարմ մոտեցումների և մտահղացումների կարիք ունեցող, անընդհատ զարգացող, անսպասելի փոփոխություններ պահանջող ինստիտուտ։ Հենց սա է ընդգծվում որպես հեռուստատեսության զարգացման հաստատուն գործոն։
-Ներկայացնելով բովանդակության և ձևի հնարավոր միասնության Ձեր բանաձևը, ինչպե՞ս եք տեսնում ժամանակակից հեռուստատեսության դիմագիծը և զարգացման միտումները։
-Ամենաարժեքավորը, թերևս, այսօրվա հեռուստաարտադրանքի` հաղորդումների դասակարգումն է և դրա քննադատական վերլուծությունը, նաև իրավիճակից ելնելով որոշակի կանխատեսումներ կատարելը և անգամ դեղատոմսեր առաջարկելը։
Իսկապես, պետք է բարձրացնել լսարանի տեղեկատվական, իմացաբանական, գեղագիտական մակարդակը և ոչ թե իջնել ամենացածր պահանջմունքներ ունեցող լսարանի մակարդակին` տուրք տալով զանգվածային մշակույթին։ Հանուն վարկանիշի` ցանկացած գնով հեռուստալսարան ձեռք բերելու ձգտմանը պետք է հակակշռել հեռուստատեսային բազմազանությունը և բարձրարժեք հաղորդումներով կրթելու, ուսուցանելու, դաստիարակելու միջոցով հեռուստադիտողի մակարդակը բարձրացնելը։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ եթերային հաճախականությունները ոչ մեկի սեփականությունը չեն, դրանք պատկանում են ժողովրդին և, բնականաբար, պետք է օգտագործվեն ի շահ նրա, ծառայեն հանրությանը։
-Երրորդ գիրքը վերնագրել եք «Հեռուստատեսություն. հայացք ներսից և դրսից»։ Ի՞նչ է այն ավելացնում առաջին երկուսին։
-Երբ տպագրության հանձնվեցին առաջին երկու գրքերը, հասկացա, որ շատ կարևոր է հեռուստատեսության խնդիրների նկատմամբ երկու հայացքը` ներսինը և դրսինը։ Տվյալ դեպքում հեղինակի և հեռուստաաշխարհի տեսական և պրակտիկ մոտեցումները` մի կողմից, մյուս կողմից` հեռուստաաշխարհին առնչվող մարդկանց դատողություններն ու խոհերը։ Այսօր ո՞ւմ չեն հետաքրքրում մասնագիտական վարպետության գումարելիների գաղտնիքները, դրա հետ կապված ավանդականությունն ու նորարարությունը, փոքր էկրանի սեփական դեմքի որոնումները, հեռանկարները։ Հետաքրքիր է նաև, որ այս ամենի նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտում ոչ միայն Հայաստանի, այլև ռուսական եթերի լավագույն ուժերը` Վլադիմիր Պոզները, Սերգեյ Կոնդրաշովը, Եվգենի Կիսելյովը, Տատյանա Միտկովան և ուրիշներ։ Եվ բնական է, որ այս պարագայում շեշտադրված են եթերի տեսության և պրակտիկայի ամենահրատապ խնդիրները։
-Այստեղ կուզենայի առանձնացնել «Եթերը քննադատության կարիք ունի» գլուխը։ Ի՞նչ է նշանակում դա։
-Ցավոք, այսօր մշտական բաց ու անմիջական խոսակցություն չկա հեռուստաեթերի խնդիրների շուրջ։ Ժամանակ առ ժամանակ մամուլն անդրադառնում է այդ խնդիրներին, և դրանք իրենց դրական հետքն են թողնում։ Իսկ եթե լիներ սպասված մասնագիտական պարբերականը, այն կապող օղակ կդառնար հեռուստատեսության և լսարանի միջև, կբարձրացներ հանրությանը հուզող հարցերը։ Այս օրերին հանրությունն անհանգստացած է, որ իրենց սերիալախեղդ են անում։ Երբեմն այնպիսի տպավորություն ես ստանում, որ այլ հաղորդումներ ստեղծելու նպատակ ու ցանկություն էլ չկա` սերիալն է հեռուստաեթերի փրկօղակը։ Սերիալներ են նկարահանում անգամ այն հեռուստաընկերությունները, որոնք նախկինում ձեռնպահ էին մնում դրանցից։ Այս պարագայում, քանի գնում, եթերում իշխող են դառնում գեղարվեստական հեռուստատեսության անճաշակությունը, բովանդակության անհասկանալիությունը, պարզապես դրամատուրգիայի պակասը կամ բացակայությունը։ Սրան զուգահեռ եթերից ընդհանրապես դուրս են մնում սուր հարցեր բարձրացնող, հետաքննական հաղորդումները։ Երեկոյան ամենադիտելի ժամերին, լրատվությունից բացի, քիչ բացառությամբ, սերիալներ են։ Մենք պարզապես մոռանում ենք, որ հեռուստածրագիրը որոշակի թեմատիկ, ժանրային, հաղորդակցական համամասնություններ պետք է ունենա, ուր հաշվի առնված լինեն հեռուստալսարանի պահանջմունքները։
Զրույցը` Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ