«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՍՑԵՆԱՐՈՎ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՖԻԼՄ-ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՍՑԵՆԱՐՈՎ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՖԻԼՄ-ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
24.06.2011 | 00:00

«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԷՊԻՏԵՏՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ Է»
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար)

-Քաղաքական ամռան Ձեր կանխատեսումները։
-Այն տպավորությունն ունեմ, թե կամա-ակամա այս ամառը խոստանում է դառնալ «երկխոսություն» կոչվող թատերական ներկայացման շրջան։ Իմիտացիա են ստեղծել, թե գործընթաց է ընթանում։ Մի կողմը պատասխանում է, մյուսն ասում` չհասկացա, գնանք քննարկենք։ ՈՒ այսպես շաբաթներ, ամիսներ են անցնում, իրական գործողություններ չեն կատարվում, հասարակության շրջանում էլ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական ուժերն ամռանը գործով են զբաղվել։ Սակայն առկա է անիմաստ թեմայով հեռակա բանավեճ, երբ կողմերից մեկը բանակցությունը նույնացնում է երկխոսության հետ, իսկ մյուսը դրա հետ համաձայն չէ։ Ամռանը, բացի թատերականացված այս սցենարից, այլ բան դիտելու հնարավորություն չենք ունենա։
-Շատերը, սակայն, արձանագրում են, որ վերջապես քաղաքական նոր մշակույթ է ձևավորվել, իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ երկխոսություն-բանակցություն է ընթանում։
-Այս առումով չեմ կարող հոգուս մեղք անել։ Երկու կողմերի ինքնահավան, ինքնագոհ, էպիտետներով հարուստ հռետորաբանությունն էապես փոխվել է։ Քննադատությունը կապված է երկխոսության օրակարգի հետ, որը հասարակության համար թափանցիկ չէ, գրեթե չեն հավատում, որ այդ երկխոսությունը լինելու է արտահերթ ընտրությունների շուրջ։ Ավելին, կան կասկածներ, որ բանակցության թեման իշխանության բաժանման շուրջ ինչ-ինչ պայմանավորվածություններն են։ Երկրում չկա իրական, խորքային քաղաքական գործընթաց։ Երկու ուժեր, որոնք իրենց դոմինանտ են համարում, երկխոսությունն էլ` իրենց մենաշնորհը, արժեզրկում են քաղաքական այդ գործիքը։
-Տեսակետ կա, թե այն ուժերը, որոնք երկխոսությունից դժգոհ են, իրականում լուսանցքում հայտնվելու վտանգ են զգում։ «Ժառանգությունն» այդպիսի տպավորություն ունի՞։
-Որևէ քաղաքական ուժ հնարավորություն չունի մյուսին դուրս մղելու քաղաքական դաշտից, եթե այդ ուժն անգործության մատնված չէ։ Այս առումով անհասկանալի է այդ քննադատությունը։ Երկրորդ` իրենք հայտարարում են, թե հոլիվուդյան սցենարով գրված «ֆիլմի» հիմնական դերակատարներն են «գեղեցիկ տղաները», ու քաղաքական դաշտում իրենք են եղանակ ստեղծում, ուրեմն եթե մնացած նվաստներս կարծիք ենք հայտնում այդ հերոսների մասին, պետք է դրանից չնեղվեն, չդիտեն որպես նախանձ, քանի որ, ըստ իրենց, մենք հեռուստադիտողներ ենք, և իրավունք ունենք կարծիք հայտնելու թե՛ բեմականացման գեղարվեստական արժեքի, թե՛ դերակատարման մասին։ Եթե ուզում ես այդ բեմականացումը ներկայացնել ու չլսել կարծիք, ուրեմն պիտի առանց հանդիսատեսի «դիմումը» կազմակերպես։ Իսկ եթե հանդիսատեսի ներկայությունը կարևորում են, պիտի լսեն նրա կարծիքը, որը կարող է լինել ծափահարություններից մինչև սուլոցներ։ Եվ վերջապես, մարգինանալու վտանգ «Ժառանգությանը» չի սպառնում։ Անկախ նրանից ով ինչ բեմականացում է ներկայացնում, «Ժառանգությունը» զբաղված է իր գործով, մարզային այցելություններով, մարդկանց խնդիրների բարձրաձայնմամբ։ Ժողովուրդը պիտի որոշի` «Ժառանգությունը» քաղաքական դաշտի ներսո՞ւմ է, թե՞ դրսում։ Եթե մենք պետք է հայտնվենք լուսանցքում, պիտի խոստովանել, որ այս քաղաքական ուժերն առաջնորդվում են հետևյալ նշանաբանով` հետևողական աշխատելը հաջողության գրավական չէ։

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՆՑ ՈՐՈՇԻ»
ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ինչպիսի՞ քաղաքական ամառ եք կանխատեսում։
-Ամռանը հարաբերական անդորր, բանակցային գործընթաց կլինի։ Պիտի գնան հանգստանան, որ ուժերը տեղը լուծեն խնդիրները։
-Կարծում եք` նախընտրական շրջանը բո՞ւռն կսկսվի, ուժերի «լարումո՞վ»։
-Շատ նորմալ, քաղաքակիրթ պայքար է սպասվում, քաղաքական գործիչներն ավելի կոռեկտ կլինեն։
-Ի՞նչն է Ձեզ նման ենթադրությունների հիմք տալիս։
-Արդեն իսկ երևում է ընդդիմության մոտեցումը, այն կամեցողությունը, որ մի սեղանի շուրջ պետք է համագործակցեն։
-Այդ համագործակցության արդյունքում, ըստ Ձեզ, որքա՞ն մանդատ «կշահի» ՀԱԿ-ը։
-Չեմ կարող գուշակել, դա պայմանավորված է նրանց աշխատանքով, ակցիաներով ու որքանով ժողովուրդը կհավատա նրանց ծրագրերին։
-Ներկայիս խորհրդարանի շա՞տ անդամներ կհայտնվեն լուսանցքում։
-Հիմնական հատվածը նորից խորհրդարանում կլինի։
-Քաղաքական ուժերից որևէ մեկը հրաժեշտ կտա՞ խորհրդարանին։
-Չեմ կարող ասել, ամեն մեկն իր արժանիքներն ունի։
-Դուք անձամբ հաջորդ ԱԺ-ում կառաջադրվե՞ք։
-Կուսակցությունը ոնց որոշի։
-Ցանկություն կա՞։
-Եթե կուզենան իմ ուժերն օգտագործել օրենսդիր կամ գործադիր ոլորտում, կհետևեմ որոշմանը։
-Որտե՞ղ եք «ամառելու»։
-Հիմնականում Հայաստանում եմ լինելու։ Բայց որպես Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, աշխատանքային այցով մի քանի երկիր եմ մեկնելու։ Եթե դա կարելի է համարել հանգիստ, ուրեմն հագստանալու եմ նաև այդ երկրներում։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ