ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Կոալիցիան ունի բավարար ներուժ` ընդհանուր ծրագրով իր առջև դրված խնդիրները լուծելու համար»

«Կոալիցիան ունի բավարար ներուժ` ընդհանուր ծրագրով իր առջև դրված խնդիրները լուծելու համար»
22.05.2009 | 00:00

«ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԱԺ-ՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊՐՈԲԼԵՄ ՉԿԱ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-Պարոն Նիկոյան, դաշնակցության` կոալիցիայից դուրս գալու պատճառով Դուք ընտրվեցիք փոխնախագահի պաշտոնում։ ՀՅԴ-ի այսպիսի որոշումը Ձեզ համար անսպասելի՞ էր։
-Մի շարք հանգամանքներից ելնելով, կարելի էր ենթադրել, որ դաշնակցության քաղաքական գործելակերպում տեղի կունենա փոփոխություն։ Հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներն առիթ հանդիսացան, որ այդ գործընթացը հասներ իր ավարտին։
-Այսինքն, պատճառներն ավելի շո՞ւտ էին հասունացել։
-Իմ անձնական կարծիքով, դաշնակցությունն ի սկզբանե որոշ վերապահություններով էր համագործակցում։ Չմոռանանք, որ երբ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվեց քաղաքական կոալիցիա ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև, դաշնակցությունն ընդգրկված չէր այդ կոալիցիայում, այլ համագործակցության համաձայնագիր ստորագրեց։ Արդեն 2008-ի նախագահական ընտրություններից հետո, փաստորեն, ձևավորվեց նոր կոալիցիոն ձևաչափը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությամբ։ Ամենայն հավանականությամբ, դաշնակցության վերապահությունները, այնուհանդերձ, չէին վերացել, և գոնե ինձ համար կոալիցիայից դուրս գալու իրենց որոշումն անակնկալ չէր։
-Արտաքին քաղաքականության հետ կապված իրենց մտահոգություններն ու քննադատությունը չե՞ք կիսում։
-Անձամբ ես չեմ կիսում։ Բայց եթե այդ մտահոգությունը բխում է իրենց քաղաքական դիրքորոշումից, գաղափարախոսությունից, քաղաքական ուժը լիարժեք իրավունք ունի այլ մտահոգություն արտահայտելու։ Սա նորմալ է, և որևէ տարօրինակ բան չկա. Հայ դատի պահանջատիրությունը միշտ էլ դաշնակցության համար առանցքային գաղափարախոսության խնդիր է եղել։
Ես այլ կերպ եմ մտածում, որ մեր պետության համար այսօր առաջնային են 30 հազար քառակուսի կմ-ի վրա գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության անվտանգության զարգացումը, բնակչության համար բարեկեցիկ կյանքի հնարավորությունների ստեղծումը։ Կա նաև երկրորդ խնդիրը. Հայաստանի յուրաքանչյուր նախագահ անձնական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության ապահովման համար` ընթացիկ արտաքին քաղաքականությունն իրագործելիս։ Սա, կարծում եմ, աքսիոմա է, և ոչ ոք չի հերքի։ Տարածաշրջանում ռուս-վրացական պատերազմի պատճառով այսօր բարդ գործընթացներ են զարգանում։ Բազմաթիվ վերլուծաբաններ իրավացիորեն նշում են, որ վերջին 200 տարում առաջին անգամ տարածաշրջանի պետություններից մեկը` Վրաստանը, հայտնվել է Ռուսաստանի հետ ծայրահեղ հակադրության մեջ, աշխարհաքաղաքական առումով այլ ձևաչափում։ Նկատելի է Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը։ Հայաստանը չի կարող և չպետք է մեկուսացած մնա տարածաշրջանային զարգացումներից և ընդունակ լինի իր շահերը պաշտպանելու։ Իմ կարծիքով, հանրապետության նախագահը ճիշտ, հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, այդ թվում` Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ճշգրտելու ուղղությամբ։ Այլ բան է, որ տարբեր քաղաքական ուժեր, իրենց գաղափարախոսական առանձնահատկություններից ելնելով, կարող են համաձայն չլինել այդ քաղաքականության հետ։
-Ըստ Ձեզ, ՀՅԴ-ի` ընդդիմություն անցնելով, իշխանական կոալիցիան չթուլացա՞վ։
-Այդ կարծիքին չեմ։ Կոալիցիան ունի բավարար ներուժ` ընդհանուր ծրագրով իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Քանակական առումով ԱԺ-ում մեծամասնություն ապահովելու պրոբլեմ չկա։ Բացի այդ, նկատի ունենանք, որ դաշնակցությունն էլ չի վերածվել անհանդուրժողական ընդդիմության։ Տարբեր հարցերում հնարավոր է համագործակցություն, խորհրդարանի երկու մշտական հանձնաժողովները շարունակելու են գլխավորել դաշնակցության ներկայացուցիչները։
-Իսկ ինչո՞ւ այդ հանձնաժողովների նախագահների, տեղակալների պաշտոններն էլ կոալիցիան չվերաբաշխեց «իրար մեջ» սկզբունքով։
-ՀՀԿ-ի համար երբեք էլ ինքնանպատակ չի եղել հնարավորինս շատ պաշտոններ վերցնելը։ Թեպետ, եթե հաշվի առնենք 2007-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կուսակցությունների ունեցած ազդեցության չափը խորհրդարանում զուտ քանակային առումով, ապա ՀՀԿ-ի քվոտաները պաշտոններ զբաղեցնելու տեսակետից շատ ավելին պիտի լինեին։ Բայց մենք միշտ առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ եթե ձևավորվել է քաղաքական կոալիցիա, պաշտոնների բաշխումն էլ պիտի լինի որոշակի համամասնությամբ։ Կարևորն այն է, որ ապահովվի հնարավորինս լայն քաղաքական սպեկտրի մասնակցությունը երկրի կառավարմանը։ Այդ թվում, ինչու չէ, ընդդիմությանն էլ կարելի է խորհրդարանում պատասխանատու դիրքեր վստահել, եթե նկատի ունենանք, որ դաշնակցությունը հիմա ընդդիմություն է։
-ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը հանրապետականների այդպիսի շռայլության հետ կապված առարկություններ չունեի՞ն։
-Ճիշտն ասած, այդպիսի նրբերանգներից տեղյակ չեմ։ Ամեն դեպքում, իրենց կողմից հրապարակավ որևէ դժգոհություն չի արտահայտվել այդ կապակցությամբ, ուրեմն և որևէ խնդիր չկա։ Ի վերջո, կարևորն այն է, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովները նորմալ աշխատեն։
-Անդրադառնանք Երևանի ավագանու ընտրություններին։ Կա ակնհայտ մրցակցություն կոալիցիոն կուսակցությունների միջև։ Վստա՞հ եք, որ դա չի վերաճելու ավելի լուրջ հակադրության, եթե նկատի ունենանք, որ ոչ այնքան մրցակցային բախումներ արդեն եղել են։
-Մրցակցություն կա, և դա բնական է։ Կոալիցիայի համաձայնագրով կուսակցությունները չեն պարտավորվել, որ բոլոր մակարդակների ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով։ Ըստ այդմ, յուրաքանչյուրն իրավասու է փորձել իր ուժերն ընտրապայքարում։
Ինչ վերաբերում է անցանկալի դրսևորումներին, ապա Երևանի տարբեր համայնքներում, ցավոք, ստեղծվեց նման իրավիճակ։ Բայց միանշանակ ուզում եմ նշել, որ սա միջկուսակցական հակադրություն չէ։ Պարզապես տեղերում անձնավորված պրոբլեմները, անձնական կոնֆլիկտներն ընտրական գործընթացի պատճառով ընկալվում են որպես միջկուսակցական հակամարտություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ Դա անցանկալի սրացում է հաղորդում ընտրապայքարին, բայց մենք էլ, կոալիցիայի մեր գործընկերներն էլ, կարծում ենք, որ անձնական խնդիրները քաղաքականացնելն անթույլատրելի է։ Նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում հանրապետության նախագահը խստագույնս հանձնարարց մեր կուսակցական ակտիվին, որ ձեռնարկվեն բոլոր միջոցներն ընտրական գործընթացը խիստ օրինականության շրջանակներում պահելու համար։
-Դուք նաև մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն եք։ Ինչպե՞ս եք համատեղելու ԱԺ փոխնախագահի պաշտոնն այդ գործունեության հետ։
-Այդ հարցը մի փոքր շահարկվում է։ Ես խորհրդարանում էլ առիթ ունեցա պարզաբանելու, որ երբ խմբակցության քարտուղար էի և միաժամանակ հանձնաժողովի նախագահ, առանց բարդության համատեղում էի այդ երկու պաշտոնները։ Ի՞նչն է ինձ խանգարելու հիմա։ Խորհրդարանի նիստերն ամսվա մեջ ընդամենը չորս օր են տևում և, բնականաբար, իմ ներկայությունը դահլիճում պարտադիր է։ Մնացած ժամանակը ես հատկացնելու եմ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությունն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին։
-Հանձնաժողովի գործունեության արդյունքներից գո՞հ եք։
-Գոհ լինելը ճիշտ բնորոշում չէ նման բարդ հարցով զբաղվող հանձնաժողովի պարագայում։ Գոհ լինել չեմ կարող, միշտ փորձում եմ անել ավելին։ Որքան է դա հաջողվում, հասարակությունը կարող է դատել։
-Հանձնաժողովի և Ձեր հասցեին քննադատության պակաս չկա։ Ընդունո՞ւմ եք Ձեր ընդդիմախոսների գնահատականների իրավացիությունը։
-Նայած ինչ բնույթի քննադատության մասին է խոսքը։ Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ հանձնաժողովն իդեալական է աշխատում, մեր գործունեության մեջ թերացումներ չկան։ Միշտ պատրաստ եմ եղել լսելու իրավացի դիտողությունները, տրամաբանական առաջարկները։ Բայց ցավն այն է, որ մեր հասցեին ուղղված քննադատության 90 տոկոսը սկզբունքորեն քննադատություն չէ, այլ ուղղակի հայհոյանք։ Դա, իմ կարծիքով, հանձնաժողովի և նրա նախագահի վրա ճնշում գործադրելու նպատակ է ունեցել, բայց ես մեկ տարի հանդուրժել եմ, տեղի չեմ տվել ճնշմանը։
-Մոտ մեկ տարի հանձնաժողովը գործում է, պատրա՞ստ եք մասամբ կամ ամբողջությամբ հասարակությանը ներկայացնել որևէ համապարփակ զեկույց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։
-Սկսենք նրանից, որ հանձնաժողովի աշխատանքները դրա ստեղծման որոշումը կայացնելուց հետո բավական ուշ սկսվեցին։ Մենք զգալի ժամանակ կորցրինք` սպասելով, որ ընդդիմությունն իր մասնակցությունը բերի։ Մեր պարզաբանման ոլորտում գտնվող երեք հիմնական հարցերից երկուսի պատասխաններն այսօր ունենք։ Խոսքը վերաբերում է մարտի 1-2-ի դեպքերին և դրանց ընթացքում ցուցարարների և ոստիկանության գործողությունների համաչափության գնահատականին։ Բաց է մնացել տասը զոհերի մահվան հանգամանքների պարզաբանման հարցն այն առումով, թե ովքեր են եղել սպանության հեղինակները։ Այդ խնդիրը պարզել առայսօր, ցավոք, չի հաջողվել։
-Դա հանձնաժողովի՞, թե՞ իրավապահների թերացումն է։
-Բնականաբար, իրավապահ համակարգի։ Որովհետև այդ խնդրի պարզաբանումը նախաքննական մարմնի գործառույթների մեջ է մտնում։ Հանձնաժողովի լիազորությունները, մասնագիտական հնարավորությունները խիստ սահմանափակ են` իրադարձություններից այդքան ժամանակ հետո այդ հարցի պատասխանը բացառապես մեր ուժերով գտնելու համար։ Բայց ես հույս ունեմ, որ նախագահին առընթեր ստեղծված փաստահավաք խումբն էլ դեռ փաստեր կներկայացնի։ Այսինքն, չեմ կարծում, թե այս հարցի պարզաբանումն այլևս հնարավոր չի լինելու, պարզապես ժամանակ է պետք։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ