Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ»

«ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ»
24.02.2012 | 00:00

Երբ ամերիկացիները ներխուժեցին Աֆղանստան և Իրաք, հայերիս թվում էր, թե այդ երկրները հեռու են մեզնից: Իսկ այսօր մռայլ ամպեր են կուտակվում մեր անմիջական հարևանի` մեր նկատմամբ բարեկամաբար տրամադրված Իրանի գլխին: Բոլորն են հասկանում, որ Իրանի խնդիրը շատ ավելի համապարփակ է` հղի աղետաբեր հետևանքներով: Սակայն արաբական աշխարհի վերջին իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ ամերիկացիներն իրենց խոշորագույն ռազմաքաղաքական մտահղացումներն ու նախագծերը հետևողականորեն իրականացնում են, հաճախ հաշվի չառնելով նույնիսկ իրենց մերձավոր դաշնակիցների կարծիքը: Ամերիկյան Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծրագրային ելույթը, Իսրայելի ղեկավարության բազում ռազմատենչ հայտարարությունները շատ վերլուծաբանների հիմք են տալիս ենթադրելու, որ Իրանին «պատժելու» քաղաքական որոշումն ընդունված է, իսկ խնդրի ռազմական լուծման պարագան թերևս ձգձգվում է տվյալ գործողության հետևանքների անկանխատեսելիության բերումով:
Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մեկնաբանման խնդրանքով դիմեցինք Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր ԼԵՈՆԻԴ ԻՎԱՇՈՎԻՆ:

-Հարգելի պարոն գեներալ, Դուք պրոֆեսիոնալ զինվորական եք, խորապես քաջատեղյակ համաշխարհային քաղաքական անցուդարձին, ասեք, խնդրեմ, եթե Իրանի վրա հարձակումն իրողություն դառնա, ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները. ամեն ինչ կսահմանափակվի ավիացիոն-հրթիռային հարվածներո՞վ, ինչի մասին Դուք հաճախ եք հայտարարում, թե՞ չի կարելի բացառել միջուկային զենքի կիրառումը:
-Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը կարող է ձեռք բերվել միայն տակտիկական միջուկային զենքի կիրառումով կամ էլ խոշորամասշտաբ ցամաքային գործողությամբ: Միայն սովորական զենքի կիրառումով, եթե նույնիսկ դրանք հզորագույն հեռահար ռումբեր են` ընդունակ վերացնելու խորապես պաշտպանված օբյեկտներ, հնարավոր չէ լրիվ շարքից հանել Իրանի միջուկային ծրագիրը, քանզի մի ամբողջ շարք կարևորագույն արտադրություններ գտնվում են ժայռաթաքստոցներում, որոնք անխոցելի են նույնիսկ նման ռումբերի համար:
-Որոշ ռազմական փորձագետների, այդ թվում նաև Ձեր ակադեմիայի մասնագետների շրջանում տարածված է այն կարծիքը, որ հատկապես միջուկային հարվածի դեպքում Հայաստանը (արդյո՞ք միայն նա) ո՛չ ավելի, ո՛չ պակաս կվերանա որպես երկիր-պետություն: Ի՞նչ է նկատի առնվում մեզ համար ծայրահեղ հոռետեսական այս եզրահանգման մեջ` բազմամիլիոն արտագաղթողների հո՞սքը, ռադիացիոն վարակո՞ւմը, թե՞ ևս մի այլ հանգամանք: Կխնդրեի տալ ենթադրվող իրողության Ձեր պատկերացումը:
-Տակտիկական ու ստրատեգիական միջուկային զենքի մասշտաբային կիրառման ԱՄՆ-ը չի դիմի: Հնարավոր են ընտրովի` երկու, երեք, առավելագույնը չորս միջուկային հարված փոքր և խիստ փոքր տրամաչափի ռումբերով: Նման միջուկային զենքի կիրառումը կհարուցի լոկալ ռադիացիոն վարակում: Սահմանափակ միջուկային նստվածքներ, որոնք էական ազդեցություն չեն ունենա շրջակա միջավայրի ռադիացիոն ֆոնի վրա, հնարավոր է նկատվեն նաև Հայաստանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում և Իրաքում: Կարծում եմ, դա լուրջ սպառնալիք չի դառնա, և խոսել այն մասին, թե Հայաստանը կամ որևէ այլ երկիր կանհետանա Իրանին հրթիռամիջուկային հարված հասցնելու դեպքում, չի կարելի, դա ճիշտ մոտեցում չէ: Սակայն այդ ամենը կհանգեցնի ողջ աշխարհաշրջանի ընդհանուր, գլոբալ ապակայունացման: Ի վերջո, միջուկային զենքի տակտիկական կիրառման կարող են դիմել նաև այլ երկրներ, մասնավորապես Պակիստանը, որը, որպես իսլամական պետություն, արդեն իր աջակցությունն է հայտնել Իրանին: Պետք է հասկանալ, որ հետևանքը կլինի տարածաշրջանում ռազմական դիմակայության մեծ ու շեշտակի ուժեղացումը, մասշտաբային ռազմական կոնֆլիկտների առաջացումը, դրանց Իսրայելի ներգրավումը, որը միջուկային երկիր է 200-400 մարտապաշարով: Բնական է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի տարածաշրջանի իր դաշնակցին: Եվ իհարկե, մի կողմ չի քաշվի Ռուսաստանը: ՈՒ այդ հենքի վրա Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը կդառնա այն, որ նա, ըստ էության, կհայտնվի ռազմական իրադարձությունների կիզակետում, որտեղ մեծ վտանգը կլինի ոչ թե գլոբալ առճակատման միջուկային բաղադրիչը, այլ սովորական նորագույն զինատեսակների ծավալուն օգտագործումը:
-Դուք, որպես իսկական ռուս հայրենասեր, հաճախ եք Ձեր երկրի ղեկավարությանը քննադատում այս կամ այն աշխարհաքաղաքական իրադարձություններում անհետևողականություն (կամ անգործություն) դրսևորելու մեջ: Իր շահերի, տարածաշրջանում իր ստրատեգիական դաշնակցի շահերի շրջանակում ի՞նչ կարող է անել Ռուսաստանը իրանական դրամայից խուսափելու համար:
-Ռուսաստանը կարող է ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ընկած են տնտեսական, քաղտեխնոլոգիական և ռազմատեխնիկական ոլորտներում: Քաղտեխնոլոգիական ասպարեզում Ռուսաստանի օգնությունը կարող է արտահայտվել Իրանի գործերին ռազմական միջամտության միջազգային իրավունքն արդարացնելու ցանկացած փորձերի համակողմանի շրջափակման մեջ` ինչպես ՄԱԿ-ի խաչմերուկներում, այնպես էլ միջազգային-իրավական և այլ կազմակերպություններում: Ռուսաստանը կարող է խոչընդոտել (դժվարացնել, ծայրահեղ դեպքում` խանգարել) նշյալ միջուկային հարվածին, եթե տարածաշրջանում դրսևորի իր ներկայությունը ի դեմս ռազմածովային նավատորմի: Ռազմաքաղաքական առումով Ռուսաստանը կարող է աջակցել Իրանին, նրա հետ կնքելով փոխօգնության` նույնիսկ նվազ պարտավորեցնող որևէ պայմանագիր: Տնտեսական տեսանկյունից արգասավոր կլինեն (անգամ, չբացառենք, հենց Իրանի նախաձեռնությամբ) Ռուսաստանի և Իրանի միջև բազմակողմանի հարաբերությունների ստեղծումն ու զարգացումը և որոշ լրացուցիչ հնարավորությունների ընձեռումը Ռուսաստանին: Ռազմատեխնիկական առումով ամենաարդյունավետ աջակցության` տարածաշրջանում հակամարտության կանխման ուղղակի քայլ կլիներ Իրանին հակահրթիռային պաշտպանության ռուսաստանյան համալիրներ մատակարարելը: Մի քանի C-300 դիվիզիոն համալիրների առկայությունը Իրանում էապես կսահմանափակեր Արևմուտքի որոշ ռազմաքաղաքագետների հավակնությունները: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այսօր Իրանի դեմ պատերազմի սանձազերծման հիմնական զսպիչ գործոնը, թող տարօրինակ չթվա, ամերիկյան Պենտագոնն է: Առկա է սուր հակասությունը ԱՄՆ-ի քաղֆինանսական վերնախավի ծայրահեղական քաղաքականության և այդ երկրի պաշտպանության նախարարության սթափ, հավասարակշիռ մոտեցումների միջև: Վերջինս, եթե չեմ սխալվում, վերջին յոթ տարում կանխել է առնվազն չորս հեռագնա ռազմական արկածախնդրություն:
Հարցազրույցը` Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
Մոսկվա

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ

"footer-right"> .